Բորիս Էյխենբաում. Ինչպես է «կարված» Գոգոլի «Շինելը». Մաս երկրորդ

Հոդվածի առաջին մասն՝ այստեղ:

«Շինել»-ում Գոգոլը իր գործող հերոսներին քիչ է խոսելու իրավունք տալիս, և ինչպես միշտ գոգոլյան հերոսների խոսքը յուրահատուկ ձևով է կառուցված, այնպես որ չնայած անհատական տարբերություններին՝ այն երբեք առօրյա խոսակցական խոսքի տպավորություն չի ստեղծում, ինչպես, օրինակ, Օստրովսկու մոտ (իզուր չէ, որ Գոգոլը նաև այլ կերպ էր ընթերցում), այն միշտ ոճավորված է։ Ակակի Ակակիևիչի խոսքը մտնում է գոգոլյան դիմախոսական արտասանության և հնչյունային խոսքի ընդհանուր համակարգի մեջ, այն հատուկ կառուցված ու լրացված է մեկնաբանություններով․ «Հարկավոր է գիտենալ, որ Ակակի Ակակիևիչը բացատրվում էր մեծ մասամբ նախդիրներով, մակբայներով և վերջապես, այնպիսի մասնիկներով, որոնք ամենևին ոչ մի նշանակություն չունեն»։ Հակառակ Ակակի Ակակիևիչի կցկտուր արտասանությանը՝ Պետրովիչի խոսքը կտրուկ է, հակիրճ, կոպիտ և հակադրություն է ստեղծում, կենցաղային երանգավորում դրանում չկա, դրան չի համապատասխանում առօրեական հնչերանգը, այն «հայտնաբերված է» և պայմանական է, ինչպես որ Ակակի Ակակիևիչի խոսքը։ Ինչպես միշտ Գոգոլի մոտ (հմմտ․ «Հնաշխարհիկ կալվածատերեր», «Պատմվածք այն մասին, թե ինչպես գժտվեցին Իվան Իվանովիչն ու Իվան Նիկիֆորովիչը», «Մեռած հոգիներ» և պիեսները) այդ նախադասությունները գոյություն ունեն ժամանակից և հանգամանքից դուրս՝ հաստատուն և մեկընդմիշտ․ լեզու, որով կարող էին խոսել խամաճիկները։ Այդ կերպ է երևան հանված  նաև Գոգոլի սեփական խոսքը՝ նրա պատումը։ «Շինել»-ում յուրահատուկ անփույթ, միամիտ շաղակրատանքի ոճավորում է տրված այդ պատումին։ Ասես թե այդ բոլոր «անպետք» մանրամասնություններն ինքնաբերաբար են դուրս պրծնում․ «․․․աջ կողմը կանգնած էր քավորը, ամենահրաշալի մի մարդ, Իվան Իվանովիչ Երոշկինը, որ իբրև սեղանապետ ծառայում էր սենատում, ու սանամայրը, թաղային սպայի կին - Արինա Սեմյոնովնա Բելոբրյուշկովան»։ Կամ նրա պատումը մտերմիկ, անկաշկանդ շատախոսության բնույթ է ստանում․ «Այս դերձակի մասին, իհարկե, չպետք էր շատ խոսել, բայց քանի որ արդեն ընդունված է, որպեսզի վիպակի մեջ ամեն մի անձի բնավորությունը կատարելապես նշված լինի, ապա ի՞նչ արած՝ համեցե՛ք արեք նաև Պետրովիչին»։ Այս դեպքում կատակերգական հնարքն այն է, որ նման հայտարարությունից հետո Պետրովիչի «բնավորությունը» ավարտվում է՝ մատնանշելով այն, որ անխտիր բոլոր տոն օրերին թունդ խմում էր։ Նույնը կրկնվում է նաև կնոջ դեպքում․ «Քանի որ մենք արդեն հիշատակեցինք կնոջը, ուստի հարկավոր կլինի նրա մասին էլ երկու խոսք ասել, բայց, ցավոք սրտի, նրա մասին քիչ բան էր հայտնի, բացի միայն այն, որ Պետրովիչը կին ունի, որը նույնիսկ գլխաթասակ է կրում և ոչ թե աղլուխ․ բայց, ինչպես թվում է, նա չէր կարող պարծենալ գեղեցկությամբ․ գոնե միայն գվարդիական զինվորներն էին հանդիպելիս նայում նրա երեսին, շարժում բեղերը և ինչ-որ մի առանձին ձայն հանում»։ Մի նախադասություն կա, որում պատումի այս ոճը յուրահատուկ շեշտակիությամբ է արտացոլված․ «Թե որտեղ էր ապրում հրավիրող աստիճանավորը, ցավոք սրտի չենք կարող ասել․ հիշողությունը սկսում է խիստ դավաճանել մեզ, ու ամեն ինչ, որ կա Պետերբուրգում, բոլոր փողոցները և տները այնպես են միաձուլվել ու խառնվել գլխումս, որ շատ դժվար էր այնտեղից որևէ մի բան հանել կարգին վիճակում»։ Եթե այս նախադասությանն ավելացնենք բոլոր բազմաթիվ «ինչ-որ»-ները, «ցավոք սրտի, քիչ բան էր հայտնի»-ները, «հայտնի չէ»-ները, «չեմ հիշում»-ները և այլն, ապա պատկերացում կկազմենք պատումի՝ ամբողջ պատմվածքին իրական պատմության պատրանք հաղորդող հնարքի մասին, որ ավանդվում է որպես մի փաստ, որը ոչ բոլոր մանրամասնություններով է հայտնի պատմողին։ Նա և՛ հաճույքով շեղվում է բուն զվարճապատումից, և՛ ավելացնում միջանկյալ «ասում են, թե»-ներ․ այսպես՝ սկզբում ոստիկանապետի խնդրանքի («չեմ հիշում թե որ քաղաքի»), Բաշմաչկինի նախնիների, Ֆայլկոնեի մոնումենտի ձիու պոչի, տիտուլյար խորհրդատուի[1] մասին, որը վարիչ դառնալուց հետո ինքն իր համար հատուկ սենյակ առանձնացրեց՝ անվանելով այն «ատենասենյակ» և այլն։ Հայտնի է, որ պատմվածքն ինքնին ծագել է չունևոր աստիճանավորի մասին «գրասենյակային զվարճապատումից», որը կորցրել էր իր զենքն ու որի ձեռքբերման համար երկար ժամանակ գումար էր հավաքել։ «Զվարճապատումը նրա զարմանահրաշ «Շինել» պատմվածքի հիմնաքարային գաղափարն էր»,-ասում է Պ․ Վ․ Աննենկովը։ Դրա սկզբնական վերնագիրն էր՝ «Պատմվածք շինելներ գողացող չինովնիկի մասին»[2], սևագրային տարբերակում պատումի ընդհանուր բնույթը աչքի էր ընկնում անփույթ շատախոսությունների և մտերմավարության է՛լ ավելի մեծ ոճավորմամբ․ «Արդարև, չեմ հիշում նրա ազգանունը», «Էությամբ այն շատ բարի կենդանի էր․․․»[3] և այլն։ Վերջնական տարբերակում Գոգոլը նմանատիպ հնարքները փոքր-ինչ աննկատելի դարձրեց, պատմվածքը հագեցրեց բառախաղերով և զվարճապատումներով, բայց միաժամանակ դեկլամացիա կիրարկեց՝ այդպիսով բարդացնելով նախնական կոմպոզիցիոն շերտը։ Արդյունքում ստացվեց մի գրոտեսկ, որում ծիծաղի դիմախոսությունը փոխարինվում է վշտի դիմախոսությամբ․ երկուսն էլ հնչերանգի և ժեստերի պայմանական հերթագայությամբ խաղի դիտավորություն ունեն։

Այժմ դիտարկենք հենց այդ հերթագայությունը, որպեսզի որսանք առանձին հնարքների զուգակցման տեսակը։ Զուգակցման կամ կոմպոզիցիայի հիմքում ընկած է պատումը, որի առանձնահատկությունները սահմանվեցին վերոգրյալ հատվածում։ Պարզվեց, որ այդ պատումը ոչ թե պատմողական է, այլ դիմախոսական-արտասանական․ ոչ թե պատմողն է թաքնված «Շինելի» տպագիր տեքստի հետևում, այլ կատարողը՝ համարյա դերասանը։ Ի վերջո ո՞րն է այդ դերի սցենարը, ո՞րն է դրա սխեման։

Սկիզբը բախում է, դադար, տոնի կտրուկ փոփոխություն։ Պաշտոնական ներածությունը («Դեպարտամենտում») հանկարծակի ընդհատվում է, և պատմողի էպիկական հնչերանգը, որը միանգամայն սպասելի է, փոխվում է մեկ ուրիշ տոնով՝ չափազանցված հուզմունքի և հեգնանքի։ Իմպրովիզացիայի տպավորություն է ստեղծվում․ սկզբնական կոմպոզիցիան միանգամից ինչ-որ խոտորումների է տեղի տալիս։ Դեռ ոչինչ չի ասվել, բայց արդեն անփույթ ու հապճեպ պատմված զվարճապատում կա («չեմ հիշում թե որ քաղաքի», «ինչ-որ ռոմանտիկական երկի»)։ Սակայն դրանից հետո վերադառնում է, ըստ երևույթին, սկզբում նկատի առնված տոնը․ «Այսպես ուրեմն, մի դեպարտամենտում ծառայում էր մի աստիճանավոր»։ Բայց և այնպես, էպիկական պատումի այս ներածական մասն անմիջապես փոխվում է այն նախադասությամբ, որի մասին նախորդ հատվածում արդեն խոսվել էր․ այն ողջ էությամբ այնքան ձայնաբանական է ու այնքան հմտորեն գտնված, որ պաշտոնական պատումից ոչինչ չի մնում։ Գոգոլն իր դերի մեջ է մտնում, և բառերի այդ արտասովոր, ապշեցնող հավաքածուն հոյակապ հնչողությամբ և համարյա անիմաստ բառով («геморроидальный») ամփոփելով՝ դիմախոսական ժեստով փակում է այդ շարքը․ «Ի՜նչ արած, Պետերբուրգի կլիման է մեղավոր»։ Անձնական տոնը՝ գոգոլյան պատումի բոլոր հնարքներով հանդերձ, անշուշտ, արմատավորվում է պատումի մեջ և գրոտեսկային ծամածռության բնույթ է ստանում։ Դրանով արդեն իսկ նախապատրաստվում է անցումը ազգանվան հետ բառախաղին և Ակակի Ակակիևիչի ծնունդի և անվանակոչման մասին զվարճապատումին։ Այդ զվարճապատումը վերջափակող պաշտոնական նախադասությունները («Այս կերպ էլ ծագեց Ակակի Ակակիևիչը․․․ Այսպես ուրեմն, ահա թե ինչ կերպ ծագեց այդ ամենը»։) պատմողական ոճի հետ խաղի տպավորություն են ստեղծում․ իզուր չէ, որ դրանցում նույնպես աննշան բառախաղ է թաքնված, որն անփույթ կրկնությունների տպավորություն է ստեղծում։ Ծաղրանքի հեղեղ է սկսվում․ պատումն այս կերպ շարունակվում է ընդհուպ մինչև հետևյալ նախադասությունը․ «...ոչ մի բառով չէր պատասխանում...»։ Այստեղ կատակերգական պատումը հանկարծակիորեն ընդհատվում է սենտիմենտալ-մելոդրամատիկական շեղումներով, որոնք զգացմունքային ոճին հատուկ հնարքներ ունեն։ Այս հնարքով «Շինելը» սովորական զվարճապատումից գրոտեսկի է վերաճում։ Այս դրվագի սենտիմենտալ և միտումնավոր հասարակ (դրանով գրոտեսկը նմանվում է մելոդրամային) բովանդակությունը փոխանցվում է լարվածորեն ահագնացող հնչերանգի միջոցով, որը հանդիսավոր, պաթետիկ բնույթ ունի (սկզբի «և»-երն ու բառերի հատուկ շարադասությունը․ «Եվ ինչ-որ մի տարօրինակ բան կար... Ու հետո երկար ժամանակ... նրան պատկերանում էր... Իր ներթափանցող բառերով... Ու, ձեռքով ծածկում էր դեմքը... Ու հետո շատ անգամ ցնցվում էր...»)։ «Բեմական պատրանք» հիշեցնող ինչ-որ հնարք է ստացվում, երբ դերասանը հանկարծ կարծես թե դուրս է գալիս իր դերից ու սկսում է մարդու պես խոսել (հմմտ․ «Ռևիզոր»-ում «Ինչի՞ վրա եք ծիծաղում, ինքներդ ձե՛զ վրա եք ծիծաղում» կամ հայտնի «Ձանձրալի է այս աշխարհում, պարոնայք»՝ «Պատմվածք այն մասին, թե ինչպես գժտվեցին Իվան Իվանովիչն ու Իվան Նիկիֆորովիչը)։ Այս հատվածն ընդունված է ընկալել բառացիորեն, այն է՝ կատակերգական նովելը գրոտեսկ դարձնող և «անհավանական» վերջամաս պատրաստող գեղարվեստական հնարքը ընդունվում է որպես «հոգու» անկեղծ միջամտություն։ Ինչպես նշում է Կարամզինը[4], եթե նման խաբեությունը «արվեստի հաղթանակ»-ն է, եթե դիտողների միամտությունը հաճելի է լինում, ապա գիտության համար նման միամտությունը ամենևին հաղթանակ չէ, որովհետև բացահայտում է դրա անզորությունը։ Նման բացատրությամբ խախտվում են «Շինելի» ամբողջ կառուցվածքը, դրա ողջ գեղարվեստական մտահղացումը։ Հիմք ընդունելով այն հիմնական դրույթը, որ գեղարվեստական ստեղծագործության ոչ մի նախադասություն ինքնին չի կարող հեղինակի անձնական զգացմունքների հասարակ «արտացոլումը» լինել, և միշտ գոյություն ունի կառուցվածք և խաղ, նմանատիպ հատվածում՝ բացի որոշակի գեղարվեստական հնարքից՝ չենք կարող և ոչ մի իրավունք չունենք ինչ-որ ուրիշ բան տեսնելու։

Որևէ առանձին դատողություն հեղինակային հոգու հոգեբանական բովանդակության հետ նույնացնելու ընդունված եղանակը գիտության համար սխալ ուղի է։ Այս առումով արվեստագետի՝ տարբեր տրամադրություններ ապրող մարդու  հոգին միշտ մնում է և պետք է մնա նրա ստեղծագործության սահմաններից  դուրս։ Գեղարվեստական ստեղծագործությունը միշտ ստեղծված, ձևավորված, հորինված ինչ-որ բան է․ այն ոչ միայն արհեստավարժ ձևով է կատարված, այլև արհեստական՝ բառիս լավագույն իմաստով, այդ իսկ պատճառով այստեղ տեղ չունի և չի էլ կարող ունենալ հոգեկան էմպիրիզմի արտացոլանքը։ «Շինելի» այս հատվածում գոգոլյան հնարքի արհեստավարժությունն ու արհեստականությունը հատկապես դրսևորվում են վառ մելոդրամատիկական կադանսի (բանաստեղծական ռիթմ) կառույցում՝ հասարակ սենտիմենտալ խրատի տեսքով, որը Գոգոլն օգտագործում է գրոտեսկի ամրապնդման նպատակով․ «Ու խեղճ երիտասարդը ձեռքով ծածկում էր դեմքը, ու հետո շատ անգամ էր ցնցվում իր կյանքում, տեսնելով, թե մարդու մեջ որքան շատ է տմարդությունը, որքան շատ վայրագ կոպտություն կա քաղցր-մեղցր, ուսյալ նրբակրթության մեջ և, օ՜ աստված, նույնիսկ ա՛յն մարդու մեջ, որին բարձր հասարակությունը ազնիվ ու պատվավոր է համարում»։

Մելոդրամատիկական միջադեպն օգտագործված է ի հակադրություն կատակերգական պատումին։ Որքան ճարտար են բառախաղերը, այնքան, իհարկե, հնարքը, որ խախտում է կատակերգական խաղը, պետք է ավելի պաթետիկ լինի և ավելի շատ սենտիմենտալ պրիմիտիվիզմի ոճավորում ունենա։ Լուրջ խորհրդածության ձևը հակադրություն չէր ստեղծի և ունակ չէր լինի գրոտեսկային բնույթ հաղորդելու միանգամից ամբողջ կոմպոզիցիային։ Այդ պատճառով զարմանալի չէ, որ այս հատվածից հետո Գոգոլը միանգամից վերադառնում է նախորդին․ մե՛րթ շինծու պաշտոնական, մե՛րթ թեթև և անփութորեն շաղակրատ տոնին՝ այնպիսի բառախաղերով, ինչպիսիք են՝ «...և միայն այն դեպքում նա նկատում էր, որ գտնվում է ոչ թե տողի մեջտեղում, այլ ավելի շուտ փողոցի մեջտեղում»։ Պատմելով, թե ինչպես է ուտում Ակակի Ակակիևիչը և ինչպես է վերջացնում ուտելը, երբ փորը սկսում է «ուռչել»՝ Գոգոլը փոքր-ինչ այլ տեսակի դեկլամացիա է սկսում․ «Նույնիսկ այն ժամերին, երբ...» և այլն։ Այստեղ նույն գրոտեսկի նպատակով «հանգիստ», առեղծվածայնորեն լուրջ ինտոնացիա է օգտագործված, որը դանդաղորեն հսկայական պարբերույթի է վերաճում և ավարտվում հանկարծակի հասարակ կերպով․ պարբերույթի շարահյուսական տեսակով պայմանավորված՝ երկարատև վերելքի («երբ... երբ... երբ») և կադանսի միջև իմաստային էներգիայի ակնկալվող հավասարակշռություն չի իրականանում, ինչի մասին հենց բառերի և արտահայտությունների ընտրությունն է հուշում։ Իմաստային բովանդակության և ինքնին հանդիսավոր լուրջ ինտոնացիայի միջև անզուգադիպումը կրկին օգտագործված է որպես գրոտեսկային հնարք։ Դերասանի այդ նոր «խաբկանքին» փոխարինելու է գալիս մի նոր բառախաղ խորհրդականների մասին, որով և ավարտվում է «Շինելի» առաջին արարը․ «Այսպես էր ընթանում խաղաղ կյանքը այն մարդու...» և այլն։

Առաջին հատվածում նկարագրված պատկերը, որում կատարյալ զվարճապատումը միահյուսվում է մելոդրամատիկական ու հանդիսավոր դեկլամացիայի հետ, «Շինելի» ամբողջ կոմպոզիցիան սահմանում է որպես գրոտեսկ։ Գրոտեսկի ոճը առաջին հերթին պահանջում է, որ նկարագրվող իրավիճակը կամ իրադարձությունը ամփոփված լինի արհեստական ապրումների՝ անիրական թվալու չափ փոքրիկ աշխարհում (ինչպես որ «Հնաշխարհիկ կալվածատերեր»-ում և «Պատմվածքում այն մասին, թե ինչպես գժտվեցին Իվան Իվանովիչն ու Իվան Նիկիֆորովիչը»), ամբողջովին մեկուսացած լինի մեծ իրականությունից, հոգևոր կյանքի[5] իսկական լիակատարությունից, և երկրորդ հերթին՝ որպեսզի այս ամենն իրականացվի ոչ թե դիդակտիկական և երգիծաբանական նպատակով, այլ իրականության հետ խաղի, դրա միավորների կազմալուծման և դրանց ազատ տեղաշարժի լայն հնարավորություններ ստեղծելու համար։ Ուստի՝ սովորական հարաբերակցություններն ու կապերը (հոգեբանական և տրամաբանական) անիրական են դառնում այդ վերստին կերտված աշխարհում, և ցանկացած մանրուք կարող է վիթխարի չափսերի հասնել։ Այդ ոճի ֆոնի վրա իրական զգացմունքի նշույլն անգամ ինչ-որ ցնցող բանի կերպարանք է ձեռք բերում։ Աստիճանավորի մասին զվարճապատումի մեջ Գոգոլն արժևորում էր խոհերի, զգացմունքների և ցանկությունների այդ անիրական ձևով սահմանափակ և ներփակ  բաղադրատարրը, որի նեղ սահմաններում արվեստագետն ազատ է չափազանցնելու մանրամասնություններն ու խախտելու աշխարհի սովորական համամասնությունները։ Հենց սրա վրա է հիմնված «Շինելի» ուրվանկարը։ Բանն այստեղ բոլորովին Ակակի Ակակիևիչի «ոչնչությունը» չէ և ոչ էլ ցածրի հանդեպ «մարդասիրության» խրատը, այլ այն է, որ Գոգոլը, պատմվածքի ողջ շրջանակը մեծ իրականությունից  մեկուսացնելով, կարող է զուգակցել չզուգակցվողը, չափազանցնել քիչը և նվազեցնել շատը․[6] մի խոսքով՝ նա կարող է խաղալ իրական հոգևոր կյանքի բոլոր նորմաների և կանոնների հետ։ Նա հենց այդպես էլ վարվում է։ Ակակի Ակակիևիչի հոգեկան աշխարհը (եթե, իհարկե, նման արտահայտությունը թույլատրելի է) խղճուկ չէ (այդ ներմուծել են գրականության մեր միամիտ և զգացմունքային քննադատները), այլ անիրական ձևի ներամփոփ է, իրենը․ «Այնտեղ, այն արտագրությունների մեջ նա տեսնում էր ինչ-որ բազմազան և հաճելի իր աշխարհը... Թվում էր, թե այդ արտագրությունից դուրս նրա համար ոչինչ գոյություն չուներ»։[7] Այս աշխարհն ունի իր կանոններն ու համամասնությունները։ Այդ աշխարհի կանոններին համաձայն՝ նոր շինելը աննախադեպ իրադարձություն էր, և Գոգոլը տալիս է գրոտեսկային բանաձև․ «...նա սնվում էր հոգեպես, իր խոհերում փայփայելով ապագա շինելի հավիտենական իդեան»։[8] Կամ «...կարծես թե նա մենակ չէր, այլ կյանքի ինչ-որ մի դուրեկան ընկերուհի համաձայնվել էր նրա հետ միասին անցնել կյանքի ճանապարհը,- և այդ ընկերուհին ոչ այլ ոք էր, բայց եթե նույն շինելը հաստ բամբակաշերտով, պինդ աստառով»։ Փոքրիկ մանրամասնությունները մղվում են առաջին պլան․ Պետրովիչի եղունգը «հաստ և պինդ, ինչպես կրիայի գանգը», կամ նրա քթախոտի կլոր տուփը «ինչ-որ գեներալի պորտրետով, թե ինչ գեներալի, հայտնի չէ, որովհետև այն տեղը, ուր գտնվում էր դեմքը, մատով ճեղքված էր և հետո մի կտոր քառանկյուն թուղթ էր կպցրած»։[9] Չափազանցությունը առաջվա նման ծավալվում է կատակերգական պատումի ֆոնի վրա՝ բառախաղերով, ծիծաղելի բառերով և արտահայտություններով, զվարճապատումներով և այլն։ «Կզաքիսի մորթի չգնեցին, որովհետև, իրոք, թանկ էր, այլ դրա փոխարեն ընտրեցին լավագույն կատվամորթի, լավագույնը խանությում եղածներից, այնպիսի կատվամորթի, որը հեռվից միշտ կարելի էր կզաքիսի մորթու տեղ ընդունել»։ Կամ «Թե ի՛նչ էր և ինչո՛ւմն էր կայանում նշանավոր դեմքի պաշտոնը, այդ մինչև այժմ անհայտ է մնացել։ Պետք է գիտենալ, որ նշանավոր դեմքը նոր էր նշանավոր դեմք դարձել, իսկ մինչ այդ նա աննշան դեմք էր»։ Կամ էլ «Նույնիսկ ասում են, թե ինչ-որ տիտուլյար խորհրդատու, երբ նրան դարձրին մի ինչ-որ առանձին, փոքրիկ գրասենյակի վարիչ, իսկույն ևեթ իր համար առանձին սենյակ սարքեց, այն անվանեց «ատենասենյակ», ու դռան մոտ կարգեց ինչ-որ սպասավորներ կարմիր օձիքներով, տրեզներով, նրանք բռնում էին դռան բռնակից և այն բաց անում ամեն մի եկողի համար, թեև «ատենասենյակում» հազիվ կարող էր մի սովորական գրասեղան տեղավորվել»։ Սրան զուգընթաց գնում են «հեղինակի» արտահայտությունները․ սկզբում սահմանված անտարբեր տոնով, որի հետևում, անշուշտ, ծամածռություն էր թաքնված․ «Գուցե և այդ է՛լ չմտածեց․ հո չի՞ կարելի մարդու հոգու մեջ մտնել․․․(եթե հաշվի առնենք, Ակակի Ակակիևիչի կերպարի ընդհանուր մեկնաբանությունը, այստեղ նույնպես ինչ-որ բառախաղ կա) և իմանալ այն ամենը, ինչ-որ մտածում է նա» (զվարճապատումի հետ խաղ․ խոսքը, անշուշտ, իրականության մասին է). Ակակի Ակակիևիչի մահը նույնպես գրոտեսկայնորեն է պատմված, ինչպես որ նրա ծնունդը՝ ողբերգական և կատակերգական մանրամասնությունների հերթագայությամբ․ «վերջապես, խեղճ Ակակի Ակակիևիչը ավանդեց հոգին»[10], անմիջականորեն անցում կատարելով տարբեր մանրուքներին (ժառանգության թվարկումը՝ «մի դաստա պետական սպիտակ թուղթ, երեք զույգ գուլպա, անդրավարտիքից կտրված երկու-երեք կոճակ և արդեն ընթերցողին հայտնի կապոտը»), և վերջապես, սովորական ոճով ավարտելով․ «Թե այս ամենը ում ձեռքն ընկավ, աստված գիտե․ խոստովանում եմ,  դրանով նույնիսկ չէր է՛լ հետաքրքրվում այս պատմությունը պատմողը»։ Եվ այս ամենից հետո նոր մելոդրամատիկական դեկլամացիա, ինչպես որ հարկն է նման տխուր դրվագի պատկերումից հետո, որ «մարդասիրական» հատվածին է վերադարձնում մեզ․ «Ու Պետերբուրգը մնաց առանց Ակակի Ակակիևիչի, կարծես թե նա այնտեղ երբեք էլ չէր եղել։ Չքացավ և անհայտացավ մի արարած, որը ոչ ոքի կողմից պաշտպանված  չէր, ոչ ոքի համար թանկ չէր, ոչ ոքի հետաքրքիր չէր, նույնիսկ չէր գրավել բնախույզի հետաքրքրությունը, որ առիթը բաց չի թողնում գնդասեղի վրա նստեցնելու սովորական ճանճը և մանրադիտակով զննելու այն...» և այլն։ «Շինելի» ավարտը՝ գրոտեսկի տպավորիչ ապոթեոզը (հանդիսավոր մեծարում), «Ռևիզորի» լուռ տեսարանի նման ինչ-որ բան է։ Միամիտ գիտնականները, որոնք «մարդասիրական» հատվածում են տեսել պատմվածքի ամբողջ սրամտությունը, տարակուսում են՝ բախվելով «ռեալիզմի» մեջ ներդրված այդ անսպասելի ու անհասկանալի «ռոմանտիզմին»։ Հենց Գոգոլն է նրանց հուշել․ «Բայց ո՞վ կարող էր երևակայել, որ այստեղ դեռ ամեն ինչ չի ասված Ակակի Ակակիևիչի մասին, որ նրան վիճակված է մի քանի օր աղմկալից ապրել իր մահից հետո, ասես իբրև վարձատրություն ոչ ոքի կողմից չնկատված կյանքի համար։ Բայց այդպես պատահեց, և մեր ողբալի պատմությունը անսպասելիորեն ֆանտաստիկ վերջավորություն է ընդունում»։ Իրականում այս վերջաբանը բնավ ավելի անիրական ու ավելի «ռոմանտիկական» չէ, քան ամբողջ պատմվածքը։ Հակառակը՝ այնտեղ իրական գրոտեսկային ֆանտաստիկա էր, որն իբրև իրականության հետ խաղ էր պատկերված․ այստեղ պատմվածքը ավելի սովորական պատկերացումների և փաստերի աշխարհ է դուրս գալիս, բայց ամբողջը ֆանտաստիկայի հետ խաղի ոճի մեջ է մեկնաբանվում։ Սա նոր «խաբկանք» է, հակադիր գրոտեսկի հնարք․ «...ուրվականը հանկարծ ետ նայեց ու կանգ առնելով, հարցրեց․ «Դու ի՞նչ ես ուզում, ու այնպիսի բռունցք ցույց տվեց, որպիսին կենդանի մարդկանց մոտ էլ չես գտնի։ Ոստիկանական պահակն ասաց․ «ոչի՛նչ», և իսկույն ետ դարձավ։ Ուրվականը, սակայն, հասակով շատ ավելի բարձր էր, հսկայական բեղեր ուներ, ու ինչպես թվաց, քայլերն ուղղելով դեպի Օբուխովյան կամուրջը, բոլորովին չքացավ գիշերային խավարում»։

Վերջաբանում ծավալված զվարճապատումը ուղղորդում է դեպի «խղճուկ պատմություն»՝ իր մելոդրամատիկական միջադեպերով։ Միանգամայն կատակերգական պատումը իր բոլոր հնարքներով հանդերձ վերադառնում է։ Բեղավոր ուրվականի հետ մթության մեջ է սուզվում նաև գրոտեսկը՝ ավարտվելով ծիծաղով։ Հենց նույն կերպ էլ «Ռևիզոր»-ում կորչում է Խլեստակովը, և լուռ տեսարանը պիեսի սկիզբ է վերադարձնում հանդիսականին։

 

[1] Տիտուլյար խորհրդատու–քաղաքացիական ծառայության ցածր աստիճաններից մեկը, որը մոտավորապես հավասար էր զինվորականների պորուչիկ աստիճանին։

[2] «Повесть о чиновнике, крадущем шинели»․

[3] բառացի թարգմանություն // Н. В. Гоголь «Повесть о чиновнике, крадущем шинели», первая редакция.

[4] «Истинное богатство языка состоит...» // Карамзин Н. М. Избр. соч.: В 2-х т. – М.; Л., 1964. – Т. 2. – С. 144.

[5] «Երբեմն սիրում եմ կարճ ժամանակով այդ արտասովոր մեկուսացած կյանքով ապրել, ուր ոչ մի ցանկություն չի կարող թռչել-անցնել փոքրիկ բակը շրջափակող ցանկապատի վրայով․․․» և այլն («Հնաշխարհիկ կալվածատերեր»․ բառացի թարգմանություն)։ «Շպոնկա»-ում Գոգոլն արդեն իսկ նախորոշում էր իր գրոտեսկի հնարքները։ Միրգորոդը անիրական գրոտեսկային քաղաք է, որը ցանկապատված է ամբողջ աշխարհից։

[6] «Բայց տարօրինակ հանգամանքների համաձայն, երբ աննշան պատճառները ծնում էին մեծ իրադարձություններ, և հակառակը՝ մեծ նախաձեռնությունները ավարտվում էին աննշան հետևանքներով» («Հնաշխարհիկ կալվածատերեր»․ բառացի թագմանություն)։

[7] «Նրանց տերերի կյանքն այնքան խաղաղ է, որ մի պահ ինքնամոռացության ես մատնվում ու մտածում, որ կրքերը, ցանկությունները և չար ոգու այն անհանգիստ ծնունդները, որոնք պղտորում են աշխարհը, բոլորովին գոյություն չունեն, և դու դրանք միայն փայլուն ու շողշողուն երազում ես տեսել» («Հնաշխարհիկ կալվածատերեր»․ բառացի թագմանություն)։ 

[8] Դեռևս զարգացում չապրած գրոտեսկի սևագրային տարբերակում այլ կերպ էր ասվում․ «...անդադար մտքում պահելով ապագա շինելը․․․» (բառացի թարգմանություն) //Гоголь Н. В. Полн. собр. соч.: В 14-ти т. – 1940. – Т. 10. – С. 532․

[9] Միամիտ մարդիկ կասեն, որ այն «ռեալիզմ» է, «կենցաղ» և այլն։ Նրանց հետ վիճելն անօգուտ է, սակայն թող մտածեն այն մասին, որ շատ բան է հաղորդվում եղունգի և ծխատուփի մասին, իսկ հենց Պետրովիչի մասին՝ միայն այն, որ նա բոլոր տոներին խմում էր, իսկ նրա կնոջ մասին՝ որ նա կար ու նույնիսկ գլխաթասակ էր կրում։ Գրոտեսկային կոմպոզիցիայի ակնհայտ հնարք՝ չափազանցված մանրամասնություններով ցույց տալ մանրուքները, իսկ այն, ինչ թվում էր, թե ավելի մեծ ուշադրության է արժանի, տանել հետին պլան։

[10] Ընդհանուր համատեքստում նույնիսկ այս սովորական արտահայտությունն է անսովոր, տարօրինակ հնչում ու համարյա բառախաղի արժեք ունի՝ մշտական երևույթ Գոգոլի լեզվում։

 

Ռուսերենից թարգմանեց Էլիզա Ստեփանյանը

  • Created on .
  • Hits: 1602

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: