«ԱՌԱՆՑ ԿԻԹԱՌԻ ԻՆՁ ՉԵՄ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ». ՂՈՒԿԱՍ ՄԱԴՈՅԱՆ

 
Փետրվարի 4-ին Ուլիխանյան ակումբում կայացավ Lucas Madoyan Blues Band-ի առաջին համերգը: Խմբի անդամներից կիթառահար Ղուկաս Մադոյանի հետ զրուցել ենք իր և բենդի անցած ստեղծագործական ուղու և մի շարք այլ հարցերի շուրջ:                  

ԱՅՆ, ԻՆՉ ՆՎԱԳՈՒՄ ԵՄ, ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ Է
Ավարտել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետը: Հիմա սովորում եմ մագիստրատուրայում: Մասնագիտությունս ինձ օգնում է գլուխ հանել ինչպես ստեղծագործական, այնպես էլ կազմակերպչական հարցերից:

Երաժշտական կրթություն չունեմ: Շատ դեպքերում խանգարում է, բայց ունեմ լավ ընկերներ, որոնք նաև շատ լավ երաժիշտներ են: Եթե ինչ-որ բան չգիտեմ, հարցնում եմ. չիմանալու մեջ ամոթ բան չկա:

Տարբեր ոճի երաժշտություն եմ լսել: Բիթլզից սկսեցի, հետո անցա կլասիկ ռոքի, պրոգրեսիվ մետալի, դեթ մետալի, հետո սկսեցի բլյուզ լսել: Բլյուզն իմ հոգեվիճակին ավելի մոտ է: Ուզում եմ  բլյուզ ոճում հանդես գալ սկսած բլյուզային բալլադներից մինչև բլյուզ-ռոք կատարումներ:

Ինչ-որ բանի հասնելու համար պետք է աշխատասեր լինել: Այն, ինչ նվագում եմ, աշխատասիրության արդյունք է: Բանակում ազատ ժամերին էի պարապում, հիմա էլ աշխատանքից հետո ուշ երեկոյան կամ գիշերով:

ԲԱՆԱԿՈՒՄ ՀԱՍԿԱՑԱ՝ ԱՌԱՆՑ ԿԻԹԱՌԻ ԻՆՁ ՉԵՄ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ
Փոքր էի: Տանը կիթառ ունեինք, վերցնում էի, ծնգծնգացնում, դնում տեղը, հետո սովորեցի նվագել: Կիթառ նվագելը կատարելագործեցի 2012-14թթ.-ին, երբ ծառայում էի Շամշադինում: Հասկացա, որ ուզում եմ դրանով զբաղվել, որ դա իմ կյանքի այն մասն է, առանց որի ինձ չեմ պատկերացնում:

Ստացվեց այնպես, որ իմ բանակ գնալուց վեց ամիս անց դպրոցական ընկերս՝ Արեգը, ծառայության անցավ իմ զորամասում։ Նա երաժշտական կրթություն ուներ։ Կիթառ գնեցի, սկսեցինք պարապել ազատ ժամերին՝ երեկոյան յոթից ինը, զորամասի ակումբում: Միասին ստեղծագործում էինք՝ երաժշտություն, խոսքեր գրում:

Տարբեր մշակումներ էինք անում, էլեկտրակիթառ էինք օգտագործում, կլասիկ կիթառ, դուդուկ, սաքսոֆոն, կլարնետ: Մասնակցել ենք տարբեր մշակութային միջոցառումների, ստեղծագործական մրցույթների, զորամասում համերգներ կազմակերպել:

Շատերն ասում են՝ բանակը խանգարում է, գալիս են, չեն կարողանում սովորել: Ես եկա և  նույն ոգևորությամբ շարունակեցի ուսումս: Միգուցե պատճառն այն էր, որ իմ ստեղծագործ միտքն այդ տարիներին չէր կտրվել. ժամանակ էի ունենում գիրք կարդալու, ֆիլմ դիտելու, կիթառ նվագելու համար: Դժվարություններով հանդերձ բանակային տարիներս շատ լավ են անցել: Հիմա էլ կարոտում եմ:

ԻԲՐԵՎ ՍԿԻԶԲ
Ծառայությանս ավարտից հետո եկա ու խումբ հավաքեցի: Բլյուզ ու ռոքնռոլ էինք նվագում: Ինչ-ինչ պատճառներով այդ խմբի պատմությունը կարճ տևեց՝ մոտ երեք ամիս։

Անցած տարի առաջարկ ստացանք նվագելու Էրեբունի-Երևանի համերգին: Ելույթ ունեցա Հերբերտ Առուստամյանի, Դավիթ Պարոնիկյանի և Արեգ Օրդյանի հետ, ով արդեն բանակում չէր: Նվագակցում էր մեր լավ ընկեր, դաշնակահար Սահակ Ղազարյանը։ Այդ համերգից բացի նույն կազմով ևս մեկ համերգ ունեցանք ակումբներից մեկում ու դադար եղավ: Ուզում էի նոր ծրագիր կազմել՝ ընդգրկելով  այնպիսի գործեր, որոնք այլ խմբեր քիչ են նվագում կամ ընդհանրապես չեն նվագում:

LUCAS MADOYAN BLUES BAND-ը
Դեռևս դպրոցական տարիներին իմ անգլերենի ուսուցիչը անունս Լուկաս էր գրում: Հետագայում, երբ սկսեցի շփվել արտասահմանցի արվեստագետների հետ, դժվարանում էին ինձ Ղուկաս ասել, Լուկաս էին կոչում: Այդպես Լուկասը դարձավ իմ բեմական անունը։

Խմբի անունը միասին ենք որոշել։ Համերգից օրեր առաջ, երբ արդեն պետք է պաստառ պատրաստվեր, փորձում էինք անուն մտածել, չէր ստացվում։ Քանի որ  բլյուզ խմբերը հիմնականում մենակատարների անունով են, թիմակիցներս առաջարկեցին կոչել իմ անունով, ես էլ սիրով ընդունեցի առաջարկը:

Ներկա պահին խմբի հիմնական կազմում են Արեգ Օրդյանը (ռիթմ կիթառ), Դավիթ Պարոնիկյանը (բաս կիթառ), Հերբերտ Առուստամյանը (հարվածային գործիքներ), Արթուր Հովակիմյանը (ստեղնաշարայյին գործիքներ) և ես (վոկալ և սոլո կիթառ):

Ճիշտ է՝ տարբեր տարիքային խմբերում ենք, բայց բոլորս խոսում ենք երաժշտական լեզվով։ Մեկ ընդհանուր գործ ենք անում և փորձում ենք անել այն լավ: Յուրաքանչյուրն իր ներդրումն ունի: Մեկս մյուսին խորհուրդներ ենք տալիս: Երաժշտությունն ազատություն է սիրում։ Մենք փորձում ենք այդ ազատությունը պահել։

ԱՌԱՋԻՆ ՀԱՄԵՐԳԸ ԳԵՐԱԶԱՆՑԵՑ ՄԵՐ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ
Ինչու՞ Ուլիխանյան ակումբում: Քանի որ այնտեղ ընկերական մթնոլորտ է,  երաժիշտները սիրում են այդ ակումբը: Նույնիսկ եթե այլ վայրում են համերգ ունենում, համերգից հետո անպայման հավաքվում են այնտեղ: Որոշեցինք ելույթ ունենալ նախ նման ընկերական միջավայրում և հասկանալ՝ ինչպես կստացվի:

Մեր առաջին համերգին քավր տարբերակներով ենք հանդես եկել՝ ներկայացնելով Գարի Մուրի, Էրիկ Կլեպտոնի, Սթիվ Ռեյ Վոնի, Բի Բի Քինգի, Ալբերտ Քինգի, Ֆրեդի Քինգի ստեղծագործություններից: Հեղինակային երգեր էլ ունենք: Հիմա մշակման փուլում են, հաջորդ համերգին մեկ-երկու հեղինակային գործ կկատարենք:

Ոչ մի համերգի էմոցիաների նման կուտակում չէի ունեցել: Երբ ակումբից դուրս եկա, «քամված» էի. ողջ էներգիաս տվել էի հանդիսատեսին: Այնպիսի համերգ էր, ինչպիսին որ պետք է լիներ, նույնիսկ գերազանցեց իմ ու թիմակիցներիս սպասելիքները:

ԱՆԻՐԱԿԱՆԱՆԱԼԻ ՉԷ, ԲԱՅՑ ԲԱՐԴ Է
Երազանքս է մասնակցել Crossroads blues festival-ին, ինչը չէի ասի՝  անիրականանալի, բայց շատ բարդ է մի մարդու համար, ով ապրում և ստեղծագործում է Հայաստանում:

ԵՐԲԵՔ ՊԵՏՔ ՉԷ ԿԱՆԳ ԱՌՆԵԼ
Երբ սպասելիքներդ մեծ են ու չես կարողանում դրանց մի մասն իրագործել, նեղվում ես, մտածում՝ ինչի համար եմ անում, միևնույն է՝ չեմ կարողանալու: Նման մտքեր բոլորի մոտ էլ լինում են: Պետք է կարողանալ հաղթահարել դրանք:

Եթե ինչ-որ բան չի ստացվում, պետք է փորձես լուծել խնդիրը՝ ավելի շատ պարապել, ավելի շատ կարդալ, զրուցել մասնագետների հետ : Երբեք պետք չէ կանգ առնել. հոսանքի ուղղությամբ գնալը ստանդարտ տեղ է տանելու կամ ոչ մի տեղ չի տանելու:

Զրուցեց Աննա Կարապետյանը
  • Created on .
  • Hits: 3613

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: