«ԳՐԱԿԱՆ ՏԱՊԱՆ-2016»․ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
«Գրական տապան»-ը մեր մշակութային միջավայրն ակտիվացնող, ճահճային երևույթներից ձերբազատող փառատոն է: Եթե ոչ ուղղակիորեն մեր շնորհիվ, ապա մեր գոյությամբ ու գործունեությամբ գրողներից շատերը հասկացան, որ ի վերջո պետք է գրել ու աշխատել, որ իրենց գիրը տեսնեն Հայաստանից դուրս, որովհետև մեր միջավայրը շատ փոքր է: Ինչքան հանրահռչակված լինես, այնքան քո ազգի, քո երկրի, քո պոեզիայի մասին կխոսեն, ոչ թե պարփակված կմնաս ու կբողոքես, որ աշխարհն անարդար է, և քո տեղը չգիտեն»,- Cultural.am-ի հետ զրույցում ասաց «Գրական տապան» փառատոնի համակարգող Դավիթ Մաթևոսյանը:
Գրողներ, գրականագետներ, թարգմանիչներ Իտալիայից, Իսպանիայից, Միացյալ Թագավորությունից, Գերմանիայից, Ավստրիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Վրաստանից, Կոսովոյից և Հայաստանից սեպտեմբերի 18-28-ը մեր երկրում մասնակցում են «Գրական տապան-2016» փառատոնին: Այն այս տարի անցկացվում է «Արդյոք ազատն անկա՞խ է, արդյոք անկախն ազա՞տ է: Անձ: Հասարակություն: Ազգ: Աշխարհ» խորագրի ներքո:
«Փառատոնը մեր հյուրերին Հայաստանի տեղն է ցույց տալիս: Աշխարհի մի մասը մեր մասին գիտի որպես Եղեռն վերապրած ժողովուրդ, մի մասը գիտի, որ բիբլիական Արարատն այս կողմերում է, մի մասն էլ գիտի, որ մենք կոնյակ ենք արտադրում: Փառատոնի հյուրերը գալիս են մշակութային, հոգևոր Հայաստանը հայտնաբերելու ու հայտնաբերում են»,- մեզ հետ զրույցում ընդգծեց Դավիթ Մաթևոսյանը:
Փառատոնի առանձնահատկություններից և ձեռքբերումներից է նաև մասնակից գրողների տպավորություններից կազմված երկլեզու (հայերեն և բնօրինակ) ամենամյա գրքի տպագրումը Հայաստանում:
«Հյուրերը միշտ սիրով են գալիս, հետո ինչպես են գնում, չգիտեմ, բայց դատելով նրանց տպավորություններից՝ շատ փոքր տոկոս կազմող բացասական կամ թերահավատ տպավորություններ ունեն: Շատ գոհ եմ, որ ունեն, որովեհտև դա մեզ զգոն է պահում. շատ բաներ, որ ինքներս ներսից չենք նկատում, այդ դեպքում նկատելի են դառնում, ու հասկանում ենք, որ դեռևս շատ գործ կա անելու»,- նշեց Դ. Մաթևոսյանը:
Եթե «Գրական տապան»-ը հրավիրյալ գրողների համար Հայաստանը տեսնելու, ճանաչելու հրաշալի առիթ է, ապա հայ գրողների ու գրականության մարդկանց համար լավ հնարավորություն՝ հյուրընկալելու իրենց գործընկերներին, զրուցելու և քննարկելու գրականության արդի խնդիրները, զարգացման միտումները:
«Մեր գրողները փառատոնի շնորհիվ նաև հանրահռչակվում են, թարգմանվելու, հրատարակվելու առաջարկներ ստանում»,- հավելեց մեր զրուցակիցը:
Լեհ բանաստեղծ, թարգմանիչ Կալինա Իզաբելա Զիոլան առաջին անգամ է մասնակցում «Գրական տապանին»: Նրա գնահատմամբ՝ այսպիսի փառատոնի անցկացումը շատ կարևոր է:
«Տարբեր երկրների գրողների հանդիպումները մեծ փորձություն են նրանց համար: Կարևոր է, երբ գրում ես ու հնարավորություն ունես քո մտքերով փոխանակվելու այլ գրողների հետ: Մենք խոսում ենք կյանքի, գրականության, երկրի, մշակույթի մասին»,- ասաց լեհ գրողը:
Հավելենք, որ «Գրական տապան-2016» փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 19-ին Հայաստանի գրողների միությունում կայացել է հայկական և լեհական պոեզիայի ժողովածուների շնորհանդեսը: Ներկայացվել են «Որպես ձեռքսեղմում» և «Խաչվող զուգահեռներ» հայկական և լեհական պոեզիայի անթոլոգիաները, ինչպես նաև բանաստեղծ, գրականագետ Դարիուշ Տոմաշ Լեբյոդայի «Հավատով նայիր Արարատին» և բանաստեղծ, թարգմանիչ Կալինա Իզաբելա Զիոլայի «Սառույցի պես փխրուն» ժողովածուները՝ հայերեն թարգմանությամբ:
«Գրական տապանի» շրջանակում կանցկացվեն նաև այլ գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ, դասախոսություններ, ընթերցումներ, վարպետության դասեր ու մի շարք այլ միջոցառումներ:
Արդեն 8-րդ անգամ իրականացվող գրական տոնը կազմակերպվում է 2001 թվականից Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ՀԿ-ի կողմից` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և մի շարք գրական կազմակերպությունների, այդ թվում` Բեռլինի Լիտերատուրվերկշտատի, Ջենովայի պոեզիայի փառատոնի գործընկերությամբ:
Սիրանուշ Հայրապետյան
- Created on .
- Hits: 2952