ՀԱՅ ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ

Սոնա Հարությունյան
Բանասիրական գիտությունների դոկտոր
Վենետիկի Կա’Ֆոսկարի համալսարան
 
Մաս Ա.
Պատմական ակնարկ
    Իտալիայում հայերի գոյության մասին առաջին հավաստի տեղեկությունները վերաբերում են Ռավեննայում հաստատված հայկական զորամասերին, որոնց Իտալիա էր բերել բյուզանդական զորավար Ներսես Հայկազունը (Զ. դար): Այս նույն ժամանակաշրջանում Իտալիայում հիշատակվում են նաև այլ հայ առաջնորդների անուններ, որոնց հրամանատարության ներքո մարտնչել են նաև բազում հայ զինվորականներ: Զինվորականների և ծառայողների այս շրջանակներին զուգահեռ իտալական տարբեր քաղաքներում (Ռավեննայում, Վենետիկում, Ֆիրենցեում, Նապոլիում, Անկոնայում, Հռոմում և այլուր) կային նաև հայ վաճառականներ և վանականներ:
    Իտալիայում հայերի համեմատաբար կայուն համայնքներ կազմավորվել են ԺԲ. դարի կեսին, երբ ինը տարբեր քաղաքներում գործել են տասից ավելի հայկական եկեղեցիներ: Հայերի աշխուժացման այս նոր իրավիճակի խթանիչ գործոններն էին Կիլիկիայի հայոց թագավորությունն ու խաչակրաց արշավանքները: Ըստ Հ.Ալիշանի, 1240-1350 թթ. հայկական մեկ եկեղեցի ունեցող քաղաքների թիվը հասնում էր քսաներկուսի, իսկ Հռոմում, Բոլոնիայում և Վենետիկում կային մեկից ավելի գործող եկեղեցիներ (Ալիշան, 1896): ԺԴ. դարում շուրջ քառասուն հայկական եկեղեցի ու մենաստան են հիշատակվում Իտալիայի քաղաքներում: Եկեղեցիներին կից գործել են նաև հիվանդանոցներ և հայոց տներ:
    Հիշարժան է, Վենետիկի Հայ տան ծնունդը Կալլե դելլե Լանտեռնեում, որը հետագայում կոչուեց Դեի Արմենի, հայերով ամենախիտ բնակեցուած շրջանում, Սբ. Մարկոս հրապարակի հարևանութեամբ: Համաձայն որոշ փաստաթղթերի` այս շենքը դարձել է հայերի համար տուն-հյուրանոց 1235 թ.ի մայիսի 25-ից: Հավանաբար անհրաժեշտ է մի քանի տասնամյակով կանխել այդ տարեթիվը, բայց առանց այդ ուղղման էլ Վենետիկը կարող է միշտ հպարտանալ, որ իր ունեցած Հայ տունը ամենահինն է Եվրոպայում եղածներից:
    Իտալիայում հայերի տարածումն իր գագաթնակետին հասավ ԺԴ. դարի կեսերին: Վաճառականների և ուխտագնացների եռանդուն երթևեկը վկայող բազմաթիվ իջևանատներն ու վանատներն իրենց գրական և մշակութային նշանակալից գործունեությամբ վկայում են քաղաքակիրթ և գիտակից համայնքային կազմակերպվածության մասին: ԺԶ. դարում հիշյալ համայններին ավելանում է Լիվոռնոյի համայնքը (Ուղուրլեան, 1891):
    Տասնվեցերորդ դարում Իտալիայում եղավ նաև Հայ մշակույթի նշանավոր երևույթներից մեկը: 1512 թվականին Հակոբ Մեղապարտի աշխատասիրությամբ Վենետիկում ծնվեց հայատառ առաջին տպագիր գիրքը` Ուրբաթագիրքը, որն այժմ պահվում է Վենետիկի Սբ.Ղազար կղզու Մխիթարյան Միաբանությունում: Հարկ է նշել, որ հայերն առաջին արևելյան ժողովուրդն էին, որ գործածեցին Գութենբերգի գյուտը, չնայած ձեռագիր ծաղկելը դեռևս երկար ժամանակ պահեց իր կենսունակությունը: Առաջին տպագրիչ Հակոբից հետո, երկրորդն եղավ. Աբգար դպիր Թոխատեցին կամ Եվդոկիացին, որ նույնպես Վենետիկում 1565 թվին տպագրեց հայերեն առաջին օրացույցը` Խառնայ փնթուր տումարի անունով և Սաղմոսարան: Այստեղ տպագրվեց ևս վեց գիրք: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Աբգար Թոխատեցին տպագրությունն սկսել է ձեռքի տակ ունենալով հայ առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտի գրքերը: Աբգարի շնորհիվ Վենետիկում ծնունդ առավ առաջին իսկական հայ տպագրությունը, որը կունենա վճռական կարևորություն հայ ազգի հետագա վերածննդի վրա: Սակայն վենետիկյան ծովակում հրատարակչական բուռն գործունեությանը կհանդիպենք միայն ԺԸ. դարից սկսած Մխիթարյան վանականների մոտ, որոնք 1717 թվականից ի վեր Վենետիկի Սբ. Ղազար կղզում կստեղծեն մշակույթի այն անգին կենտրոնը` հետագայում այն հզոր սյուներից մեկը, որի վրա կհենվեր ազգային զարթոնքի գաղափարը:
    Բացի Վենետիկից, հայերեն գրքեր են տպագրվել Ֆերրարայում, Հռոմում, Միլանում, Լիվոռնոյում, Պավիայում, Պադովայում, սակայն Մխիթարյանների տպագրական գործունեությունը ամենափառավոր տեղն է գրավում վերջին դարերի հայ մշակույթի պատմության մեջ[1]:
 
    Մխիթարյանների թարգմանական գործունեությունը
    Հայ իրականության մեջ Ոսկեդարից մինչև միջին դար և Մխիթարյան վերածնունդ, և նրանից հետո վիթխարի թարգմանչական աշխատանք է կատարվել, և հայոց լեզուն յուրահատուկ ճկունությամբ մեկնաբանել ու մեկնաբանում է դասական և արդի գլուխգործոցները:
    Միաբանության հիմնադրման օրվանից ի վեր, Մխիթարյան հայրերի հիմնական նպատակն էր Արևելքի և Արևմուտքի միջև ստեղծել իմացական փոխանակման մի նոր կամուրջ, ուստի ձեռնարկեցին ոչ միայն դասական այլև ժամանակակից եվրոպական գլուխգործոցների հայացման անխոնջ աշխատանքը: Արևմուտքի գրական գոհարների թարգմանությունը մաս էր կազմում այն ծրագրի, որ Մխիթարյանները գրեթե ողջ ԺԹ. դարի ընթացքում իրականացրեցին գրաբարով, ապա Ի. դարի սկզբներից` արևմտահայերենով, որի շնորհիվ այսօր բազմաթիվ գլուխգործոցներ հայի հանդերձներով շողշողում են մեր գրականության անդաստանում:
    Մի ամբողջ սերունդ ձևավորել է իր գեղագիտական ճաշակն ու քաղել արվեստի գիտակցությունը Դասական (Կլասիցիստական) դպրոցի հովանու ներքո կամ նրա օրինակով, որի նախաձեռնողներն էին գերազանց թարգմանիչներ Հ. Վրթանես Ասկերյանը, Հ.Եղիա Թովմաճյանը, և որը հասավ հավասարը չունեցող գագաթի թարգմանիչներ` Հյուրմյուզ եղբայրների և, հատկապես, Հ.Արսեն Բագրատունու շնորհիվ:
    Հայ կլասիցիզմի խոշորագոյն ներկայացուցիչ Հ.Արսեն Բագրատունու ոսկե գրչից են դուրս եկել Հոմերոսի Իլիականի, Վիրգիլիոսի Մշականքի, ինչպես նաև Միլտոնի, Սոփոկլեսի, Ռասինի, Վոլտերի, Ալփիերիի, Եսքիլեսի, Դեմոսթենեսի, Կիկերոնի ստեղծագործությունների հայերեն թարգմանությունները, որոնք ամփոփուած են Ճաշակ հելլէն և լատին ճարտարախօսաց (Բագրատունի, 1863) և Ճաշակք հին և նոր ողբերգութեանց (Բագրատունի, 1869) ժողովածուներում: Բագրատունու շնորհիւ է նաև Ասիական բոլոր և Եվրոպական մի շարք ազգերից առաջ Դանտեն թարգմանվել հայերենի (Տէր-Ներսէսյան, 1965; Հարությունյան 1997, 1998; Haroutyunian 2001, 2006, 2011):
    Բագրատունու արժանի հետնորդ էր Հ.Արսեն Ղազիկյանը: Նա մեծ խնամք է տարել իր թարգմանությունների հարազատությանը, ներդաշնակությանը, գեղարվեստական արժեքին, բառապաշարին և հատկապես ունեցել է թարգմանվելիք նյութերն ընտրելու առանձնահատուկ ճաշակ:
Ակնհայտ է, որ Մխիթարյան հայրերը հայ թարգմանական գրականության մեջ բացեցին պանծալի մի էջ` միջազգային բարձր չափանիշներով աննախընթաց մի իրականություն, որ հայ միտքն ուղղակի հաղորդակցության մեջ է դնում համաշխարհային, հատկապես Արևմտյան տիտանների ստեղծագործ հանճարին յուրացնելով այն ստեղծարար մի հեռանկարի մեջ:
    Արշակ Չոպանյանի բառերով ասած` «Մխիթարեանները բացին ողջ Արեւմուտքը հայերու առջեւ» (Չոպանյան 1924):
 
Հայերեն-լատիներեն թարգմանություններ
    Բազմիցս հպարտությամբ ընդգծում ենք, որ հայերեն թարգմանությունների շնորհիվ պահպանվել են գործեր, որոնց հույն կամ ասորի բնագրերն այլևս գոյություն չունեն, ինչպես օրինակ Սբ.Եփրեմի, Սբ. Աթանասի, Իսիքոսի, Փիլոնի, Եւսեբիոս Եմեսացու, Եւսեբոս Կեսարացու և Հովհան Ոսկեբերան Հայրապետի որոշ գործերից` Ճառեր, Սբ. Գրային մեկնություններ, Քրոնիկոն և այլն (Զարբհանալեան, 1889):
Անտարակույս Իտալիայում հայերենից թարգմանության հիմքերը դրվել են դեռևս ԺԹ. դարի առաջին կեսին, երբ Վենետիկի Սբ. Ղազար կղզում հանգրվանած Մխիթարյան միաբանության վարդապետները տպագրեցին վերոհիշյալ գրքերը, տալով նաև դրանց լատիներեն թարգմանությունները, մեծ հետաքրքրություն ստեղծելով Եվրոպայի հայրախոսական, եկեղեցական և մշակութային շրջանակների մեջ:
 
Հայերեն-իտալերեն թարգմանություններ
    Մխիթարյանները իտալացի հասարակությանը ներկայացրեցին նաև հայերեն կարևոր գրքերի թարգմանություններ, որոնց մեջ առանձնանում է հայ մեծագույն պատմիչ Մովսես Խորենացու Պատմութիւն հայոց աշխատությունը, հրատարակված իտալացի Նիկոլո Տոմմազեոյի համագործակցությամբ (Tommaseo, 1841-1850): Հ.Հարություն Ավգերյանի թարգմանությամբ իտալերենով հրատարակվեց հայ մատենագիր, եկեղեցական գործիչ և հրապարակախոս Ներսես Լամբրոնացու Ատենաբանությունը (Aucher, 1812), Հ.Մեսրոպ Ճանաշյանի թարգմանությամբ հրատարակվեցին Հայ Եկեղեցու մեծագույն ներկայացուցիչներից` Սբ. Ներսես Շնորհալու Շարականները (Gianascian, 1973), Սայաթ Նովայի Երգերը (Gianascian, 1964), Արդի հայ գրականութեան ծաղկաքաղ (Gianascian, 1966), սույն ուսումնասիրության սահմաններում նշելու համար միայն մի քանիսը:
    Մխիթարյան Հայրերը ազգային մտավորական վերանորոգման գործի կամ ազգային մշակույթի պատմության մեջ հիմնական դեր են ունեցել և շարունակում են ունենալ: Շիրազի բառերով ասած`
                                        Օտար ջրերում հայացյալ կղզի,
                                        Հայոց հին լույսն է քեզնով նորանում...
                                        Հայրենիքից դուրս հայրենյաց համար:
 
Մաս Բ.
Հայերենից իտալերեն թարգմանություններ
1991-2012
    Հայ ժողովրդի զարթոնքի մէջ իր ուրույն դերն ու նշանակություն ունեցած Մխիթարյանների թարգմանական ավանդին ամփոփ անդրադարձ կատարելուց հետո անցնեմ ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից ներքոգրյալիս վստահված սույն ուսումնասիրության հիմնական նյութին, որը ենթադրում էր կազմել 1991 թվականից առ այսօր հայերենից իտալերեն թարգմանությունների անվանացանկը:
    Երբ ինձ վստահվեց աշխատանքը, ակամայից մտաբերեցի Նյու Յորքի Նայդայի անվան հեղինակավոր թարգմանաբանական ինստիտուտի Միզանո Ադրիատիկոյի կենտրոնում դասավանդածս ժամանակ գործընկերներիս հետ ունեցած քննարկումները թարգմանությունների քարտեզագրման նյութի շուրջ, որոնք միանգամայն օգտակար եղան այս աշխատանքն իրականացնելիս:
    Ուսումնասիրության ընթացքում ունեցա խոչընդոտներ. ցանկերի բացակայություն, որը մի կողմից մեծ դժվարություն առաջացրեց, մյուս կողմից առավել ընդգծեց ՅՈՒՆԵՍԿՈՅԻ նախաձեռնության կարևրությունը, նման լուրջ ուսումնասիրության համար ընձեռված կարճ ժամանակահատվածը զուգադիպեց օգոստոս ամսվա հետ, երբ Իտալիայում փակ են գիտահետազոտական հաստատությունները և մարդիկ արձակուրդի մեջ են, շատ դժվար եղավ կապի մեջ մտնել թարգմանիչերի հետ և տվյալներ հավաքել: Արձակուրդներին հաջորդեց ուսումնական տարվա սկիզբը, որը ևս դժվարեցրեց աշխատանքները, քանի որ թարգմանիչների մեծ մասը, մանկավարժական գործունեություն ծավալելով, ներքաշված էր տարեսկզբյան եռուզեռի մեջ:
    Այսուհանդերձ, կարողացա ոչ միայն ցանկագրել` խաչաձև հետազոտություններ կատարելով զանազան դիվանային նյութերում և այլ նպատակներով լույս տեսած ցանկերում, այլև թարգմանիչներից ոմանց հետ վավեր համագործակցություն հաստատել` աշխատանքը լավագույնս համակարգելու և տրամադրված սեղմ ժամկետում նախնական արդյունքները ամփոփելու համար: Մինչև ինձ տրամադրված վերջին պահը ցանկը համալրել եմ նորանոր հրատարակություններով, այդուհանդերձ, հաշվի առնելով հիշյալ խոչընդոտները, ամենևին չեմ բացառում, որ ցանկից դուրս մնացած լինեն թարգմանություններ:
Սույն ուսումնասիրությանը կից 1991-2012 թվականներին հայերենից իտալերեն թարգմանված գրքերի ցանկը բացում է հայ առաջին տպագիր գրքի` Ուրբաթագրքի թարգմանության հրատարակությունը, որն ընդգրկված է աշխարհի հնագույն ակադեմիան համարվող Հռոմի հեղինակավոր Accademia Nazionale dei Lincei-ի կողմից հրատարակվող Memorie dell'accademia dei lincei մատենաշարի մեջ որպես մենագրություն: Սա մի խորհրդանշական զուգադիպություն է, քանի որ այս տարի (2012) ողջ աշխարհում տոնվում է Հայ տպագրության հինգերորդ դարադարձը:
    Աշխատանքի արդյունքում հայտնի դարձավ, որ թարգմանությունները կատարվել են առանց միջնորդ լեզվի: Գերակշռում են գրաբարից կատարված թարգմանությունները` Ուրբաթագիրք, Եզնիկ Կողբացու Եղծ աղանդոց, Փավստոս Բյուզանդի Պատմութիւն Հայոց, Ղուկաս Սեբաստացու Դաւիթ Բէկ կամ Պատմութիւն Ղափանցուոց, Կորյունի Վարք Մաշտոցի, Սբ. Գրիգոր Նարեկացու Ներբող Սրբոյ Խաչին, Մատեան Ողբերգութեան, Ներսես Լամբրոնացու Ճառ Համբարձման, Եղիշեի Վասն Վարդանայ եւ հայոց պատերազմի, Մեկնութիւն Յեսուայ եւ Դատաւորաց եւ Վարդապետութիւն ըստ Յովհաննու սիրելւոյ ի չարչարանս տեառն, Հերմես Եռամեծին վերագրվող Հերմեայ Եռամեծի առ Ասկղեպիոս Սահմանք, Գրիգոր Սկևռացու Ճշմարիտ հաւատքի եւ առաքինասէր վարքի մասին, Խորհրդակատարութիւն Սրբոյ Պատարագի, Սբ. Հակոբ Մծբնա Հայրապետի Պատասխանի:
    Արևելահայերենից կատարված թարգմանություններն ընդգրկում են Աքսել Բակունցի Պատմվածքները, Հովհաննես Թումանյանի Հեքիաթները, զանազան հեղինակների բանաստեղծություններ, Րաֆֆու Խամսայի մելիքութիւնները 1600- 1827. նիւթեր հայոց պատմութեան համար, Վահագն Գրիգորյանի Ոստանի վերջին ճանապարհորդությունը, Էլդա Գրինի Ձեռքերը:
    Արևմտահայերենից կատարված թարգմանություններն ընդգրկում են Վարուժանի Հացին երգը և Ցորեանի ծովեր բանաստեղծությունների ժողովածուները և Հ. Պողոս Անանյանի Սեբէոսի պատմութեան գրքի մասին քանի մը լուսաբանութիւններ աշխատությունը:
    Ցանկում կան գրքեր, որոնց հեղինակն ու հայերեն վերնագիրը նշված չեն, ինչպես օրինակ Il canto d’Armenia (Երգ Հայաստանի) և Armenia հրատարակությունների պարագայում: Բանն այն է, որ հիշյալ գրքերը զանազան հայ գրողների բանաստեղծությունների ծաղկաքաղեր են` ամփոփված մեկ հրատարակության մեջ: Առաջինն աշխատասիրել է Հ.Լևոն Զեքիյանը, և ընդգրկում է քերթվածներ հնագույն ժամանակաշրջանից` Վահագնի ծնունդը, Շարականներ, ուշ միջանդարից` Կոստանտին Երզնկացի, Ֆրիկ, Առաքել Սյունեցի, Սայաթ Նովա, Հովհաննես Թլկուրանցի, Ալեքսանդրի վեպից հատվածներ (Հովհաննես Տերզնեցի, Խաչատուր Կեչառեցի, Երեմիա Չելեպի Քյոմուրճյան): Ծաղկաքաղը թարգմանաբար ներկայացնում է նաև ժամանակակից հեղինակներին, այդ թվում` Հովհաննես Թումանյան, Սիամանթո, Դանիել Վարուժան, Միսաք Մեծարենց, Վահան Տերյան, Եղիշե Չարենց, Հովհաննես Շիրազ, Պարույր Սևակ, Զահրատ: Թարգմանություններն իրականացրել են Հ.Լևոն Զեքիյանը, Գաբրիելա Ուլուհոճյանը, Պաոլա Միլտոնյանը, Անտոնիա Արսլանը և Ալֆրեդ Հեմմատ Սիրաքին, Կլաուդիո Գուջերոտտին, Ջուստո Տրաինան: Armenia ժողովածուն ընդգրկում է Սոնա Անտոնյանի, Արտեմ Հարությունյանի, Հենրիկ Էդոյանի, Մանասեի, Ռոզա Հովհաննիսյանի, Հրաչյա Սարուխանի և Արտակ Համբարձումյանի բանաստեղծությունները:
    Անվանացանկում հայերեն վերնագիր չունեն նաև La Cucina d’Armenia (Հայաստանի խոհանոց) և Così ride l'Ararat, nr. 1 Anche l'Ararat ha la suocera (Այսպես է ծիծաղում Արարատը, հ.1, Արարատն էլ զոքանչ ունի) գրքերը: Առաջինը մի ուսումնասիրություն է հայկական խոհանոցի մասին, և ընդգրկված նյութերը, հեղինակի հավաստմամբ, թարգմանություններ են հայկական խոհանոցին վերաբերող զանազան աղբյուրներից, ուստի նպատակահարմար գտա ներառել աղյուսակում, իսկ երկրորդը հայկական անեկդոտների շարք է:
    Ցանկում ընդգրկված են նաև Էլդա Գրինի Ձեռքերը վիպակը, որի 34 լեզուներով հրատարակության մեջ կա նաև իտալերեն թարգմանությունը, Արմեն Զարյանի կյանքին և գործունեությանը նվիրված երկլեզու (հայերեն-իտալերեն) գիրքը, որը հրատարակվել է ճարտարապետի ծննդյան 95 ամյակի առթիվ:
    Աղյուսակում առկա Հովհաննես Թումանյանի հեքիաթների իտալերեն հրատարակություններից առաջինն (2005) ընդգրկում է միայն վեց հեքիաթ, մինչդեռ 2007 թվականին Երևանում լույս տեսածը` քսան:
    Ցանկագրած գրքերից միայն հինգը չունեն ISBN, քանի որ ժամանակին պարտադիր պայման չէր:
    Ցանկում ընդգրկված են նաև թարգմանություններ, որոնք առանձին հրատարակություններ չեն, ինչպես օրինակ Սեբէոսի պատմութեան գրքի մասին քանի մը լուսաբանութիւններ աշխատությունը, որը լույս է 2009 թ. Բազմավեպի մեջ, Հերմեայ Եռամեծի առ Ասկղեպիոս Սահմանք երկի թարգմանությունը` լույս տեսած 2009 թ. La rivelazione segreta di Ermete Trismegisto գրքում, ինչպես նաև Պատասխանին` լույս տեսած 2012 թ. Afraate, Le esposizioni գրքում:
    Ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ նաև, որ թարգմանությունների մեծ մասն իրականացվել է անձնական նախաձեռնությամբ:

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
    Ստորև ներկայացնում եմ ուսումնասիրության համար հատուկ արված մի հարցազրույց իմ գործընկերներ, Վենետիկի և Բոլոնիայի համալսարանների հայագիտական ամբիոնների դասախոսներ` Ալդո Ֆերրարիի և Աննա Շիրինյանի հետ, որոնց թարգմանությունները ևս ընդգրկված են ցանկի մեջ:

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (Ս.Հ.)- Եղե՞լ է երբևէ համագործակցություն Հայաստանի և Իտալիայի հրատարակչատների միջև:
Ալդո ՖԵՐՐԱՐԻ (Ա.Ֆ.)- Հավանաբար երբեք չի եղել:
Աննա ՇԻՐԻՆՅԱՆ (Ա.Շ.)- Իմ կարծիքով երբեք չի եղել, ո՛չ անցյալում, ո՛չ էլ այսօր:
Ս.Հ.- Ինչպե՞ս կբնորոշեիք հայերենից իտալերեն թարգմանված գրականությունը:
Ա.Ֆ.- Բավական լավ, բայց չափազանց սահմանափակ: Ճիշտ է, թարգմանվել են հայ հին գրականության կարևոր գործերից, ինչպես օրինակ Սեբեոս, Փավստոս Բյուզանդ, Եղիշե, Եզնիկ, բայց իսկապես չափազանց քիչ է թարգմանվել ժամանակակից գրականություն, բացառությամբ Վարուժանից: Շատ ափսոս է, քանի որ օտար երկրին մոտենալու համար հիմնավոր դեր ունի ժամանակակից գրականության ճանաչումը:
Ա.Շ.- Շատ քիչ թարգմանություններ կան: Հայ գրականությունն իր բոլոր ժամանակաշրջաններով գրեթե անծանոթ է Իտալիայի հասարակությանը:
Ս.Հ.- Ի՞նչ սպառում ունեն այս գրքերը:
Ա.Ֆ.- Գրաբարից թարգմանությունները սահմանափակ տարածում ունեն իրենց ներհատուկ դժվարության պատճառով, մինչդեռ ժամանակակից գրականությունը կարող է մեծ հաջողություն ունենալ, ինչպես վկայում են Վարուժանի բանաստեղծությունների բազմաթիվ վերահրատարակությունները: Կարևոր է առավել մեծ ջանք գործադրել այս ուղղությամբ` համակարգելու Իտալիայի հայագետների գաղափարներն ու գործունեությունը:
Ա.Շ.- Առայժմ շատ սահմանափակ: Սակայն ճիշտ է նաև, որ նորությունների և «էթնիկ» արտահայտությունների հակված հրատարակիչն ինքը կարող է ստանձնել նախաձեռնությունը: Այնուամենայնիվ, պետք է գործը լավ թարգմանվի և լավ ներկայացվի Իտալիայի հանրությանը: Իսկ հրատարակչությունը պետք է, իհարկե, լավ գովազդ անի:
Ս.Հ. Ինչու՞ են հայերենից իտալերեն թարգմանության համար նախապատվությունը տվել մեկ կամ մյուս ժանրին:
Ա.Ֆ.- Պետք է հաշվի առնել, որ սահմանափակ է հավանական թարգմանիչների թիվը, որոնց մեծ մասը բանասերներ կամ պատմաբաններ են, ուստի նախապատվությունը տալիս են հին տեքստերին կամ, համենայն դեպս, ոչ խիստ գրական գործերին: Սակայն ցանկալի կլիներ, որ սկսեն թարգմանվել ժամանակակից հայ գրականության գործեր:
Ա.Շ.- Կարծում եմ, որ ընտրությունը պայմանավորված էր պատահականությամբ: Օրինակ, Երգ Հայաստանի գեղեցիկ ծաղկաքաղի պարագայում բարենպաստ միություն եղավ հրատարակիչ Ջաննի Սկալիայի, որը ժամանակ հետաքրքրված էր պոեզիայի զանազան դրսևորումներով և իտալիայի հայագետների միջև: Այսպես նաև Բոլետտարիո ամսագրի պարագայում, որի պատասխանատու` Նադյա Կավալերան, տարբեր ազգերի գրական ժողովածուներ հրատարակած լինելով, ցանկացավ «բացահայել» նաև Հայաստանը: Այսպիսով, սրանք բազմամշակութայնությանն «ընտելացած» հրատարակիչներ էին: Սրանց կողքին կան նաև գիտական ​​և մասնագիտական աշխատանքներ, որոնք պտուղ են առավել ստույգ պատմական, բանասիրական, աստվածաբանական, ուսումնասիրությունների: Դրանք հիմնականում ընդգրկվում են տարբեր բնագավառների մասնագիտացված մատենաշարերի մեջ, սակայն, իհարկե, դրանց շրջանառությունը մնում է սահմանափակ:
Ս.Հ.- Ֆինանսավորման աղբյուրները, հեռանկարները, հայ համայնքի և հրատարակչատների համագործակցությունն ի նպաստ հայ գրականության տարածման:
Ա.Ֆ.- Իտալիայի հայ համայնքի հնարավորությունները սահմանափակ են, բայց կարող են լավագույնս օգտագործվել թարգմանական ստույգ նախագծի առկայությամբ: Հարկավոր է նկատի առնել, որ Իտալիայում գոյություն ունի հրատարակչական շոշափելի հարուստ իրականություն, որը ևս կարող է լավագույնս օգտագործվել Իտալիայում հայ ժամանակակից գրականության տարածման գործում: Առանձին հեղինակներից բացի կարելի է մտածել հայկական պոեզիայի մեծ ծաղկաքաղի մասին:
Ա.Շ.- Շատ ցանկալի կլինի խթանել հայ գրականությունը, թե՛ իտալական նախաձեռնություններով և թե՛ հայ-իտալական հրատարակիչների համագործակցությամբ: Իմ կարծիքով իտալական հասարակությունը պատրաստ է ընկալելու հայ գրականության զանազան լավ ստեղծագործություններ թարգմանաբար (նկատի ունեմ ժամանակակից), օրինակ, քսաներորդ դարի հայ բանաստեղծների մի ծաղկաբանություն, կամ մի վեպ, կամ պատմվածքների ընտրանի: Բայց, ինչպես ասացի, պետք է լավ, ճշգրիտ թարգմանություն լինի, հատուկ պատրաստված իտալացի հասարակությանը ըստ արժանվույն ներկայացնելու Հայաստանը և նրա մշակութային հարստությունը: Եվ, իհարկե, պետք է լինի մի «առանձնահատուկ» և համարձակ հրատարակչատուն, որը պատրաստ կլինի ներդրումներ կատարել այս ուղղությամբ, մի բան, որ դյուրին չէ, հատկապես, այս պահին:

    Միանալով գործընկերներիս առաջարկություններին, կավելացնեի, որ հարկավոր է լրջությամբ մտածել նոր թարգանիչների պատրաստման ուղղությամբ, ընտրելով հայագիտություն ուսումնասիրող ուսանողներից լավագույններին, քանի որ ակնհայտ է, որ պայման չէ, որ հայերեն և իտալերեն իմացող մեկը կարողանա նաև լավ թարգմանություն կատարել: Հարկավոր է, որ թարգմանիչն ունենա լեզվական հմտություն, թարգմանաբանական պատրաստություն, մեծ պատասխանատվություն և խորհրդակցելու, համագործակցելու համեստություն: Միևնույն ժամանակ, ցավով պետք է արձանագրեմ, որ առ այսօր հայոց լեզվի համար Իտալիայի կրթության նախարարության կողմից նախատեսված չէ «Թարգմանության տեսություն և լեզվաբանություն» առարկան, որը մինչդեռ նույն նախարարության որոշմամբ ամրագրված է մի շարք այլ լեզուների համար, ուստի դեռևս հնարավոր չէ պաշտոնապես ուսանողներ պատրաստել այդ ուղղությամբ:
    Մաղթենք, որ համատեղ ջանքերով լուծվեն այս խնդիրները և հայերենից իտալերեն թարգմանությունների ներկայացված ցանկը համալրվի նորանոր թարգմանություներով ի նպաստ հայ մշակույթի տարածման ու ի հարգանս և ի շարունակություն մեր սուրբ թարգմանիչների հինգերորդ դարից եկող առաքելության:

ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
 
Ալիշան, Ղ. (1896) Հայ-Վենետ, կամ Յարընչութիւնք Հայոց եւ Վենետաց. Վենետիկ - Սբ.Ղազար:
Բագրատունի, Ա. (1863) Ճաշակ հելլէն եւ լատին ճարտարախօսաց. Վենետիկ - Սբ. Ղազար:
Բագրատունի, Ա. (1869) Ճաշակք հին եւ նոր ողբերգութեանց. Վենետիկ - Սբ.Ղազար:
Զարբհանալեան, Գ. (1889) Մատենադարան հայկական թարգմանութեանց նախնեաց, Դ.-ԺԳ. դար. Վենետիկ-Սբ.Ղազար:
Հարությունյան, Ս. (թարգմ.) (2000) Ալերամո Հերմետ, Պաոլա Ռատտի դի Դեզիո «Հայերի Վենետիկը». Երևան - Սահակ Պարթև:
Հարությունյան, Ս. (1997) Դանտե Ալիգիերիի Աստվածային կատակերգության հայերեն թարգմանությունների պատմությունից. գրաբար շրջան, Աստղիկ, հ. 5-6 (206-218), Սահակ Պարթև, Երևան:
Հարությունյան, Ս. (1998) Դանտե Ալիգիերիի Աստվածային կատակերգության հայերեն թարգմանությունների պատմությունից. աշխարհաբար շրջան, Աստղիկ, հ. 8 (174-183), Սահակ Պարթև, Երևան:
Չոպանեան, Ա. (1924) Մխիթար եւ Մխիթարեանց գործը. Դէմքեր (31-58), Փարիզ:
Ուղուրլեան, Մ. (1891) Պատմութիւն հայոց գաղթականութեան եւ շինութեան եկեղեցւոյ նոցա ի Լիւոռնոյ քաղաքի հանդերձ. Վենետիկ - Սբ.Ղազար:
Տէր-Ներսէսեան, Ն. (1965) Հարիւրամեակ Տանթէի հայերէն թարգմանութիւններուն, Բազմավեպ 10-11 (331-352) Վենետիկ - Սբ.Ղազար:
Aucher, P. P. (1812) S. Nerses Lambronatzi, Orazione sinodale. Venezia: San Lazzaro.
Gianascian, M. (1966) La poesia armena moderna. Venezia: Edizioni Mechitar.
Gianascian, M. (1964) Canzoniere di Sayath-Nova, 1964. Venezia.
Gianascian, M. (1973) Nerses Shnorhali, Inni sacri di S.Nerses il Grazioso. Venezia: San Lazzaro.
Haroutyunian, S. (2001) Traduzioni armene della Divina Commedia di Dante Alighieri. Dante in Armenia, 25-30, Centro dantesco dei frati Minori Conventuali: Ravenna.
Haroutyunian, S. (2006) La tradizione di traduzione e Dante Alighieri nella realtà armena . Sotto il Velame (VII), 58-65, Torino.
Haroutyunian, S. (2010) Alla scoperta del volto armeno di Venezia, Ulisse, n. 313, 32-36, Roma.
Haroutyunian, S. (2011) Le traduzioni dei Mechitaristi, in L. B. Zekiyan, G. Uluhogian, V. Karapetian (ed.) Armenia. Impronte di una civiltà, Skira: Venezia.
Peratoner, A. (ed.)(2006) Dall'Ararat a San Lazzaro. Una culla di spiritualita' e cultura armena nella laguna di Venezia. Venezia: Congregazione armena Mechitarista.
Tommaseo, N. (trans.) (1841-1850) Storia di Mose’ Corenese. Venezia: San Lazzaro.
Zekiyan, B. L. (1990) Gli Armeni in Italia. Roma: De Luca.
Zekiyan, B. L. (2000) L’Armenia e gli armeni. Polis lacerata e patria spirituale: la sfida di una sopravvivenza. Milano:Guerini e Associati. 


[1] Իտալիայի հայ համայնքի մասին, ի շարս այլ վավեր աղբյուրների, տե՛ս Ալիշան, 1896; Ուղուրլեան, 1891; Հարությունյան, 2000; Peratoner, 2006; Zekiyan, 1990, 2000: 
 
  • Created on .
  • Hits: 5599

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: