ՈՒԹ ՏԱՐՎԱ ԸՆԴՄԻՋՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿԸ ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՑԱՎ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

 Ութ տարվա ընդմիջումից հետո գյումրեցիները հյուրընկալեցին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին:

Համերգից առաջ Ֆիլհարմոնիկի երաժիշտները հիշողություններով տեղափոխվել էին մոտ 27 տարի առաջ, երբ համերգները Գյումրիում հաճախ էին, ու երաժշտին ու գյումրեցուն կապել էր մեկ կարևոր առաքելություն` արթնացնել հետերկրաշարժյան Գյումրին:

Հենց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Լորիս Ճգնավորյանի նախաձեռնությամբ 1989 թվականից կազմակերպվեցին բազմաթիվ բարեգործական համերգներ, իսկ 1991 թվականին Ճգնավորյանը Երևանից ոտքով քայլեց մինչև Գյումրի: «Ուխտագնացություն դեպի Գյումրի»-ն նպատակ ուներ երկրաշարժից ավերված քաղաքի համար դրամահավաք կազմակերպել և քաղաքում մշակութային ակադեմիա ստեղծել:

«Հիշում եմ՝ առաջին համերգը կազմակերպվեց 1989 թվականի դեկտեմբերին` ավերիչ երկրաշարժից մեկ տարի անց: Եվ դրանից հետո տարբեր խմբերով եկել ենք, ու միշտ կար լուսավոր մի տրամադրություն, ուխտագնացության օրերն էլ եմ հիշում»,- ասում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտ Արմենակ Թագվորյանը:

Այս անգամ Ֆիլհարմոնիկը ներկայացավ ոչ ամբողջ կազմով, բայց ընտրված ստեղծագործություններով` հատվածներ օպերաներից ու բալետներից` Ջ. Վերդի՝ «Ճակատագրի ուժը» օպերայի նախերգանք, Ալ. Հարությունյան՝ «Շեփորի կոնցերտ», Մոցարտ՝ «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայի նախերգանք, Էդ.Միրզոյան, Ա. Խաչատրյան: Որպես մենակատարներ ներկայացան Դանիել Մելքոնյանը (շեփոր), Էդուարդ Խորոզյանը (կլարնետ), Դիանա Ադամյանը (ջութակ):

«Մարզերում քիչ ենք ելույթ ունենում, ինչը, իհարկե, ցավալի է, որովհետև դրա կարիքը կա: Ուրախ եմ, որ այստեղ եմ: Ես կարծում եմ, որ Գյումրիում կա հանդիսատես, որ սիրում է դասական երաժշտություն, բայց, ցավոք, հնարավորություն չունեն ավելի հաճախ ունկնդրելու այն»,- նշեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Հարցին, թե գուցե դասական համերգների բացով է պայմանավորված այն, որ ամենուր կարելի է լսել ոչ այնքան որակյալ երաժշտություն, Ֆիլհարմոնիկի ղեկավարը պատասխանեց, որ ճաշակ ձևավորելու համար մշակութային քաղաքականության խնդիր պետք է դնել: Երևանում էլ հրաշալի միջոցառումներ կան, բայց էլի լավն ու որակյալը ընտրելու խնդիր կա: Ըստ նրա՝ հարկավոր է մանկուց մարդու մեջ ձևավորել լավն ու ցածրաճաշակը զատելու կարողությունը:

Անահիտ Հարությունյան
  • Created on .
  • Hits: 2540

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: