ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

    «Երբ սկսեցինք աշխատանքները, շատ խոչընդոտներ կային. Բգավորի եկեղեցի հասնելը դժվար էր, ճանապարհներն անանցանելի էին։
    Մեծ խնդիր կար․հյուսիսային կողմից հողը սահում էր, ինչը ստատիկ վիճակից զրկել էր կառույցը։ Հենապատ կառուցեցինք, որ այդ հողերն առաջ չգան։ Հիմա էլ շարունակվում են աշխատանքները»,-պատմում է վերականգնող ճարտարապետ Գայանե Նազլուխանյանը։
    Բգավորի եկեղեցու վերականգնման նախագիծն արվել է 2008թ․-ին։ 2009թ․-ին տարվող աշխատանքներն ընդհատվել  են և այս տարի նորից վերսկսվել։ Այս տարվա Վերականգնման աշխատանքների այս տարվա բյուջեն կազմում է  6 մլն դրամ։ Եկեղեցին գտնվում է Լոռու մարզում` Աքորի գյուղից 3 կմ հյուսիս-արևմուտք՝ Լալվար լեռան թեքադիր լանջին։
    Cultural.am-ի հետ զրույցում Նազլուխանյանը նշեց, որ եկեղեցին քաղկեդոնական կառույց է, անավարտ հուշարձան․«Աշխատանքի ընթացքում ահագին բեկորներ գտնվեցին, բայց ոչ մի ծածկասալի բեկոր չկար։ Այդտեղից եզրակացրինք, որ ի սկզբանե հուշարձանն անավարտ է մնացել։ Գտնված 253 բեկորները կվերաշարվեն, կդրվեն իրենց տեղում, կամրակայվեն և հիմքերը կամրացվեն»։
  Վերականգնող ճարտարապետը տեղեկացրեց, որ ներկա պահին չափագրական աշխատանքներ են տարվում Լուսաշող գյուղի Սուրբ Հովհաննես-Կարապետ վանքի տարածքում․«Այստեղ էլ լուրջ խնդիր կա․տապանատունը հենց ջրհավաքի վրա է եղել և մի ամբողջ կառույց կիսել է մեջտեղից, 30 սմ հեռվացել  է մի կեսը մյուսից»։
    Քանի որ մի շարք հուշարձանների վերականգնման աշխատանքներ իրականացվում են տիկին Նազլուխանյանի նախագծով հետաքրքրվեցինք նաև մեր պատմամշակութային հուշարձանների վիճակի մասին․«Այնտեղ, որտեղ միջամտություն  չի եղել, շատ վատ վիճակ է՝ շաղախները բաց։ Օդի հետ շփումից և մթնոլորտային տեղումներից քայքայվում է: Հաշվարկված է, որ շաղախը քարի մեջ պիտի լինի, բայց քանի որ բաց է, սկսվում է միջուկի քայքայում, երեսապատի քարերի թափում»։
    «Հավասար բաշխում է իրականացվում մարզերում. ամեն մարզից գոնե մեկ-երկու հուշարձան ունենում ենք, այդ պատճառով էլ հուշարձանների վերականգնման աշխատանքները երկարաձգվում են, օրինակ՝ Ոսկեվազի Սուրբ Հովհաննեսը արդեն տասը տարի է, ինչ վերականգնվում է: Եթե լինի ֆինանսական մեծ աջակցություն, ապա աշխատանքներն ավելի շուտ կավարտվեն:
    Նազլուխանյանի խոսքով այստեղ դրական բան էլ կա. «Մենք կիր ենք օգտագործում շաղախի մեջ, կրի կարծրացման նորմատիվային տևողությունը 50 տարի է: Ինչքան դանդաղ անենք, այնքան ավելի լավ կհասցնի ամրանալ: Ստացվում է՝ մի կողմից լավ է, մյուս կողմից էլլավ չէ, որ մենք այդքան երկարացնում ենք շինարարության ընթացքը»:
Նյութը՝ Աննա Կարապետյանի
Լուսանկարը՝ «Հետքի»
  • Created on .
  • Hits: 2633

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: