«ՔԱՂԱՔԸ, ՈՐ ԳԻՏԵՆՔ, ՔԱՂԱՔԸ, ՈՐ ԳԻՏԵԻՆՔ»․ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ

 Ցուցահանդեսը կազմակերպել է «Հիշողության տարածություններ» մշակութայն նախաձեռնությունը։ Նախաձեռնության նպատակն է ժամանակակից քաղաքի գաղափարի շուրջ միավորել հայ ու եվրոպացի արվեստագետներին: Մասնակիցների խնդիրն է քաղաքը դիտարկել որպես փոփոխական արվեստի գործ: Առաջին նախագիծի գաղափարի հեղինակը ռուսաստանցի Լյուդմիլա Կիրսանովան է, իսկ մասնակիցները՝ Սառա Փեդդը (Գերմանիա) ու Վահան Խաչատրյանը (Հայաստան)։ Այս նախագծի գլխավոր հերոսները Բեռլինն ու Գյումրին են: Ուսումնասիրության ժամանակ երկու արվեստագետներն օգտագործել են իրենց անձնական արխիվների նյութերը՝ ցույց տալով, որ ճարտարապետության նորովի ըմբռնումը նույնպես ինքնության խնդրին անդրադառնալու մեթոդ կարող է լինել:

 Սառա Փեդդը (ծնվել է 1985 թ.) բնակվում է Բեռլինում: Սառան մեծացել է հնագետների ընտանիքում, ովքեր իրենց կյանքը նվիրել են Արևելքի վաղ շրջանի արվեստն ուսումնասիրելուն: Փոքրուց մասնակցել է կորուսյալ քաղաքների հայտնաբերման աշխատանքներին: Նույն ընթացքում նա ականատես է եղել Բեռլինի պատի փլուզման ու քաղաքի վերակազմավորման կարևորագույն գործընթացին:

 Սառան նշում է, որ հինավուրց քաղաքների առեղծվածի մեջ ընկղմված լինելու ու Բեռլինում տեղի ունեցող ժամանակակից վճռական փոփոխությունների միջով անցնելու միջև կա մի բախում, որն էլ հենց տվել է Սառայի գեղարվեստական ուսումնասիրությունների սահմանումը: «Նախկին տարածքները՝ Բեռլինը, Վիեննան, Գյումրին, կարծես միավորված են պոեզիայով, որը շունչ է առել ու կենդանի է: Քաղաքների պատմությունը չի կարելի ջնջել, ինչպես մարդուն զրկել արյունից ու ոգուց: Իսկ այդ քաղաքների ավանդույթները աղեծվածային են, պատկերավոր։ Հայաստանի ու Գյումրիի պատմություն դարձած հիշողությունն է, որ ինձ ստիպել է մասնակցել այս ցուցահանդեսին»,- նշեց Սառա Փեդդը:

 Վահանը Խաչատրյանը ծնվել է Երևանում: Վահանի ուսումնասիրության հիմնական ասպարեզներն են ճարտարապետությունն ու քաղաքային միջավայրը: Հետազոտելով պատմական շերտերը, փողոցները, հուշարձաններն ու քաղաքի լքված հատվածները՝ Վահանը փորձում է ցույց տալ իր ժամանակակից երիտաարդության «ես»-ը Հայաստանում տեղի ունեցող քաղաքական մեծ փոփոխությունների ենթատեքստում:

 Նա տեսախցիկը ձեռքին վերադառնում է իր մանկության տեղերը, ստեղծում է կարևոր ու անձնական պատկերներ՝ արտացոլելով թե՛ սեփական անձը, թե՛ մի ամբողջ սերունդ: Սրա արդյունքում անձնականն ու հանրայինն այն աստիճանի են միաձուլվում, որ գրեթե անհնար է դրանք սահմանել: «Գյումրին հիշողությունների քաղաք է, իսկ դա օգնում է քաղաքի հետ աշխատել: Շարքերիցս մեկում ներկայացրել եմ Գյումրիի էլեկտրական լարերը, բոլորը գծեր են, որ տանում են մեզ մեկ այլ տարածություն ու հարթություն: Շատ երկրաչափական ու ճարտարապետական գծեր են: Այս տեսանկյունից ևս կարելի է նայել քաղաքին: Պրոգրեսը օրերից մեկ օր կկորցնի այս հիշողությունը, բայց պատմությունն ու պատկերը կմնա մեր հիշողություններում»,- ասաց Վահան Խաչատրյանը:

 Ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 10-ը:


Անահիտ Հարությունյան


0 0 0քաղաք5

0 0 0քաղաք

0 0 0քաղաք1

0 0 0քաղաք3

0 0 0քաղաք4
  • Created on .
  • Hits: 2695

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: