ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ 19-ՐԴ ԴԱՐԻ ԱՆԳԼԻԱՑԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

Գևորգ Բարդակչյան


  Հայաստանի և հայերի մասին ճանապարհորդական գրականությունը նույնչափ մեծաքանակ է ու բազմազան, որչափ որ են ճանապարհորդների տեսակետները: Այս հոդվածը ոչ մեծ ուսումնասիրություն է, որը կենտրոնացել է որոշակի ժամանակահատվածի և ճանապարհորդների միատարր էթնիկ խմբի վրա, բոլորովին էլ սպառիչ չէ և վեր է հանում Հայաստանի ու հայերի նկարագրի որոշ կողմեր՝ հիմնվելով քսանութ անգլիացի ճանապարհորդների հաղորդած տեղեկությունների վրա, որոնք շրջել են Հայաստանով 1813-1881թթ. ժամանակահատվածում:

Այս ճանապարհորդներից շատերի համար Հայաստանը ծրագրված երթուղու մաս է կազմել, մինչդեռ ուրիշների համար եղել է այլ վերջնակետերի ճանապարհին ընկած շրջաններից մեկը: 1828 թվականին Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միացնելուց հետո և 1830-ականների ամբողջ ընթացքում ճանապարհորդների թվի զգալի աճ է տեղի ունենում. նրանցից մի քանիսը տարածաշրջանի մանրակրկիտ տեղագրական ուսումնասիրություն են կատարում: Հետաքրքրության այս աճը հավանաբար Բրիտանիայի երկյուղների բարձրակետն էր վաղ դարասկզբին՝ պայմանավորված Արևելքում իրենց իմպերիալիստական տիրապետություն հնարավոր ֆրանսիական ներխուժմամբ: Ջ. Մ. Քիննեյրը՝ պրոֆեսիոնալ զինվորական և դիվանագետ, միանշանակ այդ մտահոգությունն էր արտահայտում, երբ նշում էր, որ իր որոշումն էր «այցելել բոլոր այն երկրները, որոնց միջով որևէ եվրոպական բանակ կարող էր Հնդկաստան ներխուժելու փորձ կատարել»[1]:

Ճանապարհորդների մեծ մասի վերաբերյալ կենսագրական տեղեկություններ չունենք: Նրանք հիմնականում դիվանագետներ էին, թեև խմբի կազմում ընդգրկված էին նաև գրողներ, ինչպես` Չ. Մաքֆարլեյնը, նկարիչներ, ինչպես՝ Ռ. Կ. Փոտերը, գիտնականներ, ինչպես՝ Ռ. Քուրզոնը, և եկեղեցականներ, ինչպես Հ. Ֆ. Թոզերը: Հասկանալիորեն նրանք պաշտպանում և առաջ էին տանում Բրիտանիայի շահերն ու քաղաքականությունը, որոնք այս շրջանում հաճախ բնորոշվում էին որպես ռուսատյացություն: 19-րդ դարի ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմները և Ռուսաստանի առաջխաղացումը Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ուղղակի վտանգ համարելով Հնդկաստանի համար՝ Բրիտանիան, որպեսզի զսպի Ռուսաստանի նկրտումները, մեծապես հենվում էր Օսմանյան կայսրության վրա՝ որպես գործուն ռազմական ուժի: Սրանով են բացատրվում որոշ բրիտանացի ճանապարհորդների, ինչպես ասենք Չ. Դունկանի և Ֆ. Բուրնաբիի թուրքամետ տրամադրվածությունը: Վերջինն, օրինակ, ոչ միայն արտահայտում է ծայրահեղ թուրքամետ տեսակետ, այլև գործնականում, 1877-ին «թուրքական հինգերորդ բրիգադը»[2] տանում է Ռուսաստանի դեմ:

Գուցե հարկ է հումորով ընդունել որոշ ճանապարհորդների վրդովմունքի երբեմնակի պոռթկումները, որոնց անհարմարավետ ճանապարհորդության լարվածությունը կամ փոխգործակցության պակասն ու անկանխատեսելի գործոնները ծայրահեղ դյուրագրգիռ էին դարձրել: Այդօրինակ վրդովմունքը կարելի է սովորաբար տարբերել արհամարհանքից, որ մի շարք ճանապարհորդներ դրսևորում են տարբեր չափով: Հանդուրժող լիբերալ թե կիրթ պահպանողական՝ այս ճանապարհորդները շատ քիչ էին ուշադրություն ցուցաբերում կամ ընդհանրապես ուշադրություն չէին դարձնում իրենց այցելած երկրի հասարակական ու մշակութային առանձնահատկություններին: Այս առումով առաջին ճանապարհորդները քիչ ավելի հանդուրժող էին իրենց «քրիստոնյա եղբայրների» հանդեպ, չնայած ավելի ուշ նրանցից ոմանք, թեև «ըմբռնումով մոտենալով» «Արևելքի քրիստոնյաների» վիճակին, ամբարտավանորեն իրենց առավելություն էին վերապահում` անտեսելով վարվելակերպի նրբությունները:

Այդ ճանապարհորդները Հայաստան էին գալիս երկրի և նրա անցյալի մասին կանխակալ պատկերացումներով, որոնք սովորաբար հիմնված էին հին պատմությունների վրա: Անցյալը, կարելի է ասել, ոչ մի անմիջական կապ չուներ նրանց հաղորդածի հետ, որը իրապես արտացոլում էր ժամանակի իրականությունը, բայց քչերը կժխտեն, թէ ծանոթությունը անցյալի հետ թույլ էր տալիս ճանապարհորդին իրական լույսի տակ տեսնել շատ իրողություններ: Անգլիացիների գիտելիքները հայկական անցյալի մասին, այնուամենայնիվ կցկտուր էին: Ոմանք գուցե՛ հետաքրքրություն չեն դրսևորել Հայաստանի վաղ պատմության հանդեպ, սակայն ոմանք էլ, հնարավոր է, չեն գտել համապատասխան աղբյուրներ. հայագիտությունն այնքան զարգացած չէր, որ հանգամանալից ներկայացներ հայերի առանձնահատուկ ներդրումը համընդհանուր մշակույթի մեջ: Այնուամենայնիվ, թեև ճանապարհորդների մի մասը կարծում էր, որ «անշուշտ շատ բան կար հայոց պատմության մեջ, որ կարող էր հետաքրքրել քրիստոնյաներին և հնության սիրահարներին»[3], մյուսները հապճեպ եզրակացությունների էին հանգում. Ռոբերտ Քուրզոնը, օրինակ, նշում էր, որ Հայաստանն «ինքնին արժեք չունի»[4]:

Բրիտանացի այցելուները, բոլորն առանց բացառության, լավ գիտեին դասական աղբյուրները. Քսենոֆոնի՝ տասը հազարի նահանջի նկարագրությունը «Անաբասիս»-ում, որը հաճախակի էր վկայակոչվում՝ նկարագրելու համար զարմանալի շարունակականությունը՝ գետնափոր տարօրինակ տներ, որոնք չէին փոխվել երկու հազարամյակի ընթացքում: Գիտեին Հայոց հին քաղաքների՝ Արտաշատի, Արմավիրի և Տիգրանակերտի մասին, ինչպես նաև Տիգրան Մեծի պատմությունը՝ քաղված հռոմեացի պատմիչների միակողմանի տեղեկություններից, Հայկի և Բելի ավանդությունները և Վանի հիմնադրումը Շամիրամի կողմից ու բնակավայրի հետագա վերակառուցումը հայ արքաների կողմից, որ անգլիացի ճանապարհորդները պետք է որ վերցրած լինեին հայկական աղբյուրներից:

Բացի Արարատի իշխող, վեհաշուք ներկայությունից՝ անգլիացիներն անտեսում էին մյուս գրեթե բոլոր աստվածաշնչյան առնչությունները Հայաստանի հետ: Նրանց մեծ մասը, չնայած անդադար մատնանշելով լեռան ավանդական կարևորությունը՝ որպես Նոյան տապանի հանգրվան, ընդհանրապես հավատ չէր ընծայում այդ պատմությանը և դրա հետ նույնացվող լեգենդներին: Ջ. Բրանտը գտնում էր, որ Արարատի «բարձրությունը և նրա անմատչելի բնությունը… հակասում են այդ ենթադրություններին, և եղանակը… շատ խիստ է ձիթապտղի համար»[5], մինչդեռ Վ. Ֆ. Այնսվորթը փաստում էր, որ Արարատը գտնվում է Կորդյան լեռնաշղթայում, Արաքսի ափերից շատ հեռու[6]: Քուրզոնը գովելի դատողական ոգով, սակայն գիտականորեն չարդարացված մեկնաբանությամբ Տապանի հետ կապված բազմաթիվ հայտնություններ ու տեսիլներ վերագրում էր հայ վանականների՝ ոչ ավելի, ոչ պակաս, ստամոքսի խանգարման նոպաներին[7]: Ի տարբերություն նրանց՝ խիստ սկեպտիկ ճանապարհորդ Ջ. Աշերը զննաբար արձանագրում է երկու հետաքրքիր լեգենդ:

Այդ լեգենդները, որ կապված են այնպիսի դեպքերի հետ, որոնք իբր պատահել են սրբազան լեռան գաղտնիքների մեջ թափանցած խիստ հետաքրքրասեր ուսումնասիրողների հետ, բազմաթիվ են և սերմանում են նույն ակնածանքն ու վախը սուրբ հողի հանդեպ, որի վրա, հավատում են, թե հանգչում են եթե ոչ ամբողջ տապանը, ապա գոնե նրա որոշ բեկորներ: Չարքերը կամ կես մահկանացու, կես գերբնական էակները (կես մահկանացու, քանի որ ծնվում ու մահանում են, կես գերբնական, քանի որ ապրում են՝ գերազանցելով մարդու տարիքը) թաքնվում են քարայրներում և միայնակ ճանապարհորդներին կամ մենավոր հովիվներին քաշում-տանում են իրենց արյունոտ անձավները և այնտեղ հանգիստ, անշտապ հոշոտում նրանց: Պատմությունների մեծ մասը, որ վերաբերում է այս սարսափազդու, բայց տխմար ու թուլամորթ հրեշներին, որոնց գոյությունը երբեք կասկածի չի ենթարկվել հարթավայրերի բնակիչների կողմից, պատմում է այն հնարքների մասին, որոնցով հրեշներին խաբել են իրենց հետապնդած սրամիտ զոհերը: Արարատի՝ ուրվականներով լի տիրույթի մեկ այլ գերբնական բնակիչ է սառցե օձը, որը միակն է իր տեսակի մեջ, և բնակվում է գագաթի սառույցն ու ձյունը հատող խոռոչներում ու ճեղքերում: Բաց կապույտ և թափանցիկ, ինչպես բյուրեղ՝ նա հազվադեպ է դուրս գալիս իր սառցե առանձնավայրից, բայց երբ այդ սակավ դեպքերում նկատվում է մարդկանց կողմից, ովքեր այնքան անխոհեմ ու հետաքրքրասեր են, որ ուշացնում են վայրկենական փախուստը, մահացու ցուրտը թափանցում է նրանց կմախքի մեջ, մարմիններն անզգայանում են, կաթվածահարվում, և նրանց անկենդան դիակները հայտնաբերում են սառած, բայց այլ առումով` չվնասված, այնտեղ, ուր սառցե վիշապի մահացու հայացքը ընկել է նրանց վրա[8]:

Ճանապարհորդներին ամենից ավելի հիացնում էր Արարատի ազդեցիկ տեսքը, որը նրանք համարում էին ապշեցուցիչ, «վեր խոյացող կախարդական և միայնակ վեհությամբ»[9]: Ռ. Վիլբրահամը՝ զինվոր-արվեստագետի իր հակումով, նկարագրում է լեռը մայրամուտին.

Արևը նոր էր սուզվել հորիզոնի տակ, և առջևում, մութ ռելիեֆով կանգնած էր Արարատը բոսոր երկնքի վրա: Լեռն այնպես խորը մանուշակագույն էր, անգամ ձնածածկ գագաթը չէր զանազանվում ընդհանուր զանգվածից: Ես ավելի բարձր լեռներ եմ տեսել, քան Արարատը, բայց նրա զանգվածեղ ուրվագիծը, խիզախ կեցվածքը, որով բարձրանում է Արաքսի լայնարձակ հարթավայրից, և ուժգին հետաքրքրությունը, որով սրբազան պատմությունը պարուրել է նրան, միավորվում են՝ այն դարձնելով հիացման ու ակնածանքի առարկա[10]:

Շատ ճանապարհորդներ հայերի մասին ձևավորված հին ու «ընդունված» պատկերով էին առաջնորդվում, ըստ որի՝ նրանք քրիստոնյա ժողովուրդ են, ում պատմությունն սկսվում է քրիստոնեության ընդունումով, ընթացք, որի ծալքերը գուցե մի քիչ մութ էին նրանց համար, քան այսօր մեզ համար: Սուրբ Գրիգոր Լուսավորիչը և Տրդատ III թագավորը գնահատվում էին այդ դժվարին գործը գրեթե մեկ գիշերում գլուխ բերելու տեսակետից, քչերն էին, որ գիտակցում էին Մաշտոցի՝ 5-րդ դարասկզբին հայոց գրերը ստեղծելու կարևորությունը և Հայոց եկեղեցու հետագա դերը: Գրեթե միաձայն նրանք պատկերում էին հայերին որպես հալածված քրիստոնյա ցեղ, ում երկիրը լոկ «համեմատաբար խաղաղ պահեր ու բարգավաճում» է տեսել՝ մատնված լինելով սելջուկների, մոնղոլների, թուրքական Սև և Սպիտակ Ոչխարի ցեղերի, պարսիկների և օսմանների «փոթորկանման ներխուժումներին»[11]:

Պատվելի Թոզերը պնդում է, որ իրադարձությունները կարող էին այլ ուղիով ընթանալ, եթե Բյուզանդական կայսրությունը հեռատես քաղաքականություն վարեր հայերի հանդեպ: Բագրատունյաց թագավորությանը

...վերջ դրվեց բյուզանդական կայսրերի կասկածամիտ և անհեռատես քաղաքականությամբ: Նրանք նվաճել և միակցել էին այս գավառը՝ այդպիսով ամբողջ արևելյան սահմանը լայն բացելով սելջուկ թուրքերի արշավանքների առաջ, որոնք ընդամենը դրանից քիչ առաջ էին սկսել իրենց հարձակումները, և հնարավոր է՝ տոկուն լեռնաբնակներին կհաջողվեր դիմագրավել նրանց իրենց անառիկ ամրոցներում: Արդյունքը ճակատագրական եղավ երկու կողմի համար էլ, քանի որ Հայաստանը ասպատակվեց ու ամայացվեց, իսկ ամբողջ Փոքր Ասիան 1071թ. Մանազկերտի ճակատամարտից հետո, երբ Ռոմանոս VI-ը պարտություն կրեց և գերի վերցվեց Ալփ Արսլանի կողմից, մատնվեց սելջուկների ողորմածությանը[12]:

Պատմության հենց այս ժամանակահատվածը և Հայաստան կատարված հետագա արշավանքներն են, որ որոշ ճանապարհորդներ հստակորեն կապել են երկրի որոշ շրջանների և հատկապես Անիի ու նրա շրջակայքի կործանման և ամայացման հետ:

Մեր ճանապարհը [Անիից] շարունակվում էր հարավ-արևելք, ցածր բլուրների շարքի միջով. ոչ մի ծառ կամ թուփ չէր երևում, ամբողջ երկիրը վայրի, ամայի ու լքված տեսք ուներ, այստեղ-այնտեղ մի ավերակ էր երևում՝ մերկ ու մեկուսացած, կարծես հիշեցնելով, որ այս ամայի վայրը ինչ-որ ժամանակ եղել է ծաղկուն, մարդաշատ և բնակեցվել է մի շատ քաղաքակիրթ ազգով: Թաթարների և Լենկթեմուրի կողմից ամբողջապես ամայացված նրա քաղաքները քանդվեցին և բնակիչները կամ կոտորվեցին, կամ տարվեցին հեռավոր ստրկության, հողը վերականգնեց իր նախնական վայրիությունը և այժմ, լքված ու ամայի՝ ապաստան է դարձել գլխավորապես ավազակախմբերի համար, որոնք փախչում են կամ ռուսական, կամ թուրքական շրջան՝ խուսափելու իրենց հանցագործությունների հետևանքներից: Մի քանի կիսաքաղց թշվառներ են մերթընդմերթ հանդիպում, որ սողում են իրենց՝ ցեխաշեն խրճիթների փտող պատերի տակ, որոնք փոքր հեռավորությունից դիտելիս հազիվ են տարբերվում շրջակա հողից[13]:

Հայկական քաղաքակրթության հազվագյուտ հետքերը, որոնց վերաբերյալ ճանապարհորդները կարողացել են սեփական կարծիք արտահայտել, ճարտարապետական հուշարձաններն ու ձեռագրերն էին: 19-րդ դարի ֆրանսիացի և անգլիացի ճանապարհորդները արժեքավոր ծառայություն մատուցեցին հայկական մշակույթին` եկեղեցիների իրենց մանրամասն նկարագրություններով հայկական ճարտարապետության վրա սևեռելով եվրոպացի գիտնականների ուշադրությունը: Չնայած որ ճանապարհորդներից ոմանք հայկական ճարտարապետությունը համարում էին կոպիտ ու անշուք[14], սակայն Անիի ավերակները միաձայն հիացմունքի էին արժանանում: Բազմաթիվ եկեղեցիներ հիշատակվում էին իրենց պարզ տեսքի շնորհիվ. «… հրվանդանին կամ եզրին… [բարձրանում է] այն պարզ շինություններից մեկը՝ ամուր կառուցված սրբատաշ քարից՝ առանց պատուհանների և գրեթե քառակուսի, միայն թեք տանիքով և իր արևելյան վերնաճակատի վերջում կլորացող, ինչը նշանակում է, որ հայկական եկեղեցի է…»[15]: Դրանք հիշատակվում էին նաև իրենց ամուր կառույցի համար. «...փոքր ամրոցներ են, որ կառուցվել են դիմակայելու սարակինոսների, տաճարականների, քրդերի, թուրքերի և պարսիկների ասպատակություններին… Նրանց զանգվածային ուժն է միայն փրկել ոչնչացումից և վերջնական բնաջնջումից… Մենաստաններում, որոնք ես այցելել եմ, ոչ մի արժեքավոր բան չկա գողանալու: Մի քանի կեղտոտ, մաշված եկեղեցական գիրք, մի քանի խունացած զգեստ և աղքատիկ կահույք խորանի ու երեք-չորս գեղջուկ վանականների խցերի համար կազմում էին նրանց ամբողջ հարստությունը»[16]:

Ըստ որոշ ճանապարհորդների՝ ավելի բարվոք չէր եղել հայկական ձեռագրերի ճակատագիրը. «[Աղթամարում] մեզ ցույց տվեցին մի քանի ձեռագիր: …Շատ այլ ձեռագրեր վերջերս տեղափոխվել էին Կոստանդնուպոլիս, բայց մեծագույն կորուստը քրդերն էին պատճառել, որոնք շատ ձեռագրեր են ոչնչացրել՝ ծայրահեղ վայրագությամբ կազմերը երբեմն օգտագործելով ոտնամանների ներբաններ պատրաստելու համար»[17]:

Ուրվագծելով Հայաստանի պատմական պատկերը՝ այժմ անդրադառնանք Հայաստանի և հայերի՝ ճանապարհորդների ներկայացրած ժամանակակից պատկերին: Աշխարհագրորեն Հայաստանը տեսնում էին որպես Սև ծովից և Վրաստանից հարավ և Վանա լճի հարավային ափից հյուսիս ընկած տարածք, որի արևմտյան սահմանն անցնում էր մոտավորապես Բայբուրթով. հյուսիսում սկսվում էր Քղիից և իջնում հարավ մինչև Բյուրակն (Բինգոլ), իսկ արևելյան սահմանը ձգվում էր մինչև Խորհրդային Հայաստան ու Ղարաբաղ: Վանը, Կարսը և Երևանը նրա ամենամեծ քաղաքներն էին, բայց Էրզրումը, որ համարվում էր նրա մայրաքաղաքը, հատուկ կարևորություն ուներ Պարսկաստան-Կովկաս-Պարսկաստան ճանապարհի իշխող ռազմավարական դիրքի համար: Ընդհանուր առմամբ բնութագրվելով իբրև հանգիստ, աշխատասեր և հյուրասեր ժողովուրդ` հայերը համարվում էին նաև Հայաստանի բնիկ բնակչություն: Այստեղ նրանք կողք կողքի ապրում էին մուսուլմանների և այլ քրիստոնյաների հետ: Չնայած միախառնումին՝ կային որոշ իսկապես լրիվ հայկական տարածքներ, ինչպես Մուշի դաշտավայրը, իր բուն հայկական գյուղերով: Ճանապարհորդները հաղորդում էին, որ հայերը իրենց մայրենի լեզվով էին խոսում գյուղական վայրերում և քաղաքների մեծ մասում, բայց նրանք գլխավորապես թուրքերենն են օգտագործել Էրզրումից արևմուտք ընկած բնակավայրերում: Նաև հաղորդում են, որ մեծ թվով հայեր Հայաստանի հիմնական տարածքից արտագաղթել էին հարևան շրջաններ՝ աշխատանք և ապահովություն որոնելու նպատակով:

Հայաստանի կյանքի կրոնական կողմին անդրադառնալով՝ ճանապարհորդները գտնում էին, որ հայերի ճնշող մեծամասնությունը հավատարիմ է իր ազգային եկեղեցուն: Կաթոլիկ հավատքի հետևորդները փոքրամասնություն էին կազմում և նրանց հարաբերությունը Հայ եկեղեցու հետ բնորոշվում էր որպես թշնամական: Հայ կաթոլիկներին ճանապարհորդները համարում էին ավելի կրթված ու առավել եվրոպականացած տարր՝ մեծապես շնորհիվ Եվրոպայի հետ ուղիղ կապի և Վենետիկի Մխիթարյանների գրական ջանքերի: Մասնավորապես, 1850-ականներից հետո, ճանապարհորդները սկսում են ընդգրկուն ու հիացմունքով խոսել նաև «բողոքականների փոքր և դեռ պայքարող համայնքի մասին»[18]:

Բավականին ճշմարտություն կար ճանապարհորդների՝ Հայ եկեղեցու վերաբերյալ հայացքներում, բայց նրանց բնութագրումները նաև սուբյեկտիվ էին ու չափազանցված: Ըստ նրանց՝ Հայ եկեղեցին «սնահավատության ու սին ձևերի հանգույց էր՝ միտված չմտածող բազմությանը պատկառանք ներշնչելուն և նեցուկ կանգնելուն ծույլ ու տգետ հոգևորականությանը, որն իրենց կրոնի ծեսերն էր վարում խորհրդավոր, անծանոթ լեզվով»[19]: Հաշվի առնելով հայ քրիստոնեության վատթարացող վիճակը՝ ճանապարհորդները խրախուսում էին ամերիկացի միսիոներների աշխատանքը: Միակը, որ համաձայն չէր դրան, Թոզերն էր, որը ազգային եկեղեցիների կողմնակից լինելով, պնդում էր, թե միսիոներները պետք է կենտրոնանան կրթության և Հայ եկեղեցին ներսից բարեփոխելու վրա[20]:

Հասարակական իրողություններից մեկը, որ ճանապարհորդները հատկապես նկատում և որին կարեկցանքով էին մոտենում, կանանց վիճակն էր. նրանք երկրորդական դեր ունեին դեռևս բավականաչափ նահապետական ընտանիքում: Ճանապարհորդների արձանագրած ամենակոպիտ սահմանափակումների թվին էր պատկանում աշխատասեր կանանց մեկուսացումը, որոնք «հիացմունքի էին արժանանում իրենց գեղեցկությամբ, գեղեցիկ աչքերով ու կամարաձև, սև հոնքերով»[21]:

Հայերի՝ թե կանանց, թե տղամարդկանց, պատկերը՝ որպես երկրորդ դասի քաղաքացիների, որ տառապում են իրավական սահմանափակուներից, չարաշահումներից, ծանր հարկերից, ձևավորվում է շատ ճանապարհորդների կողմից՝ Հայաստանում գերիշխող քաղաքական իրավիճակին տրվող մեկնաբանությունների հիման վրա: Զինվորական Չարլզ Դունկանը այն քչերից էր, որը պնդում էր, թե քրիստոնյաները հիմնականում վայելում էին «մեծ հանդուրժողականություն և շատ արտոնություններ»[22]: Հիշատակելով քրիստոյաների՝ ազատումը ընդհանուր զինապարտությունից (հնարավոր է որպես արտոնություններից մեկն իր պատկերացմամբ)` Դունկանը չի նշում, որ այդ հանգամանքը քրիստոնյաների ընտրությամբ չէր, և որ դրա փոխարենը հարկեր էին գանձվում: Նա նաև նախընտրում է անտեսել այն, ինչ իր գործընկերները նկատում էին միաբերան, այն է՝ քրիստոնյաների կրած զրկանքները, ինչպիսիք էին, ասենք, քրիստոնյաների վկայությունները դատարանում չընդունելը կամ նրանց՝ զենք կրելու արգելքը: Մի շարք ճանապարհորդներ նշում էին եկեղեցիների կառուցման կամ վերանորոգման սահմանափակումները և վկայակոչում էին սաստկացող ճնշումները՝ սկսած ռայաների հանդեպ արհամարհական վերաբերմունքից մինչև ամենանվաստացուցիչ ձևով ձևակերպած հուղարկավորության թույլատրագրերը:

Բացի սովորական հարկերից, որ Օսմանյան կառավարությունը գանձում էր հայերից, ճանապարհորդները հաղորդում են նաև լրացուցիչ տուրքերի մասին, որոնցից ամենածանրը հավանաբար քշլաքն էր. «Դա ձմռանը քոչվոր քրդերի բաշխումն էր հարթավայրի հայկական գյուղերի վրա: Այդ ժամանակ այս լեռնաբնակները և իրենց նախիրները բաժանվում էին քրիստոնյա բնակչության վրա, որոնք նրանց ապահովում էին ամեն ինչով և փոխարենը ոչինչ չէին ստանում»[23]:

Հայկական հեռավոր գավառներում, մասնավորապես Մուշում, որտեղ կիսանկախ քրդական ցեղերը թալանում էին հայերին անպատիժ մնալով, չէր կարող լինել կյանքի և ունեցվածքի որևէ ապահովություն. «Մուշի շրջանի հայերը մինչև հիմա ոչ միայն ենթարկվում են «օրինական» ճնշումների ու կողոպուտի՝ որպես քրդերի գերակա վիճակի արդյունք, այլև նույն գիշատիչ ցեղերի կողմից հաճախակի ասպատակությունների են ենթարկվում, երբ նրանք քշում տանում էին հայերին պատկանող կովերը, ոչխարները, այծերը, և բնակիչներին վերաբերվում էին՝ կախված այն բանից, թե որչափ հանգիստ են հնազանդվում զրկանքներին կամ թե դիմադրում թալանի դաժան համակարգին»[24]:

Նման հանգամանքների բերումով որոշ ճանապարհորդներ շտապել են կարծես մի քիչ արդարանալով նկատել, որ «դարերով ճնշված լինելուց» հայերը դարձել են վախկոտ ու այլասերված ազգ[25]: Սակայն ոչ մի ճանապարհորդ չի մոռացել գնահատել նրանց՝ ասացվածտ դարձած աշխատասիրությունը, արտադրողունակությունը և խելքը՝ վկայելով, որ նրանք «զբաղեցնում էին բոլոր արհեստավորական տեղերը և բոլոր այն տեղերը, որոնք պահանջում էին ակտիվ աշխատասիրություն ու խելք»[26]:

Հնարավոր է` հայերի ոչ մի հատկանիշի վերաբերյալ նրանք այնպես միաբերան չեն համաձայնվել, ինչպես այն, որ նրանք իբրև առևտրական « զբաղվում են առևտրով Եվրոպայի մայրաքաղաքների մեծ մասում և Ասիայի ամբողջ լայնք ու երկայնքով»[27]: Նրանք համարվում էին սուր բանականությամբ օժտված գործարարներ` «առևտրի հարցերում արագաշարժ, շատ զգոն, երբ ցույց ես տալիս, որ ինչ-որ բան ես ուզում, սակայն շատ բարդ են գործարքի մեջ, պատրաստ են ցույց տալ, բայց վաճառելիս սակարկություն դժվար են ընդունում գնի հարցում»[28]: Սակայն ճանապարհորդներից մեկի հիացմունքին, թե հայ վաճառականները «ամենուրեք աչքի էին ընկնում իրենց բացառիկ կուլտուրայով, ազնվությամբ ու վարվելաձևով»[29], ճանապարհորդներից շատերը համամիտ չէին. նրանք նշում էին, որ շատ վաճառականներ «աչքի չէին ընկնում ազնվությամբ»[30]: Բայց պետք է անմիջապես նշել, որ գրեթե ոչ մի ճանապարհորդ չի հիմնավորում այդ ամբաստանությունը անազնվության օրինակներով, որոնց ինքն անձամբ առնչվել է: Նրանցից մեկը՝ Չ. Մաքֆարլեյնը, դրա մեքենայական կրկնությունից շատ ավելի հեռուն է գնում: Նա «ողբում» է՝ երբ տեսնում է, որ իր հայրենակիցները Զմյուռնիայում աստիճանաբար փոխարինվում են հայ և հույն վաճառականներով և կանխատեսում, որ դա հանգեցնելու է բրիտանական ազդեցության թուլացմանը: Բայց եթե մի կողմ թողնենք տնտեսական, քաղաքական և հայրենասիրական դատողությունները, Մաքֆարլեյնին վշտացրել են նաև որոշ սոցիալական մտահոգություններ.

Այս զմյուռնացի միջնորդներն ու նպարավաճառները, որոնք հիմա գրավել են ղեկավար դիրքեր, անշուշտ գռեհկացրել են վայրը: Իրենց առևտրային հաջողությամբ՝ երջանիկ՝ նրանք խցկվում էին բոլոր ամենաբարձր ու առաջատար տեղերը՝ առանց որևէ հարգալից զգացումի նրանց հանդեպ, ովքեր պահել-պահպանել են իրենց այսքան ժամանակ, և ում համեստ ու խոնարհ ծառաներն են եղել նրանք ընդամենը մի քանի տարի առաջ: Ամոթխածությունն ու համեստությունը երբեք բնորոշ չեն եղել հույների նկարագրին, իսկ ապերախտությունը, հարստությամբ պարծենալը, մռայլությունը, ամբարտավանությունը և անտաշությունը խիստ բնորոշ են հայկական ցեղին[31]:

Երբեմն Մաքֆարլեյնի գրական ոճը հստակ անհամաձայնության մեջ է նրա հոգեվիճակի հետ, և լրջությունը, որով նա վերաբերվում է աննշան մանրուքներին, հաճախ իր արհամարհական բնութագրումները դարձնում էին ծիծաղելի, ինչպես հետևյալ «ընտիր» պատկերում. «[Բերայում, Ստամբուլ] սխտոր ուտող հայերը փչում էին մեզ վրա, և դա այնպիսի գլխապտույտ էր առաջացնում մեզ մոտ, կարծես մանրագնդակով կրակած լինեին»[32]:

Մաքֆարլեյնը մի քանի հետաքրքիր և ընդունելի դիտարկումներ է անում մասնավորապես վարվելակերպի վերաբերյալ, բայց նրա լայն ընդհանրացումները կարող են դիտվել միայն որպես չարակամության ծայրահեղ դրսևորում:

Բաղնիքները լեփ-լեցուն էին և խճողված: Սակայն հաջորդ կիրակի և մի ազատ օր, հայերի նորանոր խմբեր ժամանեցին: Մենք մոլորվեցինք գուշակությունների մեջ, թե ինչպես և որտեղ նրանք բոլորը կարող էին տեղավորվել խանում: Ես շատ փորձեցի լվացվել և շոգելոգանք ընդունել: Բայց իզուր. հայերը՝ կին թե տղամարդ, զբաղեցրել էին բոլոր ամանները, բաղնիքներն ու տաք ջուր պարունակող գուռերը, և մեկ տեղավորվելով՝ նրանք վստահաբար կպահեին դրանք մի քանի ժամ, քանի որ այս մարդիկ ոչ միայն լվացվում ու տաք լոգանք էին ընդունում, այլև ուտում էին, խմում, երգում, ծխում, քնում ու արթնանում և նորից ուտում ու խմում ու ծխում այդ բաղնիքներում: Ինչ վերաբերում է կանանց, երբ նրանք մտան առավոտյան, վստահաբար դուրս չէին գա մինչև երեկո:

…Հաջորդ օրը ես նորից ջանք գործադրեցի տաք լոգանք ընդունելու: Ինձ ասացին, որ մի ազատ տեղ կա, բայց երբ ես գրեթե դռան մոտ էի, մի կոպիտ հայ անցավ կողքովս և զբաղեցրեց այդ տեղը: Թուրքը չէր անի դա, ոչ էլ հույնը կաներ: Բայց սա ոչ առաջին, ոչ էլ վերջին անգամ է, երբ ես մտորում եմ, որ մեծամիտ, հարուստ հայը ամենաանտաշ ու ամենաեսասեր կենդանին է Արևելքում[33]:

Որպես միտումնավոր դիտորդ՝ Մաքֆարլեյնը նաև բազմաթիվ էջեր է նվիրել Օսմանյան կայսրության տնտեսության մեջ հայ բանկիրների դերին: Ներկայացնում է նրանց որպես արյունառուշտ վիշապօձեր («վամպիրներ»), որոնք միավորված՝ դրել էին «իրենց ձեռքը ամեն ինչի վրա՝ սկսած Նյուքասլի ածուխի բեռի ձեռքբերումից, որ անհրաժեշտ է զինարանի համար, մինչև սուլթանուհու ամուսնությունը»: Մաքֆարլեյնի պնդմամբ՝ ոչինչ հնարավոր չէր «անել առանց հայ բանկիրների»[34], և գտնում էր, որ եկել է «հայերի չար մղձավանջից ձերբազատվելու ժամանակը»[35]: Մաքֆարլեյնը սովորականի պես չափազանցնում է. ամենազորությունը, որ նա վերագրում էր բանկիրներին, պարզապես անհիմն էր, և Օսմանյան տնտեսության քաոսային վիճակը շատ ավելի լուրջ պատճառների հետևանք էր, քան հայ բանկիրների անկարողության, շռայլության կամ նենգ մտադրությունների: Մաքֆարլեյնի՝ բանկիրների վաշխառությանը վերաբերող մեղադրանքները հազիվ թե կարելի է վիճարկել, բայց նման գործելակերպը ոչ մի դեպքում բնորոշ չէր բոլոր հայերին, ինչը նա անուղղակի առաջարկում է: Նրա՝ առողջ և անկողմնակալ դատողություններ անելու ակնհայտ անկարողությունը, հնարավոր է, հիմնական պատճառներից մեկն է նրա գրական ժառանգության մասին արված հետևյալ գնահատականի համար. «Մաքֆարլեյնի պատմավեպերը ընթերցվող են, բայց նրա կենսագրականները… նրա պատմություններն ու ճանապարհորդական գրքերը գալիս են հաստատելու «Աթենաում» [պարբերաթերթ]-ի հղումը նրան որպես շատ արտադրող, բայց ոչ փայլուն հեղինակի»[36]:

Մի շարք ճանապարհորդների (հիմնականում՝ զինվորականներ) անհիմն ամբաստանությունները որոշ շրջաններում, օրինակ՝ Էրզրումում ու Կարսում, հայերի ռուսամետ համակրանքի վերաբերյալ հակասական էին: Ջ. Բ. Ֆրազերը, որն այդ տարածքում է եղել 1830-ականներին հետախուզական առաքելությամբ, հաղորդում է հակառուսական տրամադրությունների մասին ոչ միայն Բայազետի, այլ նաև Երևանի հայերի շրջանում: 1855թ. Չ. Դունկանը և Հ. Սենդվիդը, ովքեր եկել էին օգնելու թուրքերին Կարսի պաշարման ժամանակ, հաղորդում են Կարսում ռուսամետ հայերի գործողությունների մասին: Նույն տարում Քուրզոնը հայտնում է, որ հայերը, որոնք 1830թ.-ին հեռացել էին նահանջող ռուսական բանակի հետ, զղջացել էին իրենց անխոհեմ որոշման համար և այդ օրվանից փորձել են «հնարավոր ամեն բան՝ վերադառնալու չարյաց փոքրագույնին՝ Թուրքիայի տապակին, որտեղից նրանք ցատկել էին ռուսական բռնապետական հրո մեջ»[37]: 1870-ականների կեսերին Բուրնաբին մեջբերում է Դիվրիկի թուրք կառավարչի խոսքը.

Որոշ շրջաններում, որ շատ մոտ են Ռուսաստանին, և որտեղ հայերը հնարավորություն ունեն տեսնելու՝ ինչ են նրանք և ոչ թե ինչպիսին են ձևանում թե՝ են, քրիստոնյաները նախընտրում են լինել թուրքական իշխանության տակ, բայց մեր կենտրոնական նահանգներում ռուսական գործակալները մշտապես ապակողմնորոշում են հայերին[38]:

Գրեթե նույն ժամանակ Թոզերը հետևյալն է ասել Էրզրումի և նրա շրջակայքի մասին.

Ռուսական սահմանի մոտիկության պատճառով մենք մտածում էինք, որ կհանդիպենք հայերի շրջանում ռուսական ազդեցության գերակայության: Բայց իրականում այդպես չէր, քանի որ այդ ազգը բարեհամբավ չէր՝ [Էրզրումի] գրավման ժամանակ նրանց [ռուս]զինվորների անզսպության և հարբեցողության պատճառով[39]:

Ճանապարհորդներից ոմանք, չնայած փոքր-ինչ դժկամորեն, բայց ընդունում էին, որ անարդար կառավարումը հիմնական, եթե ոչ միակ պատճառն էր, որով բացատրվում էին որոշ հայերի ռուսամետ տրամադրությունները: Դունկանը, որ պնդում էր, թե «Կարսում հաստատված հույները և հայերը… բոլորը հոգով ռուս էին»[40], ընդունում էր, որ հայերը «ռուսներից զենքն ընդունում էին ավելի շատ թուրք բաշիբոզուկների, զինվորների բռնությունները ետ մղելու, քան տերերին փոխելու ցանկությունից դրդված»[41]: Ռուս-թուրքական սահմանամերձ հայկական գյուղերը պիտակավորելով որպես ցարի «եռանդուն պարտիզաններ»[42]՝ Սենդվիդը հետևյալ բացատրությունն էր առաջարկում.

Մեր վրդովմունքը նրանցից` թշնամու հետ իրենց բացեիբաց ու փութաջաան համագործակցության պատճառով, փոքր-ինչ մեղմացավ, երբ լսեցինք նրանց վրա թափված անարդարությունների ու ճնշումների մասին: Բաշիբոզուկներն իրենց ասպատակությունների ժամանակ երբեմն գլուխների կույտեր էին բերել…[43]:

Սենդվիդը ավելի մանրամասն բացատրություն է տվել. «Այս արշավանքները նման էին Դյակների՝ «գլխորսության»*. փաշան բաքշիշ [նվեր] էր տալիս գյավուրի [անհավատի] ամեն մի գլխի համար, և բաշիբոզուկների վայրագ հորդաները, ինչպես և կանոնավոր զորքերը հարձակվում էին գյուղերի անմեղ բնակիչների վրա ու գլուխների հարուստ բերքահավաք անում: Ինձ ասացին, որ կանայք ու երեխաները, ծերերն ու տկարները այս էքսպեդիցիոն ասպատակություններից զերծ չէին մնում» [44]: Հետաքրքիր է նշել, որ հիմնականում զինված ուժերն էին, որ մտահոգված էին տարածաշրջանի ռուսամետ տրամադրություններով՝ ըստ երևույթին ընդգծելու համար Օսմանյան կայսրությունն ուժեղացնելու անհրաժեշտությունը՝ որպես արդյունավետ պատվար ընդդեմ ռուսական նկրտումների:

Որպես եզրակացություն՝ մի քանի դիտարկում անենք ճանապարհորդների տպավորությունների վերաբերյալ: Ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ մեկնաբանությունները խորը չէին և սահմանափակ շրջանակ էին ընդգրկում, ինչը հավանաբար պայմանավորված էր հենց ճանապարհորդական գրականության բնույթով: Ի հավելումն այն բանի, թե ինչ են նրանք ասել, նկատենք, որ ճանապարհորդները նաև հաղորդել են այն ինչն իրենք լսել են, և հաճախ օգտվել են իրենց գործընկերների դիտարկումներից: Հաճախ ճանապարհորդն իր ուղևորությունն սկսում էր կանխակալ պատկերացումներով՝ հիմնված ավելի վաղ ճամփորդների տպավորությունների վրա, և այդպիսով գիտակցաբար թե անգիտակցաբար օգնում էին տևականացնելու որոշակի պատկերացումներ: Թրքամետ Բուրնաբին, օրինակ, նախքան որևէ հայի կհանդիպեր, որոշել է մուսուլման ծառա վարձել, «ով բացի իր լեզվից, այլ լեզվով չէր խոսում: Այդ դեպքում քիչ հավանական էր, որ նա հայերից վատ սովորություններ սովորած լիներ»[45]: Պետք է որոշակի հաշվի նստել կանխակալ կարծիքների հետ, որոնք ներգործել էին նրանց դիտարկումների վրա: Անկասկած, բավական ճշմարտություն կար՝ բարենպաստ թե անբարենպաստ, հենց իրենց որպես ականատեսի` հատկապես անհատական ու որոշ, առանձին բնույթի նկարագրություններում: Բայց նրանց ընդհանրացումներին՝ հաճախ հիմնված անհիմն տեղեկությունների կամ ասեկոսեների վրա, պետք է կասկածանքով վերաբերվել, քանի որ, որոշ կարևոր բացառություններով, նրանք առավեապես ձիավոր-անցորդ էին, որոնց ձգված ստվերները աղոտում էին իրենց իսկ նկարած-նկարագրած գրեթե բոլոր պատկերները:


Անգլերենից թարգմանեց Հասմիկ Խեչիկյանը

----------
[1] John Macdonald Kinneir, Journey through Asia Minor, Armenia, and Koordistan (London, 1818), p. viii.
[2]The Dictionary of National Biography (Oxford University Press, 1959-60), III, 380-382.
[3]William Francis Ainsworth, Travels and Researches in Asia Minor, Mesopotamia, Chaldea, and Armenia (2 vol.; London, 1842), II, 393.
[4] Robert Curzon, Armenia: A Year at Erzeroom, and on the Frontiers of Russia, Turkey, and Persia (London, 1854), p. vii.
[5]James Brant, “Notes of a Journey through a Part of Kurdistan, in the Summer of 1838,” Journal of the Royal Geographical Society, 10 (1841), 420.
[6]Ainsworth, II, 340-342.
[7]Curzon, p. 205.
[8]John Ussհer, A Journey from London to Persepolis… (London, 1865), pp. 286-287.
[9]W. I. Hamilton, “Extracts from Notes Made on a Journey in Asia Minor in 1836,” Journal of the Royal Geographical Society, 7 (1837), 44.
[10]Richard Wilbraham, Travels in the Trans-Caucasian Provinces of Russia… (London, 1839), p. 86.
[11]Ainsworth, II, 394.
[12]Henry Fanshawe Tozer, Turkish Armenia and Eastern Asia Minor (London, 1881), p. 190:
[13]Ussհer, p. 246.
[14]Wilbraham, p. 92.
[15]Ainsworth, II, 378.
[16]Curzon, pp. 220-221.
[17]Ussher, p. 331.
[18]Humphry Sandwith, A Narrative of Siege of Kars and of the Six Months’ Resistance by the Turkish Garrison under General Williams to the Russion Armi… (London, 1856), p. 332.
[19]Ibid, p. 185.
[20]Tozer, p. 236.
[21]Curzon, p. 233.
[22]Charles Duncan, A Campaign with the Turks in Asia (2 vols.: London, 1855), I, 291.
[23]Tozer, p. 285.
[24]Ainsworth, II, 379.
[25]Sandwith, p. 47.
[26]Duncan, I, 106.
[27]Tozer, p. 193.
[28]James Baillie Fraser, A Winter’s Journey from Constantinople to Tehran… (2 vols,; London, 1838), I, 171.
[29]J. L. Stephens, Incidnts of Travel in the Russian and Turkish Empires (2 vols.; London, 1839), I, 171.
[30]Sandwith, p. 181.
[31]Charles Macfarlane, Turkey and Its Destiny… (2 vols,; London, 1850), I, 27.
[32]Ibid., p. 41.
[33]Ibid., pp. 196-197.
[34]Ibid., II, 168.
[35]Ibid., p. 183.
[36]Dictionary of National Biography, XII, 518-519.
[37]Curzon, p. 204.
[38]Fred Burnaby, On Horseback through Asia Minor (2 vols.; London, 1877), I, 347.
[39]Tozer, p. 415.
[40]Duncan, I, 203.
[50]Ibid., II, 291.
[51]Sandwith, p. 127.
[52]Ibid.
[53]Ibid., p. 129.
* Ինդոնեզիական Բոռնեոյի բնիկ Դայակ ցեղախմբերից ոմանց վերագրվում է «գլխորսությունը», զանազան նպատակներով մարկանց գլխատելը:
[54]Burnaby, I, 18-19.
  • Created on .
  • Hits: 3595

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: