ՑՈՒԿԵՐՄԱՆ․ «ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՑԱՎԻ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՐԴԻԿ ԴԻՄՈՒՄ ԵՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆԸ»

 Անվանի ջութակահար Պինկաս Ցուկերմանի ելույթով մարտի 26-ին կտրվի «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 18-րդ փառատոնի մեկնարկը:

Երաժիշտն «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ կունենա իր կնոջ՝ թավջութակահար Ամանդա Ֆորսայտի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։

Կհնչեն Յոհաննես Բրամսի Կրկնակի կոնցերտը ջութակի և թավջութակի համար և 4-րդ սիմֆոնիան:

Կրկնակի Գրեմմի մրցանակակիր Պինկաս Ցուկերմանը երեք տարի ուսանել է հանրահայտ ջութակահար Իվան Ղալամյանի մոտ։

 «Ղալամյանն անցած դարաշրջանի մեծագույն ուսուցիչներից է: Նա ջութակահարների փառահեղ սերունդ է տվել: Հանճարեղ ձևով էր իր աշակերտներին ներկայացնում ամենաբարդ բաները:

Թվում է՝ աղեղն աջ ձեռքում շարժելը շատ հեշտ է, բայց 2-4 տարի է տևում, մինչև ուղեղն ընկալում է այդ շարժումը: Ղալամյանը մատչելի էր դարձնում այդ տեխնոլոգիան այնպես, որ մի օր արթնանում ես և հասկանում, որ գտել ես: Հույզերն ամբողջությամբ մի կողմ էր դնում, «չոր» սովորեցնում էր ձեռքի ճիշտ աշխատանք: Նրա խորհուրդներից օգտվել ու օգտվում են ոչ միայն շատ հայտնի ջութակահարներ, այլ նաև թավջութակահարներ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց նա։

Ջութակահարն իր կողմից ղեկավարվող Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Լոնդոնի «Կադոգան» համերգասրահում նվագել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հիշատակող «Քեզ համար, Հայաստան» համերգաշարի ընթացքում:

Հարցին՝ այդյո՞ք իր մասնակցությունը նշանակում էր, որ ինքն էլ համերգաշարի շրջանակում ելույթ ունեցած մոտ երկու տասնյակ հայտնի երաժիշտների նման դատապարտում է Հայոց ցեղասպանությունը, Ցուկերմանը պատասխանեց. «Կարծում եմ՝ կարևոր է միշտ հիշել, որ երաժշտությունը ցանկացած դեպքում սպեղանի է՝ լինի ցեղասպանություն, մահացու հիվանդություն, թե պարզապես ցավ: Յուրաքանչյուր ցավի դեպքում մարդիկ դիմում են երաժշտությանը: Կարծում եմ՝ քաղաքական գործիչներն ու  երաժիշտները պետք է իրարից շատ հեռու մնան, միմյանց չթելադրեն իրենց կամքը, չասեն՝ ով ինչպես վարվի:

Աշխարհում այսօր 20 միլիոնից ավելի փախստական կա, դա մեծագույն ցավերից մեկն է: Երևի պետք է փորձենք արվեստի, մեծագույն մարդկանց խոսքի միջոցով լուծում տալ այդ խնդիրներին»:

«Երևանյան հեռանկարներ»-ի շրջանակներում այս տարի Հայաստան կժամանեն Իսրայելի կամերային նվագախումբը, հռչակավոր դաշնակահար Արկադի Վոլոդոսը՝ մենահամերգային ծրագրով, Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը՝ ականավոր դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությամբ, 8 անգամ Գրեմմի մրցանակի արժանացած «Էմերսոն» լարային քառյակը: Փառատոնային տարին կեզրափակի անվանի դաշնակահար Եվգենի Կիսինի մենահամերգը: Տեղի կունենան վարպետության դասընթացներ Բյուրականի արվեստի ակադեմիայում և համերգներ մարզերում: 

Սիրանուշ Հայրապետյան
  • Created on .
  • Hits: 2634

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: