«Մշակութամետը»՝ մշակութային կրթության այլընտրանք

 

 

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմից հետո, շուրջ կես տարի առաջ, սկզբնավորվեց նախ «ՀայաMET», ապա «ՄշակութաMET» նախաձեռնությունը, որոնց շուրջ համախմբվել են ազգային մշակույթի պահպանման հանդեպ սրտացավ և նոր սերնդի շրջանում այն ճանաչելի դարձնելու խնդրով մտահոգ մարդիկ: Գլխավոր նախաձեռնողը միջազգայնագետի մասնագիտությամբ, «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հանրային կապերի պատասխանատու, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի աշխատակից Աննա Դանիելյանն է, որին աջակցում է տասից ավելի համահիմնադիր:

Ըստ Աննայի`«ՀայաMET» անվան ընտրությունն ունի իր բացատրությունը («հայ» և անգլերեն «meet»`հանդիպել, բառերի միացումն է): Նշանակում է հայեր, որոնք պիտի հանդիպեն իրար, որովհետև կան շատ մարդիկ, ովքեր տարբեր ոլորտներում կարևոր, ազգանվեր աշխատանք են անում, բայց իրար ծանոթ չեն, ինչի պատճառով ընկնում է համագործակցությունների և տարվող աշխատանքի արդյունավետությունը: 

«Հայամետ» նախաձեռնության իրականացմանն ուղղված հանդիպում-քննարկումների արդյունքում եկանք այն եզրահանգման, որ մեր հաղթանակի ալգորիթմը լինելու է նոր սերնդին ճիշտ կրթություն ու հնարավորություններ տալը, որպեսզի այդ երեխաները կարողանան տեսնել` 21-րդ դարում իրենց առաջ ինչ հնարավորություններ են բացված: Մենք անընդհատ հպարտանում ենք մեր հին մշակույթով, բայց նոր սերունդը այդ մշակույթի մասին չգիտի: Հետևաբար՝ նրան պիտի մոտեցնել հայկականին ու ազգայինին: Հաշվի առնելով այս ամենը՝ որոշեցիք «Հայամետ»-ից զատ իրականացնել նաև «Մշակութամետ» նախաձեռնությունը, որի նպատակը սահմանամերձ գյուղերում մշակութային դասեր անցկացնելն ու երեխաներին մշակութային կրթություն տալն է»,-նախագծի ստեղծման շարժառիթի մասին պատմեց Աննա Դանիելյանը`հավելելով, որ աշխատանքային ժողովների անցկացման համար տարածք տրամադրելու հարցում աջակցել են Կամերային երաժշտության ազգային կենտրոնն ու «Բարձունք» հասարակական կազմակերպությունը:

«Մշակութամետ»-ի շրջանակում սահմանամերձ բնակավայրերի երեխաները, ըստ իրենց նախընտրության, ստանում են դաշնամուրի, կիթառի, քանոնի, թավջութակի, ջութակի, դհոլի, դուդուկի, շվիի, կլառնետի, ֆլեյտայի, ազգային երգ ու պարի, կարպետագործության, ասեղնագործության, նկարչության, լուսանկարչության, դերասանական արվեստի, արվեստի պատմության, սոլֆեջիոյի, վոկալի դասեր, ընդ որում` ուսուցիչներն աշխատում են կամավոր հիմունքներով: Ըստ այդմ` սխեմա է մշակվել, որ ուսուցիչ-կամավորներն իրար փոխարինեն, որովհետև ինչպես Աննան է նշում, դժվար է մշակութային գործչին երկար ժամանակով կտրել իր հիմնական աշխատանքից, կամավոր կերպով տանել սահմանամերձ գյուղ ու ասել՝ անվճար աշխատիր օրինակ մեկ ամիս կամ երկու տարի: Մինչդեռ Աննային և՛ զարմացնում, և՛ ոգևորում է այն հանգամանքը, որ շատերը համաձայնում են ոչ միայն ամեն շաբաթ Երևանից հասնել սահմանամերձ ու սահմանապահ գյուղեր, որոնցում, շատ դեպքերում, ռազմական գործողությունների վտանգ կա, այլև 5-6 ժամ ճանապարհ գնալ գալուց հետո էլ յոթ ժամից ավել դաս անցկացնել:

«Պրոֆեսիոնալ, արտերկրում կրթություն ստացած այնպիսի մարդիկ են արձագանքել, որ անգամ մենք չէինք պատկերացնում, որ նրանք կհամաձայնեն այսպիսի անձնվեր աշխատանք կատարել: Եղել է, որ նույն առարկայի ուսուցման համար յոթ ուսուցիչ ենք ունեցել»,-ոգևորությունն է հայտնում Աննան ու հայտնում՝ Այգեձոր և Չինարի գյուղերում «Մշակութամետ»-ին արդեն իսկ մասնակից է դարձել 40 ուսուցիչ ու 250 երեխա, թեպետ երեխաների թիվը աստիճանաբար պակասել է և մնացել են նրանք, ովքեր ավելի կենտրոնացած են աշխատում ու շատ դեպքերում ուզում են առաջիկա տարիներին մշակութային որևէ ուղղությամբ ավելի խորացնել իրենց գիտելիքները։

Որպես այս ամիսների ընթացքում կատարված մեծածավալ աշխատանքի ամփոփում՝ օրեր առաջ Չինարիում տեղի է ունեցել նաև ամփոփիչ համերգ, որի ժամանակ հանդես են եկել թե՛ ուսուցիչները, թե՛ «Մշակութամետ» նախագծի սաները:

Աննա Դանիելյանի խոսքով` սեպտեմբերից «Մշակութամետ»-ը կլինի նաև այլ բնակավայրերում, մասնավորապես Սյունիքի գյուղերում`աշխատանքները չդադարեցնելով նաև վերը նշված վայրերում: Նա հույս է հայտնում, որ առաջիկայում նոր մարդիկ կմիանան իրենց և կկարողանան ավելի մասշտաբային ծրագրեր իրականցնել, այդ թվում՝ մշակութային էքսկուրսիաներ, թանգարանային այցելություններ իրականացնել ու տարատեսակ այլ ձևերով երեխաներին ցույց տալ, որ հայկական մշակույթը շնչող օրգանիզմ է:

 

 

Մարջան Չոբանյան

Լուսանկարը`«Մշակութամետ»-ի

  • Created on .
  • Hits: 1798

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: