Հայ գրականությունը Բուլղարիայում

      Ուսումնասիրությունը` Հակոբ Օրմանդիջյանի
     Անգլերենից թարգմանությունը` Գոհար Մելիքսեթյանի
 
    Ուսումնասիրությունն իրականացվել է «Գրքի հարթակ» նախագծի շրջանակներում Next Page հիմնադրամի կողմից:
 


    Բուլղարա-հայկական մշակութային ավանդական հարաբերություններն ընդգրկում են նաև Բուլղարիայում թարգմանված հայ գրականությունը։  Այն սկսվել ու շարունակվում է 1878 թվականի ռուս-թուրքական պատերազմից առ այսօր։ XIX դարի 80–ականներին Սանկտ Պետերբուրգի մի քանի հայ ուսանողներ բուլղարերենից հայերեն թարգմանեցին Լյուբեն Կարավելովի և Զաքարի Ստոյանովի հեղափոխական թեմայով որոշ գործեր, որպեսզի բարձրացնեն Օսմանյան լծի տակ հեծող հայ ժողովրդի մարտական ոգին։
    Բուլղարիայում միաժամանակ թարգմանվեցին հայ գրողների՝ Ռաֆայել Պատկանյանի, Րաֆֆու, Խաչատուր Աբովյանի ամբողջական կամ ընտիր  ստեղծագործությունները հեղափոխական և այլ թեմաներով։ Պեյո Յավորովի «Հայեր» բանաստեղծության լույս տեսնելուց հետո մտավորականները սկսեցին մեծ հետաքրքրություն ցուցաբերել այս հին, անհայտ և նոր գրականության հանդեպ։ 1910 թվականին Իվան Ստ. Անդրեյչինը տպագրում է «Բոլոր ժանրերի ծաղկաքաղ» անթոլոգիան, որը համաշխարհային դասականների հետ մեկտեղ ընդգրկում էր նաև հայ բանաստեղծների՝ Սայաթ-Նովայի, Նահապետ Քուչակի, Հովհաննես Պլուզի ստեղծագործությունները։ 1942 թվականին Կոնստանտին Դինոլովը տպագրում է «Հայկական պոեզիա» անթոլոգիան։
    20-րդ դարի, հատկապես 30-60-ական թվականները նպաստավոր էին Բուլղարիայում հայ թարգմանչական գրականության զարգացման ու տարածման համար։  ՍՍՀՄ ժողովուրդների գրականության` վերից պարտադրված փոխադարձ թարգմանության գործընթացը  պարտավորեցնում էր հրատարակչություններին հրատարակչական պլաններում ընդգրկելու նաև հայ գրականությունը։ Պարզվում է, որ այդ գրականությունը բուլղարացի ընթերցողի ճաշակին, ինտելեկտին ու հոգեկան աշխարհին հոգեհարազատ  է, որի ապացույցն էլ մեծ տպաքանակն է։ 45 տարվա ընթացքում Բուլղարիայում տպագրվել է հայ թարգմանչական գրականության  48 գրքանուն։ Գ. Հայրապետյանը տողացի թարգմանում է Գ. Սևունցի, Ն. Զարյանի, Ավ. Իսահակյանի, Գ. Էմինի, Պ. Սևակի և այլոց բնագիր ստեղծագործությունները (պոեզիայի համար), իսկ ստեղծագործական թարգմանություններն արվում են բանաստեղծներ Բլ. Դիմիտրովայի, Դ. Բոլյարովի, Ան. Գերմանովի և այլոց կողմից։
    Այս ընթացքում թարգմանվում և  Վառնայի «Նառոդնա Կուլտուրա» ու «Գ. Բակալով», իսկ Պլովդիվի «Հր. Գ. Դանով» հրատարակչություններում տպագրվում են հայ գրողներ՝ Վ. Թոթովենցի, Րաֆֆու, Հր. Մաթևսյանի, Վ. Պետրոսյանի, Ալ. Շիրվանզադեի, Ս. Խանզադյանի և այլոց 25 արձակ գործերը։ Այս ստեղծագործություններն ամբողջովին թարգմանել է թարգմանիչ Հակոբ Օրմանջյանը, ով նաև «Գիտություն և արվեստ» հրատարակչատանը համապատասխան գիտական սարքերի միջոցով թարգմանաբար տպագրել է «Հայ ուղեգիրները Բալկանների մասին, XVI-XVII դդ.» գիրքը։
    Բուլղարացի ընթերցողը հետաքրքրությամբ էր ընդունում այս թարգմանությունները՝ ծանոթանալով հայ ժողովրդի կյանքին և հոգեբանությանը, ապրելակերպին ու մշակույթին։ Հետևաբար, գրքերի տպաքանակը տատանվում էր 10-25 հազարի սահմաններում։ Բուլղարական պարբերականներում տպագրվում էին թարգմանիչների և գրքերի բովանդակության վերաբերյալ գովասանական արձագանքներ։
    Սակայն գրահրատարակչական գործունեության «պիկն» ավարտվեց 1990 թվականին պետական հրատարակչությունների  փակվելուց հետո։ Մասնավոր հրատարակչությունները, հետամուտ լինելով իրենց առևտրային և ֆինանսական հետաքրքրությանը,   կենտրոնացած էին թեթև ժանրային և բուլվարային թարգմանչական գրականության, քրեական և արգելված գրականության տպագրությամբ։ Ստվերում էր մնում այնպիսի ժողովուրդների գրականությունը, ինչպիսիք էին հայերը, վրացիները, բելոռուսները և այլք։ Գնալով ավելի էր դժվարանում հայ գրականության տպագրության գործը, քանի որ յուրաքանչյուր գիրք թարգմանելու համար անհրաժեշտ էր հովանավորներ փնտրել։ 20 տարի է, ինչ Բուլղարիայում թարգմանությունների նկատմամբ ազգային հրատարակչական քաղաքականություն չի մշակվում։ Առանց որևէ պատճառի մասնավոր հրատարակչությունները մերժում են տպագրման առաջարկված հայերեն ձեռագրերը, պատճառաբանելով, թե այդ գրքերը հազիվ են վաճառվում և շահութաբեր չեն։ Դա ճշմարիտ չէ, քանի որ չկան հայերեն չվաճառված գրքեր։ Գրքերի տարածումն ու իրացումը գիրքը գնահատելու  գործից անտեղյակ, երբեմն էլ թերուս մարդկանց ձեռքում է։  Գործերն առաջ են գնում կաշառքի, մասնավոր շահերի, ընկերական հարաբերությունների սկզբունքներով և նույնիսկ արտաքին ֆինանսավորման ճանապարհով։ Արհամարհվում են թարգմանիչների հեղինակային իրավունքներն ու ստեղծագործական և ֆինանսական շահերը, թարգմանիչներից ոմանք էլ ընդհանրապես դադարել են թարգմանել։ Ուսանողները նույնպես չեն ցանկանում զբաղվել թարգմանչական գործունեությամբ, քանի որ հրատարակչություններ խաբում են ու չեն վճարում։
    Եվ չնայած այս բոլոր տհաճ իրողությունների պատճառով դադարել էր հայերենից թարգմանված գրականության տպագրությունը, առանձին դեպքերում, մասնավոր որոշ հրատարակչություններ, հիմնադրամներ և կազմակերպություններ, ինչպես նաև անհատներ ֆինանսապես աջակցում են թարգմանիչներ Հակոբ Օրմանջյանին և Հակոբ Մելքոնյանին, ովքեր էլ 1991-2011 թթ. ընթացքում մեծ ջանքերով, սակայն  հաջողությամբ թարգմանում և տպագրում են հայ գեղարվեստական, գիտահանրամատչելի, գիտական, պատմական  գրականության նմուշները` 500-2000 տպաքանակով։ Հիմնական ֆինանսական խթանը եղել և մնում են Պլովդիվի և, մասամբ, Սոֆիայի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ «Բարեգործական») մասնաճյուղը և մասնավոր ներդրողները։ Հիմնականում հրատարակվել են Ագաթանգեղոսի, Նահապետ Քուչակի, Նար-Դոսի, Խ. Դաշտենցի, Հովհաննես Շիրազի, Հր. Մաթևոսյանի արձակ և չափածո ստեղծագործությունները։  «Սիելա» հրատարկչությունը բուլղարերենով լույս է ընծայել Երևանի պետական համալսարանի հրատարակած «Հայ ժողովրդի պատմությունը հնադարից միչև 1920 թ.» ակադեմիական աշխատությունը, ինչպես նաև Րաֆֆու «Սամվելը»։ Ար. Բասմաջյանը ռուսերենից թարգմանել է նաև Գևորգ  Էմինի «Յոթ երգ Հայաստանի մասին» և այլ բանաստեղծություններ: Մատենագիտական ցանկում թվարկված գրքերի տպաքանակները սպառվել են և մեծ հետաքրքրությամբ են ընդունվել հայ և բուլղարացի ընթերցասեր հասարակության կողմից։ Հայ և բուլղարացի հայտնի մտավորականները յուրաքանչյուր գիրք  ներկայացրել են մեծ լսարանին, Բուլղարիայի հայ մամուլում քննարկել և մեկնաբանել են նշված գրքերը, ներկայացրել են  թարգմանիչներին։ 
    Չնայած դժվարությամբ ձեռք բերված հաջողություններին` Բուլղարիայում դեռ ծանր է թարգմանիչների վիճակը։ Նրանք աշխատում են միայնակ, անապահով, դրամական սուղ միջոցներով։ Սկզբունքորեն Բուլղարիայում չի գործում այն օրենքը, որը պետք  է  պաշտպաներ նաև թարգմանիչների հեղինակային իրավունքները` նպաստելով նրանց սոցիալական վիճակի բարելավմանը։ Թարգմանիչները հաճախ անվճար են աշխատում (այս օրինակը վերաբերում է նաև հայերեն հրատարակություններին) կամ, եթե պայմանագիր են կնքում հրատարակչությունների հետ` վարձատրվում են մեկ տարի անց, իսկ նրանք ֆինանսական անբարենպաստ վիճակում են գտնվում։ 
    Չնայած ֆինանսական բարդ պայմաններին` մեկ կամ երկու հայ թարգմանիչ դեռ շարունակում են աշխատել Պլովդիվի «Բարեգործական» ՀԲԸՄ-ի աջակցության շնորհիվ, և հաջորդ երեք տարիներին գիտության, գրականության և պատմության ասպարեզում կտպագրվեն մի քանի նոր գրքեր։  
 
  • Created on .
  • Hits: 3240

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: