Էդգար Հովհաննիսյանի խմբերգերից երեքը

     20-րդ դարը հայ կոմպոզիտորական դպրոցի ձևավորման և «պայթյունային» զարգացման մի ժամանակաշրջան էր: Այս շրջանում նաև նոր հետաքրքրություն առաջացավ ֆոլկլորի հանդեպ` իբրև երաժշտական գաղափարների սկզբնաղբյուրի: Հետաքրքրություն, որն արտահայտվեց առավել կամ նվազ դրսևորումներով: Մարդիկ նորովի լսեցին ու զմայլվեցին հայկական գեղջկական երգերի գեղեցկությամբ, ոճական մաքրությամբ, արտահայտված զգացմունքների խորությամբ:

  Եվ պատահական չէ, որ հայ ականավոր կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանն առաջիններից մեկն արձագանքեց ժամանակի պահանջին, քանի որ նա իր ստեղծագործության մեջ միշտ կարևորություն է տվել երգին` այդ ժանրը համարելով ամենամատչելին և ներգործունը:

  Էդգար Հովհաննիսյանը մեծ հետաքրքրություն է ունեցել ժողովրդական երգարվեստի հնագույն շերտերի` մասնավորապես էպիկական երգերի նկատմամբ: Նրա համար ֆոլկլորը պարզապես ժողովրդական մեղեդիների ակունք չէ, մշակաման նյութ կամ ժողովրդականության գաղափարին հաղորդակցվելու միջոց, այլ առանձնահատուկ տեսակի ստեղծագործություն, գեղարվեստական գործունեության բարձր նմուշ, որն անհրաժեշտ է ըմբռնել՝ ժողովրդական երգաստեղծության ոգուն հավատարիմ մնալու համար:

  Կարճ ժամանակահատվածում Է. Հովհաննիսյանը մեծ ներշնչանքով և վարպետությամբ կատարեց 35 ժողովրդական երգերի խմբերգային մշակումներ, որոնք իր իսկ նախաձեռնությամբ դարձան Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության Կամերային երգչախմբի երգացանկի հիմքը (1979թ.):

  Իսկապես որ Է. Հովհաննիսյանի խմբերգային մշակումները հիասքանչ ստեղծագործություններ են: Վառ և գունեղ այդ երգերը չափազանց բազմազան են թե´ ձևի և թե´ արտահայտչամիջոցների տեսակետից: Նա շատ նրբորեն է զգում յուրաքանչյուր երգի բնույթը, նրա ընձեռած հնարավորությունները և համապատասխանորեն բացահայտում դրանք: Կոմպոզիտորի մշակմամբ երգը մերթ ճոխ, բազմաձայն «զգեստ» է հագնում, մերթ մնում միաձայնության սահմաններում` զգայուն ունիսոնային ընկերակցությամբ, մերթ հնչում է պահված ձայների հետ զուգորդված, մերթ ընթանում  տղամարդկանց և կանանց ձայների ավանդական «երկխոսության» ձևով: Մեներգող ձայնի և կանանց կամ տղամարդկանց ձայների ունիսոնային հնչողության համադրությունը ստեղծում է յուրատեսակ տեմբրերի պոլիֆոնիա, որն այնքան բնութագրական է հայկական ժողովրդական նվագարանային երաժշտության համար:

  35 խմբերգերից, որոնք մեծ ջանասիրությամբ և մասնագիտական բարձր վերաբերմունքով կազմել, խմբագրել և ռուսերեն թարգմանված տեքստերով ներկայացրել է Ալինա Փահլևանյանը, առանձնացրել ենք երեքը` նպատակ ունենալով հետևելու ֆոլկլոր և կոմպոզիտոր, ինչպես նաև ժողովրդական երգային բանավոր արվեստ և հեղինակային մասնագիտացված երաժշտական ստեղծագործություն փոխհարաբերությանը և դրանց փոխազդեցությանը:

  Ուսումնասիրության ենթարկենք «Ես քեզ սիրեցի», «Ցորեն եմ ցանե» և «Սուրմալուի հորովել» խմբերգերը:

   «Ես քեզ սիրեցի» խմբերգը դասվում է քնարական երգերի ժանրին, որոնք հայկական ժողովրդական երգաստեղծության ամենամեծ բաժինն են կազմում: Մեծ է նրանց թեմատիկ բազմազանությունը: Այս ժանրում խմբավորվում են սիրո, սոցիալական անհավասարության, որբության, օտարության, ինչպես նաև մարդկային հոգեկան խոր ապրումներ պատկերող այլ երգեր: Այս դեպքում գործ ունենք սիրային զգացմունքներ արտահայտող երգի հետ, որն Էդգար Հովհաննիսյանը հիասքանչ կերպով մշակել է: Այստեղ, ինչպես նաև բոլոր խմբերգերում, մենք նկատում ենք կոմպոզիտորների կողմից հարգալից և զգուշավոր վերաբերմունք ժողովրդական սկզբնաղբյուրների նկատմամբ: Կոմպոզիտորը սկզբում երգի մեղեդին ցուցադրում է մոնոդիկ հնչողությամբ, այնուհետև ավելացնում ենթաձայներ և կոնտրապունկտային մեղեդային գծեր, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ինքնուրույնությունը: Խմբերգը գրված է կանացի կազմի համար: Սկզբում այն հնչում է ունիսոն` 2 ձայնաբաժիններում (սոպրանո, ալտ), այնուհետև բաժանվում: Հետաքրքիր է այս խմբերգի կառուցվածքը.  գրված լինելով պարզ եռամաս ձևում, moderato տեմպում, 9/8 և 6/8 փոփոխական չափում` այն ամբողջությամբ գունագեղ կերպով նկարագրում և բացահայտում է սիրող սրտի ցանկություններն ու վերաբերմունքը դեպի իր սիրեցյալը: Նկատում ենք յուրահատուկ դրամատուրգիական զարգացում. 2 ձայնաբաժիններում սկսվելով ունիսոն՝ այն բաժանվում է, և այդ բաժանումն  էլ ավելի արտահայտիչ է դարձնում միջնամասում հնչող սոպրանոյի solo-ն, որը կարծես խնդրանք կամ հորդոր լինի սիրեցիալին ուղված` իրեն խղճալու և դարդերին դարման անելու համար: Այս solo-ին հաջորդում է ալտերի և սոպրանոների պարզ, միևնույն ժամանակ նրբագեղ համակցությունը: Առկա տերցիային ինտոնացիաները ունկնդրին փոխանցում են ջերմ, մտերմիկ և անկեղծ զգացումներ: Դրան նպաստում է նաև տոնայնական պլանը.  գրված լինելով մաժոր լադում՝ հաճախ կանգառ ենք նկատում 6-րդ աստիճանի վրա, որն էլ խմբերգին տալիս է մինորայնության նրբագծեր, իսկ ամենավերջում տեսնում ենք մինորի հաստատումը: Խմբերգը եզրափակում է երկու ձայնաբաժինների ունիսոնային հնչողությունը: Սիրուց հիվանդանալն ու սիրեցյալին հիվանդության բժիշկ համարելը կազմում է այս խմբերգի հիմնական առանցքը:

  Աշխատանքային ժանրի մեջ է մտնում <<Ցորեն եմ ցանե>> խմբերգը: Այն աշխատանքային է քանի որ պատկերում է նյութական բարիք ստեղծող գործընթաց: Կոմպոզիտորը այն մշակել է խառը կազմի համար: Սկզբնամասում մուտք է գործում կանացի կազմը, որին միայն կրկնողության ժամանակ միանում է նաև արական կազմը: Խմբերգի միջնամասում և վերջնամասում կան երկու solo-ներ: Միջնամասում այն անցնում է սոպրանոյի մոտ, որին հաջորդում են ալտերի  div.-երը և մնացած ձայնաբաժիններում նկատվող ակտիվությունն ու շարժուն մեղեդային գծերը: Խմբերգը եզրափակվում է ալտի solo-ով, որին նրբորեն ձայնակցում են մնացած ձայները: Այստեղ յուրահատուկ կերպով դրսևորվում է կոմպոզիտորի առանձնահատուկ վերաբերմունքը յուրաքանչյուր ձայնաբաժնի նկատմամբ: Նրանցից յուրաքանչյուրը կարծես  իրական գործողություն կատարող` տվյալ դեպքում ցորեն ցանող մեկը լինի: Ամեն ինչ այնքան անկեղծ է և բնական, որ տպավորություն է ստեղծվում,  թե այս երգին ձեռք չի դիպել:

  35 խմբերգերից ամենավերջինը` «Սուրմալուի հորովել»-ը, կրկին դասվում է աշխատանքային երգերի ժանրին: Այս հորովելը աշխատավոր կոլեկտիվը կազմակերպող, աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր արտաքին ու ներքին ուժերը մոբիլիզացնող երգ է: Տեքստի նշանակությունը մեղեդու համար ճակատագրական է: Մեղեդին ու խոսքը բնորոշվում են մեծ համապատասխանությամբ, ներքին կապի անքակտելությամբ և համազոր ցայտունությամբ: Կոմպոզիտորի կատարած մշակումը ոչ մի կերպ չի խանգարել երգի մոնոդիային: Նրանում պատկերավորությունն ու էմոցիոնալ հագեցվածությունը զուգորդված են արտահայտչաձևի և ողջախոհության հետ: Հակիրճ բանաստեղծական խոսքին լրացնում է բովանդակությամբ խորը և հարուստ մեղեդին, որը կոմպոզիտորը մշակել է խառը կազմի համար: Այն սկսվում է բոլոր 4 ձայնաբաժիններում ունիսոն հնչողությամբ` f  նրբագծով: Ալտի և բասի ձայնաբաժիններում առկա օկտավաները, սինկոպային ռիթմը, andante mosso տեմպը, բոլոր ձայներում առկա div.-երը, որոնք էլ ավելի են գեղեցկացնում, հարստացնում և ամբողջականության զգացում հաղորդում խմբերգին, արդեն իսկ ունկնդրի առջև ստեղծում են մի կտավ, որտեղ հնարավորինս ցայտուն և վառ կերպով նկարագրվում է միասին, միահամուռ ուժերով կատարվող աշխատանքը: Այստեղ կարծես կանանց և տղամարդկանց երկխոսություն լինի, որոնք, անելով նույն աշխատանքը, մերթ համաձայնվում են միմյանց հետ, մերթ ոչ: Գունեղ, հարմոնիկ լեզուն` զուգահեռ սեպտիմաների և կվարտաների, տոնիկական հենակետի հետ սուբդոմինանտային հարմոնիայի համատեղման կիրառմամբ հանդերձ, որը երաժշտական լեզվին հաղորդում է ժողովրդական երաժշտությանը բնորոշ պլագալություն, արտահայտիչ կոնտրապունկտային բնորոշ գծեր և ենթաձայներ ստեղծելու կարողությունը, որոնք տարբերակվելով, ամեն անգամ նորովի են լուսավորում հիմնական մեղեդին, այս ամենը վկայում է կոմպոզիտորի արտակարգ վարպետության, սրված գենետիկ հնչողության, ֆոլկլորի բնության նուրբ զգացողության, ժողովրդական երաժշտական ստեղծագործության առանձնահատուկ աշխարհը ներքուստ ըմբռնելու հազվագյուտ ընդունակության մասին:

    Խմբերգը իրապես հաջողված է: Կոմպոզիտորը, շարունակելով կոմիտասյան ավանդույթները, միևնույն ժամանակ երաժշտական հյուսվածքի բազմաձայնման հնարավորությունները համարձակորեն ընդլայնելու սեփական ուղիներ է գտել: Նա կարողացել է դա իրականացնել բուն ժողովրդական երաժշտական ստեղծագործության մեջ բազմաձայն մտածողության թաքնված ձևերը բացահայտելու շնորհիվ: Այս մշակումը հայ գեղջուկի հոգեկան աշխարհն արտացոլող գունեղ, պատկերավոր մանրապատում է: Մեծ տաղանդով և վարպետորեն, ժողովրդական սկզբնաղբյուրների ճշմարիտ իմացությամբ, ազգային ֆոլկլորի ոճական առանձնահատկությունների խոր ըմբռնմամբ կատարած այս մշակումները վառ ու նշանակալի երևույթ դարձան և իրավամբ իրենց արժանի, հիմնավոր տեղը գրավեցին ազգային խմբերգային արվեստի գանձարանում` հայ երաժշտության դասականների լավագույն մշակումների կողքին:

                                                                                                                      Էլեն Յոլչյան

  • Created on .
  • Hits: 4642

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: