Հայկական գրականությունը Նիդերլանդներում

    Հայ և միջազգային կազմակերպությունների համատեղ ուժերով իրականացվել են 1991-2012 թվականներին հայերենից կատարված թարգմանությունների ուսումնասիրություններ: 11 լեզուներով կատարված թարգմանությունների ուսումնասիրություններն իրականացրել են արտերկրի և Հայաստանի 11 փորձագետներ: Առաջին անգամ կազմվել է 1991-2012թթ. հայերենից թարգմանված գործերի մատենագիտությունը: Ներկայացվող ուսումնասիրությունները կհետաքրքրեն գրքի ոլորտի պրոֆեսիոնալներին, մշակութային կազմակերպություններին, հանրային քաղաքականության ստեղծողներներին, յուրաքանչյուրին, ով առնչություն ունի Հայաստանում ևարտերկրում թարգմանությունների, հրատարակության և մշակութային հաղորդակցման հետ։ 
    ԳՐՔԻ ՀԱՐԹԱԿ ԾՐԱԳԻՐՆ աջակցում է հմտությունների զարգացմանը, միջազգային ցանցերի կառուցմանը ևԵվրոպական միության հարևան երեք երկրներում՝ Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում, առողջ, կայուն և գրքի բաց մշակույթի ստեղծման համար խելացի քաղաքականությունների ստեղծմանը։ Այն իրականացվում է Հրատարակիչների ազգային ասոցիացիայի (Հայաստան), Next Page (Բուլղարիա) հիմնադրամի, Գրահրատարակիչների և գրավաճառների ասոցիացիայի (Վրաստան), Հրատարակիչների ֆորումի (Ուկրաինա) հետ՝ Եվրոպական Միության արևելյան գործընկերության մշակութային ծրագրի աջակցությամբ:

    Նիդերլանդների և Հայաստանի միջև կայացած մշակութային հարաբերությունների ամենակարևոր արդյունքը հավանաբար հայալեզու առաջին տպագիր Աստվածաշունչն է: Այս նպատակով 1658թ. Ամստերդամ է հասնում Մատթեոս Ծարեցին, ով Կրոմբոմսլոտ փողոցի մոտակայքում հիմնում է քաղաքի առաջին հայկական տպարանը: Այստեղ 1660թ. լույս է ընծայում Ներսես Շնորհալու «Յիսուս որդի» գիրքը: Ծարեցին ձեռնամուխ է լինում Աստվածաշնչի տպագրությանը, սակայն չի կարողանում այն իրականացնել:  Այնուհետև տպարանի տնօրինությունը ստանձնած Ոսկան Երևանցուն է պատկանում տպագրության թագուհի համարվող հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի տպագրման պատիվը: Ամստերդամի հայկական տպարանը գործել է ինը տարի, ապա տեղափոխվել Լիվոռնո, հետո՝ Մարսել, ու նորից՝ Ամստերդամ: Հայկական բոլոր տպարանների մեջ այն ամենաերկարակյացն է եղել, և հին ժամանակների՝ ամենաարդյունավետը՝ մոտ 25 տարվա մեջ 40 անուն գիրք է տպել, մեծ տպաքանակներով:
    Հայաստանի և Նիդերլանդների միջև կապերը, սակայն, շատ ավելի երկարատև են: Դեռևս չորրորդ դարում Նիդերլանդներում քրիստոնեությունն է քարոզում հայ Սերվատիոսը (վախճ. 384թ.), ով կդառնա Մաստրիխտ քաղաքի առաջին եպիսկոպոսը և հետագայում՝ Նիդերլանդների առաջին սուրբը: Սերվատիոսի գործած հրաշքներից մեկն այն է, որ նա Թոնգերեն քաղաքի բնակիչներին է խոսում Աստծո մասին և, չնայած որ նա հայերեն է խոսում, հոլանդացի ունկնդիրները նրա բոլոր ասածները հասկանում են: 
    Գրեթե երկու հազարամյակ անց հոլանդացիները, ցավոք, կորցրել են հայերեն հասկանալու այս ունակությունը և թարգմանությունների կարիք ունեն: Զարմանալիորեն, մինչև 2010 թվականը հայերենից հոլանդերեն ոչ մի գեղարվեստական թարգմանություն լույս չի տեսել: Որո՞նք են եղել թարգմանությունների չգոյության պատճառները:
    Առաջին պատճառն այն է, որ գրական-գեղարվեստական թարգմանիչներ չկային և չկան: Նիդերլանդներում բնակվող հայերից ոմանք հոլանդերենին են տիրապետում այն աստիճան, որ կարողանում են իրավաբանական փաստաթղթերի լավ թարգմանություններ կատարել: Այսպիսի թարգմանություններ, սակայն, էապես տարբերվում են գեղարվեստական թարգմանությունից, որը ստեղծագործական աշխատանք է և հոլանդերեն լեզվի այնպիսի իմացություն է պահանջում, ինչպես ընդհանրապես միայն հոլանդերենը որպես մայրենի լեզու ունեցողները կարող են ունենալ: Սակայն հայերեն լեզուն տիրապետող հոլանդացիները շատ քիչ են: Նիդերլանդների համալսարաններում հայերեն լեզուն ուսումնասիրելու հնարավորություն չկա: Թեև 2007 թվականից մինչև 2010 թվականը Լեյդենի համալսարանը հայոց լեզվի ամբիոն է ունեցել, որի ղեկավար հանգուցյալ պրոֆեսոր Վայտենբերգը հայագիտության ոլորտում շատ կարևոր գործունեություն է իրականացրել, սակայն հոլանդացիներին հայերեն լեզուն սովորեցնելու գործով չի զբաղվել: 
    Այլ խնդիր է հայկական գրականություն հրատարակելու հոլանդացի հրատարակիչների վերապահությունը: Նիդերլանդներում ընդհանրապես հրատարակիչներն են ամբողջությամբ ֆինանսավորում գրքերի հրատարակությունները, ինչի պատճառով նրանք էլ որոշում են թե ո՞ր գրքեր են հրատարակվելու: Հրատարակչական որոշումները կայացվում են առևտրական - ոչ թե գեղարվեստական – հիման վրա: Մանավանդ Նիդերլանդների ընդհանուր հասարակությունը ծանոթ չէ հայկական մշակույթի և գրականության հետ, նույնիսկ Հայաստանի հետ: Այս անտեղյակության պատճառով հրատարակիչները հայկական գրականության հրատարակության ֆինանսական ռիսկը մեծ են համարում: Կարելի է փորձել հոլանդացի հրատարակիչներին համոզել հայկական գրականություն հրատարակելու, առաջարկելով հրատարակության մի մասը այլ աղբյուրներից ֆինանսավորել, որպեսզի ֆինանսական ռիսկն ավելի փոքր լինի: Նիդերլանդների կառավարությունը, հատուկ հիմնադրամի միջով, սուբսիդիաներ է տալիս հոլանդական գրականությունը տարբեր լեզուներով թարգմանելու և հրատարակելու համար, այսպես աջակցելով երկրի գրականության տարածումը աշխարհում: Ցանկալի կլինի, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նույնպիսի հիմնարկ ստեղծի: Երևի կան նաև հայկական բարեգործական հիմնադրամներ, որոնք պատրաստ կլինեն աջակցել գրական թարգմանություններ, կամ նույնիսկ հոլանդական մշակությային հիմնադրամներ: Այս հարցը պահանջում է մանրամասն ուսումնասիրություն:
    Բացի այս ամեն ինչից, նաև քաղաքական խնդիր կա՝ հոլանդացի հրատարակիչներից շատերը վախենում են, որ հայկական գրականություն հրատարակելը կարող է համարվի հակաթուրքական գործողություն:
    Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետությունը մինչև վերջերս դեսպանություն չի ունեցել:  2011 թվականի նոյեմբերի 21-ին պաշտոնապես բացված դեսպանությունը կարող է կարևոր դեր կատարել հոլանդացիներին Հայաստանի և հայկական մշակույթի, հատկապես՝ գրականության, հետ ծանոթացնելու համար, ինչի շնորհիվ կմեծանա հայկական գրականության հոլանդերեն թարգմանությունների հրատարակության հավանականությունը:
    2010 թվականին վերջապես Նիդերլանդներում  հայերենից հոլանդերեն թարգմանված երկու գիրք է լույս ընծայվել՝ Նաիրի Զարյանի «Սասնա Դավիթ» գիրքը և Վահե Արսենի «Կանաչ աստվածների վերադարձը» բանաստեղծությունների ժողովածուն: Պետք է պարզել, թե ինչու հենց այս գրքերն են հրատարակվել: Սասունցի ծռերի էպոսն, իհարկե, հայկական գրականության մեջ առանձնահատուկ դիրք է զբաղեցնում որպես ազգային էպոս, սակայն միաժամանակ համամարդկային մէծ արժեքներ է ցուցաբերում: Վերջին հանգամանքի շնորհիվ հնարավոր է այս գործը վայելել առանց հայկական պատմության մասին գիտելիք ունենալու: Թարգմանչուհին էպոսի արձակ տարբերակն է ընտրել գործի մատչելիության համար: Ընդ որում, հրատարակիչը որոշել է գրքի պատկերազարդումը վստահել հոլանդացի հայտնի նկարիչ Պետեր վան Հոյխտենին, որպեսզի բովանդակությունն ավելի ընկալելի լինի հոլանդացի ընթերցողի համար: Թեև սրանով գիրքը ինչ-որ չափով կորցրել է իր հայկական բնույթը, բայց ավելի լայն ընդունելիություն է ստացել: Նիդերլանդների կարևորագույն թերթերից երկուսի մեջ հոդվածներ են լույս տեսել Սասնա Ծռերի (900 օրինակով հրատարակված) հոլանդերեն թարգմանության մասին, որոնք կարևորում էին հատկապես գործի պոետիկական լեզուն, հումորիստական նկարագրումներն ու հերոսների բարությունն ու պարզությունը:
    Վահե Արսենի պոեզիայի հոլանդերեն թարգմանությունը, չնայած փոքր տպաքանակին (300 օրինակ), այնպիսի ջերմ ընդունելություն է արժանացել հոլանդացի ընթերցողների և գրականագետների կողմից, որ թարգմանության հրատարակության հիման վրա բանաստեղծը հրավիրվել է Ռոտերդամի համաշխարհային պոեզիայի փառատոնի 2012 թվականի տողարկման համար, որը տեղի է ունեցել 2012թ. հունիսի 12-17ը:  Թարգմանված նույն հավաքածուի շնորհիվ Արսենը նույնպես հրավիրվեց Լեհաստանի Լուբլին քաղաքում 2012թ. մայիսին անց կացված «Czas Poetow» վերնագրով պոեզիայի միջազգային փառատոնին: Նույն գրքի համար, մանավանդ, Վահե Արսենը Նիդերլանդներում ստացել է 2010 թվականի «Յամբե» մրցանակը, տարվա լավագույն բանաստեղծի կոչումով: Հոլանդացի գրականագետները շեշտում են Արսենի պոեզիայի ինքնուրույնությունն ու ժամանակակից աշխարհի ընկալումը: Հավանաբար, Վահե Արսենի մասնագիտությունը (համաշխարհային գրականությունը) օգնում է, որպեսզի նրա պոեզիան ընկալելի լինի եվրոպացի ընթերցողի համար: Նրա բանաստեղծությունների թեմաները՝ մեծ քաղաքի քաոսն ու դաժանությունը և ժամանակակից կյանքի ունայնությունը արևմտյան երկրներում նույնքան արդիական են, ինչքան Հայաստանում: Երևի դա է պատճառը, թե ինչու Նիդերլանդների գրական նշանավոր «De Gids» ամսագիրն իր հարյուր յոթանասուն հինգերորդ տարվա տոնական տողարկման համար բազմաթիվ հայ բանաստեղծների գործերից ընտրել է Վահե Արսենի «Նոկտյուրն» բանաստեղծությունը, որը հրապարակվել է հայերեն, հոլանդերեն և անգլերեն լեզուներով “De Gids”-ի էլեկտրոնային հանդեսում:
    Նիդերլանդներում ամենավաճառվող գրական ժանրերը գրական թրիլերն ու ֆանտաստիկ վեպն են, որոնք այսօրվա Հայաստանում քիչ գրվող ժանրեր են: Սակայն հոլանդացի հրատարակիչներն իրենց հրատարակչական գործունեությունը չեն սահմանափակում միայն այդ երկու ժանրերով: Ընդհանրապես յուրաքանչյուր հրատարակիչը կենտրոնանում է մեկ կամ մի քանի որոշ ժանրային ուղղությունններով: Շատ կարևոր է, որ թարգմանությունները առաջարկվում են ճիշտ հրատարակիչներին, այսինքն՝ ամեն գրքի համար պետք է գտնել գրքի ժանրին մասնագիտացված համապատասխան հրատարակչությունը:
    Եվրոպական և Միացյալ Նահանգների հրատարակիչները հաճախ գրքի միջազգային տոնավաճառներում են իրար հետ պայմանավորվում գրքերի թարգմանության և հրատարակության մասին: Այս համակարգը կարելի է կիրառել, սակայն, միայն այն դեպքում, երբ հրատարակիչը տեղեկացված է այլ երկրներում հրատարակված գործերի մասին: Եվ դա Հայաստանում հրատարակված գրքերի դեպքը չէ: Այստեղ հայ հրատարակիչները կարող են կարևոր դեր կատարել, ավելի ակտիվորեն մասնակցելով գրքի միջազգային տոնավաճառներին և իրենց հրատարակած գրքերի մասին տեղեկացնելով համացանցում: Այս տեղեկությունները նույնպես շատ կարևոր են Հայաստանից դուրս ապրող թարգմանիչների համար, որպեսզի կարողանան ճիշտ որոշում կայացնեն թարգմանելիք գրքերի մասին:
    Ամփոփելով Նիդերլանդներում հայկական գրականության գոյացած վիճակը կարելի է ասել, որ դեռ շատ գործ կա անելու, և թարգմանիչների կողմից, և հայ հրատարակիչների կողմից, և Հայաստանի Հանրապետության կառավարության ու դեսպանության կողմից: Ժամանակն է, որ հայկական արդի գրականությունն իր արժանի տեղը գրավի Նիդերլանդների գրական շուկայում:
 
 
Աղբյուրներ՝
Index Translationum
Ամստերդամի համալսարանի գրադարան
Աննա Մարիա Մարտիրոսյան-Մատտաարի անձնական գրադարան
  • Created on .
  • Hits: 3518

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: