Էդգար Մորեն. Սոցիոլոգիական մտքի վերափոխում

Ֆրանսիացի փիլիսոփա և սոցիոլոգ Էդգար Մորենի (ծնվել է 1921 թվին, իսկական անունը՝ Էդգար Նաում) հիմնական աշխատությունները նվիրված են ժամանակակից արեւմտյան քաղաքակրթությանը, զանգվածային մշակույթին, մտավորականության տեղին ժամանակակից աշխարհում: Հիմնվելով Ժակ Մոնոյի, Ջոն ֆոն Նեյմանի, Իլյա Պրիգոժինի և այլոց գաղափարների վրա, նա մշակում է կոմպլեքսային սոցիոլոգիայի նախագիծ, որի կենտրոնում անորոշության, ինքնակազմակերպման և երկխոսության սկզբունքներն են: Սոցիալիստական հայացքների տեր, Կոմունիստական կուսակցության անդամ, Երկրորդ Համաշախարհային պատերազմի տարիներին եղել է Դիմադրության շարժման ակտիվ մասնակից, ընկերացել Ֆրանսուա Միտերանի հետ: Պատերազմից հետո Մորիս Մերլո- Պոնտիի աջակցությամբ դարձել Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի անդամ (CNRS): 1957 թվին Ժան Դյուվինյոյի ու Ռոլան Բարտի հետ եղել «Փաստարկներ» ձախակողմայն փիլիսոփայական- սոցիոլոգիական ամսագրի (գլխավոր խմբագիրն էր մինչև 1962 թիվ) հիմնադիրներից մեկը, հիմնել ու ղեկավարել ԶԼՄ-ների հետազոտման կենտրոնը: 1960-ականներին աշխատել և դասավանդել է Լատինական Ամերիկայում (Բրազիլիա, Չիլի, Բոլիվիա, Պերու), Մեքսիկայում ստեղծել Էդգար Մորենի անվան համալսարանը: Եղել է 1968 թվականի ուսանողական շարժման ակտիվ մասնակից: 2008 թվականից Սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոցում գործում է Էդգար Մորենի անվան կենտրոն:

 

Գիտականության խնդիրը

Ծամծված տեսլականի համաձայն` սոցիոլոգիան դարձավ գիտություն ազատվելով փիլիսոփայությունից ու ինքն իրեն վերագրելով ֆիզիկայի մշակած մեթոդները: Իրոք, սոցիոլոգիայի գիտականությունն անբավարար է՝ մի կողմից լաբորատոր փորձարկումները չեն կարող նյութապես կենսագործվել հասարակությունների վրա, ու, դեոնտոլոգիական* պատճառներով, չեն կարող իրագործվել անհատների վրա: Մյուս կողմից, տվյալ գիտափորձի կամ սոցիոլոգիական իրավիճակի ճշգրիտ վերարտադրությունն անհնար կդարձներ ցանկացած էմպիրիկ ստուգում: Եվ վերջապես, անհնար է դուրս բերել սոցիոլոգիական օրենքներ, որոնք միաժամանակ կլինեն ունիվերսալ, հստակ, ճշգրիտ, ինչպես ձգողականության ուժի և էլեկտրամագնիսականության օրենքները:

Ավելին՝ սոցիոլոգիայում ընդունված դետերմինիստական, մեխանիցիստական*, ռեդուկիցոնիստական գիտության մոդելը հնացել է. ֆիզիկական գիտությունները, հետայսու, իրենց տեղը զիջել են պատահականություններին, երկատումներին, առանձնահատկություններին, բարդություններին, մինչդեռ սոցիոլոգիան մնաց հավատարիմ հին մոդելին, որը հասարակությանը դիտում է որպես տափակ դետերմինիստական մեքենա, իսկ անհատներին՝ սոցիալական ապուշներ՝ դասակարգեր, կարգավիճակներ, դերեր ու այլ հաբիթուսներ կոչվող վանդակներով բաժանված: ենտ, ով իրենում կրում է այն ամենը, ինչի մաս որ հանդիսանում է), առկա է իմացաբանական զանցանք:
Հասանք հետևյալ պարադոքսին՝ որքան շատ է սոցիոլոգը ենթարկվում մեխանիցիստական, աղճատված, կամայական հայեցակարգին, այնքան ավելի շատ է տուրք տալիս գիտությունում մենաշնորհ դիրքին՝ ծայրահեղորեն հակագիտական, քանի որ գիտությունը գիտակցության կամ տեսության սեփականություն չէ, այլ՝ կոլեկտիվ խաղի կանոնի սեփականությունը, որը ենթադրում է մրցակից տեսությունների բախում:

 

Մեկուսացում և բաժանում

Սոցիոլոգիայի ինստիտուտը, ի թիվս այլ հումանիտար գիտությունների, հնարավորություն տվեց ճանաչել հասարակությունը որպես ուսումնասիրման յուրահատուկ օբյեկտ: Բայց սոցիոլոգիայի խզումը փիլիսոփայության հետ ու մեկուսացումը նաև մյուս հումանիտար գիտություններից, խախտեցին մարդաբանական - սոցիալական բարդությունը ու մեկուսացրին հասարակությանը որպես փակ համակարգ՝ առանձնացված պատմությունից ու հոգեբանությունից. փիլիսոփայական դատողությունից զուրկ, օժտված միայն մասնագիտական պատրաստվածությամբ և ինտելեկտուալ, մշակութային ընչազրկմամբ, դրանք ուղղորդեցին սոցիոլոգին, ինչը նրան դարձրեց անընդունակ հասկանալ հասարակության ու անհատների, սոցիոլոգիայի և ոչ սոցիոլոգիայի փոխազդեցությունները, և անընդունակ դիտարկել սոցիոլոգիական փաստերը պատմական ժամանակում:

Ավելին՝ սոցիոլոգիական մասնագիտացումները (աշխատանքի սոցիոլոգիա, գյուղի սոցիոլոգիա, կրոնի սոցիոլոգիա, ազատ ժամանակի անցկացման սոցիոլոգիա, ԶԼՄ-ների սոցիոլոգիա և այլն) հանգեցրին ներքին բաժանման, որը քանդում է սոցիալական իրականությունների բարդությունն ու բազմաչափությունը, ու այդ զատումը ոչնչացնում է ցանկացած հնարավորություն պատկերացնել հասարակությունը որպես մեկ ամբողջություն, որոնք կազմում են unitas multiplex: Ընդհանուր սոցիոլոգիան դառնում է ոչ թե բարդ ու բազմաչափ համակարգի մասին գիտելիք, այլ դատարկ պայուսակ, վերացական տեսություն, որի մի գրպանում համակարգն է, մյուսում՝ բարդն ու բազմաչափը տարալուծվում են: Մեզ մնացել է այլանդակված այլընտանք՝ փշրանքներով սոցիոլոգիան կամ վերացական սոցիոլոգիան: Մի կողմից միջնորմով բաժանված ու անհեռանկարային ուսումնասիրությունները, մյուս կողմից վերացական ու ռացիոնալիզացված տեսությունները:

 

Սոցիոլոգիական մտքի վերափոխում

Անհրաժեշտ է սոցիոլոգիական մտքի վերափոխում: Սա ենթադրում է ինչպես գիտության լիակատար օգտագործում, որն այլևս հնացած ու աղճատված չէ, այնպես էլ ոչ խիստ գիտական գիտելիքների ստացման հնարավորության ընդունում: Սա պետք է արվի վեց ճակատներում:

1. Հավանություն տալ իմացաբանական գիտություններին, որոնք համապատասխանում են արդի գիտության ձեռքբերումներին, այսինքն՝

- Փոխարինել դետերմինիստական- մեխանիցիստական սկզբունքը երկխոսականով, ուր կարգ- անկանոնություն- կազմակերպումը փոխկապակցված են՝ միաժամանակ փոխլրացնող ու անտագոնիստական, և ուր ապագան վտանգված է անկայունությամբ ու երկատմամբ:

-Ճանաչել ինքնավարությունները*, որոնք հիմնված են բաց համակարգի հայեցակարգի ու ինքնակազմակերպման վրա:

-Ճանաչել ինքնավարությունը բաց համակարգի ու ինքնակազմակերպման հիման վրա:

-Ճանաչել անհատ- հասարակություն բարդ ռեկուրսիվ պատճառահետևանքային կապը, ինչպես նաև սոցիոլոգիական, քաղաքագիտական, տնտեսագիտական, ժողովրդագրական, մշակութաբանական, հոգեբանական և այլ տիպի ռեկուրսիվ պատճառահետևանքային կապերը:

- Ներգրավել ուսումնասիրող- նորարարին (սոցիոլոգին) իր ուսումնասիրման ու հայեցակարգի մեջ:

-Վերաներգրավել ներգրավումը ու փիլիսոփայական իմաստավորումը սոցիոլոգիական աշխատանքում*:

Այդ պահից սկսած հասարակությունն ի հայտ է գալիս որպես ոչ տափակ ինքնա- էկո- կազմակերպիչ:

 

2. Համակարգային վերափոխում

Խոսքը գնում է մի շարք գիտություններում արդեն իսկ կյանքի կոչված մի գործընթաց իրականացնելու մասին, որի օբյեկտը դադարում է լինել մարդաբանական - սոցիալական շղթայից պոկված կամայական մասնիկ՝ բարդ համակարգի համար տեղ ազատելու համար: Այդպես բնապահպանությունը որպես օբյեկտ դիտարկեց էկոհամակարգերը, և ավելի լայն իմաստով՝ կենսոլորտը. էկոհամակարգերը ինքնաարտադրվող են ու ինքնակարգավորվող բնական միջավայրի (բիոտոպ) ու բույսերի, կենդանիների ու միաբջջայինների (բիոցենոզ) աշխարհագրական, երկարաբանական, ֆիզիկական ու կլիմայական պայմանների շնորհիվ: Բնապահանության մասին գիտությունը ներառում է շատ ու բազմատեսակ գիտակարգերի գործունեության ոլորտներ, ու բնապահպանը դառնալով կիսաիրավասու մասնագետ, իր գլխում չի կուտակում այն գիտակարգերի գիտելիքները, որոնց նա դիմում է. նա ձևակերպում է միմյանց համար ռազմավարական կարևորություն ունեցող գիտելիքներ ու դիմում այն գիտակարգերի գիտելիքներին, որոնցով զբաղվում է իր հետազոտություններում: Նույնը երկարաբանության ու դրան հարակից գիտակարգերի դեպքում, որոնք ներկայումս կենտրոնացած են բարդ համակարգի՝ մոլորակի ստեղծման վրա, հետևապես, նմանատիպ կոգնիտիվ վերակազմակերպումը թույլ է տալիս իրար կապել մինչ այժմ անհաղորդ գիտակարգեր, ինչպես երկրաբանությունը, կլիմայաբանությունը, հրաբխագիտությունը, սեյսմոլոգիան և այլն: Ավելի լայն իմաստով՝ աստղագիտությունը զարգացել է տիեզերաբանության շրջանակում, որի օբյեկտը միակ տիեզերքն է, որի ծագումը, ֆիզիկական նյութը, գալիք ապագան կասկածի տակ է դրվում… Վերջապես, որպես օբյեկտ դիտարկելով անտրոպոգենեզի բազմաչափ գործընթացը (գենետիկ, անատոմիական, սոցիոլոգիական, իսկ հետո՝ մշակութային), նախամարդկության շրջանի պատմությունը դառնում է առաջին մարդկային պատմություն, որը որպես օբյեկտ դիտարկում է ինքնա- էկո- կազմակերպման ամբողջությունը: Ուստի սոցիոլոգիան կարող է ու պետք է վերստին ինքն իր համար բացահայտի իր համակարգային օբյեկտը, որում զատ ու անջատ գիտելիքները, ենթագիտակարգերում ու այլ սոցիալական գիտություններում, կշաղկապվեն միմյանց: Տեսությունն ուղղված կլինի ներկայացնել ոչ թե վերացական սոցիալական համակարգ, այլ հասարակությունների ինքնակազմակերպվող ու ինքնավերարտադրվող բնույթը:

 

3. Սոցիոլոգիայի օբյեկտը չի կարող ավարտվել

Կարևոր է հաստատել ու սահմանել հաղորդակցություն- շաղկապումներ այլ հումանիտար գիտությունների հետ՝ դիտարկելու մարդաբանական- սոցիոլոգիական ամբողջությունը (արմատավորված կենսաբանական- ֆիզիկական կոնտեքստում), որի շրջանակներում սոցիալական համակարգը և՛ կախյալ է, և՛ ինքնավար: Միաժամանակ խոսքը գնում է այլ սոցիալական ֆենոմենների (տնտեսական, ժողովրդագրական, հաղորդակցական, առասպելաբանական և այլն) ներքին չափումների կապերի հաստատման մասին:

 

4. Կարևոր է նշել, որ պետք է ընդունել կենսաշխարհում (Lebenswelt)* կենդանի արարածի չափումը, ուր առօրեականությունն ու ինքնին կյանքն անբաժան են:

19-րդ դարի վեպը` Բալզակի, Ստենդալի, Մոպասանի, Ֆլոբերի, Դոդեի, Զոլայի, Դիկենսի, Տոլստոյի, Դոստոևսկու հետ միասին մեզ տրամադրում են այնպիսի գիտելիքներ սոցիալական կյանքի մասին, որոնց չես հանդիպի սոցիոլոգիական հարցումներում ու աշխատանքներում: Հատկանշական է, որ Մարսել Պրուստի վեպերը դուրս են առօրեականության շրջանակից ու գնում հասնում են մարդաբանական - պատմական աշխարհի խորքը: Յուրաքանչյուր մեծ վեպ զուգահեռ աշխարհի սահմանումն է՝ փոխներթափանցված մեր աշխարհ, հիմնված ոչ միայն ահռելի քանակի ուսումնասիրությունների, այլև մտավոր արտադրանքի վրա, որը էկտոպլազմատիկ* ձևով հրահրում է կոնկրետ սոցիալ- պատմական աշխարհի ի հայտ գալուն ու նպաստում կոնկրետ անհատի զարգացմանը: Վեպը ճանաչման միջոց է, որը փոխանակ տարալուծի կոնկրետն ու եզակին, պատկերացում է տալիս ընդհանուրի ու ամբողջի մասին կոնկրետ եզակիից սկսած: Եկեք այստեղ հստակեցնենք, որ խոսքը գնում է ոչ թե վեպը a priori սոցիոլոգի աչքերով կարդալու մասին, ով կգտնի իր դետերմինիստական ու կազմաքանդող տեսության հաստատումը, այլ այն հարստությունների բացահայտման, որոնք սոցիոլոգիան չի կարող ստեղծել, արտադրել կամ միաձուլել: Վեպը ոչ միայն սոցիոլոգիայի երկրորդական օբյեկտ չէ, այլ հենց սոցիոլոգիա է:

Այս դեպքում սոցիոլոգիական գիտելիքն արդեն ոչ թե պարզապես գիտական գիտելիք է խիստ իմաստով. այն ներառում է այլ կոգնիտիվ համակարգեր, ենթադրում մի քանի կոգնիտիվ ռեժիմների ամբողջական կիրառում ու հավաք:

 

5. Վերականգնել գաղափար

Մասնատված ու վերացական սոցիոլոգիան տեղավորվել է միջին մակարդակում (middle- range), որտեղ նա կորցրել է կոնկրետության, իրադարձությունների, երևույթների, առօերա կյանքի, իրականի տեսադաշտը, ու միաժամանակ կորցրել մարդաբանական – սոցիալական բնույթի հիմնախնդիրներ: Մեկ անգամ չէ, որ առաջարկել ու փորձել ենք անել, ինչի մասին վկայում է սույն հոդվածը՝ գտնել ինչպես ֆունդամենտալ տեսության խնդիրը, այնպես էլ անմիջական ներկայի, այդ թվում իրադարձությունները կասկածով ընդունելու խնդիրը:

 

Հեղինակը

Քանի որ ողջ սոցիոլոգիայում գիտականությունը մասնակի է ու անավարտ, յուրաքանչյուր սոցիոլոգ կիսով չափ գիտնական է, կիսով չափ՝ էսսեիստ: Յուրաքանչյուր սոցիոլոգ իրականում հեղինակ է, ով ստորագրում ու անձամբ ներգրավված է իր հոդվածներում և գրքերում:

Հեղինակներ ու էսսեիստներ են եղել և Մաքս Վեբերը, Գուրվիչը, Ֆրիդմանը, Արոնը, Տուրենը, Բուդոն, Կրոզիեն, և, իհարկե, սոցիոլոգ- դիաֆուարուսը*, ով հավակնում է գիտականության մենաշնորհին և ընդամենը ինքնակամ էսսեիստ է:

Սոցիոլոգը պետք է ամբողջությամբ ստանձնի «էսսեիստ» տերմինում ամփոփված որակն ու անբավարարվածությունը. նա կարող է փորձել միայն հասնել համապատասխան գիտելիքների, և պետք է փորձի դա անել` մտավոր ռիսկերի դիմելով:

Նա պետք է ընդունի «հեղինակ» տերմինին բնորոշ սահմանափակումը, բայց միաժամանակ հանձն առնի, ինչը նա ենթադրում է, անձամբ զբաղվել երևույթների ու իրադարձությունների հարցմամբ, համարձակ գտնվել իր ախտորոշման ու կանխատեսման մեջ, քննադատորեն խնդրականացնել այն, ինչը թվում է ակնհայտ ու բնական, մոբիլիզացնել սեփական խիղճն ու մտորումները որպես մարդ ու քաղաքացի, լույս սփռել իր մտավոր հաշվարկների վրա: Որչափ նա պետք է փնտրի ու օգտագործի հուսալի, ստուգման ենթակա տվյալներ, նույնչափ էլ պետք է զարգացնի անձնական մտածողություն: Փոխանակ թաքնվի անանուն ժարգոնի ետևում, որը համարում է գիտական, նա պետք է զբաղվի իր սեփական, յուրահատուկ արվեստով ու այդպես լիովին ինքն իրեն հաստատի որպես հեղինակ:


Երեք մարտահրավեր

Նման պայմաններում սոցիոլոգը պետք է ընդունի երեք մարտահրավեր՝

-Եթե, ինչպես ենթադրում ենք, սոցիոլոգիան պետք է ստանձնի նաև էսսեիստի կոչում, ապա սոցիոլոգը պետք է ընդունի երկու մշակույթ, որոնցում նա կա՝ գիտական մշակույթը ու հումանիտար (փիլիսոփայական և գրական) մշակույթը, և նա պետք է ընդունի այդ երկու մշակույթների միջև քառատման ու անտագոնիզմի մարտահրավերը: Բացի այդ, սոցիոլոգը կարող է նշանակալի դեր խաղալ երկու մշակույթների այդքան կարևոր շփման ու փոխհարստացման գործում:

-Երկրորդ խնդիրը մարդաբանական - սոցիալական բարդությունն է: Պարզեցումը, կրճատումը ու կոգնիտիվ խեղաթյուրումը ոչ միայն հանդուգն է, այլև գրոտեսկային. դրանք հրահրում են այնպիսի լուծումներ ու քաղաքականության առաջ քաշում, որոնք կույր են հասարակության պահանջների ու խուլ՝ քաղաքացիների կարիքների, տառապանքների նկատմամբ: Իմաստն ու մեթոդի բարդությունն անխուսափելիորեն հանգեցնում են մարդաբանական - սոցիոլոգիական կոնցեպցիային՝ դրանում շաղկապելով հումանիտար գիտությունների գիտակարգերում առկա բոլոր առանձին չափումները, ու ոչ պակաս պարտադրաբար հանգեցնում առօրեա կյանքի ու առանձին մարդկանց կոնկրետ խնդիրների կոնկրետ աշխարհի ճանաչմանը:

-Նախորդ երկուսից բխող երրորդ մարտահրավերն է վերաիմաստավորել, որ բարդության հասկացումը հանգեցնում է հումանիտար գիտություններում պարադիգմայի փոփոխության անհրաժեշտության գիտակցմանը: Այդպիսով, մտածողության վերափոխումը հանգեցնում է սոցիոլոգիայի վերաիմաստավորմանը ու բացում նոր սկիզբ դրա համար:
Դասական գիտությունը մասնատում է տիեզերք, բնություն, կյանք, եզակիություն, անհատականություն, մարդ, սուբյեկտ հասկացությունները: Աստղաֆիզիկայի ձեռքբերումները վերածնեցին բնությունը, իսկ կենսաբանության ձեռքբերումները շուտով կվերածնեն կյանքը: Հումանիտար գիտությունները պետք է վերածնեն ժամանակից շուտ թաղված մարդուն ու վերածնեն այն առարկան, որը նրանք հաճախ ու պարզապես մերժում էին, այդպիսով՝ թույլ տալով վատագույն սուբյեկտիվ սխալներ: Մեխանիցիստական, դետերմինիստական, մասնատված, կրճատվող, նվազող, քանակական ու հարցական սոցիոլոգիան հիասթափեցրել է սոցիալական աշխարհին. վերանայված սոցիոլոգիան բացահայտում է կյանքի, մարդկության բարդությունը, հարստությունը, գեղեցկությունը, պոեզիան, դաժանությունը ու սարսափը:

 

*Դեոնտոլոգիա, (հուն. δέον — «պարտականություն, պարտք» և λογία — «ուսմունք»), բարոյագիտության բաժին, որտեղ քննարկվում են պարտքի և պարտականության հարցերը։ Տերմինն օգտագործել է անգլիացի փիլիսոփա Ի. Բենտամը: Կատարված գործողության գնահատման ժամանակ՝ դեոնտոլոգիան առաջնորդվում է տվյալ գործողության որոշակի կանոններին համապատասխանելու կամ չհամապատասխանելու սկզբունքից: Այն երբեմն կոչվում է պարտականության, անհրաժեշտության էթիկա, կամ վարքագծի կանոնների վրա հիմնված էթիկական համակարգ, քանի որ հենց դրանք են պարտքի հասկացման հիմք հանդիսանում (թարգմ.):

*Մեխանիցիզմ- աշխարհըմբռնում և մտածողության եղանակ, ըստ որի բնության բազմազան երևույթների հիմքում ընկած են մեխանիկական շարժման օրենքները, բացատրելի են դրանցով։ Մեխանիցիզմը բնորոշ է եղել նոր ժամանակի բնագիտությանը և փիլիսոփայությանը, որոնց դասական ներկայացուցիչները (Ռ. Դեկարտ, Գ. Գալիլեյ, Ի. Նյուտոն, Պ. Լապլաս, Ֆ. Բեկոն, Թ. Հոբս, ֆրանսիացի մատերիալիստներ) հնարավոր էին համարում բնության բոլոր երևույթներն արտածել մեխանիկայի օրենքներից և ներկայացնել մաթեմատիկական հավասարումների տեսքով(թարգմ.)։

*Ռեդուկցիոնիզմը կույր է համակարգերի նկատմամբ, հոլիզմը՝ համակարգի բաղկացուցիչ մասերի նկատմամբ:

*Սույն տեքստը տպագրվել է Les Cahiers de l’Imaginaire ամսագրի no. 14-15 համարներում, «Էպիստեմոլոգիա, էթիկա ու քաղաքականություն» վերնագրի ներքո, 1997, էջ 15-19:

*Անտրոպոգենեզ- կենսաբանական էվոլյուցիայի մի մաս, որը հանգեցրեց բանական մարդու հայտնվելուն, և որն առանձնանում է մնացած հոմինիդներից, մարդանման կապիկներից և ընկերքավոր կաթնասուններից, մարդու ֆիզիկական տիպի էվոլյուցիոն-պատմական ձևավորման, նրա աշխատանքային գործունեության, խոսքի սկզբնական զարգացման գործընթացը։ Անտրոպոգենեզի ուսումնասիրությամբ բազմաթիվ գիտություններ են զբաղվում, մասնավորապես՝ անտրոպոլոգիան, պալեոանտրոպոլոգիան, գենետիկան, լեզվաբանությունը (թարգմ.)։

*Կենսաշխարհի հայտնի ըմբռնումը ծնվել է ֆրանկֆուրտյան սոցիոլոգիական դպրոցի և բներևութաբանական- հերմենևտիկական ավանդույթների խաչաձևումից: Կենսաշխարհը, ըստ այդ մոտեցման, բաղկացած է շատ թե քիչ անորոշ, սակայն անձի համար կասկածից դուրս գտնվող ֆոնային համոզմունքներից, որոնք հանդես են գալիս որպես աշխարհի հասկացման հիմք և որպես աղբյուր են ծառայում իրադրություններին այնպիսի բնորոշումներ տալիս, որոնք խնդրահարույց չեն տվյալ սուբյեկտի համար (թարգմ.):

*Էկտոպլազմա, (ծագում է հին հուն., ἐκτός «դուրս» և πλάσμα «ինչ-որ ձևավորված բան»), օկուլտիզմի և պարահոգեբանության մեջ նշանակում է խորհրդավոր ծագման մածուցիկ (սովորաբար թեթև) նյութ, որը ենթադրաբար արտահայտվում է (քթի, ականջների և այլնի միջոցով) միջնորդ մարմնի կողմից, ինչը այնուհետև հիմք է հանդիսանում նյութականացման հետագա գործընթացի համար (վերջույթներ, դեմքեր, ֆիգուրներ): Արդի գիտությունը հերքում է էկտոպլազմայի գոյության իրողությունը: Հոռետեսները նշում են, որ այս նյութի առաջացման վերաբերյալ զեկույցների զգալի մասը վերաբերում է 19-րդ դարում անցկացվող սեանսներին, որոնք իրականացվել են առանց անկախ դիտորդների մասնակցության: Հետագայում, երբ հսկողության մեթոդները խստացվեցին, հայտնի դարձան բազմաթիվ սպիրիտուալիստական կեղծիքներ՝ կապված էկտոպլազմայի առաջացման հետ (թարգմ.):

*Ժան Բատիստ Մոլիերի «Երևակայական հիվանդ» (1674) 3 գործողությամբ կոմեդիա- բալետի հերոսներից մեկի՝ բժիշկ Թոմա Դիաֆուարուսի անունը, ով ստեղծագործությունում ներկայանում է հարուստ, գեղեցկատես ու շուտով բժշկական դիպլոմ ստանալու շեմին կանգնած երիտասարդ (թարգմ.):

 

 

Ֆրանսերենից թարգմանեց Հռիփսիմե Դայանը

  • Created on .
  • Hits: 24