«ՄԵԾ ՊԱՏԻՎ ՈՒ ԼՈՒՐՋ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՐԻԿԻ ՀԵՏ ՑՈՒՑԱԴՐՎԵԼԸ»․ ԶՈՒԼԵՅԿԱ ԲԱԺԲԵՈՒԿ-ՄԵԼԻՔՅԱՆ

 «Տունը, որտեղ ապրում էինք, ու ստեղծագործում էր հայրս, շատ փոքր էր. չորս մահճակալ, մեկ սեղան, մի քանի աթոռ... Հայրս սովորություն ուներ իր նկարները կախելու: Եթե դրանց համար տեղ չէր գտնվում, ոչնչացնում էր: Ահավոր պայմաններ էին, բայց նա հիանալի, հանճարեղ գործեր էր ստեղծում: Շատ էր սիրում գեղանկարչությունը: Հաճախ կատակում էինք, թե նրա համար առաջին տեղում գեղանկարչությունն է, հետո նոր մնացած ամեն ինչը»,- հորը՝ անվանի գեղանկարիչ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանին (1891-1966թթ.) այսպես է հիշում Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանը:

Հայաստանի ազգային պատկերասրահում սեպտեմբերի 16-ին բացվեց «Բաժբեուկներ. երկու սերունդ» մեծածավալ ցուցահանդեսը: Համատեղ ներկայացված են Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի ու նրա զավակների՝ Լավինիայի (1922-2005թթ), Վազգենի (1941-2004թթ.) և Զուլեյկայի (1939թ.) աշխատանքները:

«Սա իմ կյանքի ամենակարևոր ու երջանիկ օրերից մեկն է. առաջին անգամ ցուցադրվում ենք հայրիկի հետ: Մեծ պատիվ ու լուրջ փորձություն է մեզ համար»,- ցուցահանդեսի բացման ժամանակ ասաց Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանը:

Ցուցահանդեսի համակարգող Մարգարիտա Խաչատրյանի փոխանցմամբ՝ ներկայացված են շուրջ 100 գրաֆիկական ու գեղանկարչական աշխատանքներ Ազգային պատկերասրահի մշտական ցուցադրությունից, ֆոնդերից, ինչպես նաև մասնավոր հավաքածուներից: Ստեղծագործությունների մի մասն առաջին անգամ է ցուցադրվում:
2 Bazhbeuk
«Ցուցահանդեսի նպատակն է հանրությանը ներկայացնել տաղանդաշատ ընտանիքի ստեղծագործական ժառանգությունը, ցույց տալ դարասկզբից մինչև 2000-ական թվականները եղած փոփոխություններն արվեստում, երկու սերնդի կապը, ընկալման, մտածողության ընդհանրություններն ու տարբերությունները:

Ստեղծագործ ընտանիքներում հաճախ ուղղակի ընդօրինակում են մեկը մյուսին: Բաժբեուկ-Մելիքյանների դեպքում չորս տարբեր անհատականություններ են»,- Cultural.am-ի հետ զրույցում նշեց Մարգարիտա Խաչատրյանը:

«Հայրիկից շատ բան ենք սովորել, նույնքան էլ գենետիկորեն է փոխանցվել: Չափազանց ազնիվ էր, մաքուր, անշահախնդիր, քաղաքավարի բոլորի հանդեպ: Հարևաններին բարևելիս գլխարկը հանում էր ու խոնարհվում: Նրանք զարմանում էին, թե ինչպես կարող է այդքան բարձրաստիճան մարդկանց հետ շփվող մարդն այդ աստիճան հասարակ լինել:

Հիշում եմ՝ ինչպես էր ողջ թաղամասն ապշել, երբ Վազգեն Առաջին կաթողիկոսը երկու սրբազանների հետ այցելել էր մեզ: Հարևանները նույնիսկ սկսել էին հայրիկին ինչ-որ շնորհներ վերագրել, մտածում էին՝ մի բան կա նրա մեջ, որ այդպիսի մարդիկ են այցելում նրան»,- պատմեց Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանը:
3 bazhbeuk
Նկարչուհին հիշում է, թե հայրն ինչքան խիստ էր ինքն իր նկատմամբ. «Նա ընդամենը 200 աշխատանք է թողել, որովհետև չափից դուրս քննադատաբար էր մոտենում իր բոլոր գործերին: Եթե անգամ մի մասնիկ չէր հավանում, այրում էր կտավը, որպեսզի դրա շունչը ոչ մի տեղ չզգացվի»:

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր, գեղանկարիչ Արամ Իսաբեկյանի խոսքով՝ Բաժբեուկ-Մելիքյանը շատ քիչ մարդկանց էր թույլ տալիս գնալ իր արվեստանոց:

«Այդ քչերից մեկը հայրս էր՝ Էդուարդ Իսաբեկյանը, որի համար այդ այցելությունները նաև ճակատագրական եղան. նա գրաֆիկան փոխարինեց գեղանկարչությամբ միայն ու միայն այն պատճառով, որ տեսավ Բաժբեուկ-Մելիքյանի հրաշք գործերը»,- ասաց Արամ Իսաբեկյանը:

Ցուցահանդեսը նվիրված է Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի ծննդյան 125-ամյակին և բաց կլինի մինչև հոկտեմբերի 19-ը:

Սիրանուշ Հայրապետյան
  • Created on .
  • Hits: 3343

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: