Գիտակցության հոսքը և Հրանտ Մաթևոսյանի գրականությունը
20-րդ դարում գրեթե հիմնովին փոխվեց մարդու աշխարհընկալումը. աշխարհը նույնն էր, այլ էին ընկալման ձևերն ու եղանակները: «Աշխարհը չի փոխվել, աշխարհը կար այնպես, ինչպես եղել է: Փոխվել ենք մենք, փոխվել է աշխարհի մեր ընկալումը»[1]:
20-րդ դարում գիտության ու տեխնիկայի փոփոխություններին զուգահեռ փոփոխվեց նաև գրականությունը: Գրականությունը թևակոխեց մի նոր էտապ` մոդեռնիզմի ժամանակաշրջան, որը տարբեր հոսանքների, ուղղությունների ընդհանուր անվանումն է: Ինչպես նկատում է գրականագետ Դավիթ Գասպարյանը. «Ամբողջ 20-րդ դարի գրականությունը Նիցշեի, Ֆրոյդի դար է, որոնք եկան որպես գերմարդ, գիտակցության հոսք, որպես հոգեվերլուծություն, ներքին խոսք, գոյափիլիսոփայություն: Խուսափել այս ամենից` անգամ Նիցշե ու Ֆրոյդ չկարդալով անհնարին է»[2]: Այսպիսի պայմաններում փոխվեցին գրականության և առհասարակ արվեստի շատ դրույթներ: Առաջ եկավ գրականության մի նոր որակ, որն անվանվեց գիտակցության հոսքի գրականություն:
****
Ուիլյամ Ջեյմսը 1890թ.-ին գրած «Հոգեբանության հիմնախնդիրներ» աշխատության մեջ առաջին անգամ տվեց գիտակցության հոսք անվանումը, որը հետագայում վերածվեց մի ամբողջ փիլիսոփայական – հոգեբանական հոսանքի, ապա որպես գրելաոճ, իսկ հետո որպես գրական հոսանք մուտք գործեց գեղարվեստական մտածողության մեջ և ամրապնդվեց նաև գրականության մեջ: Ջեյմսը գտնում էր, որ գիտակցությունը հոսք է, գետ է, որտեղ մեր մտքերը, զգացողությունները, պատահական ասոցիացիաները բախվում են իրար, մշտապես ընդհատում են մեկը մյուսին և տարօրինակ, քմահաճ կերպով անտրամաբանորեն միահյուսվում են: Նա առաջ է քաշում այն տեսությունը, ըստ որի՝ գիտակցությունը ինքնին հանդես չի գալիս մասերի բաժանված ձևով: Նա գտնում էր, որ «շղթա»-ն կամ «գնացք»-ը իրականում չեն կարող ներկայացնել, թե ինչ է գիտակցության հոսքը, քանի որ այն ոչ թե իրար հետ շաղկապված երևույթ է, այլ հոսում է: «Գետ»-ը կամ «հոսք»-ն են այն փոխաբերությունները, որոնց միջոցով առավել բնական կարելի է նկարագրել այն: Այդ իսկ պատճառով այն անվանում է գիտակցության կամ սուբյեկտիվ կյանքի հոսք[3]: Բայց այսպիսի մտածողությունը դեռևս դարերի վաղեմություն ունի, նրա արմատները հասնում են շատ ավելի վաղ ժամանակներ: Ինչպես Յու. Հովականյանն է նկատել, դեռևս Հերակլիտը գտնում էր, որ «Միևնույն գետի մեջ երկու անգամ մտնել հնարավոր չէ, որովհետև ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոփոխվում, յուրաքանչյուր պահի գետը այլ է, նախկինը չէ, նախկինը միայն աշխարհագրական հասկացությունն է, բովանդակությունն այլ է: Ամենուր ծնունդ է, ամենուր մահ է»[4]:
Այսպիսի մտածողությունը իր արտացոլումը գտավ նաև 20-րդ դարի գրականության մեջ: Գիտակցության այդ անընդհատ հոսքը հեղինակի միջոցով արտացոլվեց գեղարվեստական գործերում, որի հետևանքով գեղարվեստական գրականության մեջ առաջ եկան շատ նոր դրույթներ: Օրինակ՝ սյուժեն որպես այդպիսին բացակայում է, չկա սյուժեի տրամաբանական միագիծ ընթացք, առաջին պլան է մղվում մարդն իր հոգեբանությամբ ու ներաշխարհով, առհասարակ գործողությունն որպես այդպիսին երկրոդ պլան է մղվում՝ իր տեղը զիջելով հերոսների հոգեբանության ու ներաշխարհի նկարագրություններին: Ստեղծագործության տարածաժամանակային դաշտն ամբողջովին խաթարվում է, և այս ամենին հեղինակը հասնում է ստեղծագործության մեջ տարբեր մոտիվներ ու միջոցներ օգտագործելով: Գրական ստեղծագործություններում մեծ դերակատարություն են ստանում հերոսների հիշողությունները, երևակայությունը, երկխոսությունները հազվադեպ են հանդիպում, դրան փոխադարձ ավելանում են նեքին մենախոսությունները, մեծ կարևորություն են ստանում միֆերը: Այս ամենը կարող ենք համարել գիտակցության հոսքի գրականության կարևոր առանձնահատկությունները: Թեև նրան, որ գիտակցության հոսքի առաջին և լավագույն գործերը համարվում են Ջ. Ջոյսի, Մ. Պրուստի, Վ. Վուլֆի ստեղծագործությունները, որտեղ ուշադրությունը սևեռված է մարդու հոգևոր աշխարհի սուբյեկտիվ ու գաղտնի կողմերին, բայց գիտակցության հոսքի այս բնորոշ առանձնահատկություններից շատերին մենք հանդիպում ենք նաև ավելի վաղ շրջանի գրական երկերում. օրինակ Լև Տոլստոյի, Ֆ. Դոստոևսկու, Անդրեյ Բելու և այլոց ստեղծագործություններում:
***
Առհասարակ համաշխարհային գրականության ազդեցությամբ 20-րդ դարի 60-ական թվականներին էականորեն փոխվեց նաև հայ գրականությունը: Ինչպես փաստում է գրականագետ Զ. Ավետիսյանը. «20-րդ դարի հայ գրականության վրա ակնհայտ է 20-րդ դարի արևմտյան փորձը: Բորխեսի ընդգծված կյանքային ֆաբուլայի գեղարվեստական յուրահատուկ վերակառուցումը, սյուժետավորումը, Ջոյսի ներքին մենախոսությունը, Կաֆկայի հերոսի օտարացման, այլակերպման նշանները, Բեքետի հերոսների աբսուրդային սպասողականությունը, ֆոլքներյան գեղարվեստական տեքստի խտացվածության որակը, ընդհանրապես արևմտյան արձակին հատուկ ապահերոսացումը, սյուժեի անսպասելի շրջադարձերը և այլն»[5]: 60-ական թվականների հայ գրականությունը եղավ շրջադարձային, և որոշ գրականագետների կարծիքով՝ «Նոր գրական որակ դեռ չի խմորվել»[6]: 60-ական թվականներին հայ արձակի ասպարեզ մտան նոր սերնդի այնպիսի օժտված ստեղծագործողներ, ինչպիսիք էին Զ. Խալափյանը, Պ. Զեյթունցյանը, Մ. Գալշոյանը, Վ. Պետրոսյանը, Ն. Ադալյանը, Հր. Մաթևոսյանը և այլք: Գրականությունը թևակոխում էր մի նոր ու շրջադարձային փուլ: Նոր սերնդի արձակագիրները, որոնց մեջ էր նաև Մաթևոսյանը, որոնում էին կյանքի պատկերման նոր եղանակներ, ուշադրություն էին դարձնում կյանքի այն կողմերին, որոնք դուրս էին մնացել գրականության ուշադրությունից: Մաթևոսյանը մեր ժամանակների այն գրողը եղավ, որ գրական նյութի մատուցման թարմ ու նորատիպ, արդիաշունչ ու մեծատաղանդ վերարտադրոմով իր հայրենի գրականությունը կամրջեց համաշխարհային գրականությանը:
Մաթևոսյանը հենց իր ոճի առանձնահատկությամբ մոտենում է գիտակցության հոսքի գրականությանը: Նա չի գրում դասական պատմելաձևին հատուկ սյուժետային ընդգծումով, այլ առանձին, աննշան թվացող մանրամասների միջոցով ստեղծում ու բացահայտում իր գյուղի մարդկանց կյանքն ու հոգեբանությունը: Մաթևոսյանի գիտակցությունը հոսում է. նրան չի բավարարում ներկան կամ անցյալը: Ներկայի ու անցյալի զուգորդման միջոցով Մաթևոսյանը պատկերում կամ երևակայության մեջ հայտնվում են նրա ապագա կյանքի որոշակի դրվագները: Այս ամենին Մաթևոսյանը հասնում է հիշողությունների, ներքին մենախոսությունների վերհուշի և այլ գեղարվեստական միջոցների օգնությամբ, որոնք, առհասարակ, շատ բնորոշ էին գիտակցության հոսքի գրականությանը:
Մաթևոսյանական պատումի մեջ, ինչպես մտքի հոսքի գրականության պարագայում, ընդգծված է հիշողության դերը, և նույնիսկ բառացի նշում է նրա կարևորությունը: «Ծառերը» վիպակի հերոսուհին իր որդուն խրատ է տալիս. «Մարդն ու անասունը իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի և մարդու արանքում: Հիշողության մեջ ես` ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես – հիշողության մեջ չես` հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել» (էջ 458): Հենց այդ հիշողություններն են, որ օգնում են հեղինակին իր մտքի տարբեր պատառիկների օգնությամբ ստեղծել գեղարվեստական հրաշալի ստեղծագործություններ: Նրա հերոսները վերհուշի միջոցով հայտնվում են տարածաժամանակային տարբեր ընդգրկումների մեջ: Մաթևոսյանի ստեղծագործությունների մեջ կարմիր գծի նման անցնում է վերհուշը: Հենց այս հիշողությունների, ներքին մենախոսությունների, հեղինակի և հերոսների մտորումների օգնությամբ էլ բացահայտվում են որոշակի սյուժետային տարրեր: Օրինակ՝ «Աշնան արև»-ում Աղունի հիշողությունների օգնությամբ բազմաթիվ ենթասյուժեներ են բացահայտվում: Մենք իմանում ենք, թե ինչ կյանք է ապրել Աղունը իր հայրական տանը, ինչպես է ամուսնացել ու ինչ կյանքով է ապրել ամուսնու տանը: Բայց սա միայն վերլուծությունից ենք հասկանում, քանի որ իրականում Աղունի միտքը ուղղակի հոսում է՝ չճանաչելով որևէ սահման ու տարածաժամանակային որևէ ընդգրկում: Հիշողությունները մեծ դերակատարություն ունեն նաև կերպարաստեղծման, ժամանակի ու տարածության պատկերման հարցում, ինչն էլ, առհասարակ, բնորոշ էր գիտակցության հոսքի գրականությանը: Մաթևոսյանը վերհուշի միջոցով կարողանում է մի քանի ժամանակներ կենտրոնացնել կոնկրետ մի պահի կամ մի ակնթարթի մեջ: «Վերհուշը, ի թիվս այլ գեղարվեստական գործառույթների, միտված է լուծելու նաև ժամանակի և տարածության խնդիրը, որը նշանակալից դեր է կատարում Մաթևոսյանի արձակի պոետիկայում»[7]: Անցյալն ու ներկան, իրականն ու միֆականը ներկայացված են կողք կողքի և այնպիսի վարպետությամբ, որ միմյանցից տարանջատելը շատ հաճախ այդքան էլ դյուրին չի լինում: Հերոսը, իր հիշողությունների օգնությամբ մի միջավայրում գտնվելով, կարող է հանկարծակի տեղափոխվել մեկ այլ միջավայր` խախտելով ժամանակային ու տարածական հաջորդական զարգացումները: Ահա այն, ինչ տեղի է ունենում «Խումհար» վիպակի հերոս Արմեն Մանցականյանի հետ: Առաջին հայացքից թվում է, թե պատումը մեկօրյա մտորումների ամբողջություն է իրենից ներկայացնում, բայց այդ մեկ օրը իր մեջ պարունակում է մի ամբողջ անցյալ կյանքի պատմություն: Հեղինակը կարողանում է իր մտքի հոսքը փոխանցել նաև հերոսին և դրանով իսկ բազում տարածություններ ու ժամանակային ընդգրկումներ նվաճել: Այստեղ ամփոփված է հերոսի ապրած մեկ օրվա պատմությունը, ինչը, ի դեպ, շատ բնորոշ էր մաթևոսյանական արձակին: Բայց ի տարբերություն նրա այլ ստեղծագործությունների, որտեղ հիմնականում գործողությունները, չնայած մտքի հոսքի ազդեցության տակ, փոխում էին իրենց միջավայրը, բայց, այնուամենայնիվ, չէին հեռանում գյուղական միջավայրից` Ծմակուտից, ապա «Խումհարում» գործողությունների վայրը Մոսկվան էր, ուր կինոմատոգրաֆիստների բարձրագույն դասընթացներում սովորելու էր եկել Արմեն Մնացականյանը: Արմեն Մնացականյանը մեկ օրվա ընթացքում այնքան անարժեք երևույթների հետ է շփվում, որ ակամայից, խախտելով տարածության ու ժամանակի բոլոր ընդգրկումները, հուշի թևով տեղափոխվում է իր հայրենի գյուղ և հիշում գյուղի արտերի հնձի ժամանակները: Ի սկզբանե պարզ է, որ սա ընդամենը հուշ է, բայց մտքի այդ հոսքը այնքան տպավորիչ է այստեղ, որ մոռանում ես, որ հերոսին որոշակի տարածություն ու ժամանակ է բաժանում այդ կետից: Ի սկզբանե Մնացականյանը գտնվում է Մոսկվայում և թվում է` պետք է ապրի ու գործի այնտեղ, բայց նա միայն ֆիզիկապես է այնտեղ. նա լիովին դուրս է այդ տարածությունից: Հուշի թելերը նրան ամբողջովին իր իրական գտնվելիք տարածությունից տեղափոխում են հուշապատումով ստեղծված, տվյալ պահին արդեն անցյալ հանդիսացող, բայց հերոսի համար ներկայից ավելի մեծ կարևորություն ունեցող ժամանակի ու տարածության մեջ:
«Աշնան արևում» ժամանակի հոսքը ենթարկվում է հերոսուհու հիշողություննրին: Տեքստային պայմանական ժամանակն ընդամենը մի քանի ժամ է և ոչ ավելի: Առհասարակ մաթևոսյանական պատումին բնորոշ է այն, որ գործողությունները կատարվում են մեկ օրվա կամ մի քանի ժամվա ընթացքում: Արտատեքստային ժամանակը հերոսուհու ապրած ողջ կյանքն է: Ի տարբերություն Արմեն Մնացականյանի մեկ օրվան՝ Աղունի մեկ օրը ավելի երկար է տևում, և ինչպես նկատում է Վ. Գրիգորյանը «Աղունի մեկ օրը շատ երկար է տևում, ինչպես երկար է տևում Չինգիզ Այթմատովի վեպի հերոսի` Եդիգեյի մեկ օրը»[8]:
Գիտակցության հոսքի գրականության մեջ խախտված է գործողությունների զարգացման պատճառահետևանքային կապը, և, հետևաբար, բացակայում էր նաև ժամանակային հաջորդականությունը՝ շեշտը դրվելով առավելապես հերոսների հոգեբանական անցումների վրա: Այս ամենը բնորոշ էր նաև մաթևոսյանական արձակին: Խոսելով Մաթևոսյանի «Խումհար» ստեղծագործության տարածաժամանակային ընդգրկման մասին` Լարիսա Մնացականյանը իրավացիորեն նկատում է, որ. «Հիշողության բազմաճյուղ հոսքերը, օդանավի պատուհանից մի ձեռնափի չափ երևացող պատանության աշխարհը բազմապատկում են հերոսի գրեթե իրական – ֆիզիկական համաժամանակյա ներկայությունը մի քանի գոյատարածություններում: Սա գեղարվեստական պատումի այն կերպն է, որ տեսության մեջ սահմանվում են իբրև գիտակցության հոսք…»[9]:
Մաթևոսյանի հերոսները ևս ժամանակատարածական որևէ սահմանափակում չունեն: Նրանք գտնվում են կյանքի հոսքի մեջ, ուր անցյալը, ներկան ու ապագան կարող են միախառնվել հերոսի հգեվիճակի մեջ: Մոտենալով գիտակցության հոսքի գրականությանը` Մաթևոսյանն իր ստեղծագործությունների մեջ կարծես «խաղի» է վերածում ժամանակ ու տարածություն հասկացությունները: Ինչպես արդեն նկատեցինք, նա գեղարվեստական տեքստի պատկերման տարբեր մակարդակներում մոտենում է այդ սկզբունքի առանձնահատկություններին: Մաթևոսյանը, իր մեջ ունենալով այն մեծ պաշարը, տիրապետելով հոգեբանության ու փիլիսոփայության շատ դրույթների, ստեղծեց հենց այդ դրույթներին համապատասխան գրականություն, որ դեռ երկար տարիների քննարկման ու վերլուծման նյութ է դառնալու: Նրան չէր հետաքրքրում դեպքերի տրամաբանական ու հաջորդական զարգացումը, նա չէր ցանկանում ստեղծել սյուժետային կուռ համակարգ, նա փորձում էր տալ մարդկային հոգեբանությունների ճիշտ բնութագիրը՝ բազմաթիվ տարածաժամանակային ընդգրկումների մեջ դիտարկելով նրանց բնավորության որոշակի դրսևորումներն ու առանձնահատուկ գծերը:
Լինելով կյանքի անընդմեջ հոսքի մեջ՝ ստեղծեց մի գրականություն, որն ուղղակի «հոսում է», չունի որևէ պատնեշ, որ կստիպի, որ այդ հոսքը ընդհատվի: Նրա գրականության սկիզբն ու վերջը դժվար է որոշել, նա ստեղծեց մի գրականություն, որն ուղղակի կարող ենք քննել որպես գիտակցության հոսքի առանձնահատկություններ ունեցող գրականություն:
Հասմիկ Սահակյան
[2] Նարցիս, Երևան, 2009թ:
[3] Տե՛ս У. Джемс, Психология, Москва, 1991г., С. 56-65.
[4] Յ. Հովականյան, Ժամանակակից փիլիսոփայական հոսանքներ,Երևան, 1998թ., էջ 88:
[5] Զ. Ավետիսյան, Գրական ստեղծագործության հոգեբանություն, Երևան, 2011թ., էջ188-189:
[6] Մաթևոսյանական արձագանքներ, Վանաձոր, 2005թ., էջ 55:
[7] Նույն տեղում, էջ 174:
[8] Վ. Գրիգորյան, Հրանտ Մաթևոսյան, Երևան, 1989թ., էջ 80:
[9] Լ. Մնացականյան, Հոդվածներ, ուսումնասիրություններ, Երևան, 2007թ., էջ 177:
- Created on .
- Hits: 18021