«ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՖԵՆՈՄԵՆԸ ՉԻ ՓՈԽՎԵԼ»․ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆ

Սեպտեմբերի 15-ին Նարեկացի արվեստի միությունում կայացավ հանդիպում թարգմանիչ, գրող, հրապարակախոս Ալեքսանդր Թոփչյանի հետ։ Երեկոն կրում էր «Թարգմանչաց ուղիներ» խորագիրը։ Cultural.am-ն առանձնացրել է թարգմանչի հնչեցրած ամենատպավորիչ մտքերը։
Ոչ բոլոր ազգերի համար է թարգմանությունն ունեցել այն նշանակությունը, ինչ մեզ՝ հայերիս համար։ Թարգմանական արվեստը սկսվել է Աստվածաշնչի թարգմանությունից։ Փաստացի այդպես է, բայց թող թույլ տրվի ենթադրել, որ դրանից առաջ էլ թարգմանական մտածողություն եղել է, գուցե տեքստեր չեն եղել, բայց տարբեր մշակույթների հետ հաղորդակցվելու, օտար տեքստերի, մշակույթների մեջ մտնելու, այդ ամենը յուրացնելու և սեփականը ստեղծելու խթան դարձնելու ավանդույթը իմ խորին համոզմամբ նախորդել է աստվածաշնչյան թարգմանությանը։ Այլապես Աստվածաշունչը, որ թարգմանական արվեստի կատարելությունն է, չէր կարող «պարապ տեղը» ծնվել, ինչպես լեզվաբաններն ասում են՝ գրաբար չէր կարող լինել, եթե դրան նախորդած չլիներ մի մեծ մշակույթ։
Տաղանդը մեծ ալեհավաք է։ Աշխարհով մեկ հավաքվում են դրա շուրջ։ Եթե այդ տաղանդին ավելացնում են նաև տվյալ ժամանակի կարևորը, ուշագրավը՝ բանաստեղծությունը, երևույթները, լինի գրական, թե արվեստի, դառնում է մի հզոր խթան։
Տարբեր ազգեր տարբեր վերաբերմունք ունեն բնագրի նկատմամբ: Օրինակ՝ ռուսները տիրակալ և երբեմն քմահաճ վերաբերմունք են դրսևորում։ Ես համոզվեցի, երբ մի հեղինակի էի թարգմանում։ Իմ առջև ունեի լեհերեն և ռուսերեն թարգմանությունները և համեմատում էի (ինչը պարտադիր է թարգմանչի համար)։ Տեսա, թե ինչպիսի կամայական խմբագրումներ, կրճատումներ են արել շատ լուրջ ռուս թարգմանիչներ։ Հետաքրքիր բան է, նույնը ֆրանսիացիների մոտ եմ նկատել։ Իշխող, տիրող ազգերը իշխող են ամեն ինչում, լեզվի մեջ նույնպես։
Թարգմանությունը կամուրջ է, երկկողմանի շարժում։ Ժամանակն է խոսել մեր գրականությունը այլ լեզուներով թարգմանելու մասին։ Ինչու եմ ասում՝ ժամանակն է, որովհետև խորհրդային տարիներին ոչ ոք նման հարց չէր բարձրացնի․ որոշված էր, ամեն հանրապետություն իր քվոտան ուներ, որով մոսկովյան հրատարակչություններում լույս էին տեսնում գրքեր։
Ալեքսանդր Թոփչյանը գրական ասպարեզում հայտնի է որպես գրաքննադատ և արձակագիր: 80-ականներից հանդես է գալիս որպես դրամատուրգ: Նա հեղինակել է մի շարք թարգմանություններ ռուսերենից և ֆրանսերենից, ներկայացրել է ֆրանսալեզու գրականության դասական և ժամանակակից հեղինակների՝ Մոլիեր, Լարուշֆուկո, Լակլո, Ապոլիներ, Պրևեր, Կոկտո, Անու, Սագան և այլն:
Գրի առավ Աննա Կարապետյանը
- Created on .
- Hits: 3514