Անի Միքայելյան.Մեղքի գաղափարը Ստայնբեքի «Դրախտից դեպի արևելք» վեպում

 «Դրախտից դեպի արևելք» վեպը Ստայնբեքի այն ստեղծագործությունն է, որում հերոսներին շնորհված է իրենց կյանքը փոխելու ուժը, սակայն ցանկացած փոփոխություն մեղքի ճանապարհով է կատարվում, իսկ միգուցե մե՞ղքն է, որ դրդում է փոփոխության: Մեզնից յուրաքանչյուրը մեղքի իր գիտակցումն ունի, բայց մենք աստվածաշնչյան մեղքի կրողն ենք: Մեղքի դրսևորումները յուրաքանչյուրիս համար տարբեր նախասահմանումներ ունեն: Մահվան, կյանքի անցողիկության և ունայնության գաղափարը վեպի հերոսներին ընթացքի այլընտրանքային ճանապարհներ է «առաջարկում»:

 Ամբողջ վեպը ներքին ու արտաքին պայքար է չարի և բարու միջև: Վեպում չարը դրսևորված է ֆիզիկապես: Չարի մարմնավորումը Քեթին է, բայց նա չարի սկիզբը չէ: «Չնայած բնության ստեղծած թակարդին՝ Քեթիի հայացքն անմեղ էր: Նա ուներ գեղեցիկ ոսկեգույն մազեր, շագանակագույն մեծ աչքեր` կախ ընկած կոպերով, որոնք նրան խորհրդավոր թմրության տեսք էին տալիս: Գեղեցիկ քիթ ուներ, այտոսկրերը բարձր էին և լայն, իսկ փոքր ծնոտը դեմքը սրտաձև բաժանում էր: Քեթին մանկական կառուցվածք ուներ, անգամ, երբ մեծ էր»[1]: Ըստ Բիանկա Սապուտրայի՝ «Քեթին չարի և բարու միջև միայնակ չի պայքարում, այլ գործոններ նպաստում են նրա քայլերի ընկալմանը»[2]: Սովորաբար, մարդու տարօրինակ պահվածքը փնտրում են մանկության տարիների, ծնողների վերաբերմունքի, միջավայրի մեջ, սակայն եթե դիտարկենք Քեթիի ծնողների վերաբերմունքը, ապա կնկատենք, որ թե՛ մայրը, թե՛ հայրը գիտակից են եղել, բայց արդյո՞ք ուշադիր: Քեթին ընտանիքի միակ երեխան էր: Մայրը կարծում էր, որ աղջիկը մնացած բոլոր երեխաների նման է և վստահ էր, որ բոլորի նման ունի նույն խնդիրները, իսկ հայրը վստահ չէր: Նա շփվում էր այլ երեխաների հետ և զգում էր, որ Քեթին նման չէ մյուսներին, բայց  դժվարանում էր հասկանալ, թե որտեղ է տարբերությունը: Իսկ մեղքն արդեն մանկուց հետապնդում էր աղջկան: Երեխաներին բնորոշ է ստելը, սակայն Քեթին բոլորի նման չէր ստում. նա ամեն ինչ ներկայացնում էր իրեն հարմար և հնարավորինս իրականությանը մոտ ձևով: Անառողջ միջավայրը աղջկան այլ ճանապարհով է տանում: Եկեղեցում՝ խորանի առաջ, ինքնասպան է լինում լատիներենի ուսուցիչը, իսկ երբ տանը Քեթիին հարցնում են թե՝ արդյոք տարօրինակ ոչինչ չի նկատել ուսուցչի վարքագծում, նա պատասխանում է, թե իբր դպրոցում մեկն (իսկ ինքը չի հիշում այդ մեկին) ասել է, որ նա խնդիրներ ուներ Բոստոնում: Ուսուցչի մահը ողջամտության կորստի խորհրդանիշն է: Նա այդ քայլով սպանեց նաև մեղքը, որ այն շարունակություն չունենա, բայց Քեթին շարունակեց իր «զարտուղի ճանապարհը»:

 Հետևելով նրա քայլերի ընթացքին՝ առաջանում են հարցեր. արդյոք Քեթին ընկալում է ընտրության գաղափարը, արդյոք նա ճանաչում է ճիշտը, բայց միտումնավոր ընտրում է սխալը: Ստայնբեքը Քեթիի կերպարին անդրադառնալիս նշում է. «ես վստահ եմ, որ հրեշները լույս աշխարհ են գալիս մարդկանցից»[3]:

 Ըստ հրեական լեգենդի՝ Ադամի առաջին կինը Լիլիթն էր, կնոջ դիվային ամենահին կերպարը: Այս տեսանկյունից Ֆրանչեսկա Լաուսոնը և Կեռի Սոպերը հակասում են Ստայնբեքի մտքին՝ նշելով, որ «Քեթին ընդամենը մեղսագործ կնոջ շարունակությունն է»[4]: Ստայնբեքը ստեղծագործության ավարտին նրան ինքնամաքրման հնարավորություն է տալիս, որը տեղի է ունենում ինքնասպանության միջոցով:

 Ուրեմն սխալ քայլերի ընտրության մեջ գիտակցություն չկա. Դրանք շղթայական, ինքնաբերաբար արվող սխալներ են: Եթե լիներ գիտակցություն, վստահաբար, հրեշը հրեշից կծնվեր, կամ՝ մարդուց կծնվեր մարդ: Ըստ Հաննա Նոելի՝ «Ստայնբեքը Քեթիի կերպարի միջոցով ուզում է ցույց տալ բարոյականության ընտրության ազատությունը»[5]: Բարոյականության ընկալումները, սահմանումները տարբեր են, սակայն Ստայնբեքի այս ստեղծագործության մեջ կնոջ ինքնուրույն կերպար չկա, քանի որ բացակայում է կատարյալ սերը: Սերը վեպում մեծ տեղ է գրավում, բայց այն ինքնուրույն չէ, այն ճանապարհ է, որ բացահայտում է ճակատագրի ողբերգականությունը, իսկ երբ բացակայում է ինքնուրույն սիրո գաղափարը, ազատ ընտրության կարևորությունը քչանում է: Այստեղ միակ կատարյալը մեղքն է:

 Կանանց այլ կերպարներ ևս կան, որոնք կրում են մեղքի գաղափարը: Օրինակ, Սայրըս Թրասկի առաջին կինը՝ Ադամի մայրը, որի անունը Ստայնբեքը չի նշում, ինքնասպանություն է գործում այն հիվանդության պատճառով, որով վարակվել էր ամուսնուց: Ինքնասպանությունը քրիստոնեության մեջ աններելի մեղք է: Քրիստոնեությունն այն ավելի ծանր է համարում, քան՝ ուրիշին սպանելը: Այն հետևանք է անհուսության և հավատքի տկարացման, երբ մարդ կորցնում է հույսն առ Աստված և չի հավատում հավիտենական կյանքին: «Ինքնասպանությամբ մարդ իրեն դատապարտում է հավիտենական տանջանքների, քանի որ մեղքերը քավելու և թողություն ստանալու հնարավորություն այլևս չունի»[6]: Այսինքն՝ կերպարը մնում է մեղքի մեջ, իսկ վերջինս ստանում է իր շարունակությունը: Բայց այդ քայլին տիկին Թրասկը ամուսնու գործած մեղքի արդյունքում է դիմում: Ուրեմն՝ ոչ թե կինը մղեց տղամարդուն մեղսագործման, այլ՝ տղամարդը կնոջը տարավ դեպի մեղքը:

 Վեպի վերնագիրն աղերսներ ունի աստվածաշնչյան դրվագների հետ:

 Աստվածաշնչյան Կայենը և Աբելը Ստայնբեքի ստեղծագործության մեջ արտացոլված են երկու «շերտով». նախ՝ Ադամը և Չարլզը, հետո՝ Ահարոնը և Քալեբը: Սայրըս Թրասկը՝ Ադամի և Չարլզի հայրը, մերժում է Չարլզի թանկարժեք նվեր- դանակը, ինչպես որ Աստված մերժում է Կայենի ընծաները: Չարլզին ու Ադամին բաժանում է խանդը: Ադամը երկրի վրա չի գտնում իր տեղը, նա կարծես հաստատում է այն միտքը, որ մարդու տեղը երկիրը չէ: Չարլզը հնարավորինս փորձում է մեղքից հեռու լինել, սակայն, դեռ փոքր տարիքից նախանձն է իշխում նրան, իսկ այն մահացու մեղքերից մեկն է: Հետո գալիս է Թրասկների նոր սերունդը՝ բերելեով մեղքի ժառանգական շարունակությունը. Ադամի և Քեթիի երկվորյակներին: Այս երկուսը խորացնում են Կայեն-Աբել խզումը:

 Երկվորյակի ծնվելուց հետո Ադամը հոգեբանական բարդ իրավիճակի մեջ էր Քեթիի պատճառով: Երբ Սամուել Հեմիլթոնը իմանում է այս մասին՝ այցելում է նրանց: Հասկանալով, որ երեխաները անուն չունեն, Ադամին առաջարկում է նրանց Կայեն և Աբել կոչել, բայց Ադամը հրաժարվում է՝ վախենալով անուններով պայմանավորված ճակատագրի վտանգից: Անունները, սակայն չշեղեցին նախասահմանվածը: Քալեբը հորը նվիրում է տասնհինգ հազար դոլար, բայց Ադամը հրաժարվում է նվերից: Քալեբը վրեժխնդիր լինելու համար Ահարոնին տանում է անառականոց, որպիսի նա տեսնի իրենց մորը: Սա ճակատագրական քայլ է. Ահարոնը որոշում է գնալ պատերազմ. զոհվում է, իսկ Քալեբը, փաստորեն, անում է այն, ինչ չի արել հորեղբայրը: Քալեբի քայլը մարդասպանի քայլ է: Նրա հոգու մեջ իրար դեմ են դուրս եկել չարն ու բարին: Ահարոնը երազող է: Նա չի պայքարում: Նրա կյանքը երկնային է, իսկ Քալեբինը՝ չափազանց երկրային, իսկ այստեղ՝ հողի վրա, մեղքերն ամենաշատն են:

 Այսպես՝ Աստված Աբելին նախընտրեց Կայենից, Սայրըս Թրասկը Ադամին նախընտրեց Չարլզից, Ադամը Ահարոնին՝ Քալեբից:

 Ստայնբեքը հետաքրքիր համեմատություններով է ներկայացնում կանանց կերպարները: Լիզա Հեմիլթոնը և՛ լավ մայր է, և՛ լավ կին: Նա ավանդապաշտ է: Հեղինակը այս կերպարը հակադրում է Քեթիին, իսկ այս երկուսի մեջտեղում Աբրան է, որը, «կարծես այս երկու կանանց «խառնուրդը» լինի»[7]: Նա կարողանում է մեղքից խուսափել, գիտակցում է, որ արհեստական զգացմունքները ճիշտ ճանապարհ չեն ուղղորդում և կարողանում է լինել ճիշտ մարդու կողքին՝ ճիշտ ժամանակին: Իր ներկայությամբ նա կօգնի Քալեբին վերակառուցել կյանքը:

 Սամուել Հեմիլթոնը Ադամին փորձում է հեռու պահել այն սխալներից, որոնք կդառնային մեղքի սաղմ: Միայն երեխաներին անուններ տալը և Ադամին ընկճված իրավիճակից սթափեցնելը արդեն վկայում է նրա կերպարի ոչ սովորական լինելը: Ստեղծագործության իրատես և իմաստուն կերպարներից է Լին՝ Թրասկների ընտանիքի «լուսավոր» բարեկամը: Լին ու Հեմիլթոնը հաճախ են զրուցում կյանքի, մարդկային հոգու մասին, նրանք միասին քննարկում են աստվածաշնչյան դրվագներ: Նրանք մի մեղք ունեն. ժառանգական մեղքը, որ բոլորինս է:

 «Մեղքը ամբողջ քաղաքում է: Եկեղեցին և անառականոցը Ֆար Ուեսթում հայտնվեցին միաժամանակ»[8]:

 

 

[1] Steinbeck John, "East of Eden", Penguin Books, New York, 2002, p. 72.

[2] Saputra Bianca, Steinbeck’s East of Eden: Redefining the Evil within Cathy Ames, Hoffman Estates, USA, 2018, p. 19.

[3] Steinbeck John, "East of Eden", Penguin Books, New York, 2002, p. 71.

[4] Lawson Francesca, Soper Kerry, Cathy Trask, Monstrosity, and Gender-Based Fears in John Steinbeck’s East of Eden, Brigham Young University, 2014, p. 5.

[5] Noël Hannah, Defending Steinbeck: Morality, Philosophy, and Sentimentality in East of Eden, The University of North Carolina at Asheville, 2015, p. 3.

[6] http://www.roundtable-act.am/library/276849344_Suicide.pdf

[7] Shabanirad Ensieh, Mostafaei Somaye, A Feminist Reading of East of Eden By John Steinbeck, University of Semnan, Iran, 2015, p. 146.

[8] Steinbeck John, "East of Eden", Penguin Books, New York, 2002, p. 215.

 

 Գրականության ցանկ

  • Saputra Bianca, Steinbeck’s East of Eden: Redefining the Evil within Cathy Ames, Hoffman Estates, USA.
  • Shabanirad Ensieh, Mostafaei Somaye, A Feminist Reading of East of Eden By John Steinbeck, University of Semnan, Iran, 2015.
  • Steinbeck John, "East of Eden", Penguin Books, New York, 2002.
  • Lawson Francesca, Soper Kerry, Cathy Trask, Monstrosity, and Gender-Based Fears in John Steinbeck’s East of Eden, Brigham Young University, 2014.
  • Noël Hannah, Defending Steinbeck: Morality, Philosophy, and Sentimentality in East of Eden, The University of North Carolina at Asheville, 2015.

 Ինտերնետային աղբյուր

  • http://www.roundtable-act.am/library/276849344_Suicide.pdf

 

 

  • Created on .
  • Hits: 700