Թարգմանություններ հայերենից

       Ակնարկ 
       Րաֆֆի Քանդյան 
 
       Ներածություն 
    Հայաստանի հետ Գերմանիայի մշակութային կապերը վերելք ապրեցին հատկապես 19-րդ դարից սկսյալ: Դա ամենից առաջ տեղի ունեցավ շնորհիվ հայ ուսանողների, որոնք ուսանում էին զանազան գերմանական կամ գերմանալեզու համալսարաններում: Այդ տեսակետից խորհրդանշական է, որ Խաչատուր Աբովյանը, որը վճռորոշ կերպով նպաստեց հայ գրական լեզվի նորացմանը, ուսանել է Էստոնիայի Դորպատ (այժմ` Տարտու) քաղաքի գերմանալեզու համալսարանում: Կամ` բերենք մեկ այլ օրինակ. արդի հայ երաժշտության կուռք Կոմիտասը 1896-1899 թթ. սովորել է Բեռլինի Հումբոլդի անվան համալսարանում, որն այն ժամանակ ի պատիվ իր հիմնադրի` պրուսական թագավոր Ֆրիդրիխ Վիլհելմ Երրորդի, կոչվել է Ֆրիդրիխ Վիլհելմի անվան համալսարան: Ի դեպ` Կոմիտասը 2012 թ. սեպտեմբերի սկզբին արժանացավ այդ համալսարանի պատին զետեղված հուշատախտակի պատվին:
    Զարգացող մշակութային շփումները նպաստեցին, որ գերմանալեզու գրականությունը մուտք գործեց հայոց լեզու: Այսպես, Գյոթեի Ֆաուստը հայերեն թարգմանվեց ավելի քան 30 անգամ: Հարցն այն է, թե արդյո՞ք գոյություն ուներ նույն պահանջի ու ծավալի թարգմանչական գործունեություն հակառակ ուղղությամբ: Ներկա ուսումնասիրության առարկան հատկապես 1991-ից, այսինքն` Հայաստանի անկախությունից հետո ընկած ժամանակն է: Եվ այդ ունի իր պատճառները. Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի, այդ թվում մասնավորապես Գերմանիայի, ինչպես նաև Ավստրիայի հետ պահպանում է մշտապես զարգացող իր կապերը: Ինչպիսի՞ ներգործություն են ունեցել դրանք թարգմանությունների վրա:
    Ինչպես ցույց է տալիս աղուսյակը, 1991-2012 թթ. հայերենից թարգմանվել են մեծապես գեղարվեստական գրականության գործեր. հեքիաթները ներկայացված են շատ ավելի քիչ, իսկ գիտական տեքստերն ունեն բացառապես աստվածաբանական-բանասիրական ուղղվածություն: Հետևաբար իմ դիտողությունները կենտրոնանալու են գլխավորապես գրականության վրա:
    Որպես աղբյուր ես օգտագործել եմ Մայնի Ֆրանկֆուրտի և Լայպցիգի գերմանական ազգային գրադարանների, ինչպես նաև «Staatsbibliothek zu Berlin-Preußischer Kulturbesitz» կենտրոնի տվյալները: Օգտակար էին նաև տիկին դ-ր Շտեֆի Խոտիվարի-Յունգերի (Steffi Chotiwari-Jünger) «Կովկասյան ժողովուրդների գրականություն. Նոր թարգմանություններ և գերմանալեզու մատենագիտություն» գիրքը («Ռայխերթ» Reichert Verlag) հրատ., Վիզբադեն, 2003), ինչպես նաև տիկին պրոֆ. Արմենուհի Դրոսթ-Աբգարյանի, տիկին Մելինե Փեհլիվանյանի և Վիեննայի Մխիթարյան միաբանության հայր Սիմոնի ցուցումները: Այնուհետև, որպես աղբյուր ծառայել են իմ անձնական արխիվն ու գրադարանը, ինչպես նաև իմ որոնումները համացանցում:
    Հայերենից կատարվող թարգմանչական գործունեությունը կարելի է բաժանել երեք շրջանի: Առաջին շրջանը ընդգրկում է մինչև Երկրորդ աշխարհամարտի վերջն ընկած ժամանակը, երկրորդը` մինչև 1990 թ. Գերմանիայի վերամիավորման շրջանը և վերջապես երրորդը` դրանից հետո ընկած ժամանակաշրջանը:

        Առաջին շրջան. Մինչև Երկրորդ աշխարհամարտի վերջն ընկած ժամանակը
    Մխիթարյանների հայ կաթոլիկ միաբանությունը 19-րդ դարի սկզբից հաստատվել էր նաև Վիեննայում: Միաբանությունը նպաստել է հայոց լեզվի վերակերպմանը` հրատարակելով հայ հին գրականության գործեր, զարգացնելով նոր հայերենը, նվիրվելով հայագիտական-բանասիրական գործունեությանը: Դրա մեջ կարևոր դեր էր խաղում նաև թարգմանչական գործը, որը, անշուշտ, կենտրոնացած էր արևմտյան լեզուներով համաշխարհային դասական գրականությունը (Ռուսո, Վոլտեր ևն) դեպի հայերեն, և ոչ այնքան հայերենից դեպի այլ լեզուներ թարգմանելու վրա:
    Այնուամենայնիվ, ուշագրավ է Օ. Բարդենհեվերի, Թ. Շերմանի և Կ. Վեյմանի (O. Bardenhewer, Th. Schermann und K. Weyman) հրատարակած «Եկեղեցու հայրապետերի գրադարան. Հայրաբանական աշխատությունների ընտրանի` գերմաներեն թարգմանությամբ» (Bibliothek der Kirchenväter) (BKV2), 1911-1913 թթ. լույս տեսած հայերենից թարգմանությունների մատենաշարը` Սիմոն Վեբերի (Simon Weber) ներածականներով.
    Եզնիկ Կողբացի «Եղծ աղանդոց», Կորյուն «Վարք Մաշտոցի», Մաշտոց «Ճառընտիր», Մամբրե Վերծանող «Դատումն քերդացած», «Յոհաննէս Մանդակունի կաթողիկոսի ճառերը», Եղիշե «Հայր մերի» մեկնությունը», Եղիշե «Բան խրատու յաղագս միանձանց»:
    Սրանց կողքին կային նաև այլ թարգմանություններ, ինչպես «Փավստոս Բուզանդի Հայոց պատմությունը» ( Քյոլն, 1879) և «Մովսես Խորենացու Մեծ Հայքի պատմությունը» (Ռեգենսբուրգ, 1869), երկուսն էլ դ-ր Մ. Լաուերի (Dr. M. Lauer) թարգմանությամբ, հետագայում` «Ատենաբանություն Ներսես Լամբրոնեցու, Տարսոնի հայ արքեպիսկոպոս, 12-րդ դար», թարգմ.` Կարլ Ֆրիդրիխ Նոյման (Karl-Friedrich Neumann) (Լայպցիգ, 1834) և վերջապես 1880-ին` «Հայ եկեղեցական երգեր», թարգմ.` դ-ր Փաուլ Ֆեթեր (Paul Vetter):
    Գրականությունը ևս չանտեսվեց: Այդ գործում առանձնակի դեր խաղացին հայ ուսանողները Լայպցիգում: Աբգար Հովհաննիսյանը 1886-1888 թթ. գերմաներենով հրատարակեց հայ գրականության մի քանի հատոր (“Armenische Bibliothek”), որոնք լույս տեսան Վիլհելմ Ֆրիդրիխ հրատարակչության (Wilhelm Friedrich Verlag) կողմից (տես Hacik Gazerian: “Die deutsch-armenischen akademischen Beziehungen und der Leipziger Armenisch-Akademische Verein, մաս II” ADK 127/128, Jg. 2005 / Heft 1&2, S. 30-31): Արթուր Լայսթը (Arthur Leist), որը 1886 թ. “Armenische Bibliothek”-ի 1-ին հատորում զետեղել էր «Ռաֆայել Պատկանյանի երեք պատմվածքը», 1898-ին Դրեզդենում Է. Փիրսոնի մոտ հրատարակեց «Հայ բանաստեղծներ» ժողովածուն (E. Pierson, Dresden 1898, “Armenische Dichter”):
    Հետագայում, 1909 թ. Ա.Ֆինկ-Gjangschaezian-ը Լայպցիգում լույս ընծայեց Ավետիս Ահարոնյանի պատմվածքները:
    Նմանապես Պասկալ Օհանյանցը հայերենից թարգմանություններ էր ներկայացրել «Հայոց վիշտը» (“Armeniens Leid”) ժողովածուում, որը 1912 թ. Վիեննայում լույս ընծայեց Կարլ Քոնեգենի (Carl Konegen) հրատարակչության գրատունը: Թարգմանություններ հայերենից կարելի է գտնել նաև Փաուլ Ռորբախի (Paul Rohrbach) «Հայաստան» ծողովածուում, Շթութգարթ, 1919 թ.: Ակնարկն ավարտենք Համաստեղի “Der Sternen-Wagen” պատմվածքով, որը 1940 թ. լույս տեսավ «Գերմանահայկական ընկերության տեղեկագրում» (“Mitteilungen Deutsch-Armenischen Gesellschaft”):

       Երկորդ շրջան. Երկրորդ աշխարհամարտի վերջից մինչև Գերմանիայի վերամիավորումը
    Արևմտյան Գերմանիայի, պաշտոնապես` Գերմանիայի Դաշնային Հանրապետության համար, ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ հրատարակչությունները (առաջին հերթին հայտնի) հետաքրքրված կամ առանձնապես հետաքրքրված չէին հայերեն գրքերի հրատարակությամբ: Ընդ որում ֆինանսական հարցերը բավականին կարևոր դեր էին խաղում: Նման գրքերի վաճառքի համար ենթադրվող նվազ թիվը սարսափ էր ազդում շուկայական տնտեսությամբ կողմորոշվող Արևմտայն Գերմանիայի հրատարակչություններին: Հետևաբար միայն փոքր և անհատական հրատարակչությունները, ինչպես նաև հիմնարկություններն էին, որոնց համար շուկայականը երկրորդական դեր էր խաղում և որոնք փակում էին այդ բացը: Այստեղ հարկ է նշել «Երգ երգոցը» , որը լույս ընծայեց «Օգանեսյան» հրատարակչությունը (Մյունխեն, 1983 թ.) թարգմ.` Րաֆֆի Քանթյան (Raffi Kantian), նաև նույնի թարգմանությամբ քերթող Զարեհ Խրախունու (Zareh Krakuni) բանաստեղծությունները` «Հայաստանի քարերից» (“Von den Steinen Armeniens”) խորագրով, որը 1990 թ. Բեռլինում հրատարակեց Էդիթիոն Օրիենտը (Edition Orient): Համբուրգի կաթոլիկ ակադեմիայի «Հայաստան` փոքր ժողովուրդ, մեծ ժառանգություն» (“Armenien-kleines Volk mit großem Erbe”) ժողովածուում (1988) էլ զետեղված է կրոնական պոեզիա` Ֆրիդրիխ Հեյերի (Friedrich Heyer) թարգմանությամբ, ինչպես նաև Րաֆֆի Քանդյանի թարգմանությամբ հայ գրականության մի շերտ, որն ընդգրկում էր «Վահագնի ծնունդից մինչև արդի շրջանը»: 1988 թ. հրատարկված “Lebenslieder Todes klagend - Lesebuch vergessener Völker” ժողովածուում նույնպես կարելի է գտնել մի քանի էջ` Թեսա Հոֆմանի (Tessa Hoffmann) և Րաֆֆի Քանդյանի թարգմանությամբ:
    Հայ գրականության տարածման գործում առանձնակի դեր են խաղացել ամսագրերը, ինչպես “Litfass”-ը, սակայն առանձնահատուկ է “die horen”-ի դերը: Արդեն 1970-ին այնտեղ` Գրիգոր Մելիքյանի խմբագրությամբ հրատարակվեց մի փոքրիկ ընտրանի, որին հաջորդեց 1980-ի թիվ 119 պրակը` 50 էջանոց մեծ հավաքածուով` դարձյալ Գրիգոր Մելիքյանի խմբագրությամբ: Ի վերջո հայ գրականության մինչ օրս ամենածավալուն ժողովածուն լույս տեսավ թիվ 160 պրակով (1990), որին “die horen”-ը մի ամբողջ պրակ էր նվիրել «Հայաստան. Տվեք լույս և ազատություն» (Armenien: Macht Licht & Freiheit) խորագրով: Այդ` արդեն Րաֆֆի Քանդյանի խմբագրությամբ հրատարակությունում, արձակի ու պոեզիայի կողքին տեղ էին գտել գրական ակնարկներ ժամանակաշրջանի, Փարաջանովի մասին և այլն:
    Ի վերջո նշենք ռադիոհաղորդումները: Ինչքան էլ որ այդ մեդիումը քիչ էր հետաքրքրված հայ գրականությամբ, այնուամենայնիվ այն տվել է մի քանի հաղորդումներ, ինչպես օրինակ, Ռադիո Բրեմենը 1977-ին երկու անգամ հեռարձակել է Շահան Շահնուրի արձակը` Րաֆֆի Քանդյանի մշակումով:
    Բոլորովին այլ էր պատկերը Արևելյան Գերմանիայում, պաշտոնապես` Գերմանական Դեմոկրատական Հանրապետությունում (ԳԴՀ): Դրա համար կային օբյեկտիվ պատճառներ: ԳԴՀ արևելյան բլոկի երկրների մաս էր կազմում և դրանով իսկ առանձնահատուկ ձևով կապված էր Խորհրդային Միության հետ: Հետևաբար Արևելյան Գերմանիայում հաճախ էին հրատարակվում խորհրդային ժողովուրդների գրականությունը և այդ թվում և հայ հեղինակների գործերը: Քանի որ այնտեղ` ի տարբերություն արևմուտքի մասնավոր սեփականատիրական տնտեսության վրա հիմնված հրատարակչությունների, ֆինանսական նկատառումներ որևէ դեր չէին խաղում, կարելի էր ազատ տպել հայ գրականություն: Վաղ օրինակներից է 1949 թ. լույս տեսած «Հայկական նովելներ» (“Armenische Novellen”) հատորը: Մեկ այլ հատընտիր էր 1983 թ. Լևոն Մկրտչյանի հրատարակած հայ դասական պոեզիայի ընտրանին` «Լեռները ողբում են իմ վշտի գիշերը» (“Die Berge beweinen die Nacht meines Leids”)` ռուսերենից և հայերենից ազատ թարգմանությունը Անեմարի Բոսթրոեմի (Annemarie Bostroem), թարգմանությունը Հորստ Լոթար Թեվելայթի (Horst Lothar Teweleit): Հատորը ներառնում է Մեսրոպ Մաշտոցից (5-րդ դար) մինչև Սայաթ-Նովա (18-րդ դար):
    Հայ հեղինակները ներկայացված են նաև առանձին հատորներով: Թվարկենք մի քանիսը. Հրանտ Մաթևոսյան «Ոչխարի գողերի արկածը» [ծնթ. թարգմ. «Մենք ենք, մեր սարերը»], (թարգմ.` Լիզելոթե Ռեմանե (Liselotte Remane´), «Կուլտուր ունդ Ֆորթշրիտ» (“Kultur und Fortschrift”) հրատ., 1969), Հովհաննես Թումանյան «Աղավնու վանքը. Էսսեներ, բանաստեղծություններ և չափածո զրույցներ, պոեմներ, արձակ» (թարգմ.` Ֆրիդեման Բերգեր, Ադոլֆ Էնդլեր և Էլքե Էրբե, «Ֆոլք ունդ Վելթ» հրատ., 1972 = Friedemann Berger, Adolf Endler und Elke Erbe, Verlag Volk und Welt 1972), Միքայել Շաթիրյան «Պայքար հանուն Բաքվի» [ծնթ. թարգ. «Ասք արմավենու մասին»], (խմբ.` Կորինա և Գոթֆրիդ Վոյթեքներ (Corinna und Gottfried Wojtek), «Ֆոլք ունդ վելթ» հրատ., 1975), Ավետիք Իսահակյան «Քարավանների ղողանջը»` Անեմարի Բոսթրոեմի ազատ թարգմանությամբ («Ֆոլք ունդ Վելթ» հրատ., 1978 Ռուբեն Հովսեփյան «Որդան կարմիր»` Ինգեբորգ Շրոյդերի (Ingeborg Schröder) փոխադրությամբ («Ֆոլք ունդ Վելթ» հրատ., 1986), Պարույր Սևակ «Ցավն է, որ առաջ է մղում», Անեմարի Բոսթրոեմին իրենց տողացի թարգմանություններով աջակցել են Փեթր Բրաշը (Peter Brasch), Վալդեմար Դեգեն (Waldemar Dege), Շթեֆան Դյորինգը (Stefan Döring), Թոմաս Գյունթերը (Thomas Günther), Կատյա Լեբեդևան (Katja Lebedewa), նաև Հելմութ Մալոնեքը (Helmuth Malonek) և Քլաուս-Դիթեր Տոնոյանը (Klaus-Dieter Tonojan) («Ֆոլք ունդ Վելթ» հրատ., 1987), Հրանտ Մաթևոսյան «...բացի դրանից ամեն ինչ զուտ ճշմարտություն է» (թարգմ.` Շարլոթե Քոսութ (Scharlotte Kossuth), «Ֆոլք ունդ Վելթ» հրատ., 1988), Սերո Խանզադյան «Թագուհին Հայոց» (թարգմ.` Ռուփրեխտ Վիլնով (Ruprecht Willnow), «Նոյես Լեբեն» ( Verlag Neues Lebeb) հրատ., 1989):
    Գերմանական Դեմոկրատական Հանրապետությունում նույնպես ամսագրերը դեր էին խաղում հայ գրականության փոխանցման գործում: Հատկապես հիշարժան է «Զին ունդ Ֆորմ» (“Sinn und Form”) հանդեսը, որը 1975 թ. սեպտեմբեր- հոկտեմբեր ամիսների համարում` ավելի քան 60 էջ, նվիրեց հայ գրականությանը` Լևոն Մկրտչյանի անմիջական մասնակցությամբ:
    Պարբերականների մեջ առանձնակի դեր էր խաղում ԽՍՀՄ գրողների միության «Սովետական գրականություն» ամսագիրը` իր գերմաներեն հրատարակությամբ: Այն մատչելի էր նաև գերմանական հասարակությանը ԳԴՀ-ում: Այնտեղ պարբերաբար հրատարակվում էին հայ հեղինակների գործեր:
    Եզրափակելով այս շրջանը` պետք է նշել մեկ այլ բնորոշ հատկանիշ. գրեթե բոլոր թարգմանությունները կատարվում էին ռուսերենի միջոցով: Ինչպես վերը նշեցինք, ֆինանսական կողմը դեր չէր խաղում: Այսպես, բազմիցս հիշատակված «Ֆոլք ունդ Վելթ» հրատարակչությունը կարող էր 300 աշխատակից զբաղեցնել, որոնց թվում թարգմանիչների կողքին պահվում էին նաև լեզվաբաններ, ազգաբաններ և այլն:

       Երրորդ շրջանը. Վերամիավորումից մինչ օրս
    1990 թ. վերամիավորումն իր հետ բերեց արմատական փոփոխություններ: ԳԴՀ և նրա տնտեսության համակարգը տապալվեցին: Այլևս չկային հատուկ հարաբերությունները Խորհրդային Միության և, անշուշտ, նաև խորհրդային հանրապետությունների, հետևաբար նաև Խորհրդային Հայաստանի հետ: Մեկ տարի անց չկային նաև Խորհրդային Միությունն ու խորհրդային հանրապետությունները, այնպես որ այլևս գոյություն չունեին գրական կապերը: Անցումը կապիտալիզմին բնականաբար դժվարությունների առաջ կանգնեցրեց նաև նախկին ԳԴՀ-հրատարակչությունները: 1994 թ. ամռանը վերը նշված «Ֆոլք ունդ Վելթ» հրատարակչությունում նախկին 300-ի փոխարեն մնացել էր միայն 30 աշխատակից: Նախկին ԳԴՀ-ի հրատարակչություններից շատերն այսօր այլևս գոյություն չունեն: Այս ամենը նշանակում է, որ վերամիավորված Գերմանիայում գործում էին նույն նախադրյալները, ինչ որ առաջ նախկին ԳԴՀ-ում:
    Հետևաբար հայ հեղինակների դարձյալ հրատարակում են փոքր և մասնավոր հրատարակչությունները: Դրանց թվում են երկուսը, երկու դեպքում էլ հրատարակիչը Ադելաիդ Լաչինյանն է: Նախ` «Նորա» (“Nora”) հրատարակչական ընկերությունը, որը 2005-ին և 2010-ին հրատարակեց «Հայկական պատմվածքներ» երկու հատորով, թարգմ.` Հելմութ Բոդե (Helmut Bode), Գաննա-Մարիա Բրաունգարդ (Ganna-Maria Braungardt), Հելգա Գուչե (Helga Gutsche), Շարլոթե Քոսութ (Charlotte Kossuth), Հայնց Քյուեբարթ (Heinz Küebarth), Ադելաիդ և Սարգիս Լաչինյաններ (Adelhaid and Sarkis Latchinian), Լիզելոթե Ռեմանե (Liselotte Remane), Բրիգիթե Շրոյդեր (Brigitte Schröder), Հելլա Ռիմարովիչ (Hella Rymarowicz): Ապա` «Արկոր» (“Arkor”) հրատարակչությունը, որը իր վաստակն ունեցավ 2010-ին լույս տեսած «Իմ Հայաստան» երկլեզու հրատարակության մեջ: Եղիշե Չարենցի բանաստեղծությունների ազատ թարգմանությունը գլուխ բերեց Քոնրադ Քունը (Konrad Kuhn), որը գրել է նաև մանրամասն ներածություն: Հայ գրականության տարածման համար իր նպաստն ունի նաև Մայնի Ֆրանկֆուրտում հաստատված «Հայ մեդիա» (“Hay Media”) հրատարակչությունը, որը 2011-ին լույս ընծայեց Շահան Շահնուրի «Նահանջ առանց երգի» վեպը` Սամվել Օվասափյանի թարգմանությամբ:
    Այնուհետև, կան հրատարակչություններ «հատուկ հանձնարարությամբ»: Մյունխենում և Վիեննայում հիմնավորված KAPPA հրատարակչությունը դրա փայլուն օրինակն է: Այն 2000 թ. հրատարակեց «Արծաթե բանալիով կողպած. Գրականություն Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից» հատընտիրը, հրատարակիչներն էին Մարինե Գրուբերը և Մանֆրեդ Մյուլերը (Marianne Gruber, Manfred Müller), հայկական մասի պատասխանատուն` Րաֆֆի Քանդյանը: Շարժառիթը գրականության հետ կապ չուներ. 1998 թ. երկրորդ կեսերին Ավստրիան նախագահում էր Եվրամիության խորհրդում և ցանկանում էր նման մի հատորով որպես օրինակ ծառայել:
    Հատուկ տեսակի օրինակ ծառայեց LiteraturWERKstatt Berlin գրական կազմակերպությունը 2000 թ. ամռանը իր եվրոպական ճեպընթացով: Եվրոպական 43 երկրներից հեղինակներ, նրանց թվում և հայեր, Լիսաբոնում նստեցին գնացք, որը նրանց Փարիզով, Բրյուսելով, Հանովերով, Կալինինգրադով, Սանկտ-Պետերբուրգով, Մոսկվայով և այլ քաղաքներով հասցրեց Բեռլին: Պտուղը «Եվրոպական ճեպընթաց. Գրական ուղեգրություն» (“Europaexpress-Ein literarisches Reisebuch”) հատորն էր, որտեղ Դավիդ Մուրադյանն ու Լևոն Խեչոյանը հանդես եկան մեկական գրական ակնարկով («Քնարական չվացուցակ», «Երկաթյա վարագույրներ»). լույս տեսավ 2001 թ. Այխբորն (Eichborn) հրատարակչությունում: Բացի դրանից, կազմակերպիչները այդ հեղինակների երկու պատմվածքը («Խարբերդի աղբյուրը», «Երկրի դողը») տեղադրել էին հատուկ ձևավորված, այսօր այլևս գոյություն չունեցող կայքէջում www.literaturexpress.org. այս բոլորը Րաֆֆի Քանդյանի թարգմանությամբ:
    Գերմանիայի Դաշնակցային Հանրապետությունը նույնպես փնտրում էր գրական առնչություններ ետխորհրդային պետությունների, այդ թվում և Հայաստանի հետ: Այսպես, 1994 թ. Բեռլինի գրական համաժողովը (Literarische Colloquium Berlin) չորս շաբաթով իրեց մոտ հրավիրեց գրողներ Ռուբեն Հովսեփյանին և Հենրիկ Էդոյանին` Րաֆֆի Քանդյանի հետ միասին, որպեսզի նրանք հանդես գան եզրափակիչ ընթերցումներով:
    Բեռլինի LiteraturWERKstatt-ը նույնպես կապեր հաստատեց Հայաստանի հետ և 1995 թ. Գևորգ Էմինին (թարգմ.` Թեսա Հովման), Հովհաննես Երանյանին, Սիլվա Կապուտիկյանին և Ազատին (թարգմ` Րաֆֆի Քանդյան) մեկ շաբաթով հրավիրեց Գերմանիա` ընթերցումների, որին հետևեց 1996-ին Զորայր Խալափյանին թոշակով ապահովումը:
    Ներկայումս ամսագրերն այլևս շատ քիչ են զբաղվում հայ գրականության տարածմամբ: “die horen” ամսագրի 160-րդ պրակին ուրիշը չհաջորդեց, դրա փոխարեն «Սքլավեն» (“Sklaven”) ամսագիրը 1995-ին տպեց վերը հիշատակված Ազատի մի քանի բանաստեղծություն: Բացառություն է կազմում ADK-ն` գերմանահայկական ընկերության ամսագիրը, որը համառորեն երկու լեզվով ներկայացնում է հայ գրականության, գերազանցապես քնարերգության նմուշներ: Հանդես են գալիս նաև թարգմանիչներ, ինչպես Քոնրադ Քունը, սակայն այդ դերը մեծամասամբ ստանձնում է Րաֆֆի Քանդյանը:
    Իրենց հետաքրքրությամբ մի քիչ տարբերվում են ռադիո հաստատությունները: 1994-ին Բրանդերբուրգի ռադիոն հարցազրույցի հրավիրեց Ռուբեն Հովսեփյանին և Հենրիկ Էդոյանին: Բադեն-Բադենի հարավարևմտյան ռադիոն (Südwestfunk Baden-Baden) (այսօր հարավարևմտյան ռադիոյի (Südwestrundfunk)մասը) Րաֆֆի Քանդյանին տվեց հինգ ռադիո էսսեների հանձնարարություն, որոնք սփռվեցին 1996-1998 թթ. («Շահան Շահնուր, Բնաջնջման դառը ճակատագիրը», «Հոկտեմբերյան հեղափոխության անիրականալի երազանքը, հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի մասին», «Քնարերգուներ Զահրատի և Խրախունու մասին, Գրական կապ դժվարին պայմաններում», «Զարթոնք ձնհալի ժամանակաշրջանում, հայ բանաստեղծ Պարույր Սևա», «Ջարդերի վկայից` ցեղասպանության զոհ, հայ քնարերգու Դանիել Վարուժան»): Արդեն 1995-ին Քլաուս-Փեթեր Վալթերը (Klaus-Peter Walter) նույն ռադիոկայանով ունեցել էր ,,Գերմանահայկական գրական հանդիպում ,,Իմ ճանապարհը տանում է դեպի երկինք սարն ի վեր,,` Զարեհ Խրախունու «Հայաստանի քարերից» ժողովածուի բանաստեղծություններով և “die horen”, պրակ 160: Վերջին տարիներին աչքի է ընկնում Գերմանիայի ռադիոկայանը (Deutschlandfunk, DLF): Գեզինե Դորնբլյութի (Gesine Dornblüth) «Լռության հաղթահարումը. Հայաստանը և զգուշավոր մոտեցումը Թուրքիային» ռադիոակնարկը պարունակում էր գրականության բազմաթիվ օրինակներ, ինչպես Միրկո Շվանիցը (Mirko Schwanitz) 2006-ի իր ֆիչըրում (Feature), «Այնտեղ հեռավոր Եվրոպան – Հայ բանաստեղծները լքում են Կովկասի կավճե շրջանը»:
    Մի քանի խոսք նոր առնչությունների մասին Գերմանիայի երկրամասերի մակարդակի վրա: Դաշնակցային երկրամաս Սաքսոնիա-Անհալթը Մշակույթի նախարարների խորհրդում կանխորոշված առաջադրանքների բաշխման բերումով կապեր է պահպանում Հայաստանի Հանրապետության հետ: Մինչ այդ մշակութայինից առաջացավ գրական համագործակցություն: Այդ մասին են վկայում այնտեղ հրատարակվող «Օդա» (“Oda”) հանդեսի մի քանի պրակները` հայ քնարերգության օրինակներով: Բոլորովին թարմ են երկու նոր գրքերը («Ժամանակակից հայ քնարերգություն» և «Երբ վերջապես սառը օրերը անցած են» (Als die eisigen Tage endlich vorüber waren), սաքսոնա- անհալթյան քնարերգություն), երկուսն էլ լույս են տեսել 2012-ին:
    Սկզբում հիշատակված թարգմանական գործունեությունը աստվածաբանական-բանասիրական բնագավառում ամրագրեց Արմենուհի Դրոսթ-Աբգարյանի, Հերման Գոլցի (Hermann Goltz) և Անդրեա Շմիդթի (Andrea Schmidt) անունները: Սրանով նրանք որոշ չափով շարունակում են 19 և 20-րդ դդ գերմանախոս երկրներում գոյություն ունեցող ավանդույթը: Նրանց տեքստերը մեծ մասամբ լույս են տեսնում ժողովածուներում, հոբելյանական ալմանախներում ևն, և ավելի շուտ ուղղված են մասնագետներին:

      Հայաստանը` առանձնակի դեպք
    Արդեն որոշ ժամանակ է, ինչ Հայաստանը փորձում է ինքը գերմաներեն թարգմանությունները երկրում հրատարակել, և այդ ձևով տարածել: Նման ջանքեր առկա էին դերևս խորհրդային ժամանակներում: 1988 թ. լույս տեսած Նահապետ Քուչակի ,,Հարյուր և մեկ հայրեն,, ժողովածուն` Անեմարի Բոսթրոեմի և Հորստ Լոթար Թեվելայթի (Annemarie Bostroem, Horst Lothar Teweleit) թարգմանությամբ, Լևոն Մկրտչյանի պատասխանատվությամբ, այդպիսի փորձ է: 1998-ին հրատարակած հայ դասական քնարերգության հատընտիրը` «Խոսք տխուր սրտից. Հայ դասական պոեզիա, 5-18-րդ դարեր» (“Ein Wort aus betrübten Herzen: Klassische armenische Dichtung, V.-XVIII. Jahrhundert”) դարձյալ թարգմանությունը Անեմարի Բոսթրոեմի և Հորստ Լոթար Թեվելայթի, հրատարակիչ` Լևոն Մկրտչյան, այդ ուղղությամբ մի այլ օրինակ է, ինչպես նաև 2004 թ. «Սասունցի Դավիթ» հայկական ժողովրդական վեպի (թարգմ.` Սարգիս Խաչենց) թարգմանությունը: Սրան ավելացավ 2005-ին հրատարակված «Այնտեղ հեռավոր Եվրոպան. Արդի քնարերգություն Հայաստանից» (Dort das ferne Europa-Zeitgenössische Lyrik aus Armenien)` Րաֆֆի Քանդյանի խմբագրությամբ և թարգմանությամբ, և վերջապես 2012-ին «Արդի հայ քնարերգություն» (Zeitgenössische armenische Lyrik, որի լույս ընծայմանը մասնակցել են շատերը (Վիլհելմ Բարչ, Դանիելա Դանզ, Մաթիաս Ֆրից, Խրիսթինե Հոբա, Կոնստանց Ջոն, Րաֆֆի Քանթյան, Խրիսթիան Քրայզ, Վերներ Մակովսկի, Կորնելիա Մարքս, Հերմինե Նավասարդյան, Մարկո Օրգանո, Վիկտոր Փամբուքչյան, Անդրե Շինքել, Հրաչյա Ստեփանյան (Wilhelm Bartsch, Daniela Danz, Matthias Fritz, Christine Hoba, Constanze John, Raffi Kantian, Christian Kreis, Werner Makowski, Cornelia Marks, Hermine Navasardyan, Marco Organo, Viktor Pambuccian, Andre´ Schinkel, Hrachya Stepanyan):
    Որքան էլ որ ուրախալի է այս զարգացումը, մարքեթինգը գերմանախոս երկրներում մնում է հարցական: 
 
       Վերջաբանի փոխարեն        
    Անշուշտ, հայերենից թարգմանությունները վերամիավորված Գերմանիայում չեն պատկանում «ինքնահոսների» թվին և եթե անտեսենք առանձին դեպքեր, ինչպես ,,die horen“ պրակ 160-ը, որի տպաքանակը վաճառքի համար նախատեսված էր 6000 օրինակ, նրանք չունեն ընթերցողների մեծ թիվ: Ի դեպ` սխալ կլիներ ենթադրել, որ մեզանում միայն հայ գրականությունն է, որ ունի այդ խնդիրները, քանի որ նույն պատկերն են ներկայացնում ազգային շատ ուրիշ գրականություններ:
    Եթե անտեսենք ԳԴՀ-ին` որպես քաղաքական առանձնահատուկ դեպք, որտեղ հայ հեղինակների գրքերը մեծ տպաքանակով էին հրատարակվում ու վաճառվում, օրինակ, Ռուբեն Հովսեփյանի «Որդան կարմիր» գիրքը վաճառքի էր հանվել և վաճառվել 20.000 օրինակով, ապա մեր օրերում հայ գրականությանը հանդիպում ենք ընդհանուր ժողովածուներում: Ամսագրերում նույն պատկերն է:
    Բանասերների և աստվածաբանների աշխատանքը ապագայում ևս պիտի շարունակվի, և նրանք իրենց մասնագիտական հրատարակություններում կզետեղեն թարգմանություններ: Նման գործունեությունը ֆինանսական սահմանափակումներ չունի:
    Իսկ թե ինչ ընթացք կստանա հետագա գրական համագործակցությունը Սաքսոնիա-Անհալթի հետ, պետք է սպասենք որ տեսնենք: Հարցականի տակ է նաև մեդիաների, ամենից առաջ ռադիոյի, հետագա գործունեությունը: Խանդավառյալների համար, որոնց թվում են ինչպես հրատարակիչներ, այնպես էլ թարգմանիչներ, նշանակում է` դեռ շատ բան կա անելու: 

    Հիշեցնենք, որ հայ և միջազգային կազմակերպությունների ջանքերով իրականացվել է 1991-2012 թվականներին հայերենից 11 լեզուներով կատարված թարգմանությունների ուսումնասիրություններ: Դրանք իրականացրել են արտերկրի և Հայաստանի 11 փորձագետներ: Առաջին անգամ կազմվել է 1991-2012 թթ. հայերենից թարգմանված գործերի մատենագիտությունը: Ներկայացվողուսումնասիրությունները կհետաքրքրեն գրքի ոլորտի պրոֆեսիոնալներին, մշակութային կազմակերպություններին,հանրային քաղաքականության ստեղծողներներին, յուրաքանչյուրին, ով առնչություն ունի Հայաստանում ևարտերկրում թարգմանությունների, հրատարակության և մշակութային հաղորդակցման հետ։ 

    ԳՐՔԻ ՀԱՐԹԱԿ ԾՐԱԳԻՐՆ աջակցում է հմտությունների զարգացմանը, միջազգային ցանցերի կառուցմանը ևԵվրոպական միության հարևան երեք երկրներում՝ Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում, առողջ, կայուն ևգրքի բաց մշակույթի ստեղծման համար խելացի քաղաքականությունների ստեղծմանը։ Այն իրականացվում էՀրատարակիչների ազգային ասոցիացիայի (Հայաստան), Next Page (Բուլղարիա) հիմնադրամի,Գրահրատարակիչների և գրավաճառների ասոցիացիայի (Վրաստան), Հրատարակիչների ֆորումի (Ուկրաինա) հետ՝Եվրոպական Միության արևելյան գործընկերության մշակութային ծրագրի աջակցությամբ:
  • Created on .
  • Hits: 5226

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: