ԳԻՐՔ ՄԵՐՕՐՅԱ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Հայ-ադրբեջանական պատերազմը և մերօրյա հերոսները» գրքի շնորհանդեսը։ Գրքում ներկայացված են հայ-ադրբեջանական պատերազմի՝ 1988-1994 թթ. և ներկայիս՝ 2014-2015 թթ. շրջափուլերը։ Մատնացույց են արվում հակամարտության ծագման պատճառները և լուծման հնարավոր ուղիները։
Գրքի «Հուշամատյանը» ներառում է 2014-2015 թթ. պատերազմական գործողությունների ժամանակ թշնամու դեմ մղված մարտում զոհված 10 զինծառայողների (Արմեն Հովհաննիսյան, Ազատ Ասոյան, Արարատ Խանոյան, Զորիկ Գևորգյան, Սարգիս Մովսիսյան, Վարդան Մկրտչյան, Արշակ Հարությունյան, Էդուարդ Հայրապետյան, Հակոբ Խաչատրյան, Սամվել Հակոբյան) կյանքն ու մարտական ուղին։
«Ցանկանում էինք ներկայացնել հերոս տղաների մահը ոչ թե որպես ողբերգություն, այլ որպես սխրանք։ Հուսով եմ՝ ստացվել է»,-ասում է գրքի խմբագիր Ալվինա Աղաբաբյանը։
«Այն, ինչ այսօր տեղի է ունենում սահմանին, պատերազմ է։ Մենք դրան տարբեր անուններ ենք տալիս՝ չհայտարարված պատերազմ, դիրքային պատերազմ, բայց իրականությունն այն է, որ պատերազմ է, պարզապես ոչ լայնամասշտաբ ընդգրկումով»,-նշում է գրքի հեղինակը։
Էլբակյանի խոսքով՝ գրքի խնդիրն է ցույց տալ պատերազմական շրջափուլերի կապը. ներկայիս պատերազմական գործողությունները Արցախյան պատերազմի տրամաբանական շարունակությունն են․ «Ներկայացրել եմ թշնամու շարժառիթները, ռազմական գործողությունները, որ դրա շրջանակներում տեղորոշվեն հերոսները։ Բարդությունն այն էր, որ պատերազմը հիմա էլ ընթանում է, իսկ ընթացող բանի մասին գրելը դժվար է, գումարած ռազմական գաղտնիքի պահպանման ռեժիմը, բայց կարևոր խնդիր կար՝ տղաների արածը ներկայացնել ըստ արժանվույն»։
Շնորհանդեսին ներկա էին նաև հերոսների ծնողները, հարազատներն ու ընկերները։ Լեյտենանտ Սարգիս Գաբրիելյանը Արշակ Հարությունյանի, Էդուարդ Հայրապետյանի, Հակոբ Խաչատրյանի և Սամվել Հակոբյանի հետ մասնակցել է Գյուլիստանի մարտին.«Ես ու Սամվելը նույն օրն ենք ծնվել՝ հոկտեմբերի 2-ին։ Պիտի միասին նշեինք»։
«Հայ-ադրբեջանական պատերազմը և մերօրյա հերոսները» գիրքը տպագրվել է 600 օրինակով։ Գիրքը վաճառքի ենթակա չէ։ Այն տրամադրվելու է զորամասերին, բարձրագույն ուսումնական հաստատություններին, մայրաքաղաքի և մարզերի գրադարաններին։
Գրքի ստեղծումն իրականացվել է ««Արմսես» գիտակրթական կենտրոն» ՀԿ-ի և Երևանի պետական համալսարանի Ռազմավարական հետազոտությունների գիտահետազոտական լաբորատորիայի համագործակցությամբ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում (ծրագրի ղեկ․՝Ալվինա Աղաբաբյան)։
Աննա Կարապետյան
- Created on .
- Hits: 6331