ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊԱՐԱՅԻՆ ԶՈՒՅԳԸ ՄԵԿՆԵԼՈՒ Է ՎԻԵՆՆԱ

   Նոյեմբերի 21-23-ը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կանցկացվի այս տարվա սպորտային պարերի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնելու են «Մատադոր» պարային ստուդիայի պարողներ Թագուհի Մարկոսյանն ու Կարեն Գևորգյանը։ Վիեննա մեկնելու ուղեգիր երիտասարդները ձեռք են բերել այս տարվա մարտին կայացած սպորտային պարերի Հայաստանի առաջնությունում։
    Օգոստոսից սկսել են նախապատրաստական աշխատանքները։ Մրցույթին ներկայացնելու են սամբա, չա-չա-չա, ռումբա, պասադոբլ և ջայֆ։ Պարողների կարծիքով կարևորը առաջին տպավորությունն է, առաջին պարը՝ սամբան։
000002    Սպորտային պարերի առաջնությունը տևելու է երկու օր, որից մեկը աշխարհի պաշտոնական առաջնություն է լինելու, մյուսը՝ բաց առաջնություն։
    «Մենք հաղթանակի ետևից չենք գնում, ոչ էլ ասում ենք՝ կարևորը մասնակցությունն է, ուղղակի ուզում ենք լավ ներկայացնել Հայաստանը»,- մեզ հետ զրույցում ասաց Թագուհին։
    Պարընկերն էլ հավելեց, որ պետք է նաև վայելել պահն ու հաճույք ստանալ․ «Հավաքվելու են աշխարհի լավագույն զույգերը, պատիվ է նրանց հետ և նրանց մեջ պարելը, մյուս կողմից լավ է՝ կիմանան, որ նման զույգ կա Հայաստանում»։
    Թագուհին և Կարենը որպես պարային զույգ հանդես են գալիս արդեն մեկ տարի՝ չնայած երկուսն էլ պարել սկսել են վաղ հասակից։ Առաջին անգամ միասին մրցութային ելույթ են ունեցել անցյալ տարվա հոկտեմբերին Հայաստանի սպորտային ֆեդերացիայի կազմակերպած մրցույթի ժամանակ։ Զբաղեցրել են առաջին տեղը։ Հաջողություններ են ունեցել նաև Ռուսաստանում և Վրաստանում անցկացված մրցույթների ժամանակ։
    Կարենը հայրենիք է վերադարձել Ռուսաստանից։ Պարել է Կեմերովո, Նովոսիբիրսկ քաղաքների տարբեր պարային խմբերում, մասնակցել բազմաթիվ մրցույթների և արժանացել պատվավոր մրցանակների։
00012    Որպես պարային զույգ՝ Թագուհին և Կարենը հովանավոր չունեն, ամեն ինչ իրենք են անում՝ սկսած պարային հագուստներից։
    «Հովանավոր ունենալու դեպքում ավելի հաճախ կմասնակցեինք միջազգային մրցույթների։ Քանի որ մեր մարզաձևը օլիմպիականների մեջ չի մտնում, հովանավորություն չկա»,- նշում է Կարենը։
    Պարողը Հայաստանի և Ռուսաստանի պարային միջավայրերի միջև էական տարբերություններ է նկատում․ «Մարդկանց հետաքրքրվածությունը պարերով այնտեղ ավելի շատ է. այնտեղ թե՛ տղաները, թե՛ աղջիկները հաճախում են պարերի, իսկ այստեղ տղաների դեպքում խնդիր կա՝ ինչու՞ պիտի տղան պարի. այնտեղ նման բարդույթներ չկան»։
    Թագուհի Մարկոսյանի կարծիքով անհամեմատ ավելի քիչ պարային զույգեր կան Հայաստանում, քան կային 1990-ականներին․ «Շատ էին զույգերը՝ երեսունից ավելի, բայց հետո սերնդափոխություն եղավ և հիմա այլևս չկան այդքան զույգեր։ Չնայած դժվարություններին՝ այն ժամանակ պարի հանդեպ հետաքրքրությունն ավելի մեծ էր»։ 
0001    «Մատադոր» լատինամերիկյան պարերի ստուդիան հիմնադրվել է 1995 թվականին Գևորգ Մարկոսյանի կողմից: Պարային ստուդիայի անցած ճանապարհը հարուստ է հաղթանակներով: Այս ստուդիան բազմիցս տվել է Հայաստանի լատինամերիկյան պարերի առաջնության հաղթողներ, Կովկասի առաջնության բազմակի չեմպիոններ, ինչպես նաև արևելյան Եվրոպայի 2-րդ և 3-րդ մրցանակակիրներ: 
    Խմբում պարում են երեխաներ սկսած 4 տարեկանից, իսկ վերին սահմանը նշել հնարավոր չէ, քանի որ գործում են  նաև սիրողական խմբակներ, որտեղ տարիքային սահմանափակում չկա. կա միայն պարի հանդեպ սեր և պարելու ցանկություն: 
   Դասերը վարում է Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի նախագահ, միջազգային կարգի մրցավար Գևորգ Մարկոսյանը: 
Աննա Կարապետյան
  
 
 
  • Created on .
  • Hits: 4331

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: