«ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՄԱԳԻԾԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԳՏԱ». ՖՐԱՆԿ ՔՐԻՍՏՈՖ ԵԶՆԻԿՅԱՆ

 Վարպետության դասեր, համերգներ ու ստեղծագործությունների պրեմիերաներ: Ապրիլի 25-29-ը «Crossroads 2017 Բելգիա-Ֆրանսիա-Հայաստան» ժամանակակից երաժշտության փառատոնը համախմբել էր հայ և օտարազգի կոմպոզիտորների, որ հայի ու հայի պատմական անցյալի մասին խոսեն երաժշտության լեզվով: Փառատոնային միջոցառումները տեղի ունեցան Երևանում, Դիլիջանում և Գյումրիում:

«Crossroads 2017»-ի շրջանակներում ապրիլի 29-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կայացավ բելգիահայ դաշնակահարուհի Լորանս Մխիթարյանի մենահամերգը:

«Ծրագրի մեկնարկը տրվեց 2015թ. դեկտեմբերին Բրյուսելում: Տարբեր երաժիշտներ էին մասնակցում, հետո որոշվեց ծրագիրը ընդլայնել, նոր երաժշտության օրեր կազմակերպել ու ցույց տալ, թե ինչպես է զարգանում ժամանակակից ակադեմիական երաժշտությունը Հայաստանում և Եվրոպայում»,- նշեց բազմաթիվ միջազգային մրցույթների առաջին մրցանակակիր, կոմպոզիտոր և ֆլեյտահար Արամ Հովհաննիսյանը, ով վերջին տարիներին ապրում և ստեղծագործում է Շվեյցարիայում:

Բելգիայում հայտնի դաշնակահարուհի Լորանս Մխիթարյանի հայրը հայ է, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին է այցելել Հայաստան ու խնդրել է կոմպոզիտորներին գրել այդ թեմայով ստեղծագործություններ:

«Ցեղասպանության մասին դժվար է գրել, մի թեմա է, որ պետք է զգալ, հասկանալ, բայց այս բարդ գործում ինձ օգնեց Կոմիտասի կերպարը: Նա դարձավ իմ ներշնչանքը»,- այսպես ներկայացրեց իր գործը ֆրանսիացի հանրահայտ կոմպոզիտոր, ազգությամբ հայ Ֆրանկ Քրիստոֆ Եզնիկյանը:

Երբ Լորանս Մխիթարյանը սկսեց նվագել Ֆ. Ք. Եզնիկյանի «Սև հրեշտակը սպիտակ ձյան վրա» ստեղծագործությունը, դաշնամուրը կարծես վերափոխվեց, ստեղնաշարային գործիք լինելուց զատ օգտագործվեցին նրա լարային, հարվածային, ակուստիկ հնարավորությունները: Ու մի պահ կարծես ամեն ինչ տեղափոխվեց մեկ այլ հարթություն ու միջավայր, որտեղ թափառում է ահագնացող վտանգի ու վախի մի ուրվական:

Իսկ Բելգիայի թագավորական ակադեմիայի անդամ, Փարիզի և Մոնսի (Բելգիա) կոնսերվատորիաների պրոֆեսոր և ներկայումս Բելգիայի ամենահեղինակավոր կոմպոզիտորներից մեկը համարվող Կլոդ Լեդուն, մեկ այլ մեկնաբանություն էր տվել թեմային, հայի ու Հայաստանի մասին ստեղծել էր «Քար և մեղր» գործը, որում կարողացել էր մեկտեղել հայի քարի պես տոկուն ու ապրող տեսակը, միաժամանակ մեղրի քաղցրությունն ու արևի բույրը:

Կոմպոզիտորները նաև խոսեցին ժամանակակից ակադեմիական երաժշտության հնարավորությունների ու խնդիրների մասին:

«Եվրոպայում ժամանակակից երաժշտությունը դարերի պատմություն ունի, իսկ Հայաստանում՝ մեկ դարի, եթե Կոմիտասից սկսենք: Վարպետության դասերի ժամանակ եվրոպացի կոմպոզիտորները շեշտում են, թե տարբեր մշակույթների ու արվեստների միաձուլումներից ինչպես կարելի է ստանալ մի նոր որակ: Փառատոնին հնչած գործերը դրա վառ օրինակն են: Կան հայ շարականներից մասնիկներ՝ յուրովի մեկնաբանված բելգիացու աշխարհայացքով»,- մեզ հետ զրույցում նշեց կոմպոզիտոր և ֆլեյտահար Արամ Հովհաննիսյանը:

«Մենք կարող ենք ասել, որ հայկական երաժշտությունը սովետական կանոնիկություն ունի: Պետք է ընդարձակել ստեղծագործական միտքը, բայց չմոռանալ, թե որտեղից են քո արմատները: Հիմա դու կարող ես ստեղծել ամեն ինչ՝ տեխնո, ակուստիկ, բայց պետք է պահես քոնը: Դրա համար հարկավոր է մտահորիզոնը ընդլայնել, սահմաններ չդնել ստեղծագործելու ընթացքում, միաժամանակ օգտագործել որոշ ցանկապատներ: Ասածս կարող է հակասական թվալ: Պետք է մոտենալ աշխարհին, բայց վերադառնալ արմատներին ու չմոռանալ քոնը, սա է յուրօրինակությունը»,- նշեց ֆրանսիացի հանրահայտ կոմպոզիտոր, ազգությամբ հայ Ֆրանկ Քրիստոֆ Եզնիկյանը:

Եզնիկյանը Հայաստանում էր արդեն երրորդ անգամ: Առաջին անգամ Հայաստան այցելել է 1999 թվականին: Հենց այդ ժամանակ է փորձել ավելի լավ ճանաչել Հայաստանը:

«Մանկուց լսել եմ հայկական երաժշտություն, նայել եմ Փարաջանովի ֆիլմերը, դեռ պատանեկությունից ցանկանում էի ամեն ինչ իմանալ Հայաստանի մասին»,- նշում է հայազգի կոմպոզիտորն ու հավելում, որ դեռ շատ բան կա ընկալելու ու սեփական աչքերով տեսնելու, զգալու: Ապա խոստովանում է, որ այցելությունը Գյումրի իրեն տպավորել է:

«Կուզեի վերադառնալ Գյումրի: Ես շատ բան եմ իմացել հայկական ոգու մասին, բայց անձրևի տակ քայլում էի քաղաքի փողոցներով, փորձում էի հասկանալ՝ ինչ է ուզում ասել այս քաղաքը: Երևանը նմանվել է Բեռլինին, շատ մաքուր քաղաք է, նոր ու մոդեռն շինություններով, իսկ հայկական դիմագիծը Գյումրիում գտա»:

Հարցին, թե հնարավոր է հաջորդ անգամ վերադառնա Գյումրու մասին երաժշտությամբ, Եզնիկյանը պատասխանեց, որ չի կարող գրել երաժշտություն Գյումրու մասին, որովհետև քաղաքի ամեն մի քարը դարերի պատմություն ունի, իսկ դա պետք է իմանալ, հետո միայն կարողանալ ստեղծագործել:

«Crossroads 2017 Բելգիա-Ֆրանսիա-Հայաստան» ժամանակակից երաժշտության փառատոնը նախաձեռնել էր «Քառորդ Տոն» կազմակերպությունը «Վալլոնի Բրյուսել ինտերնասիոնալ»-ի և «Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության» աջակցությամբ:

Անահիտ Հարությունյան
  • Created on .
  • Hits: 3285

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: