ՔԱՌԱՍՈՒՆ ՏԱՐԻՆ ՄԵԿ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

    «Ճարտարապետ, ով հորինվածքը մինչև վերջ է հասցնում, իսկական մտավորական»,- այսպես է Հայկ Ասատրյանին բնութագրում ՀՀ ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի հիմնադիր-տնօրեն Աշոտ Հայկազուն Գրիգորյանը։
    Թանգարան-ինստիտուտի ցուցասրահում այսօր բացվեց Հայկ Ասատրյանի անհատական ցուցահանդեսը։ 40-ամյա գործունեության ընթացքում ճարտարապետը հեղինակել է ավելի քան 200 շենք-շինություններ, ճարտարապետական փոքր ձևեր, դեկորատիվ աշխատանքներ և տարաբնույթ ձևավորումներ։
 17 11 2015   Աշոտ Գրիգորյանն առանձնացրեց Ասատրյանի նախագծած բաց պանթեոնը։ Այն գտնվում է Գավառի Հացառատ գյուղում։
    Ճարտարապետ Հայկ Ասատրյանը զբաղվում է նաև գեղանկարչությամբ։ «Նկարչության մեջ ինքդ քեզ հետ ես, հոգու պահանջմունք է, որ կտավին ես փոխանցում,- ասում է Ասատրյանը,- իսկ ճարտարապետությունը ինքնուրույն չէ, պատվերներով է գոյանում»։
  Սիրում է Մարտիրոս Սարյանի և Մինաս Ավետիսյանի աշխատանքները։ Ճարտարապետներից նրա վրա մեծ ազդեցություն են թողել Ջիմ Թորոսյանն ու Ռաֆայել Իսրայելյանը։ Ասում է՝ կան մարդիկ, որոնց իմանալուց հետո միայն պետք է ասես քո խոսքը։
    «Այդ խոսքը պետք է լինի ավանդական, ազգային, բայց ժամանակակից ընկալմամբ»,- նշում է նա։
panteon    Ծննդավայր Վարդենիսում տեղադրված աշխատանքներ չունի։ Արցախյան հաղթանակի հուշարձան է նախագծել, կառուցումը մնացել է կիսատ դեռ 90-ականներին։ Հայկ Ասատրյանի գործը շարունակում են նաև երեխաները։ Տղան քանդակագործ է, աղջիկը՝ արվեստաբան։
    Ցուցահանդեսի բացման ժամանակ ներկայացվեց նաև ճարտարապետի աշխատանքների ալբոմ-կատալոգը։ ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանով ճարտարապետ Հայկ Ասատրյանը ճարտարապետության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրվեց «Տրդատ ճարտարապետ» ոսկե մեդալով։
Աննա Կարապետյան
 Լուսանկարները՝ Աննա Կարապետյանի
  • Created on .
  • Hits: 3533

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: