Հայ թարգմանական գրականությունը Սերբիայում

      Բաբկեն Սիմոնյան
      Ուսումնասիրությունն իրականացվել է «Գրքի հարթակ» նախագծի շրջանակներում Next Page հիմնադրամի կողմից:
 
    Սերբիայի ու Հայաստանի միջև մշակութային կապերը ավելի քան 750 տարվա պատմություն ունեն: Տողերիս հեղինակն այդ կապերով զբաղվում է 1975 թվականից: Այդ կապերը ներառում են ոչ միայն գրականությունը, այլև մշակույթը, գիտությունը, քաղաքականությունը, սերբահայ գաղթօջախին վերաբերող բազմաբնույթ խնդիրները:
    Անշուշտ, մեծ է հայերի ավանդը սերբական պատմության, գրականության ու մշակույթի, ինչպես նաև հասարակական կյանքի մյուս ոլորտներում: Հայերը դեռ 6-րդ դարում հիշատակվում են Բալկաններում, ուր հայկական զորանոցներ կային: Սերբիայի պատմության մեջ հայերն առաջին անգամ հիշատակվում են 13-րդ դարում: Ավելի ուշ` Անիի կործանումից հետո հայերի առանձին զանգվածներ փոխադրվել են Եվրոպա, նախ Ղրիմ, ապա` Լեհաստան, այնտեղից էլ` Սերբիա: Հայերի առանձին խմբեր Սերբիայում կանոնավոր ձևավորվել են 16-րդ դարում: Այդ շրջանում Բելգրադում ամենահայտնի հայերը անեցիներ էին, Ապրոյան տոհմից, ովքեր մեծ համբավ ունեին և իրենց հիմնական անվանը կից ավելացրել էին «բելգրադցի» մականունը: Ապրոյան գերդաստանում նշանավոր շատ մարդիկ կային` վաճառականներ, պետական գործիչներ, արվեստագետներ, նաև` թարգմանիչներ, ովքեր մեծ նշանակություն էին տալիս գրավոր խոսքին ու գրքին: Սերբահայ գաղթօջախը, սակայն, առավել բուռն կյանքով է ապրել 18-19-րդ դարերում, քանի որ Բելգրադում հովվապետական առաքելություն իրականացրել են նախ Վենետիկի, ապա` Վիեննայի Մխիթարյան միաբանության հոգևորականները, ովքեր նաև հրաշալի հրատարակիչներ են եղել, գրի ու գրքի նվիրյալներ և մեծ չափով նպաստել են սերբական գրականության տպագրմանն ու առաջընթացին:
    Սերբական գրականության զարգացման առումով 19-րդ դարը բացառիկ արգասաբեր է եղել: Սերբ շատ գրողներ ու գիտության գործիչներ, մասնավորապես սերբական գրական նոր լեզվի հիմնադիր Վուկ Կարաջիչը, իրենց գրքերը տպագրել են Վիեննայի Մխիթարյան միաբանության տպարանում, սերտ կապեր են հաստատել նրանց հետ: 1804 թվականի սերբական առաջին ապստամբությունից հետո Վուկ Կարաջիչը ստիպված փոխադրվել է Վիեննա, քանի որ Սերբիայում լարված իրավիճակ էր և անհնար էր զբաղվել գրական-մշակութային գործունեությամբ: 1811 թվականին Մխիթարյան միաբանության հիմնադրումից հետո Վուկը մտերմանալով միաբանների հետ` սերտ համագործակցություն է հաստատում: Մխիթարյան տպարանում է առաջին անգամ տպագրվել Վուկ Կարաջիչի հանրահայտ «Սերբական բառարանը» (1818): Սերբական գրականության համար, սակայն, նշանավոր է եղել հատկապես 1847 թվականը: Այդ տարում են Մխիթարյանները տպագրել Կարաջիչի թարգմանությամբ «Նոր կտակարանը» (1847), անվանի բանաստեղծ, եպիսկոպոս ու Չեռնոգորիայի տիրակալ Պետար Պետրովիչ Նեգոշի «Լեռնային պսակ» հիանալի պոեմը (1847), Բրանկո Ռադիչևիչի բանաստեղծությունների գիրքը (1847), Կարաջիչի կազմած սերբական ժողովրդական հեքիաթների ժողովածուն (1853), ու էլի շատ գրքեր` իրենց ավանդը բերելով սերբական գրականության, սերբ և հայ ժողովուրդների մշակութային կապերի զարգացմանը:
   Երկու խոսքով էլ նշեմ, թե ինչ մեծ ներդրում են ունեցել հայերը սերբական պաշտամունքային կառույցների շինարարության բնագավառում: Կան ուսումնասիրություններ, ուր գիտականորեն ապացուցվում է միջնադարում սերբական հուշարձանների վրա հայկական ճարտարապետության ազդեցության առկայությունը: Այսօր էլ հրաշքով փրկված նշխարներ են պահպանվել, որոնք վկայում են Սերբիայում հայ գաղթօջախի գոյության և սերբահայերի ստեղծած մշակութային արժեքների անհերքելի փաստը: Բելգրադում և Սերբիայի այլ վայրերում ժամանակին եղել են հայկական եկեղեցիներ, որոնք ավելի ուշ ավերվել են 18-րդ դարում թուրք բարբարոսների կողմից, մասնավորապես 1739 թվականին: Այդ եկեղեցիները նաև գրչության կենտրոններ են եղել, ուր գրվել են հայկական ձեռագրեր, ասել է թե հայ գրչությունը և գրահրատարակչությունը ավանդաբար շարունակվել է եկեղեցիներում: Բելգրադում 1688-ին գրված «Տաղարանը» այսօր գտնվում է Նյուրնբերգի ազգային գրադարանում: Այդ «Տաղարանը» և արժեքավոր շատ ձեռագրեր Բելգրադից իրենց հետ փոխադրել են ավստրիացի զորավար Մաքսիմիլիան Բավարսկու զինվորները 1688-ին: Նման ձեռագրեր ու մատյաններ շատ են գրվել, որոնք բարբարոս ու այլակրոն հորդաները իսպառ ոչնչացրել են: Մխիթարյան միաբանության դիվաններում, ուր առիթ եմ ունեցել աշխատելու և ուսումնասիրություններ կատարելու, այսօր էլ պահպանվում են արժեքավոր բազում վավերագրեր, նամակներ, հուշագրություններ, որոնք սերբահայ մշակույթի վկայության անհերքելի ապացույցներ են:
  Սերբիայի հայ գաղթօջախին վերաբերող նյութի հավաքման նպատակով բազմիցս ուսումնասիրություններ եմ կատարել նաև Բելգրադի, Նովի Սադի արխիվներում, հայտնաբերել հայ հոգևոր մշակույթի պահպանված հազվագյուտ նշխարներ` ձեռագրեր, գրքեր, արձանագրություններ, որոնք երկու ժողովուրդների համատեղ կյանքի ամենապերճախոս վկայագրերն են:
     Սերբահայ գաղթօջախը պատմության ընթացքում միշտ էլ սակավաթիվ է եղել: Սերբիայում ապրող ու ստեղծագործող հայ գրողներ չեն եղել, ովքեր կարող էին նպաստել սերբ և հայ ժողովուրդների թարգմանական գրականության զարգացմանը: Սերբահայ գաղթօջախի կյանքը հիմնականում արտացոլվել է Սերբիայում հովվապետական առաքելություն իրականացրած Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան միաբանության հոգևորականների նամակներում և հուշագրություններում, որոնք արժեքավոր նյութ են հրատարակչական ու թարգմանական գործունեության համար: Ու թեև Հայաստանում ու Սերբիայում չեն եղել առանց միջնորդավորված լեզվի թարգմանիչներ, սակայն, ռուսերենից կատարած թարգմանությունները հիմք են եղել հայ և սերբ գրողների գործերը թարգմանելու և ընթերցողին ներկայացնելու համար: Դա մասնավորապես արվել է խորհրդային շրջանում` ռուսերենից, մի բան որ, իրոք, չէր կարող լիարժեք լինել, քանի որ հայտնի ճշմարտություն է` միջնորդավորված թարգմանության ժամանակ հաճախ կորչում է բնագրի համն ու հոտը: Ամեն դեպքում, գնահատանքի է արժանի այն թարգմանիչների գործը, ովքեր խորհրդային տարիներին հայ ընթերցողին են ներկայացրել սերբական գրականության առանձին գործեր, իսկ սերբ թարգմանիչները հայ գրողների գործերը սերբ ընթերցողին:
    Տողերիս հեղինակը սերբական գրականության թարգմանությամբ զբաղվում է 1980 թվականից: Խոսքը, բնականաբար, բնագրային թարգմանությունների մասին է: Շատ ստեղծագործություններ եմ թարգմանել սերբերենից` և´ չափածո, և´ արձակ: Թարգմանելիս միշտ նախապատվությունը տվել եմ գրական երկի որակին` հաշվի առնելով, թե ստեղծագործությունը որքանով է հարազատ իմ հոգեկերտվածքին, որքանով այն կհետաքրքրի հայ ընթերցողին: Միշտ ջանացել եմ թարգմանել այնպիսի գործեր, որոնք ազգային երանգ ունեն և ներկայացնում են Սերբիայի իսկական դեմքը: Թարգմանել եմ 20-րդ դարի անվանի արձակագիրների ու բանաստեղծների գործեր, այսօր, սակայն, ինձ ավելի շատ հետաքրքրում է միջնադարյան և 19-րդ դարի սերբական գրականությունը, որը սիրով եմ թարգմանում: Մեծ ոգևորությամբ եմ թարգմանել սերբ առաջին բանաստեղծուհի և միանձնուհի Եֆիմիայի` 1402 թվականին գրած «Գովք իշխան Լազարին» հրաշալի ստեղծագործությունը, որ նվիրված է 1389-ի Կոսովոյի ճակատամարտում նահատակված իշխանին, այնուհետև` իշխանի որդու` Ստեֆանի Լազարևիչի «Արձանագրություն Կոսովյան հուշասյան վրա» հրաշալի բանաստեղծությունը, որ նույնպես գրվել է 1402-ին` ի պատիվ նահատակված հորը:
   2010 թվականին թարգմանել եմ 19-րդ դարի բանաստեղծ, Չեռնոգորիայի տիրակալ Պետար Պետրովիչ Նեգոշի «Դարից թանկ գիշերը» քնարական շքեղ ստեղծագործությունը, ինչպես նաև առանձին հատվածներ նրա «Լեռնային պսակ» հիասքանչ պոեմից: Ինչպես սեփական ստեղծագործությունները գրելիս, այնպես էլ թարգմանելիս նույն վայելքն եմ ապրում, որովհետև համոզված եմ, որ իրեն հարգող գրողը, որ նաև թարգմանական աշխատանքով է զբաղվում, սեփական ստեղծագործություններից զատ պիտի սիրի ու հարգանքով վերաբերվի այն գրողին, որի գործը թարգմանում է: Միայն այդ դեպքում կարելի է ապահովել գեղարվեստական բարձրորակ թարգմանություն:
    Գրական ու մշակութային գործունեությանս առանցքում մշակութաբանական մոտեցումն է, քանի որ միայն այդ կերպ կարելի է թողնել արժեքավոր ու մնայուն գործեր: Մշակութաբանական գործունեությունս` պատմության, գրականության, թարգմանության, սերբահայ կյանքի հետազոտման, հին արձանագրությունների վերծանման, հոգևոր արժեքների ուսումնասիրման ամբողջական մի համակարգ է: Ամեն անգամ մի նոր ստեղծագործություն թարգմանելիս, լեզվական գիտելիքներից զատ ինձ օգնության են գալիս նաև Սերբիայի պատմությանը, մշակույթին, ավանդույթներին, ազգային առանձնահատկություններին վերաբերող գիտելիքներս, որոնք օգնում են որակյալ թարգմանություններ ապահովելուն:
    Սերբայում և Հայաստանում իմ հեղինակած գրքերից զատ, թարգմանաբար, առանձին գրքերով, հրատարակել եմ սերբ և հայ գրողների ստեղծագործություններ: Ահա դրանցից մի քանիսը` Թումանյանի «Հեքիաթները», «Հայոց մեծ եղեռնը», «Հայոց արև» (հայ մանկագիրների գործեր), սերբ բանաստեղծներ Դեսանկա Մաքսիմովիչի «Աշխարհը նույնն է ամենուր», Ջոկո Ստոյիչիչի «Աղբյուրն անապատում» գրքերը, «Արարատի երկիր»` սերբական պոեզիայի երկլեզու անթոլոգիա նվիրված Հայաստանին, «Կոսովյան արև»` 20-րդ դարի սերբական պոեզիա, «Սերբական ժողովրդական հեքիաթներ»: Առաջաբան եմ գրել «Քարի փայլը» (հայ պոեզիա` սերբերեն), Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի սերբական հրատարակության համար: Բոլոր գրքերն էլ լավ արձագանք են ունեցել Հայաստանում ու Սերբիայում:
    Երկու խոսք նաև օտարազգի և սփյուռքահայ այն հեղինակների գրքերի մասին, որոնք սերբերեն են թարգմանվել օտար լեզուներից: 1937 թվականին` գերմաներենից Ստեվան Միլովիչի թարգմանությամբ առաջին անգամ սերբերեն լույս  է տեսել Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» (երկու գրքով) վեպը, որը Հայաստանում քրիստոնեության 1700-ամյակի առթիվ կրկին վերահրատարակվեց` այս անգամ արդեն մեկ գրքով` տողերիս հեղինակի մասնագիտական խմբագրմամբ ու վերջաբանով: Անգլերենից սերբերեն են թարգմանվել Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» (Моје је срце у горама), «Իմ անունն Արամ է» (Зовем се Арам), «Հայրիկ, դու խենթ ես» (Тата, ти си луд), Պիտեր Բալաքյանի «Այրվող Տիգրիսը» (Река Тигар у пламену): Այս գործընթացը շարունակական է և ծրագրվում է առաջիկայում նոր գրքեր հրատարակել:
   Մի քանի խոսք սերբ հրատարակիչների հետ համագործակցության, Սերբիայում գրահրատարակչական քաղաքականության մասին: Հայ գրողների և Հայաստանին վերաբերող գրականության հանդեպ սերբ հրատարակիչների վերավերմունքը միշտ էլ բարյացակամ է եղել: Այդ են հավաստում վերոհիշյալ գրքերի հրատարակությունները: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սերբ հրատարակիչները ժանրային առումով նախապատվությունը տալիս են հիմնականում պատմական, գեղարվեստական ու մանկապատանեկան գրականությանը (արձակ, պոեզիա, հրապարակախոսություն): Հայ հեղինակների գրքերից մի քանիսը հրատարակվել է պետական աջակցությամբ, որոշ մասը` բարերարների միջոցով` ելնելով երկրում ֆինանսատնտեսական ճգնաժամից, քանի որ աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով Սերբիան անցյալ դարի 90-ական թվականներին հայտնվել էր ֆինանսատնտեսական բարդ իրավիճակում: Այնուամենայնիվ, որոշ բարեգործների աջակցության շնորհիվ հնարավոր է եղել տպագրել մի շարք գրքեր, որոնք ներկայացվել են ընթերցողական լայն շրջաններին ու մեծ արձագանք են ունեցել Սերբիայում: Ահա դրանցից մի քանիսը` «Հայրենիքի բույրը», «Բալկանյան կրակների միջով», «Հայոց արև», «Արարատից մինչև Կոսովո», «Հայոց մեծ եղեռնը» և այլն: Բոլորն էլ բարերարների աջակցության շնորհիվ: Անշուշտ, Սերբիայում պետական հովանավորությամբ հրատարակվում են գրքեր, այդ միջոցները հիմնականում ստանում են պետական հրատարակչությունները (Նօլիտ, Պրոսվետա, Սրպսկա կնիժևնա զադրուգա և այլն) մինչդեռ մասնավոր հրատարակիչները, որոնց թիվն ավելին է, ստիպված են սեփական միջոցներով, կամ բարեգործների օգնությամբ կարգավորել իրենց գրահրատարակչական գործունեությունը:
    Մի հետաքրքիր դիտարկում ևս. ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Անդրկովկասի տարածաշրջանում (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) Սերբիայում թարգմանաբար առավել ներկայանալի է հայ գրականությունը: Կարելի է ասել, որ հայ հեղինակները ուկրաինացի գրողներին հավասար ներկայացված են սերբ ընթերցողին: Բնականաբար, այդ ամենին մեծ չափով նպաստել են նաև բնագրային թարգմանություններ իրականացնող տողերիս հեղինակի գործնական քայլերը, որոնց շնորհիվ հայ գրականությունը հասու է դարձել սերբ ընթերցողին:
   Հրատարակած գրքերից զատ հայ արձակագիրների ու բանաստեղծների շատ ստեղծագործություններ տպագրվել են նաև սերբական գրական մամուլում ու անթոլոգիաներում: Այդ ստեղծագործությունները լայն արձագանք են ունեցել սերբ ընթերցողական շրջաններում, դրանց բազմիցս անդրադարձել են սերբական զանգվածային լրատվամիջոցները, սերբ գրաքննադատները: Հիշատակենք ու հարգանքի տուրք մատուցենք այն հայ գրողներին ու մտածողներին (վաղ քրիստոնեությունից մինչև մեր օրերը), որոնց ստեղծագործությունները թարգմանաբար ներկայացվել են սերբ ընթերցողին` Մեսրոպ Մաշտոց, Գրիգոր Նարեկացի, Նահապետ Քուչակ, Ներսես Շնորհալի, Սայաթ Նովա, Մխիթար Գոշ, Վարդան Այգեկցի, Ղևոնդ Ալիշան, Խաչատուր Աբովյան, Միքայել Նալբանդյան, Միսաք Մեծարենց, Դանիել Վարուժան, Պետրոս Դուրյան, Մկրտիչ Պեշիկթաշլյան, Գրիգոր Զոհրապ, Նար-Դոս, Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, Վահան Տերյան, Եղիշե Չարենց, Աքսել Բակունց, Ստեփան Զորյան, Նաիրի Զարյան, Գուրգեն Մահարի, Մարո Մարգարյան, Հովհաննես Շիրազ, Սիլվա Կապուտիկյան, Վահագն Դավթյան, Պարույր Սևակ, Հրանտ Մաթևոսյան, Վարդգես Պետրոսյան և անվանի շատ այլ հեղինակներ:
    Այս ուսումնասիրությանը կից համառոտ նկարագրում եմ Սերբիայում հրատարակված հայ հեղինակների ու Հայաստանին վերաբերող թարգմանական գրքերը, որոնք գրական հրաշալի կամուրջ են մեր երկու բարեկամ ժողովուրդների միջև: 
 
ՍԵՐԲԻԱՅՈՒՄ ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ՀԱՅ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ
ԳՐՔԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
 
targm -1Աշոտ Հովակիմյան, «Սերբերը և հայերը», 1993 
Գրքում խոսվում է սերբերի ու հայերի գրական կապերի մասին: Գիրքը հրատարակել է Սերբիայի ռադիոն և հեռուստատեսությունը:
 




targm-2Բաբկեն Սիմոնյան, «Բալկանյան կրակների միջով», 1994
Բաբկեն Սիմոնյանի «Բալկանյան կրակների միջով»  (Кроз балканску ватру) գիրքը, որ 1994-ին լույս է ընծայել «Դեչյե նովինե» սերբական հրատարակչությունը, 1991-1994 թվականներին Բալկաններում տեղի ունեցող քաղաքական նոր իրավիճակի և դրա հետևանքով ծագած ազգամիջյան ընդհարումների ու պատերազմի մասին է: Գրքի տպագրման համար հիմք են ծառայել սերբական մամուլում հեղինակի տպագրած բազմաթիվ  ուղեգրությունները, ակնարկները, էսսեները և գրառումները: Գիրքը երեք շնորհանդես է ունեցել Սերբիայում, նրա մասին դրվատանքով են արտահայտվել սերբական զանգվածային լրատվամիջոցները:

targm-3Բաբկեն Սիմոնյան, «Հայրենիքի բույրը», 1994
Բաբկեն Սիմոնյանի «Հայրենիքի բույրը» (Мирис домовине) բանաստեղծական ժողովածուն հեղինակի` տարբեր տարիներին տպագրված բանաստեղծությունների ամփոփ գիրքն է, որ լույս է ընծայել «Ռեսավսկա շկոլա» հրատարակչությունը: Բանաստեղծությունները թարգմանել են սերբ անվանի բանաստեղծներ ու թարգմանիչներ: Գիրքը մի քանի շնորհանդես է ունեցել Սերբիայում, նրա մասին սիրով է արտահայտվել սերբական գրական մամուլը:
 
targm-4Բաբկեն Սիմոնյան, «Բալկանյան կրակների միջով», 1995
Բաբկեն Սիմոնյանի «Բալկանյան կրակների միջով» (Кроз балканску ватру) գրքի երկրորդ հրատարակությունն իրականացվել է 1995-ին բելգրադյան «Մաշտել կոմերց» հրատարակչության կողմից: Այն, ըստ էության առաջին հրատարակության լրացված, նոր ուղեգրություններով հարստացված տարբերակն է: Գրքի շապիկին իրենց ջերմ տպավորություններն գրել անվանի սերբ ակադեմիկոս Պավլե Իվիչը և Սերբիայի մշակույթի նախարար, բանաստեղծ Ջոկո Ստոյիչիչը:

targm-5Հովհաննես Թումանյան, «Հեքիաթներ», 1995
«Հեքիաթներ» (Бајке) գիրքը տողերիս հեղինակի նահաձեռնությամբ է լույս տեսել: Գիրքը սերբերեն թարգմանելու համար հիմք են ծառայել Թումանյանի հեքիաթների ռուսերեն հրաշալի թարգմանությունները, որոնք ոչ մի բանով չեն նսեմացրել սերբերեն թարգմանությունների որակն ու արժեքը: Գիրքը լայն արձագանք է ունեցել սերբ ընթերցողների, մասնավորապես մանկագիրների կողմից: 


targm-6Բաբկեն Սիմոնյան, «Հայոց մեծ եղեռնը», 1995
«Հայոց մեծ եղեռնը»  (Геноцид над Јерменима) գիրքը, որ կազմել է Բաբկեն Սիմոնյանը,  թարգմանաբար լույս է տեսել եղեռնի 80-րդ տարելիցի առթիվ: Կազմողը նպատակ է ունեցել գրքի միջոցով սերբ հասարակայնությանը ծանոթացնել հայոց մեր ողբերգությանը: Թարգմանության համար օգտագործվել են տարբեր աղբյուրներից վերցված նյութեր, հայոց մեծ եղեռնի մասին հայ և օտարների հեղինակների հրապարակումներից:

targm-7Բաբկեն Սիմոնյան, «Հայոց արև», 1996
Հայ մանկագիրների «Հայոց արև»  (Јерменско сунце) ժողովածուն, որ կազմել է Բաբկեն Սիմոնյանը, լույս է ընծայել Սմեդերևոյի մերձակա Կոլարի բնակավայրի դպրոցը, ուր ամեն տարի ավանդաբար անց է կացվում մանկապատանեկան լավագույն ստեղծագործությունների ստուգատես: Թարգմանությունները կատարել է ստուգատեսի գեղարվեստական մասի տնօրեն, բանաստեղծ Յովիցա Տիշման (Դուշան Ջուրիշիչի հետ միասին):
 
targm-8Սիլվա Կապուտիկյան, «Ընծաներ», 1996
Անվանի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի «Ընծաներ»  (Посвете) բանաստեղծությունների ժողովածուի թարգմանության համար հիմք են հանդիսացել Սերբիայի գրադարաններում պահպանված` Սիլվա Կապուտիկյանի ռուսերեն և հայերեն գրքերը: Թեև մինչ այդ անվանի բանաստեղծուհին հայտնի էր Սերբիայում, բայց առանձին ժողովածուով առաջին անգամ էր ներկայանում սերբ ընթերցողին: Դրվատանքով պիտի նշել, որ բանաստեղծուհու  ժողովածուն տպագրվել է թարգմանական հրաշալի ավանդույթներ ունեցող Կրագուևաց քաղաքում և այդ առումով էլ հեղինակն ըստ արժանվույն է ներկայացվել ընթերցողին:

targm-9Օլիվերա Շիյաչկի, «Քարի փայլը», 1997
«Քարի փայլը» (Сјај камена) հայ պոեզիայի անթոլոգիան կազմել ու թարգմանել է սերբ բանաստեղծուհի Օլիվերա Շիյաչկին: Գրքի համար առաջաբան է գրել հայ բանաստեղծ ու թարգմանիչ Բաբկեն Սիմոնյանը: Գրքում տեղ են գտել 20-րդ դարի հայ բանաստեղծների ստեղծագործություններ: Գիրքը ձեռագիր  վիճակում երկար ժամանակ պահվում էր հրատարակչի մոտ` այն լրացնելու և թարմացնելու նպատակով: Լույս տեսնելուց հետո լավ ընդունելություն է ունեցել սերբ ընթերցողների կողմից:
 
targm-10Հովհաննես Թումանյան, «Ալվան ծաղիկը», 1998
Հովհաննես Թումանյանի «Ալվան ծաղիկը» (Рајски цвет) գիրքը սերբերեն թարգմանելու համար հիմք են ծառայել Թումանյանի` տարբեր տարիներին լույս  տեսած  հեքիաթների ռուսերեն  բարձրորակ  թարգմանությունները, որոնք ոչ մի  բանով չեն նսեմացրել սերբերեն թարգմանությունների արժեքը: Գիրքը լայն արձագանք է ունեցել սերբ ընթերցողների, մասնավորապես մանկագիրների կողմից:
 
targm-11Բաբկեն Սիմոնյան, «Ուխտագնացություն», 1998
Բաբկեն Սիմոնյանի «Ուխտագնացություն» (Ходочашће) բանաստեղծական ժողովածուն հեղինակի` տարբեր տարիներին  ամսագրերում ու թերթերում տպագրված բանաստեղծությունների ամփոփ գիրքն է, որ լույս է ընծայել «Բրանկովո կոլո» հրատարակչությունը: Բանաստեղծությունները թարգմանել են սերբ անվանի բանաստեղծներ ու թարգմանիչներ: Գիրքը մի քանի շնորհանդես է ունեցել Սերբիայում, նրա մասին սիրով է արտահայտվել սերբական գրական մամուլը:
 
targm-12Բաբկեն Սիմոնյան, «Արարատից մինչև Կոսովո», 2000
Բաբկեն Սիմոնյանի «Արարատից մինչև Կոսովո» (Од Арарата до Косова) գիրքը, ըստ էության, հեղինակի գրական սերբապատումն է: Գրքում տեղ գտած բանաստեղծություններով, էսսեներով, ուղեգրություններով, որոնք գրվել են անցյալ դարի 90-ական թվականներին, հեղինակն իր ջերմ վերաբերմունքն է արտահայտել Հայաստանին բախտակից Սերբիայի նկատմամբ: Այդ բանաստեղծություններն ու էսսեները տպագրվել են սերբական ամսագրերում:
 
targm-13Բաբկեն Սիմոնյան, «Արտամետ», 2010
Բաբկեն Սիմոնյանի «Արտամետ» (Артамет) բանաստեղծական երկլեզու ժողովածուն (հայերեն և սերբերեն) հեղինակի` տարբեր տարիներին ամսագրերում ու թերթերում տպագրված, ինչպես նաև մյուս գրքերից ծաղկաքաղ արված բանաստեղծությունների ամփոփ գիրքն է, որ լույս է ընծայել  Վոյեվոդինայի մշակույթի վարչությանը հրատարակչությունը:  Գիրքը լույս է տեսել Սերբիայում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակներում 2010 թվականին: Բանաստեղծությունները թարգմանել են սերբ անվանի բանաստեղծներ ու թարգմանիչներ: Գիրքը մի քանի շնորհանդես է ունեցել Սերբիայում, նրա մասին սիրով ու ջերմությամբ են արտահայտվել  սերբ անվանի գրողները,  սերբական գրական մամուլը:
 
Սերբիայում լույս տեսած հայ թարգմանական գրականությանը վերաբերող հրապարակումներ ԶԼՄ-ներում
ՀԱՅԵՐԵՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
01. Սիմոնյան Բ. Հերոսապատումի նոր կյանքը: [Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի սերբերեն նոր հրատարակության մասին] //Գրական թերթ.- Երևան, 2001.- 12 հոկտեմբերի: 
02. Սիմոնյան Բ. Ապակողմնորոշման միտումով: [Հայկական հարցին առնչվող` Անկարայում լույս տեսած սերբալեզու մի հրատարակության մասին] //Գրական թերթ.- Երևան, 1992.- 24 ապրիլի: 
03. Սիմոնյան Բ. «Մուսա լեռան» անմեռ ոգին: [«Մուսա լեռան քառասուն օրը» վեպի սերբական նոր հրատարակության և նրա հեղինակի մասին] //Երկիր.- Երևան, 2007.- 19 հոկտեմբերի: 
04. «Հայոց արևը»` սերբերեն: [Հայ մանկագիրների ստեղծագործություններ սերբերեն] //Գրական թերթ.- Երևան, 1996.- 8 հոկտեմբերի: 
05. «Ուխտագնացությունը»` սերբերեն: [Բաբկեն Սիմոնյանի բանաստեղծական ժողովածուի սերբերեն հրատարակության մասին] //Ազգ.- Երևան, 1998.- 11 օգոստոսի: 
06. Սրապյան Հ. Ուխտագնացություն` Արարատից մինչև Կոսովո: [Բաբկեն Սիմոնյանի «Արարատից  մինչև Կոսովո» գրքի սերբական հրատարակության մասին] //Գրական թերթ.- Երևան, 2001.- 7 սեպտեմբերի: 
07. Մելիքսեթ Գ. Սերբերի Արարատը: [«Արարատի երկիր» սերբական պոեզիայի երկլեզու անթոլոգիայի մասին] //Հայաստանի Հանրապետություն.- Երևան, 2002.- 11 հունիսի: 
08. Նահատակեան Ռ. Թարգմանչի կանթեղը: [Սերբական գրականությունը հայերեն թարգմանող Բաբկեն Սիմոնյանին «Կանթեղ» մրցանակ շնորհելու մասին] //Ալիք.- Թեհրան, 2011.- 16 հունվարի: 
 
ՍԵՐԲԵՐԵՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
 
01. В.С. Јерменин тумачи Србију. [О књизи Бабкена Симоњана «Кроз балканску ватру»] //Политика.- Београд, 1995.- 13. јул. 
02. Ћосовић С. Укрштена тема. [О књизи Бабкена Симоњана «Кроз балканску ватру»] //Борба.- Београд, 1995.- 31. август. 
03. Ивић П. Географија као судбина. [О књизи Бабкена Симоњана «Кроз балканску ватру»] //Политика.- Београд, 1996.- 10. фебруар. 
04. Божин Д. Србији на дар. [О представљању књиге Бабкена Симоњана «Мирис домовине»у библиотеци «Јован Поповић» у Кикинди] //Комуна.- Кикинда, 1996.- 30. мај. 
05. Чудо у Коларима. [О књизи «Јерменско сунце»] //Свици.- Смедерево, 1996.- бр. 23.- 6. јун.- с. 3. 
06. Милосављевић М. Јерменско сунце. [Антологија песама јерменских писаца за децу у избору и са предговором Бабкена Симоњана] //Борба.- Београд, 1996.- 27. јун. 
07. Стојнић М. Мирис двеју домовина. [О књизи Бабкена Симоњана «Мирис домовине»]  //Култура-011.- Младеновац, 1996.- бр. 4.- с. 33. 
08. Огњановић Д. Јерменске теме и емоције. [О књизи Бабкена Симоњана «Мирис домовине»//Збиља.- Београд, 1996.- 31. октобар. 
09. Ђуричковић М. Арарат као симбол. [О књизи «Јерменско сунце»] //Политика.- Београд, 1997.- 22. март. 
10. Божин Д. Ходочашће лепоти стиха. [О књизи Бабкена Симоњана «Ходочашће»] //Комуна.- Кикинда, 1998.- 17. септембар. 
11. Ходочашће Бабкена Симоњана. [О књизи Бабкена Симоњана «Ходочашће»] //Јединство.- Приштина, 1998.- 24. септембар. 
12. Поточан Б. Ходочашће Бабкена Симоњана. [О књизи Бабкена Симоњана «Ходочашће»] //Задужбина.- Београд, 1998.- бр. 43.- с. 15. 
13. Богнар З. Патње и лутања. [О књизи Бабкена Симоњана «Ходочашће»] //Борба.- Београд, 1998.- 8. октобар. 
14. Адски Д. Стихови из дна душе. [О књизи Бабкена Симоњана «Ходочашће»] //Јединство.- Приштина, 1998.- 8. децембар. 
15. Ћорилић Љ. Патриотска лирска скала Бабкена Симоњана. [О књизи Бабкена Симоњана «Ходочашће»] //Луча.- Суботица, 1998.- св.11-12.- с. 145-147. 
16. Стојнић М. Оптимистичка елегија и пркосна туга. [О књизи Бабкена Симоњана «Ходочашће»] //Култура-011.- Младеновац, 1998/1999.- бр. 8/9.- с. 27-28. 
17. Адски Д. Искрен и отворен. [О књизи Бабкена Симоњана «Ходочашће»] //Дневник.- Нови Сад, 1999.- 5. јануар. 
18. Богнар З. Патње и лутања. [О књизи Бабкена Симоњана «Ходочашће»] //Дневник.- Нови Над, 1999.- 20. јануар. 
19. Брајковић Д. Јерменија и Србија. [О књизи Бабкена Симоњана «Ходочашће»] //Погледи.- Крагујевац, 1999.- 1. јануар-1. фебруар. 
20. Кецман Д. Тихи спомен непреболу. [О књизи Бабкена Симоњана «Ходочашће»] //Домети.- Сомбор, 1999.- бр. 96-97.- с. 118-120. 
21. Војводић М. Јерменски и српски. [О књизи Бабкена Симоњана «Од Арарата до Косова»] //Дан.- Подгорица, 2000.- 7. новембар. 
22. Цвијетић М. Косовско сунце. [О антологији српске поезије «Косовско сунце» на јерменском] //Борба.- Београд, 2003.- 17. јул. 
23. Томић Н. Мост од стихова. [О антологији српске поезије «Косовско сунце» на јерменском] //Вечерње новости.- Београд, 2003.- 21. јул. 
24 Лакићевић Д. Под светлом Косовског сунца. [О антологији српске поезије 20 века «Косовско сунце» састављеној Бабкеном Симоњаном] //Домети.- Сомбор, 2003.- бр. 114-115.- с. 124-126. 
25. А.К. Јерменско-српски песнички мост. [О представљању књиге поезије «Артамет»  Бабкена Симоњана] //Политика.- Београд, 2011.- 20. мај. 
26. Јелић Д. Прегршт Јерменије и Србије. [Приказ о књизи поезије Бабкена Симоњана «Артамет»] //Домети.- Сомбор, 2011.- бр. 144-147.- с. 174-177. 
27. Деспотовић М. Камен врх мука. [Приказ о књизи поезије Бабкена Симоњана «Артамет»] //Ријеч.- Брчко, 2012.- бр. 1-2.- с. 131-133. 
 
 
ՌՈՒՍԵՐԵՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
 
01. Карапетян И. Армянский номер газеты «Книжевна реч». [Об армянском номере газеты «Книжевна реч», подготовленном Бабкеном Симоняном] //Голос Армении.- Ереван, 1991.- 16 ноября. 
02. Сквозь пожары балканские и карабахские. [О книге Бабкена Симоняна «Сквозь балканские пожары»] //Республика Армения.- Ереван, 1994.- 25 августа. 
03. Тер-Григорян Р. Сербы разделяют нашу боль. [О книге «Геноцид армян» вышедшей на сербском под редакцией Бабкена Симоняна.] //Голос Армении.- Ереван, 1995.- 31 октября. 
04. «Армянское солнце» на сербском. [Произведения армянских поэтов для детей] //Республика Армения.- Ереван, 1996.- 3 сентября. 
05. Карапетян И. Сербия – далекая и близкая. [О книге Бабкена Симоняна «От Арарата до Косово»] //Урарту.- Ереван, 2000.- 28 июля - 3 августа. 
06. Халатян Н. От Арарата до Косово. [О книге Бабкена Симоняна «От Арарата до Косово»] //Голос Армении.- Ереван, 2000.- 22 августа.
 
 
  • Created on .
  • Hits: 6383

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: