«ՏԵՐ ՈՂՈՐՄՅԱՆ», «ՍՈՒՐԲ ՍՈՒՐԲԸ», «ՀԱՅՐ ՄԵՐԸ» ԼՍԵԼԻՍ ՀՄԱՅՎՈՒՄ ԵՆ

Բելգիայի հայ համայնքի մտավորականները, ում հետ օրերս առիթ ունեցանք հանդիպելու և զրուցելու, Բելգիա են գաղթել դեռևս 70-ականներին: Նրանց ծնողները 1915թ. Մեծ եղեռնից մազապուրծ եղած հայերն են: Չնայած առկա դժվարություններին՝ հայ տարագիրներին ժամանակի ընթացքում հաջողվել է հարմարվել հյուրընկալ երկրի քաղաքակրթական յուրահատկություններին: Այս գործընթացում իր կարևոր դերն է ունեցել հայ առաքելական եկեղեցին:
«Քառասունհինգ տարի առաջ, երբ դեռ նոր էինք եկել այստեղ ոչ եկեղեցի կար, ոչ դպրոց: 70-ականներն էին: Ընտանիք այստեղ ենք կազմել, զավակներ ունեցել: Եկեղեցին այն միակ հաստատությունն է, որ հային ինքնություն է տալիս, ուստի համայնքը հավաքելու միակ ու կարևոր միջոցն էր, ճանապարհը, հավաքատեղին: 1986թ. բարերար Խաչիկ Խաչիկովի, մյուս հայ մեկենասների և հայկական գաղթօջախի համատեղ ուժերով սկսվեց հայկական եկեղեցու կառուցումը, իսկ 1999թ.-ին երկու կաթողիկոսները օծեցին նորակառույց եկեղեցին»,- պատմում է Բրյուսելի միակ հայկական առաքելական Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցու երգչախմբի խմբավար, դպրապետ Հարություն Լյուլեջյանը:
Երգը մշակույթի մի մասն է. հոգևոր երգը շատ կարևոր է ինքնության պահպանման համար: 1996թ. ստեղծվում է եկեղեցու երգչախումբը, որը պետք է ծիսակատարություններ իրականացներ: Սակայն հայ հոգևոր երաժշտությունը գերեց ոչ միայն հայ, այլև օտարազգի ունկնդրին:
«Այլազգիները եկեղեցու կողքով անցնելիս լսում, ներս են մտնում ու հետո շարունակում են գալ՝ ասելով, որ մեր շարականները աշխարհում ամենահուզիչն են. «Ձեր երաժշտության ելևէջները հասնում են մեր հոգուն. նրանց մեջ կյանք կա, նրանքապրեցնող են»: Նույնիսկ լեզվի խնդիրը խոչընդոտ չի դառնում: «Տեր Ողորմյան», «Սուրբ Սուրբը», «Հայր Մերը» լսելիս հմայվում են,- նշում է եկեղեցու երգչախմբի մեներգչուհի Զվարթ Գալստյանը: Զվարթը նաև Անտվերպեն քաղաքի Նոյ տիկնանց միության անդամ է: Միությունը պահպանում է Անտվերպենի հայկական եկեղեցին, և ամիսը մեկ պատարագ է մատուցվում նրանց շնորհիվ:
Երգչախումբը հրավերներ է ստանում և մասնակցում տարբեր համերգների, ներկայացնում է հայ հոգևոր երգը ինչպես տեղի, այնպես էլ միջազգային փառատոներում: «Մեր խորին երախտագիտությունն ենք մեր հայտնում արքայազն Ամոռի Դը Մեռոդին և Շանտալ Մատիսին, ինչպես նաև Բելգիայի Լյուվենի համալսարանի պրոֆեսոր Տիգրան Մահտեսյանին, որոնք ամեն անգամ մեզ հնարավորություն են տալիս ներկայացնելու հայ հոգևոր երգը ոչ միայն հայ, այլև օտար ունկնդրին: Ամեն տարի մասնակցում ենք «Մինիմ» փառատոնին` ներկայացնելով Եկմալյանի և Կոմիտասի շարականները»,- հավելեց Զվարթ Գալստյանը:
Պրոֆեսոր Մահտեսյանը, ով Բելգիայի «Մինիմ» և «Անտվերպեն» փառատոների կազմակերպիչն է, մեզ հետ զրույցում նշեց, որ հայ եկեղեցու երգչախմբի ելույթները լեփ-լեցուն դահլիճներում են անցնում: Հանդիսատեսը հիացած է Կոմիտասի երաժշտությամբ, այն աննկարագրելի տպավորություն է թողնում օտար հանդիսատեսի վրա:
Երգչախմբի հիմնական կորիզը բաղկացած է տասնհինգ հոգուց, որոնց թվում են նաև լիբանանահայ, սիրիահայ երգիչ-երգչուհիներ: Երգչախումբը հանդես է գալիս հիմնականում Եկմալյանի, Կոմիտասի շարականներով: Այն հիմանպատակ ունի ընդլայնելու իր կազմը:
«Տարբեր փառատոների մասնակցության հրավերներ ենք ունենում: Վերջերս հրավեր ստացանք երգելու Բրյուսելի ամենամեծ` Բազելիք եկեղեցում: Շուրջ վեց հարյուր հանդիսատեսի առջև երգչախումբը հանդես եկավ շարականներով: Մասնակցել ենք մի շատ կարևոր միջոցառման՝նվիրվածմիջին արևելքի քրիստոնյաների պաշտպանությանը: Նոյեմբերին ևս հրավիրված ենք մեկ ժամ պատարագ երգելու, ինչը շատ պարտավորեցնող է,- պատմում է Զվարթը:
Եկեղեցին դառնում է ինքնապահպանման և զարգացման ամենաազդու միջոցը: Նրանց կողմից մշակվում են ծրագրեր, որոնք վերաբերում են թե Հայոց ցեղասպանության ճանաչմանը և թե ազգային այլ հարցերի, ապա դրանք իրականացնում են համայնքի, երկրի ենթակառուցվածքների միջոցով: Նրանք ապրում են ազգային, հոգևոր, մշակութային և հասարակական բավականին աշխույժ կյանքով: Այս տարի բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համատեքստում:
«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում հրեաների հետ համատեղ մի ծրագիր իրականացրինք, որը բոլորիս ջանքերով երկար բանակցությունների և բանավեճերի արդյունքում հաստատվեց պետականորեն: Ըստ այդ ծրագրի՝ Բրյուսելի թաղամասերի մի քանի դպրոցներում, որոնց թվում են նաև թուրքաբնակ թաղամասի դպրոցները, դասավանդվող Ցեղասպանություն առարկայի ծրագրումառանձին թեմայով ներկայացվելու է Հայոց ցեղասպանությունը՝ որպես ցեղասպանության դասական օրինակ»,- պատմում է պարոն Լյուլեջյանը և հպարտությամբ ավելացնում. որ թուրքաբնակ թաղամասի թաղապետը, որ ազգությամբ թուրք է և հանդես է գալիս թուրքերին բնորոշ ժխտողական քաղաքականությամբ, ընտրության առաջ էր կանգնել՝ կա´մ խոստովանել ցեղասպանության փաստը, կա´մ ետ քաշվել…
Բելգիայի հայհամայնքի ներկայացուցիչները մտահոգ են համայնքի ապագայով: Ազգային ինքնության պահմանությանն ուղղված աշխատաքնները գնալով դժվարանում են: Հարություն Լյուլեջյանը, որ նաև հայերեն է դասավանդում, խոստովանում է, որ հայերենի դասավանդումը և տարբեր միջոցառումներ կազմակերպելը բավարար չեն. «Հարկադրաբար չես կարող ստիպել հայ մնալ»: Նախ և առաջ լեզվի խնդիր կա: Եկեղեցու կից գործող հայկական շաբաթօրյա դպրոցը, որտեղ դասավանդում է Հարություն Լյուլեջյանը, միակ հաստատությունն է, որտեղ հայերեն կարողեն սովորել:
Հայաստանի գաղափարը ազգապահպանության կենտրոնական տարրն է: Համայնքը լուրջ ջանքեր է գործադրում հայկական ինքնությունը պահպանելու հարցում: Ազգային դաստիարակությունը շարունակվում է ինչպես մշակութային միություններում, այնպես էլ նրանց ընտանիքներում:
Սիրանուշ Նազլուխանյան
- Created on .
- Hits: 3380