ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ՄԱՐԴԸ․ ՎԱՀԵ ՕՇԱԿԱՆ

 «1984 թվականին, երբ Լիբանանից տեղափոխվեցի Սան Ֆրանցիսկո, Վահե Օշականն էլ Ֆիլադելֆիայից տեղափոխվեց այնտեղ: Այդ ժամանակ չգիտեի, որ այդպիսի գրող կա՝ չնայած նրան, որ ապրել ու ստեղծագործել էր Լիբանանում:
Ծանոթացանք: Ես ուսանող էի, նա՝ արդեն կայացած գրող: Մտերմացանք, հաճախ էինք հանդիպում, զրուցում, էլեկտրոնային նամակներ գրում իրար: Ֆիլմի նկարահանումն ավելի մոտեցրեց մեզ»,- Cultural.am-ի հետ զրույցում պատմեց ռեժիսոր Հրայր Անմահունին (Էօլմեսեքյան):

Խոսքը «Վահէ Օշական. միջնադար» վավերագրական ֆիլմի մասին է, որը հոկտեմբերի 20-ին ցուցադրվեց Միրզոյան գրադարանում: Այն հայերեն է՝ անգլերեն ենթագրերով:

Ֆիլմը նկարահանվել է 22 տարի առաջ: Սփյուռքահայ փիլիսոփա, գրականագետ Մարկ Նշանյանը, գրող, գրականագետ Գրիգոր Պըլտյանը և ուրիշներ ներկայացնում են սփյուռքահայ գրող Վահե Օշականի (1922-2000թթ.) կյանքն ու ստեղծագործությունը: Վերջինիս մասին պատկերացումն ավելի ամբողջական է դառնում, երբ Օշականն ինքն է հատվածներ կարդում իր ստեղծագործություններից, խոսում գրողի, գրականության մասին:

«Բառ եմ փնտրում Վահեին հատկանշելու համար, ու այդ բառը ֆրանսերեն է գալիս մտքումս՝ générosité, անգլերեն՝ generosity, հայերենում դրա համարժեքը կարծես թե չկա, թերևս կարող ենք ասել վեհանձն: Նման ազնվությամբ, վեհանձնությամբ քիչ մարդկանց եմ ճանաչում: Այդպիսին մեկ էլ փիլիսոփա Ժակ Դերիդան էր, որը նույն վեհանձնությունն ուներ մարդկային հարաբերություններում»,- ֆիլմի դիտումից հետո ասաց Մարկ Նշանյանը:

Նրա գնահատմամբ՝ Վահե Օշականի ստեղծագործության մեջ կենտրոնական տեղ է զբաղեցնում «Քաղաքը» (1963) բանաստեղծական ժողովածուն:

«Հեղափոխականությունը Վահեի բանաստեղծական հիմնական գիծն է: Հեղափոխական էր որպես բանաստեղծ, և շատ պահպանողական՝ որպես մարդ: Հետաքրքիր խառնուրդ էր Վահեն: Կարծում եմ՝ մեկն առանց մյուսի պարզապես չէր լինի»,- նշեց Մարկ Նշանյանը:

Ըստ գրականագետի՝ թե´ Վահե Օշականը, թե´ նրա հայրը՝ Հակոբ Օշականը (1883-1948 թթ.), 20-րդ դարի արևմտահայ գրականության և Սփյուռքի կյանքի ամենատեսանելի, ամենաուժեղ ու վեճեր հարուցած անձնավորություններն են:

«Հայրը մեր մեծագույն վիպագիրն է: 20-ական թվականներից հետո տարբեր տեղերում է ապրել՝ Եգիպտոս, Կիպրոս, Երուսաղեմ, բայց նրա ձայնը լսվում էր մինչև աշխարհի մյուս ծայրը: Գրականության մեծ քննադատ էր, երիտասարդ սերունդը կամ նայում էր նրան, թե ինչ պիտի ասի իր մասին, կամ ընդհակառակը՝ ըմբոստանում էր նրա դեմ:

Հակոբ Օշականը նաև սփյուռքի մտահոգությունն ուներ՝ ներքին վեճերի, ընդհանրացած կորստի: Վահեն էլ շարունակել է նույնը, հակադրություն չկա հոր հետ, շարունակությունն է»,- մեզ հետ զրույցում ընդգծեց Նշանյանը:

Սիրանուշ Հայրապետյան
  • Created on .
  • Hits: 3750

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: