«ՄԱՐԴԻԿ ՍԱՐԻ ԹԱՂԻ ԱՆՏԱՌԸ ՎԱՌԵՑԻՆ, ՏԱՔԱՑԱՆ, ԵՍ ԷԼ՝ ԻՄ ՆԿԱՐՆԵՐԸ»․ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 «1992-93 թվականներին Երևանում ամենասաստիկ ձմեռն էր: Հոսանք ունենում էինք օրվա մեջ երկու ժամ, իսկ մնացած ժամանակ վառարանը տաքացնում էինք ցանկացած միջոցով: Երբ փայտը վերջանում էր, մարդիկ գրքեր էին նետում վառարանի մեջ: Հիշում եմ՝ ինչպես էր հայրս պատռում իր՝ Աֆրիկայում կայացած ցուցահանդեսում ներկայացրած լուսանկարները և նետում վառարանը, որպեսզի մենք տաքանանք»,- Cultural.am-ի հետ զրույցում հիշում է լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի դուստրը՝ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ Սոնա Հարությունյանը:

«Մարդիկ Սարի թաղի անտառը վառեցին, տաքացան, ես էլ՝ իմ նկարները: Ի՞նչ կա այդտեղ զարմանալու: Արտառոց ոչինչ չկա, ուղղակի լրագրողները դա շատ ուռճացրին: Ստվարաթղթի վրա կպցրած լուսանկարներն այրել եմ, այո: Էն ցուրտ տարիներին ի՞նչ պիտի անեի, տաքանալ էր պետք: Իսկ նկարները գիտեի, որ վաղը, մյուս օրը կտպեմ»,- մեզ հետ զրույցում ասաց Գագիկ Հարությունյանը:

Սոնա Հարությունյանի խոսքով՝ դա նաև մեծ հուսահատության արդյունք էր:

«Խորհրդային Միության ժամանակ բոլոր արվեստագետներն ստանում էին պետպատվերներ կամ ունենում էին գործուղումներ, որոնց ընթացքում ֆինանսավորվում էին, իսկ արդեն Միության փլուզումից հետո՝ անցումային փուլում, բավականին բարդ էր որևէ տեղից աջակցություն ստանալը՝ ինչ-որ նախագիծ իրականացնելու համար»,- նշեց մեր զրուցակիցը:

Ոչնչացված լուսանկարներից մնացել էին միայն սևապատկերները (նեգատիվները): Դրանք վերականգնելու և տպագրելու համար «Լուսադարան» հայ լուսանկարչության հիմնադրամին և «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությանն անհրաժեշտ եղավ 6 տարի:

Այսօր արդեն վերականգնված է մոտ 200 աշխատանք: Դրանցից 183-ն այս օրերին կարելի է տեսնել Նկարիչների միությունում: «Ժամանակի ստվերները. Գագիկ Հարությունյանի լուսանկարչական արվեստը 1970-1995» խորագրով անհատական հետահայաց ցուցահանդեսը Նկարիչների միությունում բացվեց օգոստոսի 25-ին և կտևի մինչև սեպտեմբերի 9-ը:

Նույն օրը տեղի ունեցավ նաև համանուն պատկերագրքի շնորհանդեսը, որում ընդգրկված են ցուցադրված 183 լուսանկարները «Թռչնաբուծական ֆաբրիկա», «Լիճ», «Քաղաք», «Վիճակներ», «Գյուղական էսքիզներ», «Ղարաբաղ», «Աֆրիկա», «Հին քաղաք», «Թոնիր» և այլ շարքերից:

Գագիկ Հարությունյանը դժվարանում է որևէ շարք առանձնացնել. «Բոլորն էլ իմ երեխաներն են: Բոլորն էլ մտածված, փնտրված, գտնված ու նկարված շարքեր են»,- ընդգծում է նա:

«Լուսադարան» հայ լուսանկարչության հիմնադրամի նախագահ, ցուցահանդեսի համադրող Վիգեն Գալստյանը 2011 թվականին կարողանում է կապ հաստատել Գագիկ Հարությունյանի հետ և առաջարկում աշխատանքներ սկսել հետահայաց ցուցահանդես կազմակերպելու ուղղությամբ: Լուսանկարիչը թերահավատորեն է մոտենում դրան, բայց, ի վերջո, համաձայնում է:

«Երբ աշխատանքներն սկսեցինք, չէի պատկերացնում դրանց ծավալը: Ընթացքում պարզվեց, որ այդքան էլ հեշտ չէ ներկայացնել մի լուսանկարչի ստեղծագործություն, որն աշխատել է երեք տասնամյակ և շատ բծախնդրորեն է մոտեցել իր մասնագիտությանը, գործին ու թեմատիկային»,- ասաց Գալստյանը:

Մոտ 3000 լուսանկարից ընտրելը դժվար է եղել: Նախ առանձնացրել են 400-ը, որը կրճատվելով հասել է 250-ի, այնուհետև՝ 200-ի:

«Խնդիրը ոչ թե շատ լուսանկարներ ներկայացնելն էր, այլ Գագիկ Հարությունյանի ստեղծագործական ուղին առավել խորացված ու արտահայտիչ կերպով ցույց տալը: Ցուցահանդեսն ինքնին մի պատում է, մի կառուցվածք, որն ունի ներքին գաղափար: Հուսով եմ՝ դիտողը կկարողանա «կարդալ»: Ցուցահանդեսը կառուցված է ըստ թեմատիկ բաժինների և չի կրում ժամանակագրական բնույթ: Այսինքն՝ այստեղ ոչ թե տարիների, այլ թեմաների զարգացումն է ներկայացված, որովհետև Հարությունյանն այն լուսանկարիչներից է, որի ստեղծագործությունը տարիների ընթացքում ոչ թե արմատապես ձևափոխվել, այլ զարգացել է: Հենց սկզբից էլ նա որոշակի գաղափարներ ուներ, որոնք հետևողականորեն ձևավորել ու հասցրել է հնարավորինս կայացած վիճակի»,- նկատեց ցուցահանդեսի համադրողը:

Սոնա Հարությունյանի փոխանցմամբ՝ մտադիր են այս ցուցահանդեսը ներկայացնել նաև արտասահմանում:

«Արդեն իսկ բանակցում ենք Գերմանիայի և Շվեյցարիայի թանգարանների հետ: Հաջորդ տարի, ամենայն հավանականությամբ, ցուցահանդեսը կներկայացվի Վրաստանում»:

Սիրանուշ Հայրապետյան
  • Created on .
  • Hits: 3164

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: