«Art and You» ստուդիա, որտեղ մթնոլորտն ամբողջությամբ ողողված է արվեստով

Իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոն համոզված է եղել՝  «բոլոր երեխաները նկարիչներ են. խնդիրն այն է, թե ինչպես մնալ նկարիչ մեծանալուց հետո»։ Երևանում՝ Հանրապետության փողոցի 76/2  հասցեում գործող «Art and You» արվեստի ստուդիան փորձում է լուծել հենց այդ խնդիրը՝ օգնել երեխաներին նկարիչ մնալ նաև մեծանալուց հետո։ Իհարկե, նրանք, ովքեր դա ցանկանում են, ովքեր սիրում են շփվել գեղեցիկի հետ, ովքեր գեղագիտական հաճույք են ստանում գեղեցիկի հետ շփումից։

«Art and You»  արվեստի ստուդիան հիմնադրվել է 2021 թվականին: Ստուդիայում գործում են կերպարվեստի, հագուստի մոդելավորման խմբակներ ինչպես փոքրիկների, այնպես է մեծահասակների համար: Սակայն ստուդիայի գլխավոր ուղղվածությունը  նկարչությունն է: Դասախոսների կողմից մշակված հատուկ ծրագրի շրջանակներում երեխաները ծանոթանում են արվեստի պատմությանը, ուսումնասիրում տարբեր ժամանակաշրջանի նկարիչներին և նրանց աշխատանքները: Ուսումնական գործընթացն իր մեջ ներառում է նաև այցեր թանգարաններ, բնության գրկում վարպետաց դասեր:

Ստուդիա կարող են ընդունվել 4-5 տարեկանից։ Ընդունելության համակարգը շատ ճկուն է՝ կարելի է դիմել ցանկացած ժամանակ։

art and you 1

Cultural.am-ը զրուցել է «Art and You» արվեստի ստուդիայի տնօրեն Լուսինե Բարխուդարյանի հետ։

Նախ սկսենք նրանից, թե ինչո՞ւ ծնողը պետք է իր երեխային բերի հենց «Art and You» արվեստի ստուդիա, Ձեր ծրագիրն ի՞նչ առանձահատկություններ ունի։

Մեզ մոտ հիմնական ուղղվածությունը նկարչությունն է և իրենից բխող ենթաճյուղերը։ Չնայած նրան, որ վաղ տարիքից են երեխաները հաճախում, միևնույնն է՝ մենք պրոֆեսիոնալ մոտեցում ենք ցուցաբերում։ Հիմքում ընկած է ակադեմիական նկարչությունը։ Մեզ մոտ հաճախող երեխաները ոչ միայն նկարել են սովորում, նաև  ծանոթանում են հայտնի նկարիչների աշխատանքների հետ, նրանց կյանքին ու գործունեությանը։ Երեխաներն արդեն  վաղ տարիքում կարողանում են տարբերել, օրինակ, Մինասի ոճը Սարյանի ոճից։

Ունենք նաև հագուստի մոդելավորման խմբակ, մեծահասակների համար՝ տեքստիլ նկարչություն։

Բայց, ինչպես արդեն նշեցի, մենք կենտրոնացել ենք նկարչության վրա, ավելի խորանում ենք հենց այդ ուղղությամբ։ Մեզ մոտ երեխաները բացի թղթի վրա նկարչությունից, աշխատում են տարբեր նյութերի հետ, շապիկների, կերամիկայի վրա են նկարում, աշխատում են կավով։

Մեկ խմբում ութ հոգի է։ Երբ որ մի խմբում երեխաները շատ են լինում, որակ չկա։ Մեզ մոտ մոտեցումն անհատական է։ Ամեն երեխա տարբեր ընդունակություններ ունի, պետք է յուրաքանչյուրի հետ անհատական աշխատել։

Երբ երեխային բերում են, առաջին օրը փորձնական է և՛ երեխայի, և՛ մեզ համար։ Երեխան նկարում է ազատ, իր ցանկացած նյութով։ Նյութերն ամբողջությամբ տրամադրվում են  ստուդիայի կողմից։ Այնուհետև մասնագետներով քննարկում ենք, հասկանում, թե երեխան որ մակարդակում է գտնվում, արդեն այդ երեխայի հետ սկսում ենք աշխատել։

art and you 2

Կարևոր է ոչ միայն նկարչությունը, նաև երեխայի հոգեկան աշխարհը։ Երեխաները փխրուն են, բացի զուտ պրոֆեսիոնալ պահանջներից, պետք է հաշվի առնել նաև նրանց հուզական աշխարհը։

Հիմնականում շեշտադրում ենք հայ նկարիչներին, բայց համաշխարհային արվեստագետներին էլ ենք անդրադառնում։

Մեր մասնագետները՝ Արմինե Հովհաննիսյանը և Աննա Ավագյանը, պրոֆեսիոնալներ են։ Կարողանում ենք թիմային աշխատանք կատարել, ինչն արդյունքի հասնելու ամենակարևոր գրավականներից է։ Մենք բոլոր հարցերում համընդհանուր որոշման ենք գալիս։

Դասերի ընթացքում հնչում է դասական երաժշտություն, ինչը շատ կարևոր է։ Մեզ մոտ մթնոլորտն ամբողջությամբ ողողված է արվեստով։

Նկարչություն, ծանոթություն նկարիչների հետ, դասական երաժշտություն, այցելություններ թանգարաններ, այս ամենը ապահովում է ընդհանուր զարգացվածություն։  Անկախ նրանից, թե ապագայում երեխան ինչ մասնագիտություն կընտրի, կարծում եմ` սերմը, որ մենք դնում ենք երեխաների մեջ, մինչև կյանքի վերջ իրենց հետ է լինելու։

Ես ուրախանում եմ ստուդիա հաճախող ցանկացած երեխայի հաջողությամբ, ձեռք բերած գիտելիքով։ Գիտե՞ք ինչ երջանկություն է, երբ ծնողը զանգում է ու ասում, որ իր 5 տարեկան երեխան, տեսնելով Սարյանի կտավը, բղավում է՝ Սարյանի նկարն է։

art and you 4

Մասնակցո՞ւմ եք մրցույթների, փառատոների, ի՞նչ արդյունքներ եք գրանցել։

Ստուդիա հաճախող երեխաներն ակտիվորեն մասնակցում են հանրապետական և միջազգային մրցույթների, արդեն ունենք հաջողություններ. Global Art Fest-ում՝  3-րդ մրցանակ,   Universe Art միջազգային մրցույթում՝ 1-ին կարգի երկու մրցանակ, օրեր առաջ կայացած Universe Art միջազգային մրցույթ-փառատոնին ստուդիայի սաները արժանացել են պատվավոր 3 մրցանակների:

Այսօր երեխաներն ավելի տեղեկացված են, ինֆորմացիա ստանալու տարբեր աղբյուրներ կան։ Ինֆորմացիայի այս դարում ի՞նչն է ավելի շատ հետաքրքրում երեխաներն, ի՞նչ են ուզում նկարել։

Այսօր շատ մեծ խնդիր է երեխայի երևակայությունը։ Երբ տալիս ենք որևէ թեմա, երեխաներն ուզում են դիմել գաջեթների օգնությանը, չկա ոգեշնչում։ Մենք փորձում ենք հնարավորինս չթողնել, բայց, իհարկե, նուրբ կերպով։ Կամ ցույց ենք տալիս հայտնի նկարիչների աշխատանքները ոչ թե կրկնօրինակելու համար, այլ ոգեշնչվելու։

Միաժամանակ ինֆորմացիայի այս դարում չենք կարող ընդհանրապես արգելել երեխաներին օգտվել համացանցից։ Բայց արհեստական բանականությունը պետք է կողքի թողնել, երեխաներին թողնել ստեղծագործել, արտահայտել իրենց միտքը, ոչ թե թողնել կրկնօրինակել մեկ այլ միտք։

art and you 5

Հատկապես  8 տարեկանից բարձր երեխաների մոտ է այդ խնդիրը։ 4-5 տարեկաններն ազատ նկարում են, ազատ արտահայտում միտքը, վախ չունեն, բայց հենց մեծանում են, գալիս է միտքը խանգարելու հանգամանքը, վախենում են փչացնել կամ ընդհանրապես չեն պատկերացնում՝ ինչ կարելի է նկարել։ Այստեղ արդեն շատ կարևոր է մասնագետների աշխատանքը, որոնք փորձում են այնպես անել, որ զարգանա երեխաների երևակայությունը։

Դրա համար հաճախ ենք երեխաներին տանում տարբեր ցուցահանդեսներ՝ զարգացնելու էսթետիկ ճաշակը, երևակայությունը, պատկերացումները։ Հետաքրքիրն այն է, երբ մասնագետները հարցնում են, թե նկարիչն ինչ է արտահայտել կոնկրետ այդ նկարում, յուրաքանչյուր երեխա տարբեր կերպ է մեկնաբանում այն։  

Մենք մեր ծրագրում ունենք մի հատված, երբ անցնում ենք մի նկարչի մասին, երեխաները փորձում են նկարել ինչ-որ թեմա արդեն իրենց պատկերացմամբ։ Հետաքրքիր վարժություն է, բավականին օգնում է  երեխաներին։

art and you 6

Աշխատելով երեխաների հետ, իմանալով նրանց բոլոր ուժեղ և թույլ կողմերը՝ ի՞նչ խորհուրդ կտաք ծնողներին, ինչպե՞ս է հեշտ երեխայի մոտ զարգացնել երևակայությունը՝ հեռու պահելով համացանցից։

Օրինակ, քայլում ենք փողոցով, աշուն է, ձմեռ, մեր շուրջ գույներ են, տարբեր տեսարաններ։ Երեխայի հետ պետք է զրուցել այդ ամենի մասին, ներկայացնել ու նկարագրել այդ առարկաները, այն ամենը, ինչ մեզ շրջապատում է, քանի որ դա է կատարյալը։  Բայց նաև պետք է ժամանակին համահունչ գնալ, դրա համար չեմ կարող ասել՝ պետք է լրիվ արգելել համացանցից օգտվելը։ Պետք է ճիշտ բալանսը գտնել։

Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք։

Նախատեսում ենք իրականացնել բարեգործական միջոցառումներ, ուզում ենք երեխաների մեջ սերմանել նաև այն, որ  իրենք կարող են օգտակար լինել մեկ ուրիշին։ Մանկատան հետ է կապված լինելու այդ ծրագիրը։

Հավանաբար գարնանը նաև կունենանք մեր ստուդիայի երեխաների ցուցահանդեսը։

Ակտիվ հետևում ենք նորություններին, մասնակցում հետաքրքիր միջոցառումներին, քանի որ փառատոները, մրցույթները երեխաների համար շարժիչ ուժ են։

Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։

Նաիրա Տիգրանյան

  • Created on .
  • Hits: 42831

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: