Վերաիմաստավորելով և վերականգնելով արժեքները. Թանգարնների նոր դերը

Մայիսի 18-ին թանգարանային գործիչների մասնագիտական տոնի և թանգարնների միջազգային օրվա առթիվ Հայաստանից և Արցախից 112 թանգարաններ անվճար իրենց դռները բացեցին այցելուների առջև:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը մամուլի ասուլիսի ժամանակ, նշեց, որ չնայած Եվրոպական երկրներում «Թանգարանների գիշեր»-ը չեղարկվել է, Հայաստանում որոշեցին չընդհատել ավանդույթը` համատեղելով առցանց և ոչ առցանց միջոցառումները:
«Աներևակայելի և անգնահատելի են այն արժեքները, որ պահվում են մեր պահոցներում: Մենք լրջագույն խնդիր ունենք այդ արժեքներն ավելի լայն ծավալով ներկայացնելու: Մենք լրջագույն խնդիր ունենք մեր արժեքների վերականգնման գործում»,-ասաց պարոն Խզմալյանը` նշելով առաջիկայում ֆինանսական հնարավոր վերաբաշխումների մասին, որոնք միտված կլինեն արժեքների վերականգնողական գործընթացներին:
Նախարարի տեղակալը, խոսելով նաև թանգարանների դերի մասին, շեշտեց, որ վերջիններս վաղուց դադարել են լինել միայն հիշողության ինստիտուտներ, այլ արդեն ունեն կրթական առաքելություն:
«Կյանքը ցույց տվեց, որ մշակույթը թերապևտիկ նշանակություն ունի, և այս հանրային անկումնային տրամադրությունների, չափից ավելի քաղաքականցված միջավայրում մշակույթը, նաև թանգարանը մնում են դադար առնելու, հոգևոր արժեքներով ապրելու մեծ հնարավորություն»,-ավելացրեց Արա Խզմալյանը:
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի խոսքով էլ թանգարնների առաքելության շրջանակը ընդլայնվել է, կատարելագործվել են հանրությանը արժեքները ներկայացնելու հնարավորությունները: Նա նշեց, որ անցած տարի հանրությունը լիաթոք ապավինեց թանգարանի աշխատանքներին, և թանգարնների էջերը գրանցեցին շատ դիտումներ:
«Կար մտահոգություն, որ սահմանափակումների վերանալուց հետո, այցելուների պակաս կլիներ, բայց, բարեբախտաբար, նման բան չեղավ»,-շեշտեց Կարո Վարդանյանը, հետո նշեց թանգարանի ոլորտում աշխատող մարդկանց առանձնահատկությունը: «Թանգարանի ոլորտի աշխատակիցները ավելի զուսպ են, հավասարակշիռ, հեռատես: Դա նրանից է, որ նրանց գործը պատմության, ժառանգության հետ է: Հիմա կարևոր է, որ այդ ժառանգությունը մեր երիտասարդներին ավելի հասու լինի»,-եզրափակեց տնօրենը:
Մամուլի ասուլիս ժամանակ բանախոսները խոսեցին նաև «Հիշողության կերպարանքները» միջազգային սեմինարի մասին, որ Հայաստանում է անցկացվելու: Այցելելու են տարբեր երկրների վերականգնողներ, լինելու է փորձի փոխանակում:
Խորագիրը, որին միացել է Հայաստանի ազգային պատկերասրահը միտված է արժեքների, պատմության վերակաանգնելուն և վերաիմաստավորմանը:
«Մենք որոշել ենք առավելագույն կերպով բացել Ազգային պատկերասրահը` այցելուների համար. որոշել ենք մեր բաժինները բացել: Շատ հաճախ դրանք հազար փակի տակ են պահվում», - իր խոսքում նշեց ՀԱՊ տնօրեն Մարինա Հակոբյանը:
Մամուլի ասուլիսից հետո մայրաքաղաքի և մարզերի մի շարք թանգարանների աշխատակիցներ՝ թանգարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, մշակույթի բնագավառում երկարամյա, ինչպես նաև ակտիվ աշխատանքային գործունեության համար պարգևատրվեցին Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով, պատվոգրերով, շնորհակալագրերով:
Մերի Հովհաննիսյան
- Created on .
- Hits: 1354