Հրանտ Մաթևոսյան 90. Բնական մարդու պաշտպանը

Մեր օրերում, երբ մարդկությունը դարեր ապրելով ու գոյաբանական ճջնաժամեր հաղթահարելով, «վստահաբար, ինքնավստահորեն մեջքն է ուղղում ու իր պայծառափայլ ուղեղը գովերգում»՝ քաղաքակրթությունների բախման ու անկման, Արևմուտքի մայրամուտի մասին պատմագիտական, փիլիսոփայական, գրականագիտական հայեցակարգերն արդեն այլևս նորություն չեն, այլ սովորական՝ դառնալով մեր կյանքի անբաժան մասը, որտեղ սակայն մենք ենք կորել, մարդն է կորել։
Եթե նախկինում քաղաքակրթությունները կբաժանվեին ըստ կրոնական, ազգային, մշակութային առանձնահատկությունների, ապա այժմ բազմաթիվ են օրինակները, երբ նմաններն են սահմանը վստահորեն հատել, հափշտակել ու կուլ տվել իրենց նմաններին։ Տարածաժամանակային փոխակերպումներում, որտեղ անգամ արժեհամակարգերն են այլ, ամենամեծ սահմանը, սակայն, բանական մարդ-բնական մարդ շղթայում է եզրագծվել։ Գրականությունը, օրինակ, սիրում է մտնել այդ արահետը, փորփրել, գուցե մի կերպ հե՞տ բերի կորած մարդուն։
Այս խնդրով է պայմանավորված, որ սկսում է բացվել մարդու պարզագույն էությունը, որն ի սկզբանե կապված է բնությանը։ Բայց մեկ է՝ նույն մարդն է, իր խնդիրներով, իր կենցաղավարությամբ, փոքրիկ ու մեծ երազանքներով, ուզում է ապրել աշխարհի մի փոքրիկ անկյունում, բոլորից հեռու, բայց միաժամանակ բոլորին շատ մոտ, որ ամենակարևորն է իր արմատներին մոտ, բնությանը մոտ։ Իսկ այդ վայրիվերումներով ապրող բնական մարդն էլ, անշուշտ, իր փափագն ունի՝ հիմնված իր անցյալի, ժողովրդի ցավի ու ուրախության, պատմության ու մշակույթի, հոգևոր փորձի վրա։ Ահա, օրինակ, բնական մարդու պաշտպաններից մեկը՝ Հրանտ Մաթևոսյանը, հեղինակ, որը բոլորիս տանում, կանգնեցնում է այդ սահմանին ու ասում՝ ընտրի՛ր։ Նա բռնում է ճշմարիտ խոսքը ու հավատարիմ մնալով ճմշարիտ գրականության պատվիրաններին՝ իրականությանը նայում է մեծ տարածությունից, ահռելի ժամանակի մեջ։ Ու շարունակում է՝ մոտեցի՛ր, թե չէ ի՞նչ, մարդը օտարվում է բնությունից, աշխատանքից, հասարակությունից, հեռանում է անգամ ինքն իրենից։ Հենց այստեղ է, որ Հրանտ Մաթևոսյանը ոչ մի սահման չի դնում մարդկային ցեղի որևէ անհատի միջև։ Մարդուն դեպի բնություն, դեպի իր տուն ուղեկցելիս էլ Մաթևոսյանը համախմբում է բոլորիս ու վստահորեն ասում՝ «Վերադարձ է լինելու ինքներս մեզ»։
Մարդկային ավանդական կեցության մասին գրող Մաթևոսյանական աշխարհին հակադրվում է ինքնաօտարման բարդույթով ապրող ժամանակակից մարդը, որի հոգևոր աշխարհն ու բարոյական որակները պետք է մաքրի, հիշողությունն էլ վերականգնի։ Իհարկե, Մաթևոսյանն իր ստեղծագործություններում հիմնականում կենտրոնանում է հայ ժողովրդի պատմության, մշակույթի, ավանդույթների և հոգեբանության վրա։ Մաթևոսյանի ստեղծագործությունները նաև արտացոլում են հայ ժողովրդի դժվարությունները և պայքարը, ինչպես նաև նրա հոգևոր արժեքները՝ հայրենասիրության, մարդկային հարաբերությունների մասին։
«Նա իսկական հայ է, խելագարվում է այն ամենից, ինչ կատարվում է հայրենիքում: Նա այնքան ամաչկոտ, անկեղծ, բարի, հրեշտականման մարդ է»: Ահա այսպես է բնութագրում Սերգեյ Դովլաթովը Հրանտ Մաթևոսյանին։
«Բայց վերջերս, մի գրական կոնֆերանսի ժամանակ ես ծանոթացա Հրանտ Մաթևոսյանի հետ: Նա ինձ բոլորովին նման չէ։ Նրա հետ ընկերանալով, սկսեցի նայել այսպես ասած նրա աչքերով: Երբ կարդում եմ հայաստանյան իրադարձությունների մասին, ես պատկերացնում եմ, թե ինչ է զգում Մաթևոսյանը: Այ ասպես՝ նրա հանդեպ տածած սիրո միջոցով, իմ մեջ ինչ-որ հայկական զգացմունքներ առաջացան....», Ս. Դ.։
Հրանտ Մաթևոսյանի փիլիսոփայությունը խարսխված է հայ գյուղացու կյանքի ուսումնասիրության վրա, որտեղ կենտրոնական տեղ է գրավում գյուղը՝ որպես աշխարհի կենտրոն: Այն ինքնաբավ է, մի փոքրիկ, ամբողջական աշխարհ է, որտեղ պահպանվում են ավանդույթները, մարդկային կապերը և բնության հետ ներդաշնակությունը։ Նաև կարևոր տեղ է գրավում գյուղացիների նկատմամբ անհավասար վերաբերմունքի նկատմամբ քննադատությունը։ Այդտեղ գյուղացու կյանքը մի աշխարհայացք է, որը կարևորում է բնության հետ ներդաշնակությունը: Քանի որ բնությունը կենդանի է և ունի իր լեզուն, մարդն էլ պետք է ապրի բնության հետ ներդաշնակ, հարգի նրա օրենքները։
«Հայկական գյուղը միշտ եղել է Հրանտ Մաթևոսյանի ուշադրության կենտրոնում. Նրա աշխատանքները մարդկանց սեր են ներշնչում բնության հանդեպ։ Այն ամենը, ինչ նա նկարագրում է, ապրել է հենց ինքը»։
Եվգենի Վոդոլազկինը Հրանտ Մաթևոսյանի մասին
Մաթևոսյանը հետո ընդլայնում է հորիզոնը՝ բազմիցս մտորում է պատմական հիշողության մասին, հիշում է հայ ժողովրդի ողբերգական էջերը և կարծում, որ անցյալի դասերը պետք է սովորել, որպեսզի չկրկնվեն սխալները։
Մաթևոսյանը նաև մեծ ուշադրություն է դարձնում հատկապես լեզվին, որն ըստ Մաթևոսյանի՝ մշակույթի և ինքնության կարևորագույն տարրն է։ Նրա լեզուն հարուստ է ժողովրդական բառապաշարով և արտահայտում է ինքնատիպ մտածողության յուրահատկությունը։
«Վիպասանների նոր սերունդը, այդ թվում և Մաթևոսյանը, որոնեցին կյանքը պատկերելու նոր ուղիներ՝ ուշադրություն դարձնելով կյանքի այն կողմերին, որոնք դուրս մնացին գրականության ուշադրությունից։ Գրականություն մտավ հերոսի նոր տեսակ, ով շատ էր մտածում, փնտրում էր իր և ուրիշների կյանքի իմաստը՝ փորձելով հասկանալ կյանքի բարդ և դրամատիկ շրջադարձերը: Մաթևոսյանը մեծ ներդրում է ունեցել այս արձակ շարժման մեջ։ Նա համեմատաբար քիչ էր գրում, բայց նրա վեպերն ու պատմվածքները լայն հասարակական հնչեղություն առաջացրին ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում և նախկին Խորհրդային Միության այլ հանրապետություններում»։
Դմիտրի Աբազովը Հրանտ Մաթևոսյանի մասին
Ահա այսպես էլ մտորում են Հրանտ Մաթևոսյանի պարզ ու ազնիվ հերոսները, որոնք ունեն ներքին ուժ, արժանապատվություն և դիմակայում են կյանքի դժվարություններին՝ պահպանելով իրենց մարդկային էությունը։ Ահա, թե ինչի մասին է մտորում Հրանտ Մաթևոսյանը։ Դրան է միտված բնական մարդու իրավունքների պաշտպանությունն ու պատասխանատվությունը մարդկանց ու մարդկության ապագայի համար։ Ի շնորհիվ դրա՝ Մաթևոսյանն ու իր գրականությունը, անշուշտ, մշտապես պահպանում են իրենց յուրօրինակ տեղը գրականասերների սրտում։
«Այստեղ դուք ունիք մեկը, որ մեծ անձնավորություն է համաշխարհային գրականության մեջ: Ան Հրանտ Մատթէոսյանն է: Որևէ ազգի մեջ իրմե լավ պատմություն գրող չկա: Անոր գրությունները խորունկ ձևով ցույց կուտան հայոց մասնակցություն մարդկության պատմության: Ուրիշ ազգության մեջ ուրիշ գրող Հրանտ Մատթէոսյանի պես չի կրնար գրել: Ես կարդացած եմ իր գործերը թարգմանությամբ: Ինքը հայության մասին կգրե, և այդ հայությունը այնքան ճիշտ է, որ ես կզարմանամ, կուրախանամ և հպարտ կզգամ: Շատ գրողներ, բանաստեղծներ ունիք, բայց պետք է ներեք ինձի, եթե ըսեմ, որ ան ուժը, որ անհրաժեշտ է, հսկայակա՜ն, Հրանտ Մատթէոսյանի մեջ է: Եվ կուրախանամ, որովհետև ազգ մը, պիտի ընդունիք աս, աշխարհին կճանչցվի իր արվեստով: Եվ որ արվեստը այդքան ահագին ըլլա, օտարին միտքին մեջ ազգն ալ կմեծնա»։
Վիլյամ Սարոյանը Հրանտ Մաթևոսյանի մասին
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 121