«ԼԵՆԴՈՒՏԱ» VS ՎԵԴՈՒՏԱ․ԳՅՈՒՄՐԻՆ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ


Արարատի կտավներում անցնող հոգևոր մշակույթը կորցնելու կանխազգացում կա։ Բայց կա նաև հանգստի, դադարի զգացողություն, կարծես տեսել ենք հավերժականը, այն, ինչ ընդմիշտ կմնա։
Վարդան Ջալոյան


 Ապրիլի 28-ին Opera Suite հյուրանոցի 13-րդ հարկում ներկայացվեց Արարատ Սարգսյանի «Լենդուտա» նախագիծը։

«Լենդուտան» կամ «լեննանկարչությունը» գեղանկարների շարք է՝ նվիրված Գյումրի քաղաքին։ Շարքի գաղափարն առաջ է եկել այն ժամանակ, երբ նկարիչը ջրանցքների քաղաք Վենետիկում էր ու ցանկանում էր նկարել այն։ Զուգահեռներ տարավ իր մանկության և երիտասարդության Գյումրու՝ «Լեննագանի» և եվրոպական մշակույթի կենտրոններից մեկի՝ Վենետիկի միջև ու հասկացավ, որ նախ պիտի Գյումրին  պատկերի։

«Քաղաքային բնանկարի ժանրը Վենետիկում է ծնվել, կոչվել է վեդուտա, ես դարձրի «լենդուտա»՝ փորձելով այս ժանրը բազմացնել։ Ուրախ կլինեմ, եթե ուրիշ նկարիչներ էլ սիրեն, նկարեն Գյումրին, ու դա իսկապես ժանր դառնա։

Զուգահեռներ եմ տարել Գյումրու և Վենետիկի միջև, որովհետեւ երկուսն էլ մի ժամանակ եղել են ծաղկուն քաղաքներ, հետո տարբեր առիթներով բնակիչները սկսել են լքել քաղաքը: Ինչպես գիտեք, Գյումրու բնակչությունը մի քանի անգամ  պակասել է, նույնը Վենետիկում է:

Մենք հրաշալի հարստություն ունենք՝ ի դեմս Գյումրու ճարտարապետության, որն արժե վերականգնել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արարատ Սարգսյանը։

Վարպետաց փողոց, Պլպլան ժամ, Պոլոզ Մուկուչ գարեջրատուն։ Նկարիչը պատկերել է ինչպես կայսերական Ալեքսանդրապոլը, սովետական Լենինականը, այնպես էլ ժամանակակից Գյումրին։

«Ինձ համար միշտ կարևոր է եղել քաղաքային բնանկարին անդրադառնալը, որովհետև հայ գեղանկարչության մեջ քիչ արծարծված ժանր է։ Նախագիծն արել եմ՝ զուգահեռելով հիացմունքս ու ափսոսանքս։ Շատ տեսնելով եվրոպական փոքր քաղաքներ՝ հասկացա, որ եթե Գյումրին բերվի նախնական վիճակին, ինչպես 1830-ականներին գծվեց ու կառուցվեց ուղիղ ճարտարապետական գծագրով (ոչ մի միլիմետր չեն շեղվել գծագրից), կդառնա Կովկասում երկրորդ հրաշալի ճարտարապետական մշակութային կոթողը Թբիլիսիից հետո»,- նշում է Արարատ Սարգսյանը։

«Լեննանկարչությամբ» է զբաղվել երկու-երեք տարի։ Արդյունքն այն տասնյակ կտավներն ու գծանկարներն են, որոնք արվեստի քննադատ Վարդան Ջալոյանի տեքստերի հետ ներկայացված են «Լենդուտա» պատկերագրքում։ Վերջինիս շնորհանդեսը կայացավ ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ։

«Հայ գեղանկարչությունն ավելի շատ բնություն է, գյուղ, հիմնականում բնապատկերներ, շատ չեն հանդիպում քաղաքի տեսարաններ։ Արարատի այս նախագիծը այդ բացը լրացնելու փորձ է, կապված է քաղաք գաղափարի հետ իբրև քաղաքակրթություն, իբրև արվեստի հիմք, արվեստ ստեղծող միջավայր։

Գործ ունենք հիշողության ակտիվացման հետ, որը միայն անցյալը չէ։ Եթե դուք գնաք Գյումրի, կգտնեք այդ շենքերը։ Այնպես չէ, որ այդ քաղաքը հիմա չկա»,- Cultural.am-ի հետ զրույցում ասաց արվեստագետ, արվեստի քննադատ Արման Գրիգորյանը։

Գրիգորյանի դիտարկմամբ՝ ոչ միայն քաղաքային բնանկարը, այլև նկարչությունը, արվեստի այլ ճյուղեր ներկայացնելուն խանգարում է սովետական իներցիան։

«Արվեստ ներկայացնելու հատուկ ձև ուներ Սովետական միությունը, որը հիմա չաշխատող ձև է, դրան գումարենք նաև տարածքների բացակայությունը, օրինակ՝ Գյումրին նույնիսկ պատկերասրահը կորցրեց։ Ուներ Նկարիչների միության տարածք, որ հիմա չկա, բայց մյուս կողմից Գյումրին այսօր ունի Ակադեմիա և շատ լավ արվեստագետներ, որոնք այնտեղ դասավանդում են։ Երևանում էլ արդեն շատացել են արվեստագետները։

Ուղղակի մենք ունենք սովետական այդ կաշկանդվածությունը, անընդհատ հակադրության մեջ ենք, ինչը մեզ խանգարում է։ Արարատը միջազգային արվեստի  հետ հակադրություն չունի, և դա լավ է»,- ընդգծեց նա։

Արարատ Սարգսյանի ցուցահանդեսը Opera Suite հյուրանոցի 13-րդ հարկում կգործի մինչև մայիսի 15-ը։ Նկարիչն ասում է՝ գեղանկարների վերջնական հասցեն Գյումրին է։ Ըստ նախնական տվյալների՝ հուլիսին ցուցահանդեսը կլինի Գյումրու Ասլամազյանների տուն-թանգարանում։

Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 3278

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: