Արփի Ոսկանյանի տեսքտակառուցման առանձնահատկությունների քննությունը «Բալլադ երեքի մասին» պատմվածքի օրինակով

 

Արփի Ոսկանյանը տեքստակառուցման բավականին հետաքրքիր սկզբունքներով աչքի ընկնող ժամանակակից հեղինակներից է: Նրա ստեղծագործությունների հերոսները մենք ենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս՝ մեր հոգսերով, սոցիալական, քաղաքական ու հասարակական խնդիրներով, հաղթանակներով ու ձախողումներով:

Դժվար է մոտենալ Արփի Ոսկանյանի ստեղծագործություններին՝ առանց դրանց կառուցվածքաբանական առանձնահատկությունները հաշվի առնելու, ներտեքստային ու արտատեքստային հարաբերությունները բացահայտելու:

Հեղինակի տեսքտակառուցման և պատկերավորման առանձնահատկությունների դրսևորման տեսանկյունից բավականին ուշագրավ պատկեր է  «Բալլադ երեքի մասին» պատմվածքը: Այն ընդգրկված է հեղինակի «Չի վաճառվում» պատմվածքների ժողովածուում:

Հաշվի առնելով նյութի բավականին վերացարկված հանդերձավորումը՝ ստեղծագործության կառուցվածքաբանական տարրերի ներքին հարաբերությունները բացահայտելու համար նպատակահարմար ենք գտնում կառուցվածքաբանական մեթոդի կիրարկումը:

Առաջնորդվելով Բարտի առաջարկած բաժանման սկզբունքներով՝ պատումում կարելի է առանձնացնել կառուցվածքային հետևյալ երեք մակարդակները[1].

  • Գործառույթների (ֆունկցիաների) մակարդակ
  • Գործողությունների մակարդակ
  • Պատումի մակարդակ:

Գործառույթները կարող են լինել բուն կամ միջուկային և կատալիզատոր կամ ցուցիչներ: Միջուկային գործառույթներն ունեն սյուժետաստեղծման դեր, իսկ ցուցիչները լրացուցիչ տեղեկություն են տալիս գործողության իրադրության և հերոսների բնույթի մասին՝ լցնելով պատմողական տարածքը:

Տվյալ դեպքում բուն գործառույթը սյուժեի դիպաշարն է, որը զարգանում է լվացքի պարանի վրա՝ երկխոսությունների, ներքին մենախոսությունների և նկարագրությունների տեսքով:  

«Բալլադ երեքի մասին» վերնագիրն արդեն իսկ տրամադրում է դինամիկ զարգացումների: Դինամիկ ու պարերգային է պատմվածքի մուտքը. «Լվացքի պարանի վրա մեռյալ ժամ էր: Հետճաշյա խաղաղ խռմփոցի ու իրենցից բարձրացող գոլորշու մեջ հազիվ նկատելի ճոճվում էին ձյունաճերմակ սավանները, ծրարները, բարձի երեսները»: Եվ այս ճոճվող ներդաշնակության մեջ «դեղնականաչավուն բրդյա գուլպան ինքն իրեն թարմ կղկղանք էր հիշեցնում[2]»: [էջ 27]

Դեղնականաչավուն գուլպայի զգացողությունների, մտքերի և սյուժեի հետագա ձևավորման վրա ազդում են կատալիզատոր գործառույթներ իրականացնող միջավայրի իրերը՝ լվացքի պարանը, պատշգամբը, փողոցը, որոնք թվում է՝ հորինված են հերոսի կյանքի պատմությունը զարդարելու համար:

Գուլպայի կողքին խռմփացնող իր նման մեկ այլ գուլայի գոյությունը ևս ցուցիչի գործառույթ է իրականացնում, քանի որ օգնում է հասկանալ հերոսի հոգեվիճակը, օտարվածության զգացումը:

Գործողություններն իրականացվում են գործող անձանց կողմից, նրանց միջոցով: Առհասարակ, Ա. Ոսկանյանի արձակը գործող անձանց առումով կարելի է պայմանականորեն երկու խմբի բաժանել. մի խմբում ստեղծագործությունների հիմնական գործողությունները ծավալվում են հենց իր՝ հեղինակի, քաղաքացիական հստակ դիրքորոշում և անկաշառ սկզբունքներ ունեցող «ես»-ի շուրջ, մյուս խմբի ստեղծագործություններում կան հստակ գործող անձիք, ովքեր դուրս են «ես»-ի տիրույթից, սակայն դարձյալ ներքին կապերով շաղկապված են:

Մեկ այլ հատկանշական գիծ ևս. Ա. Ոսկանյանի ստեղծագործություններում սակավադեպ են անուններով հերոսները: Այստեղ ևս հերոսներն անանուն են. կան գործող անձիք, բայց չկան անուններ. նրանք հավաքական կերպարներ են, տիպեր:

Այս պատմվածքը մեր նշած երկրորդ խմբին է պատկանում: Ինչպես ենթադրելի է վերնագրից, այստեղ գործող անձիք երեքն են, իսկ հեղինակը ներտեքստային ներկայացուցիչ է, պատմող: Առհասարակ հեղինակն առանձնահատուկ մոտեցում ունի «երեք» թվի գաղափարի հանդեպ: Հիշենք նրա մյուս պատմվածքները՝ «Երեք նկար», «Հայրենիք, ընտանիք, հաղթանակ» և այլն:

Երեք գործող անձանցից մեկը՝ կողակից գուլպան, ինչպես վերը նշեցինք, ստեղծագործության մեջ կատալիզատորի գործառույթ ունի. նպաստում է գլխավոր հերոսի՝ գուլպայի բնույթի բացահայտմանը և գործողությունների որոշակի սահմանափակմանը, զարգացումների կանխարգելմանը:

Կերպարաստեղծման միջոցներից են նկարագրությունը, մենախոսությունը, սակայն հիմնական միջոցը երկխոսությունն է: Հենց երկխոսությունների միջոցով են բացահայտվում հերոսները:

Պատմվածքում գործողություններն ու գործող անձիք խիստ վերացարկված են ու պայմանական: Գործող անձանց դերում հանդես են գալիս գուլպաներ, սավաններ և ժանեկազարդ սև վարտիք: Հերոսները գործում են պայմանական միջավայրում՝ լվացքի պարանի վրա:

Պատումի մակարդակը բավականին հետաքրքիր շերտեր ունի: Հեղինակը երկը կառուցել է նկարագրությունների, երկխոսությունների, մենախոսությունների, հավանականի և իրագործվածի պատկերային հարաբերությունների համադրությամբ: Պատումը զարգանում է մի քանի հարթությունների վրա:

Պատմվածքում կա գործողությունների կատարման երկու հարթություն՝ հավանական և իրական: Ընդ որում, պատմության հիմնական մասը հենց հավանականի հարթության վրա կատարվող գործողություններն են կազմում, որոնք իրենց հերթին ունեն տարբեր ենթաշերտեր:

Ըստ հոգեբանական հիմքի հավանականի հարթության պատկերները բաժանվում են երկու խմբի՝ ենթադրելի հավանական և ցանկալի հավանական: Այստեղ մեծ նշանակություն ունի այն հանգամանքը, թե հավանականի հարթության պատկերներն ինչ հոգեվիճակի ծնունդ են[3]:

Գուլպայի և ժանեկազարդ, խորհրդավոր վարտիքի երկխոսությունների ընթացքում շարունակաբար նկարագրվում են ցանկալի հավանական պատկերներ:

« - Հա՛, հիշեցի, ես ձեզ տեսել եմ լվացքի մեքենայի մեջ, - գուլպան չէր ուզում նահանջել, - օճառաջրի հոսանքին տրված՝ դուք պտտվում էիք` ասես դյութված կախարդական վալսի հնչյուններով, փրփուրների ու պղպջակների շղարշի միջից երևացող ձեր դեմքը ամպերի տակից դուրս լողացող նորալուսնի նման...

- Ռոմանտիկ է, - ընդհատեց վարտիքը, - բայց ես երբեք լվացքի մեքենայում չեմ եղել»: [էջ 32]

Միայնակ կինոդերասանուհու և ամուսնացած հերոսի միջև ծավալված զրույցը բացահայտում է նրանց ներքին զգացողությունների, կյանքի հանդեպ ունեցած հայացքների, միայնության և այլ հետաքրքիր շերտեր՝ ի վերջո վերածվելով կրքոտ պարի:

Շարունակվող գործողությունները դինամիկ են ու արագընթաց զարգացող, ինչն էլ բերում է նույնիսկ հերոսի համար անսպասելի փաստի՝ ամուսնության առաջարկի, բաժանվելու որոշման:

Պատմվածքի վերջին հատվածում կա մի հանգույց, որտեղ անդառնալիորեն խճճվում ու վերացարկվում են իրականի, ենթադրելի հավանականի, ցանկալի հավանականի ու իրականի սահմանները:

«Էլի ինչ-որ բան էր ուզում ասել, բայց պապանձվեց ներքևից իրեն հառված՝ կողակցի քնատ, ոչինչ չարտահայտող հայացքից: Ե՞րբ էր ընկել։ Լսե՞լ էր իր հայտարարությունը։ Հուսահատությունի՞ց էր նետվել, իրեն վերանվաճելու համա՞ր, թե՞ վրեժ լուծելու ցանկությունից՝ իրեն անպետքության դատապարտելու մտադրությամբ։ Իսկ միգուցե քամին էր պոկել նրան պարանից...»: [էջ 34]

Հերոսի՝ պահի ազդեցության արդյունք հանդիսացած շեղումն օրինաչափությունից կարող էր հանգեցնել ենթադրելի հավանական մի իրողության, որի մասին մտածելն անգամ հերոսի համար սարսափելի էր. կինը կարող էր պարանից ցած ընկնել: Հերոսը կարող էր կորցնել կնոջը՝ իր տարիների՝ անհաղորդ, անշարժ, ոչինչ չարտահայտող, ոչ մի տեղ չնայող հայացքով կողակցին:

«Գուլպան արթնացավ դարակի մեջ` դեղնականաչավուն կողակցի հետ գրկախառնված։ Չէր հասկանում՝ երա՞զ էր լվացքի պարանին կատարվածը, թե՞ իրականություն, բայց թեթևության զգացում ուներ, որ արթնացել է իր դարակում: Որ կարող է փաթաթվել անհաղորդ, անշարժ, ոչինչ չարտահայտող, ոչ մի տեղ չնայող հայացքով դեղնականաչավուն գուլպային ու քնել: Նա սարսափում էր պատկերացնել, թե ինչ տեղի կունենար իր հետ, եթե իր կինն այդպես էլ մնար պարանից ընկած։»: [էջ 35]

Պատմվածքն ավարտվում է նկարագրությունների կրկնությամբ. նկարագրվում են այն նույն պատկերներն ու տրամադրությունները, որոնցով սկսվել էր պատմվածքը: Ընդ որում, նկարագրական այս կրկնությունը ևս ինքնանպատակ չէ. հերոսը պտույտ է կատարում և տեղի է ունենում դարձ ի շրջանս յուր:

Այսպիսով՝ Ա. Ոսկանյանի «Բալլադ երեքի մասին» պատմվածքի կառուցվածքաբանական քննությունը ցույց տվեց, որ ստեղծագործությունը հարուստ է տեքստակառուցման բավականին բազմաշերտ ու հետաքրքիր սկզբունքներով՝ պատկեր-գործողությունների զարգացման տարբեր հարթություններով, վերացարկված ու պայմանական կերպարներով, կերպարաստեղծման դեր կատարող երկխոսություններով, պատկերավորման հարուստ միջոցներով: Առանձնացնելով գործառույթների (ֆունկցիաների), գործողությունների և պատումի մակարդակներ՝ նկատեցինք գործառութային մակարդակի միջուկային և կատալիզատոր տարրեր, որոնցով պայմանավորված էլ դինամիկ կերպով առաջ են գնում գործողությունները՝ ստեղծելով պատումի տարբեր հարթություններ ու շերտեր: Ենթադրելի հավանականի և ցանկալի հավանականի տիրույթում կատարվող գործողություններն ի վերջո հերոսին սեփական կյանքը, ունեցածը վերարժևորելու ու գնահատելու առիթ ու հնարավորություն են տալիս՝ կանխարգելելով նոր պատկեր-գործողությունների առաջ գալը:

 

[1] Տե՛ս՝ Барт Ролан. Введение в структурный анализ повествовательных текстов, Французская семиотика: От структутализма к постструктурализму. М., 2000, с 204-229.

[2] Ոսկանյան Ա., Չի վաճառվում, (պատմվածքներ), Երևան, Անտարես, 2016, էջ 336:

[3] 7 Տե՛ս՝ Մանուչարյան Կ., Հավանականի և իրագործվածի փիլիսոփայական հայեցակերպերը գրական երկի կառուցվածքում, Լեզու, խոսք, իրականություն, միջազգային գիտաժողովի նյութեր՝ նվիրված լեզվաբան-փիլիսոփա, ակադեմիկոս Է. Աթայանի ծննդյան 85-ամյակին, Երևան, 2017, էջ 388-399:

 

Հասմիկ Հակոբյան

  • Created on .
  • Hits: 2426

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: