Զահրատ, Խրախունի. Պոլսահայ նորարար բանաստեղծական շարժման գագաթները

 

Ժամանակի պահանջներին համահունչ քայլելով՝ արդի պոլսահայ բանաստեղծությունը փորձեց ձերբազատվել բանաստեղծության լեզվական, ոճային և բովանդակային ավանդական կաղապարներից՝ ստեղծելով բանաստեղծության նոր ոճ ու կառուցվածք, որտեղ առաջնայինը մտքի պարզությունն ու լեզվի ազատությունն է՝ զերծ գործին պարտավորեցնող որևէ արհետստական էլեմենտներից, անգամ կետադրական նշաններից: Գրական ասպարեզ իջած նոր սերունդը փորձեց պոեզիայի նյութ դարձնել իրական աշխարհից, ժողովրդական, ցածր խավի ներկայացուցիչների կյանքի մեծ ողբերգությունը, նրանց վիշտն ու ցավը: Այս միտումը սկիզբ էր առել դեռ 1960-70-ականներից և հետպատերազմյան շրջանում, համաշխարհային գրական հոսանքների ազդեցությամբ հասավ իր կատարելությանը այնպիսի մտավորական անհատների շնորհիվ, ինչպիսիք են Զահրատը, Զարեհ Խրախունին, Կարպիս Ճանճիկյանը, Հայկազուն Գալուստյանը, Անդան Էոզերը, Երվանդ Կոպելյանը, Արամ Փահլեվանյանը, Խաչիկ Ամիրյանը և ուրիշներ: Նրանք դարձան «առարկայական խորհրդապաշտություն» (օբյեկտիվ սիմվոլիզմ) կոչվող շարժման ներկայացուցիչները: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ արդի պոլսահայ պոեզիայի գագաթները Խրախունին ու Զահրատն են:

Փորձելով գեղեցկությունը դնել ճշմարտության մեջ՝ նրանք ձևավորեցին բանաստեղծության մի նոր տեսակ, որն ընթերցողին ավելի շատ մղում է մտածելու, փիլիսոփայելու, ինքնուրույն փակագծեր բանալու և դատողություններ անելու, քան թե գեղագիտական հաճույք ստանալու: Իսկ դա ժամանակի թելադիր պահանջն էր, զարգացման ճշմարիտ և օրինաչափ որակը:

Այս համատեքստում ամենաինքնատիպ Զահրատի ստեղծագործության նյութը մեծ քաղաքի փոքր մարդն էր՝ իր «հասարակ» հոգսերով:

Ինչո՞ւ:

Ամէն ինչ մեծ է քաղաքին մէջ
հաճոյքը մեծ
ցաւը մեծ
պողոտաներուն ու շէնքերուն նման

Ու անոնք որոնք պզտիկ մարդիկ են
Երբեք հանդարտ պիտի չըլլան մեծ քաղաքին մէջ [1, էջ 21]

Ինչպես ժամանակին Համաստեղն ու Մնձուրին տուրք տվեցին գյուղագրությանը՝ անցյալի գյուղը ներկայացնելով իդեալական լույսի ներքո, քանի որ, ինչպես իրենք են խոստովանել, չէին գրի գյուղի մասին, եթե այդքան վտանգված չտեսնեին գյուղի ապագան, այնպես էլ ժամանակակից հեղինակներն էին անդրադարձ կատարում «թաղեցիներու հոգերին», եթե նրանք այդքան անպաշտպան ու անկարող չլինեին սեփական խնդիրները լուծելու: Իսկ դրանք լուծել հնարավոր էր դրանք նկատելուց հետո միայն: Եվ քանի որ՝

Անոնք լիալուսինը չտեսնելու չափ կոյր
Զեփիւռին երգը չիմանալու չափ խուլ են
Համր են անոնք
Իրենց ապագային մասին խօսիլ չկարենալու չափ
Իսկ ես աղքատ լեզուովս կրնամ երգել Որփէոսի նման [1, էջ 22]

Մինչդեռ՝

Ամէն թաղ իր երազը ունի
Ամէն մարդ իր երազը ունի
Օր պիտի գայ – պիտի տեսնէք
Ամէն ինչ իրական է դարձեր
Աւելի առոյգ պիտի երգեն ոչ միայն քերթողները
Այլ բոլոր մարդիկը միաբերան [1, էջ 22]

Ուստի՝

…պատկերներս ունին թաղեցիներուս երազները
Գոյն գոյն երազները
Լոյս լոյս երազները [1, էջ 22]

Եվ քանի որ նյութը հասարակ, փոքրիկ մահկանացուն էր՝ իր տիեզերական ապրումներով, կապույտ երազներով, ուստի ստեղծագործության լեզուն էլ հասարակ ու պարզ խոսքն էր: Ինչպես ինքը՝ հեղինակն է ասում.

Ես իմ թաղիս քերթողն եմ

Լեզուս աղքատ է թաղեցիներուս նման

Տաղերուս միակ հարստությունը կը կազմեն

Թաղեցիներուս հոգերը: [1, էջ 22]

Սակայն այս պարզությունը նման էր աչքի պարզությանը, որ նույնքան խորն է, հայելիային ու նուրբ: Այն չի ընդունում ոչ մի միջամտություն, հակառակ դեպքում կխախտվի համակարգի բնականոն աշխատանքը: Եվ ինչպիսի բծախնդրությամբ էր նա վերաբերվում բառերի հետ.

Բառեր բառեր – իմ զինուորներս դուք էք –
Ես ձեզ մէկ մէկ կʼողջագուրեմ ու զօրագունդ զօրագունդ
Իմ ձեռքովս կը շարեմ –
Ու երբ տեսնեմ թէ ամէն ինչ կարգին է
– Թէ ոչ մէկ զօրք – ոչ մէկ զինուոր սխալ ոտքով
չի քալեր –

Ես ձեզ ճակատ կը ղրկեմ – [1, էջ 160]

Իսկ բառերի կենտրոնում մարդն է, հասարակության ստորին խավի, անտեսված մարդը, որը Զահրատի մոտ կերպավորում է ստանում Կիկոյի միջոցով:

Իսկ ո՞վ է Կիկոն:

Տասն անգամ մէկ տասը
Տասն անգամ Կիկօ զերօ

Հարիւր անգամ մէկ հարիւր
Հարիւր անգամ Կիկօ մենք [1, էջ 36]

Կիկոն մարդկային հոգու խեղճության խորհրդանիշն է: Նա ունի երազներ, փոքր մարդու մեծ երազներ, որոնք բախվում են իրականության փշոտ պատին՝ արյունելով երազողի հոգին: Նրա հաշվարկները միշտ սխալ են դուրս գալիս, ինչպես դա լինում է սովորաբար խավարում խարխափող խեղճ ու անհեռատես կիկոների դեպքում, ովքեր իրենց խնդիրները թեթևացնելու համար կայացնում են այնպիսի որոշումներ, որոնք էլ ավելի ծանր իրավիճակ են ստեղծում.

Երբ ամուսնացաւ
Կիկօ խորհեցաւ
Սենեակին մէջը որքան մժեղ կայ
Կէսն իրեն երբ գայ
Կէսն ալ իր կնոջ կ’երթայ- կը կիսուի-

Բայց մժեղները- աշուն էր- շատցան
ու հիմա նորէն
Մժեղը նոյնքան
Կին մ’ալ աւելի [1, էջ 99]

Կիկոն ժողովրդի այն զավակն է, որ երազներից զատ ունի նաև բազմաթիվ վախեր:

Նա ամենից շատ վախենում է մութ փողոցներից, քանի որ՝

… Մութին համբուրուող զոյգեր կան

Կիկօ կը վախնայ Ահմէտ էֆէնտի փողոցէն անցնելու
Իր առանձնութիւնը միտքը կ՚ իյնայ [1, էջ 31]

Կիկոն վախենում է նաև փայլուն խոսքերից: Երբ խոսում են հավասարության, երջանկության, քաջության, … մասին, Կիկոն ոգևորվում է, ձայնակցում, բայց երբ մորը լացելիս է տեսնում, խորհում է այն աշխարհի մասին, ուր «փայլուն խոսքեր պիտի չըլլան» և «այդ աշխարհը հողն է»:

Հողը շատ կը սիրէր –
Երկինքէն ինկած աստղի մը պէս էր Կիկօ
կʼուզէր գիրկ գիրկի պառկել հողին հետ
կʼուզէր հողը գրկել – գրկել հիանալ [1, էջ 35]

Կիկոյի վախճանը ևս կապվում է հողի և երկնքի խորհրդանիշների հետ.

Բացօթեայ շատ պառկեցաւ
Թող քիչ մըն ալ հողին տակ քնանայ

Հանգիստ իր կոշիկներուն [1, էջ 35]

Զահրատի ստեղծագործությունները աղյուսակային պարզություն և միևնույն ժամանակ աղյուսակային պատկերավորություն ունեն: Մի առանձին ուսումնասիրության թեմա են Զահրատի ստեղծագործությունների խորագրերը: Հետաքրքրական է, թե ինչպիսի բանաստեղծական դասավորություն է տվել դրանց հեղինակը: Ինչպես նշեցինք, Զահրատը շատ է կարևորում բառի ճիշտ տեղը, նա հրաշալի է «խաղում» բառերի հետ: Եվ այդ խաղը գեղեցիկ է ոչ միայն բանաստեղծությունների, այլ նաև բանաստեղծական առանձին շարքերի վերնագրերի ու դասավորությունների տեսքով:

Որպես «բառերու խենդ ռազմավար»՝ ահա թե ինչպես է նա դասավորել բանսատեղծություններն ըստ շարքերի՝

Աղյուսակ                        Կանաչ հող                                  Բարի երկինք

Զերո                                 Կանաչ                                          Երկնասացություն

Մեկ                                  Հոլ                                                  Երկնածիծաղ

Երկու                               Ականջ                                          Երկնաքար

Երեք                                 Մտատանջ                                   Երկնավառ

Չորս                                 Հոգ                                                 Երկնաքեր

Հինգ                                  Պահանջ                                       Երկնաքերթված

Վեց                                   Հոտ                                                Ասուպ

Յոթ                                   Հոծ                                                 Երկնահարվեր

Տասը                                Մեծասքանչ

Անհաշիվ                         Հորանջ                                          Նախաքերթվածներ

Շուրջպար                     Հոս                                                 Նախազգուշություն

Դարուն երգը                  Հով                                                 Նախահարձակ

Շուրջ                                Հոն                                                 Նախախնամություն

Անուրջ                             Կարմրալանջ                               Նախադասություն

Քուրջ                               Նահանջ                                        Նախազգացում

Լուրջ                                Ճաճանչ

Կամուրջ

Հետաքրքիր ու խաղարկային հանդերձավորման տակ թաքնված է բանաստեղծը՝ իր մտքերով, գաղափարներով, հայացքներով… և միայնությամբ: Բոլոր ստեղծագործությունների մեջ կա մի առանցքային միտք, նախադասություն, որի շուրջն էլ կառուցվում է պատկերը:

Ինչպես համաշխարհային գրական դեմքերին, այնպես էլ Զահրատին տանջում է անջատման գաղափարը: Բաժանումը կամ անջատումը մարդկային գոյության նախասկիզբն է, հիմքը: Մարդն աշխարհ է գալիս ֆիզիկական և հոգևոր բաժանման շնորհիվ, որն ուղեկցվում է ցավով: Այդ բաժանման ցավի զգացողությունը շարունակում է հետապնդել մարդուն իր ողջ գիտակից կյանքի ընթացքում: Մարդը հաճախ է անջատվում ինչ-որ բանից, ինչ-որ մեկից, ինքն իրենից: Եվ հատկապես ցավոտ է ինքն իրենից անջատումը.

Այսպէս ամէն առաւօտ

Հրաժեշտ կ’առնեմ կը բաժնուիմ ես ինձմէ -

Կը խառնուիմ ուրիշներով շինուած հսկայ ծովուն մէջ

Ու կը տեսնեմ - պատուհանին ետեւէն 
Եսս կեցեր զիս կը դիտէ մտատանջ

Իսկ ես ամէն առաւօտ

Կ՚երթամ ձուլուիլ ուրիշներով շինուած հսկայ ծովուն մէջ

մինչդեռ եսս պատն երեսին նստեր կու լայ ետեւէս -

Հրաժեշտ կ՚առնեմ կը բաժնուիմ ես ինձմէ –

Առաւօտուն - ես մանաւանդ առաւօտուն դժբախտ եմ [1, էջ 108]

Իր համամարդկային զգացումներով ու ցավերով հանդերձ՝ Զահրատն ունի նաև ազգային մտահոգություններ, որոնք կրկին դիտում է համաշխարհային հիմնախնդիրների պրիզմայով: Նա ևս, իր հերոսի նման, ունի վախեր, որոնք ածանցված են ազգային դառը ճակատագրից. նա վախենում է «չար բաներից»

Գացէք ըսէք չար բաներուն որ չըլլան
Որ չըլլայ թէ պատահին
Կամ երբ ըլլան հեռու մնան մեր այս պզտիկ աշխարհէն
Համն ու հոտը խաթարելու չհասնին [1, էջ 102]

Ազգային ցավից են ածանցված նաև Զահրատին գաղափարակից մեկ այլ հեղինակի՝ Զարեհ Խրախունու ստեղծագործությունները, որոնք ևս, որքան համամարդկային, նույնքան և ազգային մտահոգություններ են պարունակում: Եթե Զահրատը խոսքի սեղմության կողմնակիցն էր, ապա Խրախունին գրում է ընդարձակ:

Համամարդկային են նրանց ընկալումները ազատության մասին: Այս է վկայում Խրախունու «Դրոշը» բանաստեղծությունը, որտեղ հայտնում է ազատության մասին իր տեսակետը. հավասար է բոլորին, սեփական է ամեն մեկին հատկապես:

Մեծ ու լայնարձակ էին Խրախունու ընկալումների դաշտը, մեծ էր նա իր նկարագրած լեռան պես: Հայ գրականության պատմության մեջ մի առանձնակի տեղ է գրավում լեռներգությունը: Լեռների երկիր, քարքարոտ Հայաստանում (նաև Հայկական լեռնաշխարհում) լեռը հաջողությամբ տեղափոխվել է նաև մշակութային դաշտ՝ բազմաթիվ հանճարեղ գեղաձևումների առիթ տալով: Եվ դժվար է այս թեմայի շուրջ առանձնապես նոր խոսք ասել, մինչդեռ Խրախունին ասաց: Նրա մտապատկերում լեռը հանդես է գալիս որպես հանճարի, փառքի, ինչպես նաև մեծության և վեհության խորհրդանիշ: Այստեղ նկատելի է նաև արվեստագետ-հանճարի նուրբ քննադատությունն ուղղված այն մարդկանց, ովքեր կանգնած են լեռան ստորոտին և հավակնում են քննարկել լեռան բարձրությունն ու մեծությունը:

Լեռը մեծ է – մարդը փոքր

Մարդը լերան կը նայի

Կը կարծե թե

Լեռն ալ իրեն կը նայի

Մինչդեռ լեռը

Լեռը մինչդեռ

Չկարծեք թե ամպերուն հետ աստղերուն հետ զբաղած

Ահագնական խոկումներու անձնատուր

Մարդն ակամա կանտեսե

Լեռը մեծ է – մարդը փոքր

Ու կնայի լեռն ի վեր

Սակայն լեռը

Հսկա լեռը կույր է – կույր [2, էջ 26]

Արդյոք կո՞ւյր է լեռը: Այն լեռը, որ «ա­մէ­նուս բի­բին խորն է բևե­ռո­ւած», « Որ­մէ կու­գայ վճիտ ջու­րի ուղ­խե­րու պէս ա­րիւ­նը մեր ե­րա­կին»: Իհարկե, ո՛չ: Որովհետև այս այն լեռն է՝

Որ­մէ որ­քան կը հե­ռա­նանք այն­քան կը զգանք թէ իրն ենք
Ո­րուն որ­քան կը մօ­տե­նանք այն­քան կը զգանք թէ ինչ ենք… [2, էջ 29]

Լեռը հայ քերթողական մտքի սիմվոլն է, որն ամենատես է, և որին որքան ընթերցողը մոտենում է, այնքան ավելի լավ է ճանաչում ինքն իրեն, իր արմատները:

Ազգայինի թեման շարունակվում է «Դաշտը անտեր» բանաստեղծության մեջ: Այստեղ դաշտը՝ հայրենի հողի խորհուրդը, ինչու չէ, նաև հայ գրականության անդաստանի խորհուրդը, սպասում է իր զավակներին: Սպասում է, որ նրանք գան և շենացնեն իր խոպան տարածությունը: Բանաստեղծության ձևային կառուցվածքն էլ է հետաքրքիր: Հեղինակը որոշակի տարածություն է «պարապ» թողել ընթերցողին ընկալման տեսանելի հուշում տալու համար: Տարածությունը կարելի է հասկանալ նաև որպես պոլսահայ գրականության ամլության, դատարկ մնացած շրջանի խորհրդանիշ (հետեղեռնյան շրջանում՝ 1920-50-ական թվականներն ընկած հատվածը, որը ևս ազգային ճակատագրով էր պարտադրված):

Եվ այդ տարածությունը պիտի լցվի: Այն չի կարող դատարկ մնալ: Գուցե մի քիչ ուշացումով, բայց պիտի լցվի, ուստի հնչում է հեղինակի պատգամը՝ գրված 1991 թվականին.

… Ծառ տնկե­ցէք – պի­տի բռնէ ան­պայ­ման –
Ա­պա­ռա­ժը երբ փշրո­ւի հող կը դառ­նայ ար­դէն, չէ՞…

… Ծառ տնկե­ցէք – ո՛ւր ալ տնկէք պի­տի բռնէ ան­պայ­ման…

Դա­րա­կու­տակ սպա­սու­մի ու անհ­նար ըղ­ձան­քի
Հողն է պա­րարտ – հողն է հպարտ- ջուրն հատ­դարտ
թա­փո­ւած ա­րեան եւ ար­ցուն­քին պէս ա­ռատ –
Այս ծա­ռը սուրբ պի­տի կանգ­նի պի­տի ա­ճի ուռ­ճա­նայ
Պի­տի եր­կինք բարձ­րա­նայ
Ա­մէն առ­տու այ­գա­բա­ցին ստո­ւերն ա­նոր պի­տի հաս­նի մեծ լե­րան
Շուք պի­տի տայ ա­րե­ւա­փառ ոս­կե­ծա­ծան հան­դե­րուն
Հա­զար բա­րեւ ու բիւր բա­րիք պի­տի առ­նէ ամ­պե­րէն
ո­րոնք կու­գան աշ­խար­հի չորս ծա­գե­րէն
ու կը շո­յեն սա­ղարթն ա­նոր մշտա­դա­լար – ա­լե­ւոր…

Օ՜ տնկե­ցէք
Ա­մուր ձեռ­քով խնա­մե­ցէք
զար­դա­րե­ցէք
պաշտ­պա­նե­ցէք
պաշ­տե­ցէք
Ա­զա­տու­թեան ծառն է այս …: [3, էջ 211]

Ազատության խորհրդանիշ ծառը ենթադրում է նաև համեղ պտուղներ, այնպիսիք, ինչպիսին միայն ազատության ծառը կարող է տալ:

Խրախունին շատ լավ գիտեր ազատության գինը և դրա բացակայության հետևանքը: Այդ ցավալի հետևանքների, հայրենակիցներին օգնելու անկարողության զգացումի արդյունքում էլ մեր ստեղծագործողների մոտ առաջանում էր «Հոգեհանգիստ»-ներ գրելու պահանջը:

Խրախունուն հանգիստ չէր տալիս իր հայրենակիցներին բաժին հասած մեծ դժբախտությունը՝ Եղեռնը: Այստեղ արտահայտիչ են Խրախունի-Թումանյան աղերսները: Շատ լավ երևում է մտավորականների մեծ ճանաչողությունը և՛ պատմությանը, և՛ մարդկային հոգեբանությանը: Ամեն դեպքում ցավն անամոք էր: Մնում էր երազել միայն մաքրագործման մասին: Եվ ահա, որպես ապավեն՝ գալիս է «Անձրև» բանաստեղծությունը:

«Անձրև» բանաստեղծությունը մի յուրահատուկ մաքրագործման իղձ է: Անձրևը պիտի տեղա, որպեսզի մաքրի փոշին՝ տեղեկությունները, որ գալիս են անցյալից: Այն փոշին, որ տեսնում ենք «Հոգեհանգիստ»-ում, լության մեջ խրած անպատում փոշին, որ բռնի է փչում ու ծածկում «արեւ ծծող ծառ ու ծաղիկ ու ծղօտ քարացումի վտանգով…»: Անձրևը պիտի տեղա, որ ոռոգի «վէրք վէրք վառող ծարաւի» դաշտը, որ լվա այն սալահատակները, որոնք «արիւնեցան», «պիտի լուայ այն արիւնը, որ սեւցաւ կպրուղիին վրայ՝ կուպրի պէս… եւ որ կը լուացուի հիմա»:

Առհասարակ, գրականության պատմության մեջ մեծ տեղ է գրավում ջրի սիմվոլը (խորհրդանիշը): Շատերն են փորձել հավերժական ջրի վայրի և մաքրագործող հոսքն առնել հանգի ու չափի տակ, յուրաքանչյուրը յուրովի, իր գեղագիտական ընկալմանը համապատասխան: Ջրի խորհրդի փիլիսոփայությունը շատ տարողունակ և անսահմանափակ թեմա է: Ի սկզբանե Աստված հենց ջրի միջոցով է մաքրել երկիրը մարդկային մեղքերից, որից հետո մարդու հոգին ու մարմինն է մաքրագործում սուրբ մկրտության ջրով: Ջրից են սկիզբ առել մեր էպոսի հերոսները՝ Սանասարն ու Բաղդասարը, և իրենց գերբնական ու անհաղթելի ուժը, զենքն ու զրահը ստանում են հենց ջրից՝ ջրի մեջ: Սասունցի Դավիթը սեփական աղջկա կողմից մահացու խոցվում և մահանում է գետի ջրում:

Ջրի խորհուրդը մեծ է հայ և համաշխարհային գրականության և բանահյուսության մեջ: Նարեկացին, ով իր «Մատյան ողբերգության» մեջ մեծ տեղ է հատկացրել սիմվոլներին, նավաբեկության տեսարանում նկարագրում է, թե ինչպես է ծովի ջուրը կտոր-կտոր անում նավը (կյանքի խորհրդանիշը): Ֆրիկի համար ջուրը կենդանության, հագենալու, բավարարվածության նշանակությունն ուներ: Աբովյանը «Վերք…»- ում գետերի սիմվոլի միջոցով ստեղծում է փոխանցում ընդհանուր տրամադրություն. գետերը երբեմն պղտորվում են և շառաչյունով հոսում, երբեմն անհանգիստ են, երբեմն դառնում են ցասկոտ և վրիժառու, երբեմն վիրավորված են: Իսկ վերջում Զանգվի ջրերը խառնվում են Վոլգային՝ ցույց տալով հեղինակի տեսլականը հայ ժողովրդի հետագա ճակատագրի հետ կապված: Ալիշանն («Հրազդան») ու Պատկանյանը («Արաքսի արտասուքը») ջրի հետ զրույցներում փորձում էին գտնել հայ ժողովրդին բաժին հասած դժվար ճակատագրի բացատրությունը, Դուրյանը («Լճակ»)՝ մարդկային հոգու բնույթը: Նալբանդյանը («Վազող ջրին») երազում էր ազատվել իրեն տանջող ցավերից մաքրագործող ջրի միջոցով:

Հետանկախության ժամանակաշրջանում հայ պոեզիայի մեջ մի որոշակի շրջան մեծ տեղ է զբաղեցնում ջրհեղեղային թեմատիկան. ջրհեղեղը դարձել էր այն մետաֆորը (փոխաբերություն), որը պատկերավոր բնութագրում էր այդ ժամանակաշրջանը: 1996-1998թթ. լույս են տեսնում ժամանակակից պոեզիայի այնպիսի ժողովածուներ, որոնց անվանումը այս կամ այն չափով առնչվում էր ջրհեղեղի թեմայի հետ. Հովհ.Գրիգորյան՝ «Երկու ջրհեղեղի արանքում», Արտեմ Հարությունյան՝ «Նամակ Նոյին», Ղուկաս Սիրունյան «Տապանի վրա», Կառլեն Ալեքսանյան «Մինչև վերջին ջրհեղեղը»:

Այսպիսով, գրականության մեջ ջրի թեման անսպառ է և բազմաբնույթ. յուրաքանչյուր ստեղծագործող յուրովի մոտեցում է ցուցաբերել ջրի խորհրդին: Խրախունու համար ջուրը մաքրագործման խորհրդանիշ է:

Զահրատը և Զարեհ Խրախունին եղան պոլսահայ չափածո արվեստի այն գագաթները, լուսավոր կետերը, դեպի ուր ուղղվեց ժամանակակից սերնդի հայացքը:

 

 

Գրականության ցանկ

Զահրատ, Մեծ քաղաքը, Երևան, 1978 թ., 185 էջ:

Խրախունի Զ., Ես և ուրիշները, Երևան, 1982 թ., 212 էջ:

Խրախունի Զ., Տօնազանգ, Երևան, 2007 թ., 293 էջ:

 

 

 Հոդվածը՝ Հասմիկ Հակոբյանի

  • Created on .
  • Hits: 3206

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: