«ԱՐՄԵՆՊՐԵՍ»-Ը «ՏԱՐՎԱ ԲԵՍԹՍԵԼԵՐ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ

    Այսօր «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում տեղի ունեցավ «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխությունը։ «Արմենպրես» լրատվական գործակալությունը «Երևանյան բեսթսելեր» նախագիծն ու ամենամյա «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխությունն իրականացնում է արդեն երրորդ անգամ։ Ամեն տարի մրցանակների են արժանանում գրականության դեսպանները՝ գրողներ, թարգամանիչներ, հրատարակչությունների ղեկավարներ, ովքեր այդ տարվա ընթացքում կատարել են մեծ աշխատանք ի նպաստ հայ և թարգմանչական գրականության։
    Տարվա ժամանակակից հայ հեղինակ ճանաչվեց Վահրամ Մարտիրոսյանը նախորդ տարի հրատարակած «Սերը Մոսկվայում» գրքի համար։ Լրագրողների հետ զրույցում Մարտիրոսյանը նշեց, որ գրականությունը միակ տեղն է, որտեղ ձգտում է ոչ մի զիջման չգնալ․ «Գրականության մեջ աշխատում եմ որևէ զիջման չգնալ։ Վերնագիրը ոչ թե գրվել է նրա համար, որ ընթերցող հրավիրի, այլ որովհետև բովանդակությանը առավել համապատասխան էր։ Երկար ժամանակ գրքի աշխատանքային վերնագիրը «Անկշռելիությունն էր»․ իմ հոգեվիճակի մի մասն էր արտահայտում։ «Սերը Մոսկվայում» շատ ավելի դիպուկ համարեցի։ Հնդկական ֆիլմ կար սովետական տարիներին, կոչվում էր «Սերը Սիսլեյում»։ Այս պոստմոդեռնիստական վերհուշը, որ հեգնանք է թաքցնում, ինձ համար կատարյալ ձևով արտահայտում էր վեպի և վերնագրի փոխհարաբերությունը։ Մյուս բանը, որ կարող էր ընթերցողին հրապուրել, ապրումակցումն է գլխավոր հերոսի հետ։ Գլխավոր հերոսից շատ տարբեր մարդիկ ինձ ասում էին՝ հերոսի մեջ մեզ տեսանք»։
    Երիտասարդ արձակագիր Գրիգը «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխության ժամանակ արժանացավ Լևոն Անանյանի անվան հատուկ մրցանակի։
    «Անկեղծորեն չէի սպասում, որ գիրքը նման արձագանք կունենա, հաճելի անակնկալ էր։ Գերխնդիրս գիրքը տպագրված տեսնելն էր։ Մի լավ խոսք կա՝ դու գործն արա, կլինի՝ ինչ կլինի։ Երևի ամենահաճելի պահը ստեղծագործող մարդու համար հենց այդ զգացումն է, որ դու քո գործն արել ես, և դրանից հետո գիրքն իր կյանքն ունի․որոշների հետ վիճում է և քո դեմ է տրամադրում, որոշների մոտ դրական արձագանք է լինում, սկսում են քեզ սիրել»,- նշեց արձակագիրը։
   Գրիգը կրկին ստեղծագործական պրոցեսի մեջ է․ «Քանի դեռ գիրքը տպագրված չէր, ենթագիտակցական մակարդակով պատմվածքներ էի գրում գիրքը լրացնելու, հարստացնելու համար, հիմա փորձում եմ գրել այլ գիրք։ Կարծում եմ՝ չեմ կարող գրքին նայել որպես ընթերցող և երևի երբեք էլ չկարողանամ։ Շատ եմ ինձ քննադատում, հաճախ շատ դժգոհ եմ լինում ինձնից։ Եթե նույնիսկ ընթերցողի հայացք է, ապա շատ ինքնակեղեքող»։
    Տարվա ամենապահանջված թարգմանությունները կատարել է Կարլեն Մատինյանը` հայերեն թարգմանելով Էլֆրիդե Ելինեկի «Դաշնակահարուհին» և Գյունթեր Գրասի «Թիթեղյա թմբուկը»: Տարվա մանկական գիրքը «Զանգակ» հրատարակչության «100 դասական հեքիաթներ» ժողովածուն է: Բեսթսելերների տարվա հրատարակիչը կրկին «Անտարես»-նէ: Տարվա մանկական գրքերի հրատարակիչը` «Բուկինիստ»-ը: «Ժամանակին համահունչ» նոր` հատուկ մրցանակն ստացավ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: Նախագծի աջակից ճանաչվեց «LOFT» ինքնազարգացման և ժամանցի կենտրոնը:
     «Երևանյան բեսթսելերը» միտված է հայ գրքի, գրականության, ընթերցանության խրախուսմանը: Այն «Արմենպրես»-ի հաջողված և ընթերցված նախագծերից է, որը շարունակում է հավաքել և ներկայացնել գրախանութների տրամադրած տվյալները` ամենավաճառվող գրքերի մասին: Նախագծի` մանկական լսարանին միտված գրականությունը ներկայացնող մյուս տարբերակն է «Մանկական բեսթսելերը», որը հաջողությամբ շարունակում է իր ընթացքը` արդյունքները ամփոփելով ամիսը մեկ անգամ:
Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 3169

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: