Բերնար-Անրի Լևի․ Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը

 

 

Բերնար-Անրի Լևին (1948 թ.) ֆրանսիացի արդի ամենահայտնի քաղաքական լրագրողներից է, նաև՝ փիլիսոփա և գրող: Լրագրողական գործունեությունը սկսել է «Combat» օրաթերթում: 1971 թվականին մեկնել է Հնդկաստան՝ Պակիստանից Բանգլադեշի ազատագրման պատերազմը լուսաբանելու: 1973 թվականից «Grasset» հրատարակչության գլխավոր խմբագիրն է, ավելի քան 20 գրքի հեղինակ է: Լևին հայտնի է  նաև որպես «Նոր փիլիսոփայության» դպրոցի հիմնադիր, ժամանակակից մարքսիզմի  (ի դեմս «Բարբարոսությունը մարդկային դեմքով» գրքի, 1977 թ.) և իսլամիստական ֆունդամենտալիզմի քննադատ: Ստորև ներկայացնում ենք նրա՝ Արցախին նվիրված հոդվածը, որը հրապարակվել է «Le Point» պարբերականում։

 

Ի՞նչ իմաստ հիշելու 1914-18թթ. պատերազմի ավարտը:  Եվ ինչի՞ն է պետք կավի և արյան մեջ թաղված մազոտ տղամարդկանց մասին հիշողությունը, եթե մեկ դար անց պարզվեց, որ նրանք լուսնոտներ են:  Որովհետև երբ Մորիս Ժենեվուան* մուտք գործեց Պանթեոն, դա ոչ թե անհայտ զինվորի հավերժական կրակն էր, այլ քաջ հայտնի աղետի բոցը, որը բռնկվեց Եվրոպայի սահմաններին:

Հայկական Լեռնային Ղարաբաղը գեհենում էր:

Աշխարհի ողջ վառոդը, կարծես, կուտակվել է այդ փոքրիկ քրիստոնեական անկլավում, որի պատմությունը լի է տառապանքի ու հալածանքի բազում օրերով:
Շուշին՝ Լեռնային Ղարաբաղի համեստ Երիքովը, ընկավ ոչ թե շեփորների ձայնից, այլ Ադրբեջանի վարձակալած սիրիացի գրոհայինների ձեռքով: Եվ մենք չենք կարող դա անտեսել: Այնպես չէ, որ Ադրբեջանի նախագահը չէր գոռում "Mille Collines" ազգային ռադիոյի* եթերում. «Հայերը ենթատեսակներ են, որոնց շների պես որսում ենք»:

Ճիշտն ասած դա մի ողջ ժողովուրդ է, որին կաշվե ձեռքերով սանձահարողներն իրենց իրավունք են վերապահել ենթարկել, ջախջախել անօդաչուների հեղեղի տակ, և բախտի քմահաճույքին թողնել նրանց, ովքեր ո՛չ կարողացել, ո՛չ էլ ցանկացել են փախչել տանկերից, անցակետերից ու ավերակներից: Աշխարհաքաղաքականությունը վերածվում էր վարժեցման, և աշխարհի բոլոր հայերի համար վերադառնում էր ցեղասպան անցյալի սարսափելի երաժշտությունը:

Այս աղետի ակունքում կա երկու իմպերիալիզմ:

Նախ, իհարկե, Թուրքիան:

Հարբած Էրդողանի հետ միասին, որը միայն մեկ գաղափար ունի՝ դառնալ սուննի իսլամի խալիֆ և ընդլայնել իր Լեբենսրաումը* Միջերկրական ծովում, Բալկաններում, Կովկասում և հասնել էլ ավելի հեռուն: Մի՞թե նրա աչքերը բացելու համար պետք կլինի, որպեսզի իր Գորշ գայլերը, որոնց սովորեցրել են մորթել օրուելյան ագարակի մյուս կենդանիներին, այսինքն՝ մեզ կովիդային համայնքին, շարժվել Միսիսիպիով վեր, հայտնել իրենց տեսակետները Փենսիլվանիայի մասին և շարունակել, ինչպես Վիեննայում (և՛ Վիեննայում, և՛ Ավստրիայում, և՛ Ֆրանսիայում) իրականացնել ահաբեկչական շանտաժ, որը հստակ ձևակերպել է ինքը՝ նեոսուլթանը:

Քանի որ Մոսկվան, օրհնելով վերջնական հրադադարը, հասավ իր ուզածին՝ ուժեղացնել ավտոկրատին Ադրբեջանում, թուլացնել երիտասարդ լիբերալ վարչապետին Հայաստանում, և, մինչ աշխարհն այլ կողմ էր նայում, հին սառեցված կոնֆլիկտով վերափոխել տարածաշրջանի քարտեզը: Մենք, ի դեպ, գիտակցում ենք, որ պուտինյան լավ ռազմավարության մեջ առկա էր երկու տեսակ սառեցված հակամարտություն: Նրանք, ովքեր վառում են մեծ, չոր կրակ, որը, զարմանալիորեն, հրավառի պես նետված է ապակողմնորոշված Եվրոպայի ոտքերին, ինչպիսին ուկրաինական սցենարն էր: Նրանք, որոնց հասցնում են եռման աստիճանի, դանդաղ, բայց հաստատուն, մարմանդ կրակի վրա, խուսափելով վաղաժամ շոգեհարումից, որպեսզի մի օր խաղադրույքները բարձրացնեն. այդպիսին էր վրացական սցենարը: Ահա Լեռնային Ղարաբաղի հետ կապված երրորդ տարբերակը՝ մեկը սառչում է, մյուսը թաղում հակամարտությունը ձյան և քարերի քողի ներքո, իսկ երրորդը սպասում է ածուխների վրա, որպեսզի դուրս հանի շագանակները խարույկից: Մինչդեռ այդ երկու կայսրությունները գործում են միասին:

Էրդողան ու Պուտին, ահա իմ՝ «Կայսրության և հինգ թագավորների» ամբողջ թեզը. երկու սադրիչ, որոնք նետում են իրենց կրակը՝ մեկն ընդդեմ Շուշիի տաճարների, մյուսը՝ Մարիուպոլի եկեղեցիների, և երկուսը միասին ընդդեմ օրենքի և արդարության այդ հսկայական բազիլիկը, այսինքն՝ Եվրամիությունը: Այնպես որ այստեղ ականատեսն ենք լինում գործնական աշխատանքի այն աշխարհում, որտեղ հանցակիցները դերաբաժանում են արել: Էրդողանում՝ ժանիքներ և արյուն, Պուտինում՝ deus ex machina,* արջի պես խոստանալու իր պաշտպանությունը, և երկուսի արանքում արյունաքամ է լինում Հայաստանը, որն ապրում է քաղաքակրթությունից դուրս մղվելու ժամանակը։

Ուստի, երկուսից մեկը:

Կամ մեր ընկերներին թողնում ենք Կովկասում ճակատագրի շների, մետաղի ջարդոնի և թնդանոթների հույսին:

Թողնելով Էրդողանին ու Պուտինին գլխավորել ցուցակը՝ Շուշիին թույլատրվում է դառնալ քրիստոնյա Սարաևո, որի անկումընշանակում է, ինչպես 1994-ին, եվրոպական ոգու մոնադի կորուստ: Եվ մենք դառնում ենք նորից, ինչպես 1914 թ.-ին, լուսնոտներ, որոնց մեծ անհավատալի ընդարմացումը խոցելի կլինի ոչ միայն Շուշիի, այլև Նիկոսիայի, Ռիգայի, Վարշավայի կամ Աթենքի համար:

Արդյո՞ք շան վարժեցնողին, որն իր թշնամիների հետ վարվում է շների պես, բնորոշ չէ երբեք չհանգստանալ, քանի դեռ այդ շներն իրենց բներում չեն:

Կամ արթնանում ենք:

Հիշում ենք՝ ինչպես կայսերական սառը հրեշների սողունային ջղաձգությունները ժամանակին կարողացան շարժման մեջ դնել դժոխային մեքենան:  Եվ կա մի համարձակ երկիր, թեկուզ մեկը, որը ճանաչում է վիրավոր, խեղված ու արյունոտ Արցախի Հանրապետությունը: Ազգերի լիգան, մեկ դար առաջ, Դանցիգի համար հորինեց «ազատ քաղաքի» կարգավիճակ: Եվ ՄԱԿ-ը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո վերակենդանացրեց այս կարգավիճակը Տրիեստի համար: Ինչո՞ւ նույնը չանել Լեռնայի Ղարաբաղում: Ինչու՞ Ֆրանսիան Ստեփանակերտը և Շուշին չհայտարարեց ազատ քաղաքներ: Եվ արդյո՞ք չենք կարող պատկերացնել միջազգային ուժերի կողմից երաշխավորված այդ ազատությունը:  Դա գեղեցիկ քայլ կլիներ: Եթե հետևեին Ֆրանսիային, ապա դա կլիներ Եվրամիության գործողությունը, որը հաստատում է իր արժեքների գերակայությունն իր շահերից ավելի:

Այդպիսով, քաղաքակիրթ ժողովուրդների հռչակագրին կից կծնվի լրացուցիչ իրավունք՝ շնային վիճակի հասցված, փոքրամասնություն կազմող ժողովրդի օրինական պաշտպանության համար։

Սա կոչ է:

 

 

Մորիս Ժենեվուա (1890-1980), ֆրանսիացի գրող և պոետ, ֆրանսիական Ակադեմիայի անդամ (թարգմ.):

Հեղինակը նկատի ունի 1993-1994 թվերին հեռարձակվող ռուանդական ռադիոկայանի հաղորդումները, որոնցով հնչում էր Ռուանդայում էթնիկ կոնֆլիկտի ու ցեղասպանություն հրահրող խոսք: Դա «ատելության ռադիոյի» ամենատարածված օրինակն է (թարգմ.):

Լեբենսրաում- ազգային- սոցիալիստական պրոպագանդայի տերմին, որն արտացոլում էր գերմանական ժողովրդով (ազգայնական- սոցիալիստ առաջնորդների հասկացմամբ՝ արիացիներով) Արևելյան Եվրոպայի բնակեցման պլանները: Առաջին անգամ տերմինն ի հայտ է եկել վիլհելմյան շրջանում, բայց նացիստական շարժումը դրան հաղորդեց ռասայական- կենսաբանական համատեքստ (թարգ.):

Deus ex machina- (լատ. Մեքենայից Աստված), նշանակում է այս կամ այն իրավիճակի անսպասելի, անկանխատեսելի հանգուցալուծում, որն ուղեկցվել է արտաքին, նախինում դրանում մասնակցություն չունեցող գործոնի օգնությամբ (թարգմ.):

 

 

Ֆրանսերենից թարգմանեց Հռիփսիմե Դայանը

 

 

Կարդացեք նաև՝ Բերնար-Անրի Լևի. Թագավարակ. Մենք քաղաքակրթության անկման վկան ենք

  • Created on .
  • Hits: 225