Սիրում են թանգարանի ամեն մի դետալը

   Հոկտեմբեր 6-ին Վանաձորում նշում են քաղաքի տոնը: Վանաձորի Կերպարվետի թանգարանը իր աշնանային երկու` Վանաձորի ժամանակակից նկարիչների հերթական և ինչպես նաև Արմեն Զարյանի ու ժամանակակից հայազգի ճարտարապետների ցուցահանդեսները նվիրել էր այս տոնին: Օգտվելով առիթից, որ այդ օրերին Վանաձորում էի, այցելեցի թանգարան և օգտվելով ջերմ ընդունելությունից, զրուցեցի թանգարանի աշխատակիցների ու տնօրենի` Փափագ Ալոյանի հետ: Հետաքրքիր էր` ինչ աշխատանքներ են կատարվում այստեղ և ինչ խնդիրներ ունի մարզի թանգարանը:

   Իմ հարցին` կա հետաքրքրություն հասարակության մեջ, մարդիկ այցելո՞ւմ են թանգարան, Փափագ Ալոյանը պատասխանեց. «Քանի որ հասարակությունը զբաղված է օրվա հացը վաստակելով, եթե թողնենք իրենց հույսին, կզբաղվեն միայն դրանով: Բայց աշխատում ենք. աշխատում ենք մտավորականության հետ, երիտասարդների հետ, դպրոցականների հետ և այցելություններն ավելանում են: Ցուցահանդեսների մասին տեղեկացնում ենք բուհերին, դպրոցներին»: Արդյունքը տեսանելի է. արված աշխատանքի դիմաց 65-70% արձագանք են ստանում, իսկ դա քիչ չէ: Այդ ամենը կախված է նաև ուսումնական հաստատության ղեկավարությունից. դպրոց կա քաղաքի կենտրոնում, որտեղից երբեք չեն եկել և ծայրամասային դպրոցներ կան, որ սիրով այցելում են:

   Թանգարանի վճարը շատ քիչ է` 50-300 դրամ: Տնօրենը բացատրեց. մոտ 4-5 տարի առաջ որոշվեց, որ թանգարաններում պետք է վճարը լինի ամենաքիչը 500 դրամ, որին իրենք չենթարկվեցինք: Իմ առարկությանը, թե դա թանգարանի համար իսկապես մեծ գումար չէ, նա ասաց. «500 դրամը շատ մեծ գումար է Երևանից դուրս: Ձեզ նման էին ասում նաև նախարարությունից, սակայն հետո ներողություն խնդրեցին: Դուք չեք տեսնում` ինչ է կատարվում Երևանից դուրս, երբ 100 դրամը փող է ու դրանով հաց պետք է գնել, և տոմսը դնել 500 դրամ... մարդն ի վիճակի չէ այդ տոմս գնել: Այդ ժամանակ տոմսն  արժեր 30-50 դրամ»:

   Ինչևէ: Թանգարանն աշխատում է, իր իսկ նախաձեռնությամբ հովանավորներ է գտել, և դրան գումարելով սեփական ներդրումը` կարողացել են բարեկարգել:

   Յուրաքանչյուր տարի թանգարանը Երևանից ցուցահանդեսներ է բերում: Բերում են լավագույնների ցուցահանդեսները, արդեն ճանաչվածների, սակայն եթե կլինեն երիտասարդներ, որ արժեքավոր գործեր ունեն, իրենք սիրով կկազմակերպեն նաև նրանց ցուցահանդեսը Վանաձորում, ասաց տնօրենը:

   Տնօրենը հավաստիացրեց, որ իրենք հետևում են բոլոր իրադարձություներին, մասնակցում դրանց: Շատ կարևոր ցուցադրություններ են եղել այստեղ, ինչպես ասենք ստամբուլահայ ճարտարապետների նախագծերի ցուցահանդեսը նախորդ տարի, որը ցուցադրվելու էր նաև ԱՄՆ-ում: Կան նկարիչներ, որոնց առաջին ցուցահանդեսները իրենց մոտ են կազմակերպում, ասենք Փարավոն Միրզոյանը, երբ նախագահի մրցանակի արժանացավ, նախ այստեղ բացեց իր ցուցահանդեսը և հետո նոր միայն Երևանում ու Գյումրիում:

   Առիթ եմ ունեցել տարբեր թանգարանների աշխատակիցների հետ զրուցել և հերթական անգամ հիշեցի նրանցից մեկի խոսքը, թե թանգարանի աշխատողները նվիրյալներ են և սիրում են թանգարանի ամեն մի դետալը: Այստեղ նույն զգացողությունն ունեցա: Աշխատակիցները սիրով առաջարկեցին համագործակցել, և կարծում եմ, մեր համագործակցությունն անպայման կստացվի:

                                                                                                                               Հասմիկ Խեչիկյան

 

 

  • Created on .
  • Hits: 2757

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: