Սեդա Մանուկյան. Ռոսլինի՝ Մալաթիայի ավետարանի մի էջի ընդօրինակություն

Կիլիկյան մանրանկարչության գլուխգործոցները, ինչպես գիտենք, նախօրինակ են հանդիսացել հայ­կա­կան մանրանկարչական տարբեր դպրոցների համար: Մեզ հասած կրկնօրինակները բավական են փաս­տելու համար, որ այդ հարցում առաջատարը Ղրիմի մանրանկարչական դպրոցն էր, որ պայ­մա­նա­վոր­ված է բազ­մաթիվ գործոններով: Նկատի ունենանք, որ ոչ միայն կիլիկյան ձեռագրերն էին տարվել Ղրիմ և այնտեղ հաճախ ծառայել որպես նախօրինակներ, այլև ղրիմեցի վարպետներն էին գալիս Կիլիկիա և ծանոթանում կիլիկյան ար­վես­տին[1]: Բացի այդ, Կիլիկյան թագավորության անկումից հետո բազմաթիվ կիլիկեցի հայեր, այդ թվում՝ գրիչներ և ծաղկողներ, հաստատվեցին Ղրիմում՝ արդեն տեղում շարունակելով զարգացնել կիլիկյան ման­րանկարչության ավանդույթները:

Ղրիմի հայ վարպետներն օգտագործել են կիլիկյան լավագույն օրինակները, որոնց թվում են Ութ մանրանկարիչների ավետարանը (ՄՄ 7651), որն ամբողջությամբ կրկնօրինակել է Ղրիմի ման­րա­նկար­չա­կան դպրոցի նշանավոր ծաղկող Նիկողայոս Մելանավորը (ՄՄ 6341),seda1 իսկ ՄՄ 7623 ձեռագրի համար Մելանավորն օգտվել է կիլիկյան ՄՄ 2629 ձեռագրի Մատթեոսի պատկերից: Սմբատ Գունդս­տաբլի (ՄՄ 7644) ավետարանի[2] Մատթեոսի պատկերը` որպես նախօրինակ, օգտագործել է Քրիս­­տոսատուր ծաղկողը ՄՄ 7686 ձեռագրի Մատթեոսի պատկերի համար sed2:

 

 

 

 

 

 

Ղրիմի մանրանկարչության լավագույն նախօրինակների մասին մեզ հայտնում են հիշատա­կա­րան­նե­րը, որոնցից տեղեկանում ենք, որ Ութ մանրանկարիչների ավե­տարանը տարվել է Կաֆա. «Եւ դարձեալ, ես՝ անարժանս Ստեփանոս եպիսկոպոս մայրաքաղաքին Սեփաս(տ)իոյ, զանառիկ գանձս, կենաց քա­րոզս եւ բարձր պատուիրանիս, աստուածապատում սուրբ Աւետարանս առի փախըստական ի յայլազ­գաց եւ եկի ի մայրաքաղաք ի Կաֆա, կացի յոլով ժամանակս ինչ, եւ դառնամ ի տունս մեր հայրենի…» (270բ)[3]:

Նմանօրինակ հիշատակարաններ գտնում ենք նաև ղրիմյան ձեռագրերում. օրինակ՝ ՄՄ 7598 ձե­ռա­գրում. «…ի ստոյգ և յընտիր աւրինակէ, ևս առաւել համա­բայիցն, զի գաղափար սորին ի հռչակաւոր ա­նա­պատին էր գրած, զոր Դրազարկ անուանի»[4]:

Հետաքրքրական է, որ այն օրինակը, որի մասին խոսելու ենք, Ռոսլինի գործերի՝ Ղրիմ հասած միակ օրինակը չէ։ Երուսաղեմում պահվող (Հմր 251)՝ Հռոմկլայում 1260 թ. գրված և նկարազարդված Ավե­տա­րանը ևս հասել է Ղրիմ՝ Կաֆա, որտեղ տեղափոխված Կոստանդին Վահկացին գնել է այն. «Եւ էր սբ. Աւետարանս ի խոճայ Ասիլատինն ի մաւտ գրավական, որ էր ազգաւ ասորի, ՌԲՃ. (1200) դրամաւ»[5]:

Այսպիսով, մեր քննության թեման նման մի օրինակ է՝ 1747 թ. Կեոզլեվում (Ղրիմ) գրված Խորհր­դա­տետր (ՄՄ 7658): Այն գրել և ծաղկել է Եզեկիել երեցը. «Ձեռամբ մեղօք զառածեալ Եզեկիէլ մահտեսի իրիցու, ի գիւղաքաղաքս Կեօզլէվ, ընդ հովանեաւ Սրբոյն Նիկողայոս եկեղեցւոյն: Եւ ի թվականիս մե­րում ՌՃՂԶ. (1747) ամին, յուլիսի ամսոյ Ժ. (10)» (27բ): Հետագայի հիշատակարանը նվիրված է հանգուցյալ Սարգսի հո­գուն՝ «ի դռան Սուրբ Նիկողայոս եկե­­ղեցուն, որէ ի քաղաքըն Կօզլեվեու» (28ա): Ձե­ռա­գրի առաջին էջին 1922 թ. հիշատակություն կա. «Նոր Նախիջևանի Ս. Նի­կո­ղայոս եկեղեցի, 1922թ. յունիս 14»:

Բուն ձեռագիրը հետաքրքիր նկարազարդումներ ունի՝ հիմնականում սրբերի պատ­կերներով և ծի­սա­կան տեսարաններով: Սակայն մեր ուշադրությունը գրավեց ձե­ռագրի կազմի վրա փակցված ման­րա­նկա­րը, որը ժամանակին պատկանել է այլ ձեռագրի:

Հետաքրքիր է, որ նույն՝ Եզեկիել գրչի ՄՄ 2852 ձեռագրի կազմին ևս փակցված է մեկ այլ՝ «Խա­չե­լու­թյու­նը» ներկայացնող պատկեր և բնագրային տարբեր պա­տա­ռիկ­ներ: Մեր օրինակում «Ղազարոսի հա­րությունն» է,seda3 որը, ինչպես մեզ հաջողվեց պարզել, Թորոս Ռոսլինի Մալաթիայի ավետարանի (ՄՄ 10675) նույ­նա­նուն տե­սա­րա­նի հրաշալի ընդօրինակումն է:

Մանրանկարի նյութը թուղթ է՝ առնված կարմիր շրջանակի մեջ, ինչը բնօրինակում չկա: Տեսարանը, կարծես, բաժանված լինի երկու մասի, սակայն հորինվածքի կենտրոնը Քրիստոսն է: Ճարտա­րա­պե­տա­կան խորքին գերեզմանից դուրս եկող Ղազարոսն է՝ ժպիտը դեմքին, գլուխն ու հայացքը թեքած դեպի Քրիստոսը: Ղազարոսի պատանքի եզրից բռնել է ծառան՝ հագուստի թևքով փակելով բերանը, իսկ մուգ կարմիր շապիկը կենդանություն է հաղորդում կապտադեղնաշագանակագույն գունապնակին:

Ժայռերի խորքին պատկերված է Քրիստոս՝ ընթացքի մեջ, կարծես ասելով. «Ղազարէ՝ արի եկ ար­տաքս» (Յովհ. ԺԱ., 43), նրա ետևում աշակերտներն են, որոնցից երեքն են հստակ երևում, մյուսների միայն լուսապսակներն են ուրվագծվում: Տեսարանի ներքևում Քրիստոսի ոտքերի առջև Ղազարոսի քույ­րերն են՝ մուգ կապույտ և շագանակագույն հանդերձներով, որոնցից մեկը թեքվել է դեպի գե­րեզ­մանը: Առանձնահատուկ հետաքրքրություն ունի մի փոքր հեռու, ձախ անկյունում փոքրիկ մի պատկեր՝ ձեռքը պարզած դեպի Քրիստոսը, որը բնօրինակում չկա: Սովորաբար, տեսարանում պատկերվում է նաև հրեաների խումբը, որը եկել էր հարության հրաշքը տեսնելու, ինչպես օրինակ ՄՄ 9422 ձեռագրում է:

1267 թ. Կոստանդին Բարձրբերդցի կաթողիկոսի պատվերով գրված Մալաթիայի ավետարանի[6] նույնանուն տեսարանում պատկերների դասավորությունը կարելի է ասել գրեթե նույնությամբ կրկնօ­րի­նակված է ղրիմյան օրինակում: Ռոսլինյան մանրանկարի պատկերները, սակայն, ավելի շարժուն են և զգացմունքային: Պահպանելով գունային հիմնական լուծումները՝ ղրիմյան օրինակի ծաղկողն ան­հա­տական վերաբերմունք է ցուցաբերել` արտահայտված հատկապես Ղազարոսի պատանքի սառը կապ­տա­մոխ­րագույնում: Քրիստոսի կերպարի մշակման հարցում փորձելով հավատարիմ մնալ բնօրինակին՝ ղրիմեցի ծաղկողը առաքյալների պատկերների մշակման հարցում ևս հեռացել է ռոսլինյան օրինակից:

Տեսարանի խորքի աջ մասը, ցավոք, վնասված է, սակայն պահպանված հատվածից կարող ենք ենթադրել, որ վերարտադրվել է բնօրինակի ժայռային հատվածը, նաև ծառերի ոճավորված պատ­կեր­ներ, մինչդեռ դիմացի ճարտարապետական շինությունը տարբերվում է. Ղազարոսը ելնում է կիսակլոր գմբեթ ունեցող գերեզմանից, գուցե բնորոշ այն միջավայրին, որտեղ ստեղծվել է այս մանրանկարի մայր ձեռագիրը: Ռոսլինյան ոսկուց այստեղ պահպանված է թղթի բնական դեղնությունը, ինչն ավելի է ընդգծում կերպարները: Սակայն նախնական վիճակում այստեղ ևս ոսկին օգտագործված է եղել, ինչի մասին վկայում են տեղ-տեղ պահպանված հատվածները:

Այստեղ հարց է առաջանում, թե ո՞վ է ղրիմյան օրինակի ձախակողմյան անկյունում ներկայացված պատկերը. արդյո՞ք ծաղկողն իրեն է ներկայացրել՝ հաշվի առնելով այն, որ գործ ունենք այս տեսա­րա­նի համար անսովոր պատկերատիպի հետ, քանի որ, սովորաբար, մարդկանց խումբ է պատկերվում (նվա­զագույնը 2-3 հոգի): Սակայն պատկերատիպը թույլ չի տալիս այն  ծաղկողի նկարը համարել: Նաև հարց է, թե ինչպես է Ռոսլինյան Ավետարանը հայտնվել Ղրիմում. բացառված չէ, որ գուցե ղրիմեցի ծաղկողն այն ընդօրինակել է դեռևս Կիլիկիայում, ինչը քիչ հավանական է թվում, քանի որ մեր պատառիկը վստահորեն նկարված է ԺԴ. դարից ոչ շուտ: Պակաս հավանական է այն, որ այս պա­տա­ռի­կը նկարած լինի նույն ձեռագրի ծաղկողը նույն ժամանակաշրջանում, քանի որ բուն ձեռագիրը նկա­րա­զար­դած ծաղկողի ձեռքը շատ տարբեր է: Ասվածն ապացուցում է նաև ներկանյութերի քննությունը:

Այս պատառիկի քննությունը կարևոր է նաև նրանով, որ մեզ թույլ է տալու բացելու Մալաթիայի ավետարանի անցած ճանապարհի մի նոր էջ՝ շատ ավելի հավանական համարելով, որ այն որոշ ժա­մա­նակ պահվել է Ղրիմի գրչատներից մեկում, որտեղ և ընդօրինակվել է: Ի դեպ, պատկերը փնտրեցինք ղրի­մեցի մեզ հայտնի ծաղկողների գործերի շարքում, բայց որևէ մեկի հետ ընդհանրություններ գտնել չկարողացանք: Կարծում ենք՝ անհաւանական չէ նաև ենթադրելը, որ մեր նկարը կարող է օրինակված լինել Ռոսլինի ձեռագրից պատճենված և այժմ անհայտ միջնորդ մի ձեռագրից։

Ցավոք, Մալաթիայի ավետարանի մեզ հասած հիշատակարանները ևս մանրամասն տեղեկություն չեն տալիս Ավետարանի անցած ճանապարհի մասին: Հետագա հիշատակարանից տեղեկանում ենք, որ 1454 թ. ձեռագիրը կրկին կազմել են, հավանաբար Մալաթիայում (331բ):

Դրանից ավելի վաղ հիշատակություն, ցավոք, չկա: Հստակ է սակայն, որ մինչև Հեթում Բ. արքայի մահը՝ 1307 թ. ձեռագիրը գտնվել է լավ պայմաններում[7], որից հետո արդեն ձեռագրի ճակա­տա­գիրն անհայտ է՝ ընդհուպ մինչև 1454 թ.:

Հավանական է, որ մինչև Մալաթիա հասնելը ձեռագիրն ինչ-որ ժամանակ, հավանաբար ԺԴ. դարում, հայտնվել է Ղրիմում: Հաշվի առնելով նաև ոճական և պատկերագրական առանձնահատկությունները՝ կա­րող ենք այս պատառիկը թվագրել նույն ԺԴ. դարով՝ համարելով այն Մալաթիայի ավետարանի ղրիմ­յան կրկնօրինակ: Ի դեպ, Մալաթիայի ավետարանի վերջին հիշատակությունը դարձյալ Մալաթիայից է՝ արված 1741 թ.[8]:

Այսպիսով, այս հիշատակարանները թույլ են տալիս չբացառել, որ 15-18-րդ դարերում ձեռագիրը գտնվել է Մալաթիայում, ապա Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հասել Երուսաղեմ: Իսկ թե որտեղ է հայտնվել Կիլիկյան հայկական թագավորության անկումից հետո, կարող ենք ենթադրել մեզ հասած պատառիկի օգնությամբ:

Թվում էր, թե այս պառատիկի վերաբերմամբ այլևս ասելիք չկա, սակայն Մատենադարանի վերա­կանգ­նողական բաժնում պատառիկը առանձնացվեց կազմից և նորոգվելուց հետո ձեռագրի սկզբում դրվեց որպես պատառիկ-պահպանակ[9]: Նորոգման աշխատանքի ընթացքում ձեռագրի՝ հետագայում ար­ված ծաղկաթղթով կազմի տակից ավագ վերականգնող Լիլիթ Բաչաչյանը հայտնաբերեց մանրանկարի մի նոր շերտ, որը ևս որպես պատառիկ-պահպանակ դրվեց ձեռագրի վերջում:sed4

Մանրանկարի հատվածները փակցված էին մեր խնդրո առարկա մանրանկարի վերևի և ներքևի աջ անկյուններում՝ դեմքով դեպի դուրս և մեր մանրանկարին չեն վերաբերում: Միայն առանձին կտորնե­րով պահպանվածության պատճառով դժվարանում ենք ասել, թե ինչ տեսարան է պատկերված եղել. գու­ցե առանձին մանրանկարների մնացորդներ են, սակայն շատ հավանական է, որ պատկանել են նույն ձեռագրին, քանի որ լուսապսակով պահպանված պատկերների (հավանաբար առաքյալների) առանձին հատվածները՝ դեմքի և հագուստի մշակումը, ոճական և պատկերագրական զուգահեռներից բացի, ունեն նաև ներկանյութի ընդհանրություններ:

Վերականգնողական բաժնի գիտաշխատող Արմին Խորոզյանի՝ ներկանյութերի սպեկտորասկոպով ա­րած քննությունը պատասխանում է մի շարք հարցերի: Ըստ այդմ՝ բուն ձեռագրի, որի կազմին ամ­րաց­ված էին այս պատառիկները, թանաքի սևը ընկույզի ածխային խառնուրդ է, կարմիրը՝ որդան կարմիրի: Բուն ձեռագրի մանրանկարների կապույտը ուլտրամարին է և կապարի սպիտակ, սևը՝ ածխային, սպի­տա­կը՝ կապարի սպիտակ, կանաչը՝ հողային քարի տեսակից (green yeart), դեղինը՝ հողային սի­լի­կատների փոշի (terra alba): Ի դեպ, սպիտակը խառնված է բոլոր գույների հետ, իսկ ոսկու շերտի տակ ներկված է եղել կանաչով:

Գալով ռոսլինյան կրկնօրինակին՝ նշենք, որ բուն ձեռագրի ներկանյութերը տարբերվում են այս պա­տա­ռիկի նյութերից, ըստ այդմ, այստեղ մեր պատառիկի՝ բուն ձեռագրի գրչության ժամանակ ստեղծ­ված լինելու հարցը վերանում է: Մեր պատառիկի կապույտը լազուրիտ է, կարմիրը՝ որդան կարմիր, շա­գանակագույնը՝ որդան կարմիր, խառնուրդով, սևը՝ ածխային, կանաչը՝ verdignis (ստացվում է քա­րից) և խառնուրդ:

Այսպիսով, գունային այս լուծումները գտնում ենք նաև կազմի տակից դուրս եկած մանրանկարի մասունքներից, ինչը թույլ է տալիս չբացառել, որ այս պատառիկներն ստեղծվել են մանրանկարչական նույն դպրոցում, սակայն դժվարանում ենք պնդել դրանց՝ նույն ձեռագրին պատկանելը՝ հաշի առնելով ոճական տարբերությունները:

Այս ձեռագրի և պատառիկների քննությունն առանձնահատուկ հետաքրքրություն ունի, քանի որ բա­ցահայտում է հայկական մանրանկարչության նոր շերտեր, տալիս տարբեր հարցերի պատաս­խան­ներ, մի­ևնույն ժամանակ առաջացնելով նոր հարցեր, հատկապես մի ամբողջ դպրոցի՝ Ղրիմի մանրա­նկար­չու­թյան ներկանյութերի քննության մեջ:

 

[1] Այս հարցին մանրամասն անդրադարձել է Էմմա Կորխմազյանը, տե՛ս Э. Корхмазян, Армянская миниатюра Крыма, Ереван, 1978, с. 24:

[2] Այս ձեռագիրը Մաշտոցյան Մատենադարան է եկել Ղրիմ-Նոր Նախիջևան ուղիով. տե՛ս Օնիկ Եգանյան, «Մատե­նա­դա­րա­նի ձեռագրական հավաքածուները», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի, հտ. Ա., Երևան, 1965, էջ 153:

[3] Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, ԺԴ. դար, Մասն Ա. (1301-1325), կազմ. ՝ Լ. Խաչիկյան, Ա. Մաթևոսյան, Ա. Ղազարոսյան, Երևան, 2018, էջ 409:

[4] Լ. Խաչիկյան, ԺԴ. դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, Երևան, 1950, էջ 399:

[5] Ն. եպս. Պողարեան, Մայր ցուցակ հայերեն ձեռագրաց սրբոց Հակոբեանց, հտ. Բ., Երուսաղեմ, 1967, Էջ 19:

[6] Մալաթիայի ավետարանի մասին ավելի մանրամասն տե՛ս S. Der-Nersessian, “Miniature Painting in the Armenian Kingdom of Cilicia from the Twelfth to the Fourteenth Century”, Dumbarton Oaks, 1993, pp. 54-55, И. Дрампян, “Художественные особенности искусства Тороса Рослин (миниатюры Малатийского Еван­гелия)”, ДРИ (Древнерусское искусство), 1983, с. 331-341., И. Дрампян, Торос Рослин, Ереван, 2000, с. 226-232, Լ. Չուգասզյան, «Ծննդյան թեման Թորոս Ռոսլինի արվեստում», ԲՄ, Հմր 15, Երևան, 1986, էջ 145-172:

[7] Տե՛ս И. Дрампян, Торос Рослин, с. 229:

[8] Ձեռագրի՝ Երուսաղեմում հայտնվելու, Սոթբիի աճուրդից հանվելու, ապա՝ Մատենադարան հասնելու մասին տե՛ս И. Дрампян, Торос Рослин, с. 230:

[9] Շնորհակալություն ենք հայտնում Մատենադարանի գլխավոր ավանդապահ Գևորգ Տեր-Վարդանյանին  խորհուրդ­նե­րի և Վերականգնողական բաժնի ղեկավար Գայանե Էլիազյանին՝ ձեռագրի նորոգումը և ներկանյութերի փոր­ձա­քննությունը կազմակերպելու համար:

 

Հոդվածը տպագրվել է «Բանբեր Մատենադարանի» 28֊րդ համարում (Երևան, 2019)

  • Created on .
  • Hits: 2487

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: