Վիկտոր Շկլովսկի. Արվեստն իբրև հնարք. Մաս երկրորդ

Հոդվածի առաջին մասն՝ այստեղ

Oстранения-ի հնարքը բացառապես տոլստովյան չէ։ Այն նկարագրում էի տոլստովյան նյութի օրինակով՝ գործնական նկատառումներից ելնելով միայն, այն պարզ պատճառով, որ այդ նյութը բոլորին քաջ ծանոթ է։

Այժմ պարզելով այդ հնարքի բնույթը՝ կաշխատենք մոտավորապես որոշել դրա կիրառման սահմանները։ Անձամբ ես կարծում եմ, որ остранения գրեթե միշտ կա այնտեղ, որտեղ կա պատկեր։

Այսինքն՝ մեր տեսակետի տարբերությունը Պոտեբնյայի տեսակետից կարելի է ձևակերպել հետևյալ կերպ․ պատկերը փոփոխական ստորոգյալների հաստատուն ենթական չէ։ Պատկերի նպատակը ոչ թե դրա իմաստի մեզ համար ընկալելի դարձնելն է, այլ առարկայի յուրահատուկ ըմռնման ստեղծումը, դրա «տեսունակության», այլ ոչ թե «ճանաչման» արարումը։

Սակայն պատկերավորության նպատակը շատ ավելի հստակորեն կարող է հետազոտվել տարփերգական արվեստում։ Սովորաբար այստեղ տարփալի առարկան ներկայացվում է որպես առաջին անգամ հանդիպած մի բան։ Գոգոլի մոտ «Սուրբծննդյան նախորդ գիշերը» պատմվածքում․

«Այդ պահին նա ավելի մոտեցավ, հազաց, քմծիծաղեց, մատներով դիպավ նրա մերկացած ձեռքին և ասաց այնպիսի տեսքով, որում երևում էին և՛ խորամանկություն, և՛ ինքնաբավություն․

-Այս ի՞նչ է, հիասքա՜նչ Սոլոխա, - ասելով այդ՝ մի փոքր հետ քաշվեց։

-Ինչպե՞ս թե ինչ է։ Ձե՛ռք է, պարո՛ն Օսիպ Նիկիֆորովիչ, - պատասխանեց Սոլոխան։

-Հը՜մ, ձե՜ռք։ Հա՜, հա՜, հա՜, - սրտագին ասաց ատենադպիրը՝ գոհ իր կողմից դրված սկզբով, և  մի քիչ շրջեց սենյակում։

-Իսկ սա ի՞նչ է, ամենաթանկագի´ն Սոլոխա, - նույն տեսքով հարցրեց նա՝ կրկին մոտենալով Սոլոխային և  թեթևակի բռնելով նրա վիզը, և նորից հետ քաշվեց։

-Կարծես չեք տեսնում, Օսի՛պ Նիկիֆորովիչ, - պատասխանեց Սոլոխան,- վի՛զ է, իսկ վզին՝ մանյա՛կ։

- Հը՜մ, վզին մանյա՜կ։ Հա՜, հա՜, հա՜, - և ատենադպիրը նորից շրջեց սենյակում՝ շփելով ձեռքերը։

-Իսկ սա ի՞նչ է, աննմա՜ն Սոլոխա․․․ - Հայտնի չէ, թե այս անգամ ինչին կդիպչեր ատենադպիրն իր երկար մատներով․․․»։[1]

Համսունի մոտ «Սով»-ում․

«Երկու սպիտակ հրաշքները երևում էին նրա ներքնաշապիկի տակից»։[2]

Կամ տարփալի առարկաները պատկերվում են այլաբանորեն, ընդ որում՝ այստեղ նպատակն ակնհայտորեն «ընկալելի դարձնելը» չէ։

Սրանց է վերաբերում  սեռական մասերի պատկերումը կողպեքի և բանալու տեսքով (“Загадки Русского Народа” Д. Саводников. С.П.Б. № 102—107), գործելու պարագաների տեսքով (նույն տեղում, 588—591), նետ ու աղեղի, օղակի ու խաղագամի տեսքով, ինչպես որ Ստավերի մասին դյուցազներգության մեջ (Рыбников 30)։

Ամուսինը չի ճանաչում դյուցազնի շորեր հագած կնոջը։ Կինը հանելուկ է առաջարկում․

«Հիշո՞ւմ ես արդյոք, Ստավե՛ր,

Ինչպես էինք մանուկ ժամանակ փողոցում զբոսնում

 Ու միասին խաղագամով խաղում։

Քոնը արծաթյա խաղագամ էր,

Իսկ իմը՝ ոսկյա օղակ։

Ես մեկընդմեջ էի մտցնում,

Իսկ դու՝ անընդմեջ։

Պատասխանում է Ստավերը՝ Գադինովի որդին․

-Ի՞նչ։ Ես քեզ հետ խաղագամով չեմ խաղացել։

Վասիլիսա Միկուլիչնան ասում է․

- Հիշո՞ւմ ես արդյոք, Ստավե՛ր,

Ինչպես էինք միասին գրագիտություն սովորում․

Իմը արծաթյա թանաքամանն էր,

Իսկ քոնը՝ ոսկյա փետուրը։

Ես մեկընդմեջ էի թաթախում,

Իսկ դու՝ անընդմեջ»։[3]

Դյուցազներգության մեկ ուրիշ տարբերակում տրված է նաև հանելուկի լուծումը․

«Այստեղ ահեղ դեսպան Վասիլյուշկան

Բարձրացրեց հագուստը մինչև պորտը,

Եվ ահա երիտասարդ Ստավերը՝ Գադինովի որդին,

Ճանաչեց ոսկյա օղակը․․․ (Рыбников 171)»։

остранения-ն միայն տարփերգական հանելուկի, մեղմասացության[4] հնարք չէ, այն բոլոր հանելուկների միակ իմաստն ու հիմքն է։ Ցանկացած հանելուկ կա՛մ առարկայի մեկնությունն է բառերով, դրա բնութագրիչներով ու պատկերներով, որոնք դրա մասին պատմելիս սովորաբար չեն կիրառվում (“два конца, два кольца, посередине гвоздик”), կա՛մ յուրահատուկ հնչյունային остранения-ն է, ինչպես ծաղրական ընդօրինակման դեպքում (“Тон да тотонок?” (пол и потолок) (Д. Саводников. 51) “Слон да кондрик?” (заслон и конник) (там же, 177)):

Oстранения-ներ են ոչ միայն հանելուկները, այլև տարփերգական կերպարները, օրինակ, շանսոնետային այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են «крокетные молотки», «аэропланы», «куколки», «братишки» և այլն։ Դրանք ընդհանրություններ ունեն խոտի կոխկրտման և բռնչու կոտրման ժողովրդական պատկերի հետ։

Oстранения-ի հնարքը միանգամայն հստակ է լայն տարածում ունեցող պատկերում՝ տարփերգական դիրքի թեմայում, որում արջը և մյուս կենդանիները (կամ հատկանիշը՝ անճանաչելիության ուրիշ շարժառիթ) չեն ճանաչում մարդուն („Бесстрашный барин“. Великорусские сказки. Записки. Им. Русс. Геогр. Общ. Том XLII № 52. Белорус. Сборн. Романова. № 84. „Справядливый солдат“, стр. 344)։

Անճանաչելիությունը առավել ցայտուն արտահայտված է Դ․ Ս․ Զելենինի «Великорусские сказки Пермской губернии» ժողովածուի թիվ 70 հեքիաթում․

«Ռամիկը հերկում էր դաշտը խայտախարիվ զամբիկ հեծած։ Նրա մոտ է գալիս արջը և հարցնում․

-Քեռի՛, ո՞վ է քո ձիուն խայտախարիվ սարքել։

-Ինքս եմ սարքել։

-Ինչպե՞ս։

-Արի՛ քեզ էլ սարքեմ։

Արջը համաձայնեց։ Ռամիկը պարանով կապեց նրա ոտքերը, հանեց արորի խոփը, կրակի վրա տաքացրեց այն և սկսեց դնել կողերին։ Տաք խոփով մինչև միսը խանձեց նրա մորթին՝ դարձնելով խայտախարիվ։ Քանդեց ոտքերի կապը, և արջը գնաց։ Մի փոքր հեռացավ, պառկեց ծառի տակ ու պառկած մնաց։ Թռչելով ռամիկի մոտ եկավ կաչաղակը դաշտակայանում միս կտցելու համար։ Ռամիկը բռնեց նրան ու նրա մի ոտքը ջարդեց։ Կաչաղակը թռավ և նստեց այն նույն ծառին,  որի տակ պառկած էր արջը։ Կաչաղակից հետո ռամիկի դաշտակայան թռավ եկավ ցեցը (մեծ ճանճը), նստեց զամբիկի վրա ու սկսեց կծել նրան։ Ռամիկը բռնեց ցեցին, հետույքի մեջ փայտ մտցրեց և բաց թողեց։ Ցեցը թռավ և նստեց այն նույն ծառին,  որտեղ արջն ու կաչաղակն էին։ Երեքն էլ նստած են։ Ռամիկի մոտ դաշտ է գալիս կինը ու ճաշ բերում։ Այր և կին մաքուր օդին ճաշեցին, հետո ռամիկը սկսեց կնոջը գետին գլորել։ Արջը, այդ տեսնելով, ասաց կաչաղակին և ցեցին․

-Տե՛ր իմ, ռամիկը նորից ուզում է ինչ-որ մեկին խայտախարիվ սարքել։

Կաչաղակը պատասխանում է․

-Ո՛չ, ուզում է ինչ-որ մեկի ոտքերը ջարդել։

Ցեցը․

-Ո՛չ, փայտն է ուզում ինչ-որ մեկի հետույքը մտցնել»[5]։

Կարծում եմ՝ բոլորի համար տեսանելի է տվյալ ստեղծագործության հնարքի և «Խոլստոմերի» նույնականությունը։

Գրականության մեջ հաճախակի է հանդիպում հենց գործողության остранения-ն։ Օրինակ, «Դեկամերոն»- ում «տակառի քերելով մաքրումը», «սոխակների որսը», «բուրդ գզելու ուրախ աշխատանքը» (վերջին պատկերը չի վերաճել սյուժեի)։ Oстранения-ն հաճախ նաև կիրառվում է սեռական օրգանների պատկերման ժամանակ։

Սյուժեների մի ամբողջ շարք հիմնված է դրանց «անճանաչելիության» վրա, ինչպես, օրինակ, Աֆանասիևի «Նվիրական հեքիաթներ» ժողովածուի «Ամոթխած տիրուհին»։ Ամբողջ հեքիաթը հիմնված է առարկան իր անունով չկոչելու վրա, չճանաչելու խաղի վրա։ Նույնն են նաև Օնչուկովի «Կանացի բիծը», հեքիաթ 250, «Նվիրական հեքիաթներում»՝ «Արջն ու ճագարը»։ Արջը և ճագարը «վերք» են բուժում։

Oстранения-ի հնարքին են պատկանում նաև այնպիսի կառույցները, ինչպիսիք են «սանդակոթ և սանդ», «սատանա և դժոխք» (Դեկամերոն):

Հոգեբանական զուգահեռականության մեջ остранения-ի մասին գրում եմ իմ՝ սյուժեի կառուցման մասին հոդվածում։ Այստեղ կրկնում եմ, որ զուգահեռականության մեջ կարևոր է նմանության դեպքում անզուգադիպության զգացումը։

Զուգահեռականության նպատակը, ինչպես որ ընդհանրապես պատկերավորության նպատակը, առարկայի տեղափոխումն է դրա սովորական ընկալումից նոր ըմբռնման դաշտ, այսինքն՝ յուրօրինակ իմաստաբանական փոփոխություն։

Բանաստեղծական խոսքը ուսումնասիրելով ինչպես ըստ հնչյունաբանական ու բառային կազմի, այնպես էլ ըստ դրան հատուկ շարադասության և դրա բառերից կազմված իմաստային կառույցների՝ ամեն տեղ հանդիպում ենք գեղարվեստի նույն հատկանիշին, հանդիպում ենք նրան, որ այն դիտավորյալ ստեղծված է ավտոմատիզմից դուրս բերված ընկալման համար, և նրան, որ դրա տեսունակությունը արարչի նպատակն է, և այն «արհեստականորեն» այնպես է ստեղծված, որ ընկալումը կանգ է առնում դրա վրա և հասնում է հնարավորինս մեծ ուժի և տևողության, ընդ որում՝ ստեղծագործությունն ընկալվում է ոչ թե իր տարածականության մեջ, այլ, այսպես ասած, իր անընդհատության։ Հենց այս պայմաններն էլ բավարարում է «բանաստեղծական լեզուն»։ Ըստ Արիստոտելի՝ բանաստեղծական լեզուն տարաշխարհիկի, բացառիկի բնույթ պետք է ունենա․ գործնականորեն հենց այն է օտարոտի՝ շումերերենը ասորիների մոտ, լատիներենը միջնադարյան Եվրոպայում, արաբաբանությունները պարսիկների մոտ, հին բուլղարերենը՝ որպես գրական ռուսերենի հիմք կամ էլ հանդիսավոր լեզուն՝ որպես ժողովրդական երգերի լեզու, որը մոտ է գրականին։ Սրա մեջ են մտնում նաև բանաստեղծական լեզվի լայն տարածում ունեցող հնաբանությունները, լեզվի դժվարությունները dolce stil nuovo (XII), Առնո Դանիելի լեզուն՝ նրա մռայլ ոճով և դժվարացված կառույցներով, որոնք կարդալու ընթացքում դժվարություններ են ենթադրում (Diez. Leben und Werke der Troubadour, стр. 213)։ Լ․ Յակուբինսկին իր հոդվածում ապացուցել է հնչյունաբանական դժվարությունները բանաստեղծական լեզվի համար նույն հնչյունների կրկնման մասնավոր դեպքով։ Այդպիսով՝ պոեզիայի լեզուն բարդ, դժվարացված, արգելակված լեզու է։ Որոշ մասնավոր դեպքերում պոեզիայի լեզուն մոտենում է առօրեական լեզվին, սակայն դա չի խախտում դժվարության օրենքը։

Տատյանա էր քույրը կոչվում․․․

Այս անունն առաջին անգամ

Վիպագրության նուրբ էջերում

Սրբագործում ենք ինքնակամ։    

Այսպես էր գրում Պուշկինը։ Պուշկինի ժամանակակիցների համար սովորական բանաստեղծական լեզուն Դերժավինի հանդիսավոր ոճն էր, իսկ Պուշկինի ոճը, ըստ իր (այն ժամանակվա) սովորականության, նրանց համար անսպասելիորեն բարդ էր։ Հիշենք Պուշկինի ժամանակակիցների սարսափն առ այն, որ նրա արտահայտություններն այդքան փողոցային են։ Պուշկինը հասարակաբանությունն օգտագործում էր որպես ուշադրության կենտրոնացման յուրահատուկ հնարք հենց այնպես, ինչպես նրա ժամանակակիցները առհասարակ օգտագործում էին ռուսերեն բառեր իրենց սովորական ֆրանսերեն խոսքում (Толстой “Война и мир”):

Այժմ շատ ավելի առանձնահատուկ երևույթ է տեղի ունենում։ Գրական ռուսերենը, իր ծագմամբ օտար լինելով Ռուսաստանի համար, այնքան զանգվածային է դարձել, որ ազգային խոսվածքներում շատ բաներ իրեն է հավասարեցրել, բայց գրականությունը սկսել է սեր տածել բարբառների (Ռեմիզով, Կլյուև, Եսենին և այլք, որոնք այդքան տարբեր են ըստ տաղանդի և այդքան մոտ են ըստ լեզվի՝ դիտավորյալ գավառական) և օտարաբանությունների հանդեպ (Սևերյանինի դպրոցի ձևավորման հնարավորություն)։ Այժմ գրական լեզվից գրական «լեսկովյան» խոսվածքին է անցում կատարում նաև Մաքսիմ Գորկին։ Այսպիսով՝ խոսակցական լեզուն և գրական լեզուն տեղերով փոխվել են (Վյաչեսլավ Իվանով և շատ ուրիշներ)։ Վերջապես նոր, հատուկ բանաստեղծական լեզվի ստեղծման ուժեղ միտում է հայտնվել։ Ինչպես հայտնի է, այդ դպրոցի գլուխը դարձել է Վլադիմիր Խլեբնիկովը։ Այսպիսով՝ հանգում ենք պոեզիայի այն սահմանմանը, որ այն արգելակված, ծուռ խոսք է։ Բանաստեղծական խոսքը կառուցողական խոսք է։ Իսկ առօրեականը  հասարակ խոսք է՝ խնայող, թեթև, ճիշտ (dea prorsa - կանոնավոր, հեշտ ծննդաբերությունների, երեխայի «ուղիղ» դիրքի աստվածուհի)։ Արգելակվածության, խափանման, ինչպես և արվեստի ընդհանուր օրենքի մասին, շատ ավելի մանրամասն կխոսեմ արդեն սյուժեի կառուցման մասին հոդվածում։

Սակայն այն մարդկանց դիրքորոշումը, որոնք առաջադրում են ուժերի խնայողության հասկացությունը՝ որպես բանաստեղծական լեզվում գոյություն ունեցող որևէ բան և նույնիսկ որպես այն բնութագրող, առաջին հայացքից ուժեղ է թվում ռիթմի հարցում։ Միանգամայն անառարկելի է թվում ռիթմի դերի այն մեկնությունը, որը տվել է Սփենսերը․ «Անհավասարաչափ հասցվող հարվածները ստիպում են մեզ մկանները ավելորդ, երբեմն անպետք լարվածության մեջ պահել, որովհետև հարվածի կրկնությունը մենք չենք կանխորոշի․ հարվածների հավասարաչափության դեպքում խնայում ենք ուժը»։ Այս կարծես թե համոզիչ նկատառումը սովորական սխալի վրա է հիմնված՝ բանաստեղծական և առօրեական լեզվի կանոնները խառնելը։ Սփենսերն իր «Ոճի փիլիսոփայություն»-ում ամենևին չէր տարբերակում դրանք, մինչդեռ հնարավոր է, որ գոյություն ունի երկու տեսակի ռիթմ։ Առօրեական ռիթմը, աշխատավոր երգի, մահակի ռիթմը անհրաժեշտության դեպքում մի կողմից փոխում է խումբը ՝ «միանգամից կորչում է», մյուս կողմից հեշտացնում է աշխատանքը՝ ավտոմատացնելով այն։ Եվ իրոք երաժշտության ներքո քայլելը շատ ավելի հեշտ է, քան առանց դրա, բայց քայլելը հեշտ է նաև ակտիվ խոսակցության ներքո, երբ քայլքի գործողությունը դուրս է գալիս մեր գիտակցությունից։ Այսպիսով՝ առօրեական ռիթմը կարևոր է որպես ավտոմատացնող գործոն։ Սակայն բանաստեղծական ռիթմը բոլորովին այլ է։ Արվեստում գոյություն ունի «կարգ», սակայն հունական տաճարի և ոչ մի սյուն ճշգրիտ չի հետևում այդ կարգին, և բանաստեղծական ռիթմը խախտված առօրեական ռիթմն է․ այդ խախտումները համակարգելու փորձեր արդեն ձեռնարկվել են։ Դրանք ռիթմի տեսության այժմյան խնդիրն են։ Կարելի է կարծել, թե այդ համակարգումը չի հաջողվի, բայց իրականում խոսքը ոչ թե բարդացված ռիթմի, այլ խախտված ռիթմի մասին է, ընդ որում՝ այնպիսի ռիթմի, որը հնարավոր չէ կանխագուշակել։ Եթե այդ խախտումը դառնա կանոն, այն կկորցնի դժվարեցման հնարքի իր ուժը։ Սակայն ռիթմի հարցերին առավել մանրամասն չեմ անդրադառնում, քանզի դրանց առանձին գիրք է նվիրվելու։

           

[1] Н․ В․ Гоголь «Ночь перед рождеством» // բառացի թարգմանություն

[2] К․ Гамсун «Голод» // բառացի թարգմանություն

[3] Բառացի թարգմանություն

[4] Կոպիտ, գռեհիկ բառերն ու արտահայտությունները մեղմ, քաղաքավարի արտահայտություններով փոխարինումը

[5] Բառացի թարգմանություն

 

Ռուսերենից թարգմանեց Էլիզա Ստեփանյանը

  • Created on .
  • Hits: 454