Ապրելով նկարի վերականգնման ընթացքը. ՀԱՊ-ը նոր ցուցահանդեսով է ներկայանում
Վերականգնված նկարների պատմության մասին այցելուներին կպատմեն հենց նկարը վերականգնողները: Մայիսի 19-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց «Արվե՞ստ, թե՞ գիտություն. երեք վերականգնված կտավի պատմություն. Բաշինջաղյան, Կոջոյան, Սարյան» խորագրով ցուցահանդեսը:
«Նման ցուցահանդես ունենալու միտքը վաղուց է հղացել: Մենք որոշեցինք այցելուին ներկայացնել մեր ներքին խոհանոցը. պատմել այն գործընթացների մասին, որ ընթանում են թանգարանում, ստեղծել անմիջական շփում մեր գիտաշխատողների, վերականգնողների և այցելուների միջև: Վերականգնման աշխատանքներն էլ կարծես առեղծված է այցելուի համար: Մենք սկսում ենք նոր նախագիծ` «Վերականգնված նմուշների պատմությունը», և այս երեք վարպետների աշխատանքներով մեկնարկում ենք ծրագիրը»,-մեզ հետ զրույցում նշեց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը:
Թանգարանում տեղադրված են նկարիչների վերականգնված կտավները, իսկ կողքին կարելի է տեսնել, թե ինչ վերականգնման փուլերով են անցել` մինչ վերջնական տեսքին հասնելը: Ցուցասրահներից յուրաքանչյուրում նաև տեղակայված են վերականգնման արվեստանոցի մի անկյուն՝ աշխատանքային սեղան, նկարակալ, որոնց վրա կան պատռվածքներով, ներկաշերտի կորուստներով ու թափվածքներով կտավներ, ինչպես նաև կոտրվածքներով ու բացակայող հատվածներով դեկորատիվ-կիրառական առարկաներ: Վերականգնման ենթատարածքի մի անկյունում էլ տեղ են գտել ժամանակակից մանրադիտակն ու ուլտրամանուշակագույն լամպը, որոնցով այցելուն հնարավորություն է ունենում ինքնուրույն զննելու վնասվածքները, նախկինում արված երանգավորումներն ու հետագա միջամտությունները: Այցելուները մոտենում և հարցեր են ուղղում վերականգնողներին:
Նկարիչ-վերականգնող Տաթևիկ Ամիրխանյանը պատմում է աշխատանքի բարդությունների մասին և նշում, որ ցանկացած կտավի հետ աշխատելիս մեծ պատասխանատվությամբ են մոտենում գործին:
«Ապրում ես նկարի վերականգնման ընթացքի հետ: Յուրաքանչյուր հաջողված գործընթացից ուրախանում ես: Վերականգնման ընթացքում հանդիպող բարդությունները տարբեր են. լինում են նկարիչներ, որ նկարների հետ էքսպերիմենտներ են անում: Նկարի վերականգնումը բարդ և ժամանակատար աշխատանք է, այն գիտությունների համադրություն է: Ամենը պետք է ուսումնասիրես. նկարը, նկարչի, նկարի պատմությունը, նկարիչն ինչ տեխնիկայով, ինչ նյութով է աշխատել և այլ կարևոր փաստեր: Դա արվում է վերականգնման մեթոդները ճիշտ որոշելու համար»,-նշում է Տաթևիկ Ամիրխանյանն ու հավելում, որ այս ցուցադրությունն իրապես հրաշալի է` այցելուին ծանոթացնելու, թե ինչ ճանապարհ է անցնում նկարը, մինչև ցուցահանդեսում հայտնվելը:
Վերականգնման արվեստանոցի անկյուններից մեկում էլ կարելի է տեսնել ճենապակե իրեր, որոնք վերականգնման փուլում են: Լիլիթ Ղազարյանը ներկայացրեց 19-րդ դարի սափոր, որը էսթետիկ վերակնագնման փուլ պետք է անցնի: Կար նաև նկարների ալբոմ, որտեղ կարելի էր գտնել ճենապակյա վերականգնված իրերի լուսանկարները:
Մերի Հովհաննիսյան
- Created on .
- Hits: 1678