ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏՈՒՐԻԶՄ. ԿԱՐԱ-ԴԱՐՎԻՇԻՑ` ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

 Առաջինն, ինչ գրավում է ուշադրությունդ ցուցահանդեսում, դույլն է, որի վրա գրված են Գևորգ Աբովի խոսքերը․ «Կարող եք դուք էլ, հապա, ձեր վեդրոն դրեք դարերի բկին ագահ»:

 Նոյեմբերի 30-ին Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում բացվել է «Հայկական ֆուտուրիզմ․ Կարա-Դարվիշից` Եղիշե Չարենց» ցուցահանդեսը:

 Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի գիտաշխատող, ցուցահանդեսի կազմակերպիչ Մարինե Հարոյանը այս ցուցադրությունը համարում է ցուցահանդեսի անոնս, քանի որ շատ քիչ նյութեր են ներկայացված: «Հայկական ֆուտուրիզմը շատ մեծ թեմա է, շատ քիչ է ներկայացված հանրությանը: Գրականության մասով ընդամենը երկու աշխատանքներ կան, իսկ կերպարվեստի և ճարտարապետության մեջ շատ քիչ է ուսումնասիրված»: Ցուցահանդեսում ներկայացված է Գրիգոր Պլտյանի «Հայկական ֆուտուրիզմ» գիրքը:

 Ֆուտուրիզմն ավանգարդ արվեստի ամենախոշոր և առաջին ուղղություններից մեկն է: Այն հայկական իրականություն բերեց Կարա-Դարվիշը: «Առաջին հայ բանաստեղծը, որ հռչակեց իրեն ֆուտուրիստ գրող, հանդես եկավ ոչ միայն բանաստեղծություններով, այլև մանիֆեստով: Գրողի համար ֆուտուրիզմը շատ կարևոր էջ էր»,- նշեց կազմակերպիչ Մարինե Հարոյանը: Ներկայացված են նաև Կարա-Դարվիշի հոդվածը` ռուսերեն տարբերակով, բացիկները, որով մարդկանց հրավիրում էր իր դասախոսությունները լսելու: «Շատ հետաքրքիր ազդագրեր ունենք, որոնք պատմում են Թիֆլիսում ֆուտուրիզմին նվիրված երեկոների մասին»,- հավելեց նա:

 Կարա-Դարվիշն իր մանիֆեստում նշել է ֆուտուրիզմի սկզբունքները, որոնք նույնպես ներկայացված են ցուցահանդեսում: Հարյուր տարի անց էլ դրանք չեն կորցրել իրենց արդիականությունը: «Կյանքի ընթացքի արագություն, մարդու հոգեկան ապրումների մեջ զարգացնել արագության ռիթմը… Սիրո ազատագրումը վաճառքից։ Այսօր կինն առավել սիրում է շռայլություն, զեխություն, քան իրական ֆիզիոլոգիական զգացմունքը: Կինը վաճառում է իրեն՝ ներքևից սկսած մինչև վերևի խավերը: Տղամարդը ևս իր հերթին չի սիրում կնոջը, որ զուրկ է ճոխությունից: Սիրահարը կորցրել է իր պրեստիժը»,- ասված է Կարա Դարվիշի սկզբունքների մեջ:

 Ցուցադրված իրերի մեծ մասն առաջին անգամն է ներկայացվում հանրությանը: Մի հատված նվիրված է Թիֆլիսյան շրջանին: Անդրադարձ է կատարվել նաև 1920-ականներին Երևանում ֆուտորիստական ուղղությունը կրողներին, որոնց մեջ էլ Չարենցն էր: «Այդ տարիներին ֆուտուրիզմը գրականությունից մտավ նաև ճարտարապետական ոլորտ: Չարենցը, ճարտարապետներ Կարո Հալաբյանը, Միքայել Մազմանյանը հրատարակեցին առաջին ավանգարդ հանդեսը`«Ստանդարտ»-ը»,- նշեց Հարոյանը։

 Երբ սկսվեց պրոլետարական գրականությունը, սկսվեց գաղափարական գրաքննությունը, սկսեցին մերժել Ֆուտուրիզմը: «Նույնիսկ ֆուտուրիզմի դատ է եղել թատրոնում: Նշվում է` ովքեր են ելույթ ունեցել, ինչպես են դատապարտել նրանց»,-ասում է գիտաշխատողը` ցույց տալով թերթի այդ կտորը, հետո ցույց է տալիս «Մախլաս» թերթի այն համարը, որտեղ ծաղրում են ֆուտուրիզմը` այն վերնագրելով գրական ջամբազություն:

 Մի անկյունում`աթոռի վրա, դրված են բանաստեղծություններ, որոնք այցելուն կարող է ընթերցել, իսկ աթոռի մի ոտքի տակ Գևորգ Աբովի «Դանակը բկին» գիրքն է, իսկ դրա տակ `դանակ:


Մերի Հովհաննիսյան

Լուսանկարները՝ ԳԱԹ ֆեյսբուքյան էջից

23915928 1484027181718119 4330450825470485472 n

24068136 1484027895051381 2072522383430724718 n

24174231 1484027231718114 3998684967519485119 n

24232463 1484027301718107 2014156383831957137 n

0 0 0հայկֆուտուրիզմ000
  • Created on .
  • Hits: 6106

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: