ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՍԱՐՈՅԱՆԻՆ. ԱՄՌԱՆ ՎԵՐՋԻՆ ՕՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆՇԵՑԻՆ ԳՐՈՂԻ 108-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Նորարար տեխնոլոգիաների ներդրումից մինչև բացօդյա ընթերցանություն, նկարչություն, խոհանոց, ջազային ելևէջներ, ցուցահանդես, վիկտորինաներ և ոչ միայն։ Ամռան վերջին օրը՝ օգոստոսի 31-ին, Թումանյանի անվան այգում սարոյանասերներին հնարավորություն էր ընձեռվել գրողի 108-ամյակին նվիրված միջոցառման շրջանակներում բացահայտել «այլ» Վիլյամ Սարոյանի։
«Միջոցառման նպատակը հանրությանը Վիլյամ Սարոյանի հետ բազմակողմանի ծանոթացնելն է, նրան տարբեր տեսանկյուններից բացահայտելը։ Փորձել ենք տարբեր տաղավարների միջոցով ցույց Սարոյանին այնպիսին, ինչպիսին հայտնի է նա թերևս միայն մասնագետներին։ Օրինակ՝ շատ քչերին է հայտնի, որ Վիլյամ Սարոյանը եղել է նաև երգերի հեղինակ և մեր Սարոյան-մյուզիք տաղավարը հատուկ նրա համար է, որ մարդիկ ծանոթանան գրողի հեղինակած ստեղծագործությունների ձայնագրություններին»,- Cultural.am-ի հետ զրույցում ասաց «Ինտելեկտուալ ռենեսանս» հիմնադրամի ծրագրերի համակարգող Վանիկ Չալոյանը։
Թումանյանի այգում Սարոյանի ծննդյան 108-ամյակը տոնելը կազմակերպիչները տարօրինակ չեն համարում: «Նախ ցանկանում էինք հանրության համար ավելի սիրված վայր ընտրել, հետո, այս այգում մշակութային միջոցառումներ շատ են անցկացվում։ Եվ ի վերջո, թե Սարոյանը, թե Թումանյանը գրողներ են»,- նշեց Վանիկ Չալոյանը։
Վիլյամ Սարոյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Բիթլիս (Բաղեշ) քաղաքից Ֆրեզնո գաղթած հայի ընտանիքում: Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթում 1933 թ.-ին տպագրվել է նրա առաջին պատմվածքը՝ Սիրակ Գորյան ստորագրությամբ: Սարոյանի պատմվածքների անդրանիկ ժողովածուն՝ «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա...», լույս է տեսել 1934թ.-ին և միանգամից ճանաչում բերել երիտասարդ գրողին: 1939թ.-ին «Կյանքիդ ժամանակը» պիեսի համար Սարոյանն արժանացել է Նյու Յորքի քննադատների և Պուլիցերյան մրցանակների, բայց վերջինից (10 հզ. դոլար) հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ պետությունը չպիտի խառնվի գրականության գործերին: Վիլյամ Սարոյանը երազանքներով ու խոհերով, ողջ էությամբ կապված էր Հայաստանին, հայ ժողովրդին: Առաջին անգամ հայրենիքում եղել է 1935 թ.-ին, այնուհետև՝ 1960, 1976 և 1978 թթ-ին: Սարոյանը ՀԽՍՀ «Խաղաղության պահպանման և հայրենիքի հետ կապերի ամրապնդման ուղղությամբ ակտիվ գործունեության համար» մրցանակի առաջին դափնեկիրն է: Մահից առաջ կտակել է, որ իր աճյունի մի մասը թաղվի հայրենի հողում:
Սարոյանի գործերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, հայերեն՝ բոլոր ստեղծագործությունները:
Սարոյանի անունով Երևանում կոչել են փողոց, դպրոց և համալսարան, կանգնեցվել է հուշարձանը: 2008 թ.-ին գրողի ծննդյան 100-ամյակի առթիվ ՀՀ-ում հայտարարվել էր «Սարոյանական տարի»:
Ալինա Նահապետյան
- Created on .
- Hits: 3098