Ռոման Բալայան. «Հայերը մի ելք ունեն․ հորինել ֆանտաստիկ մի բան, որ միայն Հայաստանում կլինի»

 

Ուկրաինահայ հայտնի կինոռեժիսոր, Ուկրաինայի ժողովրդական արտիստ, սցենարիստ Ռոման Բալայանը և կինոքննադատ Արմեն Մեդվեդևը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «GAIFF Pro Rendezvous» ծրագրի շրջանակում հանդիպում են ունեցել կինոոլորտի ներկայացուցիչների, արվեստասերների հետ: Հանդիպման ընթացքում վերջիններս անդրադարձել են կինոարտադրության մարտահրավերներին, իրենց անցած ուղուն ու կինոյին առնչվող տարատեսակ հարցերի:

Նշենք, որ Ռոման Բալայանը հայտնի է իր «Համբույր», «Առաջին սեր», Միայնակ գայլ», Պահիր ինձ, իմ թալիսմանը» և այլ ֆիլմերով: Նրա հեղինակած ֆիլմերը ցուցադրվել են Վենետիկի, Բեռլինի, Մոսկվայի միջազգային կինոփառատոներին:

1970-ական թվականներից Ուկրաինայում բնակություն հաստատած արտիստն ասում է. «Այն իմ երկրորդ հայրենիքն է, ես ինձ Ուկրաինայի պատասխանատու քաղաքացի եմ համարում և դա ավելին է, քան հայրենասիրությունը: Ես չեմ կարող Ուկրաինայի մասին վատը խոսել, իմ ներսում, այո՛, անում եմ, բայց երբ ուրիշն է վատաբանում, չեմ կարողանում տանել: Նույնը վերաբերում է նաև Հայաստանին»,-անկեղծանում է նա ու հավելում. «Ես հայերեն չեմ գրում, չեմ կարդում, բայց ինձ ոչ պակաս հայ եմ զգում, քան մյուս հայերը»:

Հիշում է՝ կար ժամանակ, երբ ցանկություն ուներ Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշը» պատմվածքի հիման վրա Արցախում ու տեղի բարբառով ֆիլմ նկարահանել։ Չհամաձայնեցին։ Մինչդեռ նրա կարծիքով եթե «Գոմեշ»-ով սկսեր իր գործունեությունը գուցե ավելի հետաքրքիր ռեժիսոր կլիներ՝ նույնիսկ ինքն իր համար: Հիմա պատրաստ է ուրիշներին օգնել, բայց այլևս չի ցանկանում Հայաստանում ֆիլմ նկարել:

Նա, անդրադառնալով «Ոսկե ծիրան» Երևանի 18-րդ միջազգային կինոփառատոնին, զարմանքով նկատում  է՝ ռուսական տասնյակ լավ ֆիլմեր են նկարահանվել, բայց դրանցից ոչ մի ֆիլմ չի ներառվել փառատոնի ֆիլմացանկում։ Նրա գնահատմամբ՝ այս տարվա փառատոնի մակարդակը ևս զիջում է նախորդներին թե՛ ծրագրով, թե՛ ֆիլմերով, թե՛պայմաններով: «Պետությունը նախկինում  բավարար գումար էր հատկացնում, հովանավորներ ու հետաքրքրություն կար: Ֆիլմեր էին բերվում, որոնք կինովարձույթում դեռ չկային, իսկ այս տարի նախարարությունը բավարար գումար չի նախատեսել փառատոնի անցկացման համար»:

Մինչդեռ Արմեն Մեդվեդևը նկատում է՝ փառատոնի ծրագրում հետաքրքրիր ֆիլմեր կան, բայց հավանաբար ժամանակներն են այնպիսին, որ մշակույթի հանդեպ ուշադրությունը պակասել է, ինչն էլ ազդել է փառատոնի անցկացման մակարդակի, ֆիլմերի որակի վրա:

Հանդիպման ընթացքում ծնունդով արցախցի Ռոման Բալայանին հարց ուղղվեց կապված երկու ժողովուրդների՝ հայերի ու ադրբեջանցիների միջև եղած թշնամանքի հետ. արդյո՞ք հնարավոր է կողմերի միջև երկխոսություն սկսել և ինչ պիտի անել, որ այդ երկխոսություն տեղի ունենա: «Ցավով պետք է նշեմ՝ չեմ կարծում, որ երկխոսությամբ որևէ բան կհարթվի։ Հայերը մի ելք ունեն․ հորինել ֆանտաստիկ այնպիսի մի բան, որ միայն Հայաստանում կլինի, ու երբ դա աշխարհին պետք լինի՝ թշնամի, թե բարեկամ, իրենք կգան» ։

Զրույցների ընթացքում 80-ամյա  կինոռեժիսորը նաև ուշագրավ խորհուրդ-կոչ հնչեցրեց «Եթե ոչինչ չենք կարողանում անել՝ գնացեք կինոռեժիսուրա սովորելու: Բնավ չեմ կատակում, ինքս էլ եմ այդպես վարվել»:

 

Մարջան Չոբանյան

  • Created on .
  • Hits: 1163

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: