«ԵՍ ԱՏՈՒՄ ԵՄ «ՀԱՄԼԵՏԸ» ՀԱՅԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՄԲ

  Սերիալում նկարահանված և թատրոնի բեմ բարձրանալուց վախեցող դերասանի պատմություն է Փոլ Ռուդնիկի «Ես ատում եմ «Համլետը» թատերախաղը, որին ծանոթանալու հնարավորություն ունեն նաև հայ ընթերցասերները։
    «Ես ատում եմ «Համլետը» գիրքը  լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը։ Թատերախաղն անգլերենից թարգմանել է  Մարո Մադոյանը։
    Այսօր Տիկնիկային թատրոնում «Հայ Ֆեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը։
    Թարգմանիչ Մարո Մադոյանը «Ես ատում եմ «Համլետը» թատերախաղը բազմիցս տեսնելու հնարավորություն է ունեցել։
    «Երբ առաջին անգամ դիտեցի, ասացի, որ ներկայացումը ոչ միայն ամերիկացի, այլև հայ հանդիսատեսի համար է։ Կցանկանայի, որ հայաստանյան բեմերում նույնպես ներկայացվեր, որովհետև կա ասելիք, գաղափար, որին պետք է առնչվի նաև հայ հանդիսատեսը»,- մեզ հետ զրույցում ասաց նա։
    1165Փոլ Ռուդնիկի «Ես ատում եմ «Համլետը» թատերախաղում քննարկվում է այն հարցը, թե որքանով է Շեքսպիրի «Համլետ»-ը ժամանակակից հանդիսատեսին հոգեհարազատ: Ռուդնիկն իր թատերախաղը լցրել է ծիծաղով՝ թեթևակի ծաղրելով անշարժ գույքի ընչաքաղց գործակալին, հոլիվուդյան անմիտ արտադրության ղեկավարին, հավակնոտ, սակայն բարի նպատակ հետապնդող դերասանուհիներին և հարբեցող, կնամոլ դերասաններին:
    «Հեղինակը կատակով է խոսում, բայց լուրջ խնդիրներ է վերհանում։ Սերիալում խաղացող դերասանը չի կարող միանգամից թատրոնի բեմ բարձրանալ։ Նրան անհրաժեշտ է ճիշտ ուղղություն, գիտելիք հաղորդել, որպեսզի կարողանա տարբերել սերիալի դերասան լինելը թատրոնի դերասան լինելուց։ Մեծ դերեր կերտած նախորդները միշտ պիտի նրա աչքի առաջ լինեն, օգնեն որպես դերասան կայանալուն»,- նշեց գրքի թարգմանիչը։
    Գրքի հերոսը վախվորած չի մնում։ Նրա առջև որպես ուրվական հայտնվում է Համլետի դերակատարը։ Հենց այդ դեպքից հետո սերիալի դերասանը սկսում է շատ բաներ հասկանալ, շատ քայլեր վերանայել։ Սա դառնում է նրա դերասանական կարիերայի սկիզբը, առաջին քայլը առաջ նայելու, նոր բաներ սովորելու և թատրոն մուտք գործելու ճանապարհին։

Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 3407

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: