ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է «ՄՈԼԻՆԱՐԻ» ԼԱՐԱՅԻՆ ՔԱՌՅԱԿԸ

 Նոյեմբերի 29-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում կայացավ կանադական «Մոլինարի» լարային քառյակի համերգը: Քառյակը հնչեցրեց կոմպոզիտորներ Պետրոս Շուժունյանի, Լևոն Չաուշյանի, Քշիշտոֆ Պենդերեցկու ստեղծագործություններից:

1997 թվականին ստեղծված «Մոլինարի» լարային քառյակը զբաղվում է 20-րդ և 21-րդ դարերի լարային քառյակի ստեղծագործությունների կատարմամբ ու տարածմամբ: Քառյակի առաքելություններից է նաև երիտասարդ երաժիշտների համար կրթական ծրագրեր իրականացնելը: Վերջին հանգամանքը գրավել է նաև ՀՀ Մշակույթի նախարարության ուշադրությունը:

«Քառյակը վարպետության դասերի ձևաչափով ծրագրեր է իրականացնում երեխաների համար, իսկ դա մեզ հետաքրքիր է, քանի որ հանդիսանում է նախարարության քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը:

Մենք նպատակ ենք հետապնդում Հայաստան այցելած յուրաքանչյուր անվանի խմբի կողմից վարպետության դասընթացներ կազմակերպել մեր շնորհալի երեխաների համար»,- մինչ համերգի սկսվելը լրագրողների հետ զրույցում ասաց Մշակույթի նախարարի խորհրդական Սվետլանա Սահակյանը:

Վարպետության դասերն անց են կացվել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում և Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում:

«Ծանոթացանք այն երիտասարդների հետ, ովքեր փորձում են իրենց ստեղծագործական քայլերն անել այս ոլորտում: Տպավորված ենք այն մակարդակով, որը կա ձեր կոնսերվատորիայում:

Զարմացած ենք, որ երիտասարդները հաջողությամբ և մեծ վարպետությամբ կատարում են 19–րդ դարի դասական երաժշտություն՝ Հայդն, Բեթհովեն, Բրամս և այլն: Հույս ունենք մի օր համագործակցել նրանց հետ»,- քառյակի տպավորությամբ կիսվեց «Մոլինարի» քառյակի հիմնադիր, ջութակահար Օլգա Ռանզենհոֆերը:

«Մոլինարի»-ն առաջին անգամ է Հայաստանում: Մեր մշակույթին, մասնավորապես երաժշտությանը ծանոթանալու խթան է հանդիսացել կանադաբնակ կոմպոզիտոր Պետրոս Շուժունյանը: Քառյակը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում ելույթներով հանդես է եկել Մոնրեալում՝ ներկայացնելով Արամ Խաչատրյանի, Տիգրան Մանսուրյանի, Լևոն Չաուշյանի և Ջիվան Տեր-Թադևոսյանի ստեղծագործություններից:

«Մենք խոսում ենք տարբեր լեզուներով և շատ դեպքերում դա խանգարում է հաղորդակցությանը, բայց մշակույթն այն լեզուն է, որը հասանելի է բոլորին, որը դյուրացնում է հաղորդակցությունը, վերացնում սահմանները և հնարավոր դարձնում ոչ միայն շփումը, այլև համագործակցությունը ցանկացած ձևաչափով»,- նշում է Օլգա Ռանզենհոֆերը:

Քառյակի կազմում են նաև ջութակահար Ֆրեդերիկ Բեդնարզը, ալտահար Ֆրեդերիկ Լամբերը և թավջութակահար Պիեռ-Ալեն Բուվրետը:

Երաժշտասերները «Մոլինարի» լարային քառյակի ելույթներն ունկնդրելու հնարավորություն ունեն նաև այսօր ժամը 19:00-ին: Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում քառյակը կկատարի կոմպոզիտորներ Պետրոս Շուժունյանի, Լևոն Չաուշյանի, Քշիշտոֆ Պենդերեցկու և Մուրայ Շաֆերի ստեղծագործություններից:

Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 2891

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: