ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ՝ ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ

 Ժամանակակից երեխաները մշտապես շրջապատված են իրերով, որոնք նրանց կյանքը դարձնում են ավտոմատ: Հատկապես քաղաքներում ապրող երեխաները երբեմն  միայն  մոտավոր պատկերացում ունեն  բնության շատ երեւույթների, դրանց դրսեւորումների  մասին:

Նրանք հեռու են գյուղից, բնությունից, մարդուց...մեր ականջին չափազանցություն է հնչում, երբ մարդիկ բնությունից հեռու լինելու փաստը համարում են չարիք եւ գտնում են, որ այսօրվա հասարակությունում երկու մարդու միջեւ խորացող անդունդը աշխարհին ոչ մի լավ բան չի խոստանում: Այս մասին դեռ 20-րդ դարի սկզբում գրում էր ավստրիացի փիլիսոփա Ռուդոլֆ Շտայները՝ համարելով, որ ինդուստրիալացումը չարիք է մարդու հոգեւոր առողջության համար:

aesch erexeq Easy Resize.com

Շտայների փիլիսոփայության վրա հիմնված դպրոցներից մեկում, որ գտնվում է շվեյցարական Էշ բնակավայրում, երեխաները, որոնցից շատերի տներում ինտերնետ անգամ չկա, աշխարհի ու այդ աշխարհի տարբեր անկյուններում ապրող մարդկանց մասին գիտեն ավելին, քան կարելի է  ենթադրել: Նրանք հրաշալի գիտեն, թե օրինակ՝ որտեղ է Հայաստանը, ինչ են ուտում հայերն ու ինչպես են պարում: Իսկ թե ինչ են երգում ու ինչպես են պարում հայերը, նրանք ցույց տվեցին օրեր առաջ դպրոցում հյուրընկալված հայերին: Առիթն այստեղ ամեն տարի կազմակերպվող միջոցառումն է, որի ընթացքում նրանք սովորում  են տարբեր երկրների մասին:

«Սովորում են»-ը նման դպրոցների համար հարաբերական է հնչում, այս դեպքում եւս: Երեխաները ոչ թե կարդում են պատմությունը ու պատկերացնում, օրինակ, որտեղ է տվյալ երկիրը քարտեզի վրա, այլ «զգում են», թե ինչպես են ապրում մարդիկ տվյալ երկրում:  Հայերեն ոչ մի բառ չիմացող Վերենա Հեսփելթը, որ դպրոցի կառավարման խորհրդի  անդամներից մեկն է (դպրոցը չունի տնօրեն, այն կառավարվում է խորհրդի որոշումներով), մեզ հետ զրույցում ասում է, որ գուցե  թերահավատությամբ վերաբերվենք, բայց անչափ կարեւորում են անգամ այն, որ երեխաները հնարավորություն ունեն լսելու հայերեն:

aesch armine
Վերենա Հեսփելթը եւ Արմինե Բաբայանը

«Նրանք իհարկե լեզուն չգիտեն, բայց այսպես ճանաչում են այն, «զգում են» մարդկանց, ում հետ ապրում են այս մոլորակի վրա, այո, իհարկե կաեւոր է նաեւ այն, որ նրանք պատմությունն են սովորում՝ այս դեպքում՝ Հայաստանի, ճանաչում  այդ երկրի մշակույթը, բայց մեր ցանկությունը ավելին է, քան գիտելիք փոխանցելը, մենք ուզում ենք, որ նրանք հասկանան մարդկանց, սովորեն՝  ինչպես հարաբերվել»,- ասում է Վերենա Հեսփելթը:
 
Ասում է՝
Հայաստանը իրենց ծրագրում ներառելիս բազմաթիվ դժվարությունների են հանդիպել: Նախ այն պատճառով, որ Շվեյցարիայում հայերը  շատ չեն, մասնավորապես նկատի ունենալով փաստը, որ ըստ ձեւաչափի ներգրավվում են նաեւ հայկական խմբեր, որոնք մշակութային գործունեություն են ծավալում հայրենիքից դուրս: Բայց նրանք չեն հուսահատվել  եւ փնտրել են հաեւան երկրներում եւս: Կազմակերպիչները հրավիրել էին «Շողեր» երգչախմբին՝ Մյունխենից, «Գարունա» տրիոյին եւ Մյունխենի ՀՀՄ «Անուշ»  պարախմբին:

aesch par Easy Resize.com







  
 



  

                                                                                                                 
«Շողեր» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Արմինե Բաբայանի խոսքով, անչափ ոգեւորիչ էր տեսնել, թե ինչ էնտուզիազմով են դպրոցի սաները սովորել ու պարում հայկական պարեր, ինչպես են փորձել իրենց ձեռքով հայկական տարազներ կարել:

«Մենք, տեսնելով այս ամենը, փորձեցինք փոխադարձ հուզիչ լիցքեր փոխանցել նրանց: Երգչախմբի աղջիկների խնդրանքով երգացանկում «Էրեբունի-Երեւան» երգն ենք ներառել, եւ ելույթի ընթացքում ու հետո տեսա, թե ինչպես են մարդիկ հուզվել, չգիտեմ՝ ինչպես հասկացան, թե որքան հարազատ ու հուզիչ է այս երգը մեզ համար, բայց փաստորեն ստացվեց մեր զգացածը փոխանցել»,- ասաց նա՝ հավելելով, որ վերջում հանդիսատեսը մոտենում էր, հետաքրքրվում Հայաստանով, ոմանք նույնիսկ երգերի նոտաներն էին խնդրում:

aesch shogher Easy Resize.com

















                                                                                                                
Վերենա Հեսփելթից վերջում հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչով  Հայաստանը առանձնացավ իր համար այն տասներկու երկրներից, որ արդեն ներկայացրել են:

«Ինձ ամենաշատը զարմացնում ու հիացնում է այն, թե ինչպես են հայերը այդքան երկար պահպանել ու փոխանցել իրենց ավանդույթները: Սա նոր երկիր չէ, ու հազարամյակներ շարունակ այդքան հոգատարությամբ այդ ամենը փոխանցելը, անհավանական է թվում»,- ասաց նա:

Սոնա Հայկազուն
Աստղիկ Հակոբյան
Շվեյցարիա
  • Created on .
  • Hits: 3214

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: