ՆՈՐԱԲԱՑ ԳՐԱԽԱՆՈՒԹ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԱՐԿԻ ՏԱԿ

 1948 թվականից Հայաստանի պատմության թանգարանը հրատարակում է հայկական ճարտարապետությանը, հնագիտությանը, ազգագրությանն ու հայոց պատմությանը նվիրված աշխատություններ, մատենաշարեր, մենագրություններ և ալբոմ-կատալոգներ։ Դրանք կարելի է գտնել ինչպես քաղաքի գրախանութներում, այնպես էլ հենց թանգարանում։

Եթե նախկինում գրքերը, հուշանվերներն ու բացիկները վաճառվում էին թանգարանի դրամարկղին կից, ապա այսօր դրանք ունեն իրենց անկյունը։ 2016 թվականի հոկտեմբերից թանգարանի առաջին հարկում գործում է գրախանութ։ Այցելուները կարող են ձեռք բերել գրքեր, ինչպես նաև տեղում ծանոթանալ դրանց բովանդակությանը։

«Օտարերկրացիներին հետաքրքրում են Հայաստանի պատմության, մշակույթի մասին գրքեր։ Թանգարանում շրջելուց հետո նոր անդրադառնում են ավելի նեղ ոլորտների՝ տարազներ, խեցեգործություն և այլն։

Հայաստանցիներն ուսումնասիրում են հիմնականում նեղ ոլորտները։ Շատերը մասնագիտական գրականության հետևից են գալիս, տեղում էլ ծանոթանում»,- Cultural.am-ի հետ զրույցում ասաց գրախանութի աշխատակից Նվարդ Ավետիսյանը։

Պատմության թանգարանի ամենավերջին հրատարակությունը «Հայացք բրոնզե դարից» ալբոմ-կատալոգն է, որը մեծ պահանջարկ ունի:

«Այդ գիրքը մեր հպարտությունն է։ Ներկայացված են թանգարանի բրոնզեդարյան հավաքածուից ընտրված դասական ցուցանմուշների լուսանկարներ, քննական տեքստեր և բացատրագրեր։ Բոլորին գրավում է թանգարանի լոգոյի՝ արեգակնային համակարգության եռամաս մոդելի լուսանկարը։

Մեծ հետաքրքրություն կա նաև հայկական տարազին ու գորգարվեստին վերաբերող գրքերի նկատմամբ: Կուզենայի առանձնացնել նաև Մանդելշտամի պոեզիայի և հայկական լուսանկարչության համադրմամբ ստեղծված պատկերագիրքը»,- նշեց մեր զրուցակիցը:

Մասնագիտությամբ պատմաբան Նվարդ Ավետիսյանն ասում է՝ այստեղ ավելի խորությամբ ես ճանաչում պատմությունը. առկա գրքերը մասնագիտական նոր հորիզոններ են բացում:

«Հայկական խեցեգործություն, օրինակ, ուսումնառության տարիներին մեծ հաշվով չենք ուսումնասիրել։ Թվում է՝ նեղ ոլորտ է, այնքան էլ ուշադրության արժանի չէ, բայց իրականում ուսումնասիրության բազմաթիվ շերտեր ունի։ Այս ամիսների ձեռքբերումներիցս մեկն այն էր, որ ճանաչեցի և սկսեցի սիրել հայկական խեցեգործությունը»,- պատմեց նա:

Նորաբաց գրախանութն անընդհատ համալրվում է Հայաստանի պատմության թանգարանի նոր հրատարակություններով: 2016թ.-ին լույս է տեսել թանգարանի նախաձեռնած «Վանքեր և վանական համալիրներ» մատենաշարի առաջին ալբոմ-կատալոգը՝ «Հաղարծինը»: Վանքային համալիրը ներկայացված է թանգարանում պահվող, 1920-1936թթ.-ին լուսապակիների վրա արված և մերօրյա լուսանկարների համադրությամբ:

«Շուտով կտպագրվի թանգարանի քառալեզու (հայերեն, անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն) ուղեցույց-կատալոգը: Ներկայացված են լինելու թանգարանի պատմությունը, բաժիններն ու հավաքածուները, ցուցասրահներն ու նշանավոր ցուցանմուշները:

Կան նաև գրքեր, որոնք հրատարակվում, բայց վաճառքի չեն դրվում, մասնավորապես՝ Հայաստանի մարզերին նվիրված «Ճանաչիր քո երկիրը» շարքը: Յուրաքանչյուր մարզ ներկայացվում է առանձին պատկերագրքով: Թանգարանի հավաքածուներից ընտրվում են տվյալ մարզի ցուցանմուշները: Զետեղում ենք նաև բացատրագրերն ու պատմական ակնարկները: Շարքի գրքերը տրվում են մարզերի մշակութային օջախներին»,- մեզ հետ զրույցում նշեց թանգարանի հասարակայնության և արտաքին կապերի պատասխանատու Աննա Խաչյանը:

Խաչյանի փոխանցմամբ՝ վերջերս թանգարանի առաջին հարկում կառուցվել է դահլիճ, որը ծառայելու է որպես գիտաժողովների, շնորհանդեսների և այլ միջոցառումների անցկացման վայր:

Հայաստանի պատմության թանգարանի հրատարակած գրքերի մասին ինֆորմացիա կարող եք գտնել թանգարանի ֆեյսբուքյան էջում և պաշտոնական կայքէջում: Վերջինս իրականացնում է նաև գրքերի առցանց վաճառք:

Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 3226

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: