«ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՍՍԻՎ ԱՆԴՐԱԴԱՐՁՈՒՄԸ ՉԷ ՄԻԱՅՆ»․ ՎԻՈԼԵՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Դեկտեմբերի 5-ին «Կալյումե» բարում տեղի ունեցավ «Ինքնագիր»  գրական հանդեսի 7-րդ համարի և «Ինքնագրի» անգլերեն գրական ծաղկաքաղի՝ makukachu anthology of contemporary armenian literature ժողովածուի շնորհանդեսը:

Հանդեսում ամփոփված են «Ինքնագիր» գրական ակումբի ինտերնետային կայքում տեղադրված ստեղծագործությունները՝ ժամանակակից հայ գրողների բնագրեր, գրախոսություններ, հարցազրույց, ինչպես նաև օտարագիր հեղինակների հայերեն թարգմանություններ:

makukachu-ն ժամանակակից հայ գրականությունն ավելի լայն լսարանի հասանելի դարձնելու «Ինքնագրի» ստեղծագործական կազմի երկրորդ փորձն է: Առաջին՝  Deviation ժողովածուն հրատարակվել է 2008 թվականին:

«Ժողովածուն ուղարկել ենք արտերկրի համալսարաններին, գրադարաններին: Ես  էլ գրական միջոցառումների գնալիս նվիրել եմ, օրինակ՝ Այովայի, Ուելսի համալսարաններին»,- Cultural.am-ին փոխանցեց հանդեսի համախմբագիր, բանաստեղծ Վիոլետ Գրիգորյանը՝ վստահեցնելով, որ makukachu- ն անցնելու է Deviation-ի ճանապարհը։

«Ինքնագիր» գրական հանդեսի 7-րդ համարն արդեն ներկայացված է «Արտբրիջ», «Բյուրոկրատ», «Մետրո» գրախանութներում և «Իլիկում»:

Մեր հարցին, թե որքանով է կարևոր տպագիր տարբերակով ընթերցողի սեղանին դնել  այն ստեղծագործությունները, որոնք արդեն տեղադրված են գրական ակումբի կայքում,  Վիոլետ Գրիգորյանը պատասխանեց. «Առցանցն ավելի ակտիվ ու հեշտ տարբերակ է, բայց շատերը չեն սիրում կարդալ էկրանից, նախընտրում են ունենալ գիրքը:

Ինչքան էլ նոր տեխնոլոգիաները գրավում են աշխարհը, գիրքը  դեռ պահպանվում է որպես գրականության լինելու ձև, արժեքային ավելի բարձր տեղ է գրավում, և լավ է, որ այսպես՝ ֆիզիկապես, շոշափելի հայտնվում է»։

Բանաստեղծից հետաքրքրվեցինք, թե արդյոք «Ինքնագրի» գործունեության տարիներին գրական միտումները փոխվել են։

«Գրականագետների գործն է մտածել, թե ինչ միտումներ կան։ Գրողները ստեղծում են դրանք, և միշտ չէ, որ հատուկ որոշումով են որևէ բան անում: Տեսնում ենք մեր կյանքի, մեր իրականության հանդեպ արձագանքը, բայց գրական-գեղարվեստական փոխակերպումների միջով անցած, ուրիշ բանի վերածված, ընդ որում ոչ միայն արձագանք, այլև միջամտություն:

Գրականությունը իրականության պասսիվ անդրադարձումը չէ միայն, ուրիշ աշխարհ է, որտեղ ուրիշ լեզվով ուրիշ իրականություն է ստեղծվում, ոչ թե զուգահեռ կամ տարբեր, այլ իրականություն, որի տեսլականը հնարավոր է, որ կա»,- նշեց Վիոլետ Գրիգորյանը։

makukachu anthology of contemporary armenian literature ժողովածուում ամերիկացի բանաստեղծ, Բիթ-սերնդի հիմնադիր և ականավոր ներկայացուցիչ Ալեն Գինսբերգի և գրող, կինոռեժիսոր Քրիստոֆեր Ադամյանի ստեղծագործությունները անգլերենից հայերեն է թարգմանել բանաստեղծ, թարգմանիչ Աննա Դավթյանը։

«Բազմաթիվ տեքստեր եմ կարդացել, հարցազրույցներ լսել, որ տեքստի թելը բռնելով կարողանամ հասկանալ այստեղ Գինսբերգն ինչ կարող էր նկատի ունենալ։

Թարգմանիչները երբեմն այդքան չեն խորանում: Նրանց թվում է, թե նախադասությունները մոտավոր թարգմանելով կարելի է հասնել արդյունքի»,- մեզ հետ զրույցում ընդգծեց թարգմանիչը։

Իր հեղինակած էսսեի թարգմանությունը Աննա Դավթյանին դուր չի եկել, միջամտել է։ Ասում է՝ շունչը, պատմելու ձևը չկար։

Բանաստեղծի կարծիքով՝ թարգմանիչը պետք է հասկանա, թե ինչ է նկատի ունեցել գրողը։

«Ինձ թվում է՝ պարտադիր չէ, որ թարգմանիչը գրող լինի կամ երբևէ գրած լինի, ուղղակի պետք է ունենա հոտառություն հասկանալու համար՝  այստեղ գրողը սա՞ է նկատի ունեցել, թե՞ նա։

Տեքստն ինքը հուշում է։ Հազարից մեկ է լինում, որ իսկապես չես կարողանում հասկանալ, թե որն է, և թարգմանությունն ուզում է, որ դու էլ այդ երկընտրանքը թողնես»,- նշեց մեր զրուցակիցը։

«Ինքնագիր»  գրական հանդեսի 7-րդ համարը և makukachu anthology of contemporary armenian literature ժողովածուն հրատարակվել են «Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի» աջակցությամբ:

Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 3108

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: