ԻՐԱՆՑԻ ԱՐՁԱԿԱԳԻՐՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԸ ԹԱՐԳՄԱՆՎԵԼ ԵՆ ՀԱՅԵՐԵՆ

  Իրանական գրականությամբ հետաքրքրվողների գրադարանը համալրվում է միանգամից երկու գրքով:

Էմմա Բեգիջանյանի թարգմանությամբ լույս են տեսել «Քարի այգի» և «Ինչո՞ւ էր ծովը փոթորկվել» պատմվածքների ժողովածուները, որոնց շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 8-ին Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում:

«Քարի այգի» ժողովածուում զետեղված է Իրանի արդի գրականության ավագ սերնդի վեց արձակագիրների (Սիմին Դանեշվար, Ղոլամ Հոսեյն Սաեդի, Հուշանգ Գոլշիրի, Մահմուդ Դովլաթաբադի, Մոհամեդ Մոհամեդ Ալի, Զոյա Փիրզադ) տասներկու պատմվածք:

«Ինչո՞ւ էր ծովը փոթորկվել» ժողովածուում ներկայացված են 20-րդ դարասկզբի պարսիկ անվանի արձակագիրներ Մոհամեդ Ալի Ջամալզադեի, Սադեղ Հեդայաթի, Մոջթաբա Բոզորգ Ալավիի, Սադեղ Չուբաքի, Ջալալ Ալ-ե Ահմադի, Մոհամեդ Հեջազիի տասնչորս ստեղծագործություններ:

«Ընտրված գրողները ճանաչված են ոչ միայն Իրանում, այլև ողջ աշխարհում: Նրանցից շատերը թարգմանվել են տասնյակ լեզուներով: Բացառությամբ մեկ-երկուսի՝ այս գրողները առաջին անգամ են բնագրից հայերեն թարգմանվում»,- Cultural.am-ի հետ զրույցում նշեց Էմմա Բեգիջանյանը:

Թեհրանում ծնված և մոտ երկու տասնամյակ այնտեղ ապրած թարգմանչի մեջ պարսիկ գրողների գործերը հայերեն թարգմանելու գաղափարն առաջացել է դեռևս այն ժամանակ, երբ Երևանի պետական համալսարանի արևելագիտության ‎ֆակուլտետի պարսից լեզվի և գրականության բաժնի ուսանող էր:

«Իմ թարգմանած գրողներից շատերի ստեղծագործությունները համալսարանական ծրագրում կային: Քանի որ ես լեզվակիր էի, առանց դժվարության կարդում էի դրանք բնագրով, բայց ուսանողներից շատերը կարդում էին միայն վերլուծականը: Այդ տարիներին որոշեցի, որ հենց ժամանակ ունենամ, թարգմանելու եմ»,- ասաց Բեգիջանյանը:

2009 թվականին նրա թարգմանությամբ լույս է տեսել պարսիկ արձակագիր Աբբաս Ջահանգրիի «Ֆարաբի» վիպակը, 2011-ին՝ պարսիկ արձակագիրների պատմվածքների «Ոտանահետքեր ծովափին» ժողովածուն, 2012-ին՝ «Մոլավի (Ջալալըդին Ռումի) Մասնավիի պատումները»։ Պարսկերեն է թարգմանել հայ ժամանակակից արձակագիրների պատմվածքների «Ծիածան» ժողովածուն:

«Հատկապես «Ոտանահետքեր ծովափին» ժողովածուն մեծ ընդունելություն գտավ: Դա ինձ ոգևորեց, որ ավելի շատ թարգմանեմ, մանավանդ որ Իրանում իսկապես մեծ գրականություն է ստեղծվում: Իրանական լավագույն ֆիլմերը հիմնականում իրենց արձակի հիման վրա են նկարահանվում, իսկ պոեզիան, անշուշտ, շատ հայտնի է:

Մյուս կողմից էլ գրականությամբ երկիր ես ճանաչում: Մեկը կարդաց «Ինչո՞ւ էր ծովը փոթորկվել» գիրքը, ասաց՝ ես պարսիկներին այլ կերպ գիտեի»,- պատմեց Էմմա Բեգիջանյանը:

Սիրանուշ Հայրապետյան
Լուսանկարը՝ Ավ․ Իսահակյանի անվան ԿԳ-ի ֆեյսբուքյան էջից
  • Created on .
  • Hits: 3776

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: