ՑՈՒՑԱԴՐՎԵՑ «ՔԵՍԱՊ» ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԸ

 Միջերկրական ծովի ափին՝ Կասիոս լեռան լանջին գտնվող Քեսապ հայաբնակ գյուղաքաղաքում, արաբ երեխաները հայերեն «Առավոտ լուսո» են երգում, արաբ գիտնականը Հերացի ու Նարեկացի է թարգմանում:
  Սա հատված է «Քեսապ» վավերագրական ֆիլմաշարից, որը երեկ ցուցադրվեց Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում:
  Ֆիլմում ներկայացված էին քեսապցիների ավանդույթները, երգն ու պարը, խոհանոցը: Այնպիսի տպավորություն էր, որ այնտեղ ես, շփվում ես բնակիչների հետ դեմ առ դեմ: Կարծես նրանք են քեզ պատմել իրենց հորինած խաղիկների, պատրաստած կերակուրների ու նռան թթվի, փեսային հագցնելու և իրենց բնորոշ այլ սովորույթների մասին:
qesap film  Անցյալից ներկա ձգվող պատմության մեջ մեր առջև հայտնվում է Քեսապը՝ ցեղասպանությունը վերապրած Գալիլիա տատիկի կերպարից մինչև վավերագրության ամենափոքր հերոսը, ով այբ-բեն-գիմ իմանալուց բացի, գիտի նաև   Քեսապի բարբառը, որն, ինչպես իրենք են ասում, նման չէ ոչ մի բարբառի, յուրահատուկ է:
 Ֆիլմը նկարահանել է հեռուստալրագրող Նանե Բագրատունին: Նկարահանումները տեղի են ունեցել 2009-2010 թթ.-ին մինչև սիրիական պատերազմն ու քեսապցիների տեղահանությունը: Մտահղացման հեղինակը Մխիթարյան միաբանության միաբան Հայր Համազասպ Քեշիշյանն է, որի հետ Նանե Բագրատունին ծանոթացել է դեռևս 2009թ.-ին և գաղափարին ծանոթանալուց հետո անմիջապես որոշել է իրագործել այն. «Մինչ այդ Քեսապի մասին գրեթե ոչինչ չգիտեի, միայն անունն էի լսել, գիտեի նաև, որ Գարեգին Վեհափառը քեսապցի է եղել: Մեկնելս խենթ քայլ էր, որի համար այսօր երջանիկ եմ»:
qesap film premiera  Նանե Բագրատունին ժպիտով է հիշում Քեսապի լուսաբացը, եկեղեցու ղողանջող  զանգերը: «Քեսապն ինձ համար հեքիաթ էր, որի մասին միայն գրքերում կարելի էր կարդալ»,- ասում է նա:
  Ստեղծագործական խումբը երկու տարվա աշխատանքի ընթացքում 18 ժամանոց նյութ է հավաքել Քեսապից, որի մի մասն արդեն մոնտաժված ներկայացվել է հանդիսատեսի դատին, իսկ մյուս մասը դեռ մոնտաժման փուլում է: Կա նաև ամբողջական տեսաերիզ, որն արդեն ընդգրկվել է Վայոց Ձորի և Արարատի մարզերի մի շարք դպրոցների պատմության դասընթացում՝ որպես դիդակտիկ նյութ:
Qesap  «Քեսապ» վավերագրական ֆիլմի ցուցադրությանը ներկա քեսապցիներից մեկը՝ Հուրիկ Մանճիկյանը, արդեն երկու տարի է, ինչ ընտանիքի հետ հայրենիք է վերադարձել. «Հայաստանում մեզ լավ ենք զգում, մեր գիրն ու լեզուն է, մեր հայրենիքը, բայց աղոթում ենք, որ օր առաջ Սիրիան խաղաղվի և վերադառնանք»:
  Հուրիկ Մանճիկյանը հույս ունի, որ մի օր Քեսապը կվերակառուցվի նախկին գեղեցկությամբ: Նրա քույրը, քրոջ երեխաները Քեսապում են մնացել. «Երբ ֆիլմում տեսա նրանց, ուրախություն ապրեցի, մի պահ թվաց՝ այնքան էլ հեռու չեն»:
 
«Քեսապ» վավերագրական ֆիլմը նկարահանել է երիտասարդ ստեղծագործողների «Յավուրյան» ստուդիան «Քեսապցիներ Քեսապի համար» կայքի և Մխիթարյան միաբանության աջակցությամբ:
Աննա Կարապետյան

                                                                                                                          



  • Created on .
  • Hits: 2721

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: