Մեկնարկում է «Wir Wunderkinder. պատերազմը և խաղաղությունը գերմանական կինոյում» ծրագիրը

 

 

«Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման հասարակական կազմակերպությունը 2018 թվականից ի վեր Երևանի «Գյոթե» կենտրոնում գերմանական ֆիլմերի ակումբ է վարում: Արցախա-ադրբեջանական պատերազմի ավարտից հետո կազմակերպության հիմնադիրները որոշել են կինոակումբի համար նոր ծրագիր մշակել, որը որոշակի առումով կանդրադառնա հայաստանյան այսօրվա իրավիճակին ու գուցե կօգնի ինչ-որ պատասխաններ գտնել, մարդկանց ապրումներն ավելի լավ հասկանալ։ Կենտրոնի հետ համատեղ կազմվել է «Wir Wunderkinder. պատերազմը և խաղաղությունը գերմանական կինոյում» ծրագիրը, որն իր մեջ ներառում է առցանց կինոցուցադրություններ և կինոքննարկումներ:

«Մեր ընտրած ֆիլմերն անդրադառնում են պատերազմի և դրա տարբեր ընկալումների թեմային, ռազմական գործողությունների թողած սպիերը իմաստավորելու ցանկությանը։ Թեպետ քաղաքական իրադրությունը նախա- և հետպատերազմական Գերմանիայում լրիվ այլ էր, քան մերօրյա Հայաստանում, սակայն սովորական մարդկանց ապրումները, վիշտը, մտորումների ու երբեմն նաև հումորի միջոցով կատարվածը հասկանալու, վերաիմաստավորելու իղձը նման են: Ուստի մեկը մյուսից իմաստուն և գեղարվեստական առումով հրաշալի ֆիլմեր ենք ընտրել»-ներկայացնում է ծրագրի համակարգող Արթուր Վարդիկյանը:

Ծրագրում  9 ֆիլմ է ընդգրկվել: Մեկնարկը կտրվի  ռեժիսոր Կուրտ Հոֆմանի 1958թ-ին էկրան բարձրացած «Մենք հրաշամանուկներ ենք» ֆիլմով, որի գործողությունները ծավալվում են 1910-1950-ականներին: Ֆիլմի միջոցով երգիծական հայացք է ուղղվում գլխավոր հերոսներին՝ համադասարանցիներ Հանսին և Բրունոյին, որոնցից մեկը մեծանալով գրականագետ է դառնում, մյուսը՝ Հիտլերի մեծագույն երկրպագու…

Նշենք, որ ֆիլմը գերմանական կինոյի պատմության 100 կարևորագույն ֆիլմերից է ճանաչվել, իսկ 1958թ-ին արժանացել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ոսկե մեդալին։ Այն արվեստի պատմության բացառիկ օրինակներից է, որտեղ հեղինակը կատակերգության լեզվով փորձում է ամոքել մի ամբողջ ազգի վերքերն ու կորսված արժանապատվությունը։

«Մենք հրաշամանուկներ ենք» ֆիլմը հնարավոր կլինի նախ դիտել օնլայն հարթակում, ինչից հետո դեկտեմբերի 16-ին՝ ժամը 20:30-ին, կանցկացվի առցանց առաջին կինոքննարկումը:

Հաջորդաբար կցուցադրվեն նաև  Բերնհարդ Վիքիի «Կամուրջը» ռազմական դրաման (1959), գերմանական և համաշխարհային կինոյի դասական վարպետ Գեորգ Վիլհելմ Փաբսթի «Արևմտյան ճակատ 1918» (1930) և «Վերջին արարը» (1955), Վիմ Վենդերսի «Կեղծ շարժումը» (1975), Ռայներ Վերներ Ֆասբինդերի «Մարիա Բրաունի ամուսնությունը» (1979), Հելմա Զանդերս-Բրամսի «Գերմանիա, գունատ մայրիկ» ֆիլմերը, Օլիվեր Հիրշբիգելի «Անկում» (2004) պատմական դրաման՝ Հիտլերի վերջին օրերի մասին։ Ծրագրում ներառվել է նաև իտալացի կինոռեժիսոր Ռոբերտո Ռոսելինիի «Գերմանիա. զրո թվական» ֆիլմը (1948), որը նկարահանվել է Երկրորդ աշխարհամարտից հետո՝ ավերված Բեռլինի փլատակներում:

Ըստ ծրագրի համակարգողի՝ բոլոր ցանկացողները նախապես պիտի գրանցվեն, ինչից հետո նրանց կուղարկվեն ֆիլմերի հղումները: Ֆիլմերը նախապես դիտելուց հետո յուրաքանչյուր չորեքշաբթի՝ ժամը 20։30-ին, Zoom հարթակի միջոցով տեղի կունենա քննարկում:  Ծրագիրը կշարունակվի մինչև փետրվար ամսվա առաջին կեսը։

 

Մարջան Չոբանյան

  • Created on .
  • Hits: 1660

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: